Զ Ա Լ Ց Բ Ո Ւ Ր Գ
Բարոկկո և դասական դարի
շենքերը` խնամված և գունագեղ,
քիվերը բազմածեփ կամարների,
մույթերը կոնաձև, ուղիղ և շեղ,
և մոցարտյան շնչով լցված մայթեր,
սալաքարեր, ձիեր` վրան դոփող,
ժամացույցով հնչեղ աշտարակներ
և դրոշներ` միջնադարով շնչող,
պարտեզներում, շքեղ ձևով փռված,
ջրաշիթեր` արևափայլ, վճիտ,
հրեշտակների շարքեր` շքախմբված,
միաեղջյուր, փավներ փչող և վիթ…
Այս է քաղաքը մեծ հանճարների,
ուր պատմության հետքերն են վանկարկում,
կա մշակույթ` կոկիկ և անթերի,
մի մշակույթ առանց, առանց հոգու:
Պ Ի Ղ Ա Տ Ո Ս Ը 1
Հազարավոր տարիներ Ալպերն են լուռ կանգնած,
բյուրավոր անգամ ամպերն են թափառում այնտեղ,
մեկ ճերմակ են գագաթները, մեկ` ձնից զրկված,
անտառներն են վառ ու մուգ կանաչ, չքնաղագեղ:
Թռչունները դայլայլում են, իրար ձայնակցում,
և արու կեռնեխն է հրավիրում էգին սիրո,
և հազարավոր անգամ էգերն են լուռ զիջում,
ինչ արած, գարունն է պարտադրում իր կանչերով:
Եվ Աստծո խաղաղությունն է տարածվում այստեղ,
և հազար անգամ սրտերն են ճաշակում այդժամ,
միայն ուրվականն է լուռ, որ չունի ոչ մի դեղ,
ոչ խաղաղություն գիտի, ոչ լույս մի աննշան:
Ոչ դրախտն է նրան բացվել և ոչ` դժոխքը սև,
տուն չկա և կացարան, ոչ տեր ունի, ոչ դետ,
և երբեմն նրա ոգին անցնում է անարև
ծմակով և երևում մարդկանց անցորդ, անգետ:
– Պիղատո՛սն ինձ երևաց, – պատմում են նրանք միմյանց,
զարմանում, որ մինչ հիմա նա տուն դեռ չի գտել,
չէ՞ որ ձեռքն իր չարնոտեց, այլ միմիայն լվաց,
այդ ինչո՞ւ է Տերը իրենից նրան զատել։
Զ Ա Ր Մ Ա Ն Ա Լ Ի Ա Շ Խ Ա Ր Հ
Գերեզմանոցի երկկողմանի 2
բաց մատուռում՝
Աստվածածնի տխուր արձանը,
ծնկներին՝ խաչից հանված
Հիսուսի մարմինը։
Մեծատարածք, շքեղ
տաճարներում
չարժանացա Աստծո մոտիկությանը,
իսկ այստեղ՝ նրանց կողքին,
ցնծում և խաղաղվում է
հոգին իմ։
Զարմանալի աշխարհ։
Շքեղության բովում
չկա գեղեցկությունը։
Մեծ քաղաքներում խոսում են
սիրո և հավատի մասին,
բայց փոքր խորշերում է
լույսը լոկ դրված։
Աղմուկը չի ծնում բարիք,
և հոգու շահ է միայն
լռությունը,
այնտեղ, որտեղ դու չես սպասում,
այդտեղ է Տերը պատրաստել
իր քարն անարգված։ 3
Ե Կ Ե Ղ Ե Ց Ո Ւ Զ Ա Ն Գ Ը
Եկեղեցու զանգը,
որ խփում է ամեն ժամ,
հիշեցնում է կարևորը.
որ ունես հոգի,
որ այս կյանքն է աննշան,
նետելու ես, ինչպես շորը,
ինչպես ձորձ ու լաթ,
և հիշողությունը քո,
որ շորից կառչած էր միշտ,
ձեռքն է թուլացնում
հիշեցնող զանգի ներքո,
և փարատվում է ամեն հոգս
ու վիշտ:
Ղ Ո Ղ Ա Ն Ջ Ը
Դեղին, կարմիր տերևները
փայլում են, ինչպես ոսկի,
արևը նրանց այրում է,
փայլեցնում՝ որպես սկիհ,
սկիհապատ այս տարածքում
ղողանջը եկեղեցու՝
ինչպես հոգևոր ալիքներ,
ինչպես երգ մի ցնծուն,
ղողանջն է արձագանքում
դիմացի անտառից բազմագույն՝
կարծես աղոթող մարդկանցից,
կարծես շուրթերից երգերգուն,
շնչում է տեղանքը, շնչում
ղողանջից դարձյալ, կրկին,
և չես հասկանում՝ ցնո՞րք է,
իրակա՞ն է պահն այս անգին․․․
Արևն է գնում արևմուտք,
քամին է փչում սառնաբաշ,
բայց ես սպասում եմ նորից,
որ հնչի ղողանջը հրաշք,
որ անտառը արձագանքի,
որ օդը շնչի երգով,
ու ես էլ անէանամ
կախարդանքի ներքո։
Մ Ա Ն Ր Ո Ւ Ք Ն Ե Ր Ը
Ես շնորհակալ եմ Արարչին,
որ նկատել տվեց ինձ մանրուքները.
կարմիր թխկին, ցնծուն կեչին,
վես լռության ձայները և գույները,
որ սեր տվեց լեռան հանդեպ
և գրավեց քամու ալիքներով,
և տերևի անկմամբ հապճեպ
լցրեց իմ մեջ թրթռուն այս հույզերով,
որ արևի լույսով հոգիս
լուսավորեց մինչև խորքերն անտակ,
որ ստվեր ժամին էլ ամենքիս
բաշխեց պահեր հարուստ և բովանդակ,
որ մանրուքների խոհերով
գուցե հաղորդակից ինձ չտեսա,
քանզի աշխարհը փայլերով է
ճանաչում, գտնում իրեն մուսա,
բայց մանրուքներն են իմ ուղին,
այնտեղ եմ զգում ինձ ապահով միայն
և նկատում իմ Արարչին,
որ Արարիչն է այս հողի համայն:
Ա Լ Պ Ի Ա Կ Ա Ն Լ Ե Ռ Ն Ե Ր Ո Ւ Մ
Ալպիական լեռներում
կանգ է առել ժամանակը:
Հավերժությունն է քարացել,
և միտքն այստեղ այնքան հստակ է:
Շարժում, ընթացք և զարգացում`
ամենն այստեղ դատարկ բառեր են,
լոկ սև ամպերն են ընթանում,
լոկ` արևի ճառագայթները:
Ամեն ինչ խորթ է այս տեղին,
ու խիստ գծերն են մեզ ասում`
թե կյանք է քեզ տրված` ապրիր,
բայց պարգևիր պտուղ հասուն,
ջանա ստեղծել կայուն շենքեր
և լուծը քո ուղիղ քաշիր,
որ մեկնելուց հետո քեզնից
լոկ չմնա ցրվող փոշի:
Ա Շ Ն Ա Ն Ը Ն Թ Ա Ց Ք
Քամի։ Տերևաթափ։ Կարծես երկնից
թափվում է տերևի մի հորդ անձրև․
կանաչ, կարմիր, դեղին, ամեն գույնից
կազմված զանգված ու բույր, կշիռ ու ձև։
Իսկ վերևից թվում են այդ բոլորը
խաղալիքներ տոնածառի փայլուն,
որոնց խորքում քաղաքը այս մոլոր է, 4
չի երևում, հազիվ է ցոլցլում։
Հետո՝ դադար։ Իզուր չեն դադարները
մարդկանց հոգիներին տագնապ բերում․
սեգ Ալպերից իջնում են քուլաները,
սկզբից՝ բռնցքաչափ, բայց՝ վարարուն,
րոպե հետո արդեն լոկ մառախուղն է,
սարեր չկան, չկան թուփ ու անտառ,
մի բուռ անձրև, հետո արդեն ցնցուղ է։
Շուտ տուն գնամ՝ վազքով, հևքով, անբառ։
Ե Ղ Բ Ա Յ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը
Ծղրիդներն են սվսվում անտառում։
Բայց դա լոկ սվսվոց չէ։
Ամեն վայրկյանը աքցանի նման
քաշում է քո միջից ավելորդ մտքերը,
նյարդերը խաղաղվում են, կարծես
օրորոցային է իրենց համար ամենը,
և նույնիսկ մոծակը,
որ նստում է քեզ վրա,
փորձում քաշել արյունդ,
հարազատ է։
– Եղբայր, – ասում ես դու նրան,
– Եղբայր, – երգում է հաճարենուց ընկնող տերևը,
– Եղբայր, – շոյում է
հանկարծակի հայտնված զեփյուռը։
Եղբայրությունը հենց սա է,
որ դու հոսում ես ամենի մեջ,
և ամենը հոսում է քո մեջ,
և դու կարծես այլևս չկաս,
թեև կարծես կաս,
բայց չկաս։
