ԱԶԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԹԸ
… և դուրս էին եկել ազատականները
բողոքի երթի-
անտանելի էր այլևս որևէ
պարտադրանք.
«Պահանջում ենք խղճի
ազատություն-
ուզում ես` ունեցիր,
չես ուզում` մի ունեցիր»,-
բղավում էին նրանք:
ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Բարդ ժամանակներ ենք ապրում-
խելոքներն ընտանեկան բյուջեներում
նախատեսում են տող.
«Պատերազմական շրջանի
ծախսեր»:
ՀԱՅՐԵՆԻՔԸ
Լավ են պետության գործերը,
վատանան` կդիմի ժողովրդին.
«Ինձ հայրենի՜ք կոչիր»:
ԱՐՏԱԳԱՂԹԻ ՄՂՁԱՎԱՆՋԸ
Չմաքրեք,
չմաքրե՜ք
Հայաստանն աղբից-
կիմանան` տեղափոխվում,
երկիրը վարձով ենք տալիս:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՍԱՓՈՂՆԵՐԸ
«Սուտ չխոսեք,
սուտ չխոսեք»,-
մեխում են հռետորների բերաններին
Ազգային ժողովի բարձր ամբիոնի
խոսափողներն ատրճանակ:
ԷՎՈԼՅՈՒՑԻԱ
«Կովը մեզ կաթ և միս է տալիս»,-
հի՜ն, հետամնա՜ց դատողություն,
փոխվել են կարգերը, բարքերը,
հիմա պետք է ասել.
«Մենք կովից վերցնո՛ւմ ենք
կաթ և միս»:
ՕՐ ԾԵՐՈՒԹՅԱՆ
Գաղտնի գործակալ էի լինելու ես,
հետախույզ, խուզարկու, լրտես-
այսքան ապրեցի, աշխատեցի`
ո՜չ մի հետք չթողեցի կյանքում:
ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄ
Մեկ գլուխը լավ է,
երկու գլուխն` ավելի լավ-
այսպես ծագեց ձիու և ձիավորի
գաղափարը
հեծյալ մարդկության
պատմության մեջ:
ԴՈՆ ԿԻԽՈՏ
Ասպետ էր Դոն Կիխոտը, քաջ-
մեն-մենակ դուրս եկավ
հողմաղացների դեմ,
մահվանն ընդառաջ
և սխրանքի համար այդ
արժանացավ
Սերվանտեսի վեպի հերոսի կոչման:
ՄԵՖԻՍՏՈՖԵԼԸ ԵՎ ՖԱՈՒՍՏԸ
– Քո վերջը եկավ,-
խայթեց Մեֆիստոֆելը,-
օղակի մեջ ես առնված չորս կողմից:
– Ավելի լավ,- ասաց Ֆաուստը,-
օղակից դուրս գալու
չորս հնարավորություն:
ՀԻՆ ՀՈՒՅՆԵՐԸ
Օ՜, հին հույներն արվեստապաշտ-
քայլում էին Աթենքի փողոցներով`
փաթաթված ճերմակ
սավանների մեջ,
և արձաններ էին
նրանք դեռ չբացված:
ՆԵՐՈՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՆԱՏԻՆ
… և Ներոնը ուղերձով դիմեց Սենատին.
«Երդվեք, իմ հպատակ սենատորներ,
որ կպահեք կայսրությանս մեջ միշտ
ժողովրդավարության գաղափարը որպես
անմար կերոն»,
և ի պատասխան
Սենատը միաձայնեց.
«Երդվում ենք, երդվում ենք,
ո՜վ մեծն միապետ Ներոն»:
ՀՈՒԴԱՆ ԵՎ ԱՄԲՈԽԸ
Մեռածների մասին`
կա՛մ ոչինչ, կա՛մ լավ,
և ամբոխի միջից լսվեցին ձայներ.
«Մեռա՜վ Հուդան,
օ՜, լավ է, լավ»:
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հայերը-
օ՜, նրանք
դեռ դարեր առաջ են լուծել
գենդերացման խնդիրն իրենց
անսեռ հայերենով:
ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ
Չկա ոչինչ, որ չուզենա կատարվել-
«Ուզում եմ Բայ լինել,- ասաց
Գոյական անունը,-
ուզում եմ… դեմք ունենալ»:
ԲԻԲԼԻԱԿԱՆ
Սկզբից եղել է խոսքը`
օդից կախված
«տանձ», «խնձոր», «բալ»,
հետո միայն եղել են
տանձը, խնձորը, բալը`
կախված ծառերից:
ԴՐԱԽՏԻ ԱՌԱՎՈՏԸ
Եվան հանդիպման էր գնալու, ասաց.
– Ամոթ է թզան տերևով,
նշենու տերևն ինձ կսազի
կամ ծիծղան ծաղկի, ոսկե վազի:
– Ո՜չ,- վեր թռավ Ադամը,-
ի՞նչ ես ասում,
եղինջի տերևն է քեզ սազում:
ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊԸ
Օ՜, Չինական պարիսպը-
մի հսկա, ոլորուն ապարանջան`
հագցրած
Չինաց երկրի չքնաղ պարանոցին:
ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԵՏԱՖՈՐԸ
Օ՜, փողոցները-
աղիները քաղաքների`
հսկա որովայններում նրանց:
Օ՜, քաղաքները-
կլլում են
մարդ ու մեքենա
և մեկ-մեկ վաստակում փորկապ-
աղիների խցանում
ՄԱՀՎԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՂԵՐՍԱՆՔԸ
Ես հաղթեցի Մահին-
ընկել էր ոտքերիս տակ
և…կյա՜նք էր աղերսում ինձանից:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Երանի՜ մեր օրին,
երանի՜ մեր օրին-
խոսքի ազատություն է,
ինչ ուզում ես` ասա,
բայց, իհարկե, ոչ բոլորին:
ԽԱՉԸ
Խա՜չ կախել
հավատացյալի վզին:
Խա՜չ քաշել
անհավատի վրա:
ՌԵՆՏԳԵՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ
Անսովոր դեպք` երբևիցե
չնկարագրված- ուղեղի տեղ
կարակուլի խուճուճ փափախ`
սխալմամբ գլխի մե’ջ դրված:
ՄԻԱՅՆԱԿ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄՂՁԱՎԱՆՋՆԵՐԸ
Նստել տան չորս պատերի մեջ,
չորսոտանի չորուկ աթոռին,
նմանապես չորսոտանի
սեղանի առջև
և գրել չորստողանի հիմարություններ
չորսանկյուն թղթի վրա`
ժամանակակից
Խայամիների հերն անիծած,
ապա և հասկանալ,
որ ազատումն չկա այդ չորսից
անդառնալիորեն, և դու
դատապարտված ես
ապրելու քո կյանքը
տարվա տասներկու ամիսների մեջ`
առանց մնացորդի չորսի բաժանվող,
տարվա չորս եղանակների մեջ,
աշխարհի չորս ծագերից մեկում,
ներկայիս անթրոպոգենի`
Չորրորդական
ժամանակաշրջանում,
չորս կողմից
մի տխո՜ւր, հոգնա՜ծ մենությամբ
շրջապատված,
և դա քո խաչն է
չորսթևանի:
«ՈՍԿԵ ՁԿՆԻԿԻ» ԱՅԼԱԿԵՐՊՈՒՄԸ
… և ընկավ Ոսկե ձկնիկը նորից
Ծերուկ ձկնորսի ուռկանի մեջ,
և Ծերուկը դրա համար շատ
ափսոսաց,
բայց ուշ էր արդեն,
և Ոսկե ձկնիկն ասաց.
– Ծերուկ, դեռ կենդանի՞ է քո
Պառավ կնիկ:
Եվ ասաց Ծերուկը ձկնորս,
որ դեռ կենդանի է իր Պառավ կնիկ,
և այդժամ Ոսկե ձկնիկը
դարձավ Ծերուկ ձկնորսին, ասաց.
-Ցնդել է, բարի մարդ, քո
Պառավ կնիկ,
ուզում է ծառա ունենալ իրեն
Ոսկե ձկնիկ,
բայց քան թե ճորտ լինեմ նրան ես,
լավ է` տանես ինձ, ուտես:
ԽՈՀԱՆՈՑԻ ՊԱՏՐԱՆՔԸ
Կարծես սառնարանում մարդ կա-
կինս դուռը բացում,
լույսը վառում,
ուտելիք է դնում նրա համար:
ՄԻ ԳԵՐ ԿԻՆ
Մի գեր կին`
մաշկի մեջ մի կերպ տեղավորված,
փռվել է մահճակալով մեկ այնպես,
ասես ահա-ահա իջնելու է
միաժամանակ նրա երկու կողմից:
Դժվար թե ամուսին ունենա-
էլ նրա ինչի՞ն է պետք
իր երկրորդ կեսը:
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ջարդվեց Վահեի ոտքը սառույցին`
փրկելով տիրոջ գլուխն հանճարեղ:
Ու փառաբանվեց
խիզախությունն էդ-
գիպսով սպիտակ,
ձեռքերով վարպետ
Վահեի ոտքի արձանը քաշեց
մի տաղանդավոր բժիշկ-օրթոպեդ:
ԱՉՔԵՐԸ
Մաքուր պահեք ձեր աչքերը-
ինչպես ձեռքերը`
դրանք հետք են թողնում
իրերի վրա:
ՀԵՌՈՒՍՏԱԵՐԵԿՈ
Պահում են սառնարանում
նորությունները անցած-գնացած,
և հաղորդավարները հանում,
մատուցում են մեզ դրանք`
բոլորովին թարմ մնացած:
ԴԱՇՏՈՒՄ ՊԱՌԿԱԾ ՏՂԱՆ
Ի՜նչ մեծ է երկինքը,
մի քիչ էլ մեծ լիներ`
նայելով
կորչելու էի նրա մեջ:
ՆԱՊԱՍՏԱԿԻ ՈՐՍԸ
Վախենո՜ւմ են,
վախենո՜ւմ են որսորդները
նապաստակից-
հրացանո՜վ են
մտնում անտառ:
ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ
Սխալներ չե՜նք անում,
սխալներ չե՜նք անում,-
այդ ինչի՞ վրա են սովորելու մեր
երեխանե՜րը:
ԹԱՏՐՈՆ
Վերջապե՜ս,
գտա ես
իմ տեղը կյանքում,
տեսնեմ` զբաղված է:
Թատրոնն այս կյանքի-
մեկ տեղի համար վաճառված
երկու տոմս: