ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս
ՌԱԶՄԻԿ
ԴԱՎՈՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի
առթիվ
«Գրական թերթըե
միանում է շնորհավորանքին

Հարգելի՛ պարոն Դավոյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից եք, ում ստեղծագործությունները տարիներ շարունակ ընդունվել և սիրվել են ընթերցողների կողմից, թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և ճանաչում գտել նաև օտարալեզու գրասերների շրջանում: Գնահատելի է Ձեր մեծ ավանդը արդի հայ քնարերգության զարգացման և հարստացման գործում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր նվաճումներ:
ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Հատված «Ծովինար՝ հայոց հնագույն նախապատմական էպոսըե գրքից

Դառնանք՝ նախ հիշենք Նոյ Նահապետին,
Ում Աստված ընտրեց մարդկային ցեղից,
Նրա որդիներ Սեմին, Հաբեթին՝
Աստըծով փրկված մութ ջրհեղեղից:

Նզովքով հիշենք միջնեկին՝ Քամին,
Քանի որ Նոյը նրան նզովեց.-
Հոր մերկությունը իր եղբայրներին
Պատմելով՝ նրա հարգանքը զոհեց:

Մենք էլ նզովենք Տիտանյան Բելին՝
Իր հորն անարգող էն Քամի ցեղից.-
Եվ օրհնանք ասենք Հայկ Նահապետին՝
Կրտսեր Հաբեթի-Թորգոմա ցեղից:

Հորիզոնները պատառող-անցնող
Նետին հետևենք, լարված աղեղին,
Եվ օրհնանք ասենք անսուտ հիացքով
Նրա ոգեղեն Հայկազյան ցեղին:

Հետևենք նրան և գնանք առաջ.
Նախ հասնենք Արամ աշխարհակալին.-
Չէ՞ որ հներին հասնելու համար
Դեռ պիտի հասնենք Տիգրան արքային…

……………………..
Խորհրդավոր են ժամանակների
Վերելք-անկումներ-ելևէջները,
Ու թեև Աստծո սուրբ պատգամներից
Երթը մարդկության սերնդեսերունդ
Շեղել է Նեռը,
Ու թեև երթը շեղել է Նեռը՝
Դեն շպրտելով
Մեզ վերապահված անարատ կյանքի
Պատգամի բեռը,
Բայց լո՜ւյսը, լո՜ւյսը ճառագում է դեռ
Մեզանից առաջ, մեզնից շա՜տ առաջ
Ընթացողների.-
Այն աստվածային լույսը վերստին
Կուրացընում է աչքերը Նեռի՝
Առաջնորդելով մեզ դեպի ինքը.-
Վկա են դրան
Մեր Սանասար պապ-Արարատ Լեռը,
Մեծ Հայր-Մհերը, Ծովինար կույսը,
Եվ նրանց ծածկող կապույտ երկինքը,
Եվ նրանցից դեռ անվերջ ճառագող
Անարատ լո՜ւյսը…
Բյուրեղյա լո՜ւյսը…

……………………..
Դուք, ինչպես կուզեք, պատգամն ընդունեք,
Բայց նախ և առաջ,
Ամենից առաջ
Հիշեք Աստըծուն և իմ խնդրանքը՝
Իրար մի՛ թույնեք
Եվ մի՛ հետևեք կյանքը թույնողին.-
Հետևեք Աստծո արարած հողին՝
(Չէ՞ որ հող էինք)
Եղեք անարատ և անախտակիր,
Ինքնամաքրումով զուլալվե՛ք կրկին,
Նյարդերը խուժող
Անդուր խոհերի ճամփեքը փակեք.
Տիրոջ պարգևած խելամտության
Ծիրանին հագեք.-

Աղտը սողալով
Լցվում է ամեն սողանցք-խուղերով,
Աստծո պես ժայթքեք՝
Աղտը այրելու հրաբուխներով.-
Եվ դարձյալ, մաքուր և աստվածաբույր,
Դուք՝ նույն ճյուղերը նույն տոհմածառի,
Նույն բնից ելած,
Բողբոջե՛ք,
Ծաղկե՛ք
Եվ պտղավորվե՛ք՝
Ձեր աչքերը նույն բնից ճառագող
Լույսին սևեռած:

……………………..
Ասում է՝ երբ որ երեք եղբայրներ՝
Զրվանը, Տիտանն ու Հապետոսթեն
Աստծո երկիրը բաժանում էին իրենց սեփական
Ցոփ տիրույթների,
Դեռ այն հեռավոր անիծյալ դարում
Իշխանությունը հաստատվեց Նեռի,
Եվ աշխարհավեր պատերազմները չէին դադարում.-

Գերակայության, շահի, մոլուցքի
Փոթորիկներ էր երկրի երեսին.-
Ամեն բռնակալ, ամեն պիղծ հոգի
Պաշտամունքային արձաններով էր
պատվում իր «եսե-ին:

Պետությունները կործանվում էին այդ հոլովույթով,
Կործանողներին կործանողները կործանվում էին,
Այն էլ՝ շատ շուտով,
Իրենց իսկ հիմնած կարգ ու դրույթով:

Ասում է՝ այդպես մի քանի անգամ
Հայերը իրենց
Պետություններն ու գահը կորցրին,
Բայց հավատարիմ մնացին Աստծուն
Եվ իրենց ցեղի խոհուն մեծերին:

Կորցընելով ու վերագտնելով,
Այդպես բավական ժամանակ անցավ,
Մինչև որ հայոց պետության գլխին
Արքա Տիգրանը գահին բարձրացավ:

……………………..
Ինչպես ահռելի փոթորիկներից
Եվ տեղատարափ անձրևներից վերջ
Ելնում արեգակ
Եվ տարածվում է քաղցր ու լուսավոր
մի խաղաղություն
Կապույտ երկնքի և թաց հողի մեջ,
Այդպես, ասում է, Տիգրան արքայի իշխանությունը
Տարածվեց Հայոց աշխարհի վրա.-

Այդպես, ասում է, երբ Տիգրան արքան
Իր արքայական ծիրանին հագավ և նստեց գահին,
Մեր հյուծված երկրում
Լեռնացավ
Վսեմ
Հասակը նրա,
Եվ զարմանք բերեց իրեն
շրջակա համայն աշխարհին:

Նախ՝ որքանն իրեն ժառանգել էին, նա կարգի բերեց,
Նա հագեցըրեց քաղցածին, մերկին հագցրեց զգեստ,
Ապա հայացքը կորցըրած երկիր-հողին բևեռեց.-
Գոտեպնդվելով իր նախնիների ձույլ իմաստությամբ,
Հայրական հոգով նա խելքի բերեց
Ծույլին խստությամբ.-

Դարձյալ հայրական անքեն ու բարի
իր հոգածությամբ
Բանի կարիքը անբանին
մեկնեց նաև կարծրությամբ.-

Նրա ձեռքի տակ թույլն ու տկարը
տղամարդ դարձան,
Ասպազեն հագան,
Բանակ կազմեցին,
Ոտքի բարձրացան.-
Ինչպես որ գարնան գալու հետ մեկտեղ
Ամենուր սառած ջրերը հալվեն, խոսեն բարձրաձայն,
Այդպես հայության ցրված բեկորներն իրար միացան.
Գետակներ էին՝ սառույցների տակ՝
Համրացած, լալկված,
Այդժամ լայնահուն և ահեղագոչ մեծ գետեր դարձան,
Խմբվեցին շուրջը հայկական գահի,
Գոտին պնդեցին Տիգրան արքայի,
Հայոց պետության շուրջը գնդվեցին՝
Այդպես իրենք էլ գոտեպնդվեցին:-
Եվ այդպես եղավ, որ այդպես եղավ.-
Արքա Տիգրանը մեր բռնազավթված հողերի վրա
Բռնակալների նենգամիտ գլխին
Թափվեց հեղեղավ.
Մի անգամ ևս Աստըծո ձեռքով մայր Ծովինարի
Զարմերը արի
Նյութեղենացած,
Անցած դարերի անարդարությանն
ընդդեմ լեռնացած,
Սուրբ արդարության կանչով գժվեցին,
Եվ նրա՛նք,
Նրա՛նք,
Նրանք՝ բռնակալ նվաճողները, մայր Ծովինարի
Կատաղի ելած ջրերի հոսքով հեռու քշվեցին.-

Պատմողն ասում է՝
Արդարությունը երբեք չջարդվող
Անկոտրում սյուն է:

Նրա հիմքն Աստված դրել է կյանքի
Խորը ընդերքում.-
Նրա գլուխը հեռու երկնքում
Լույս է ճառագում
Ողջ տիեզերքում:

Եթե դարերով
Քո բազո՜ւմ-բազո՜ւմ ջիղ ու նյարդերով
Կապված ես եղել դու հիմքին նրա,
Այդ լույսն ի վերջո տարածվելու է
Նաև քեզ վրա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.