Սամվել ԿՈՍՅԱՆ / ՍԽԱԼՆԵՐԻ ՇՂԹԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՇԱՏ ԵՐԿԱՐԵԼ

Ադրբեջանի կառավարության վերջին նիստում Ալիևը կրկին փայլել է իր ռազմատենչ, հավակնոտ և կոշտ հռետորաբանությամբ, սպառնալով ոչ միայն Հայաստանին, այլև քննադատության ալիքը շրջել է նաև Արևմուտքի ուղղությամբ: Ազերի նախագահն առաջին անգամ ուղղակիորեն բարձրաձայնել է իր անհամաձայնությունը ԵԱՀԿ եռանախագահների և համանախագահող երկրների համատեղ հայտարարություններին: Ալիևը, միայն իրեն հատուկ աննրբանկատությամբ, հայտարարել է, որ ոչ մի երկիր ու երրորդ կողմ, ոչ էլ միջազգային հանրությունը, առանց Ադրբեջանի համաձայնության, չեն կարող որևէ կարգավիճակ տրամադրել Լեռնային Ղարաբաղին, ներքին լսարանին հավատացնելով, որ առանց դժվարությունների, ռազմական ճանապարհով կարող է լուծել Արցախի հիմնահարցը, և միայն իր բարի կամքն է պատճառը, որ դեռ չի ընտրել այդ ուղին: Արցախյան հակամարտությունն ուժի կիրառմամբ հանգուցալուծելու ալիևյան պատրանքը նորություն չէ, զարմանալին ազերի նախագահի ներսում հայտնված «բարի կամքն» է, որը ոչ մի կերպ չի մոնտաժվում նրա նկարագրին: Ընդհանրապես, այս գործչի վարքագծում հոգեկան այլափոխությունների այդչափ առկայությունը հավանաբար ալիևյան մտասևեռումն է, ըստ որի, ճշմարտություն կոչվածը միայն իր ենթադրություններն ու զգացողություններն են, և նրա հիստերիայի բռնկումներն առաջանում են, երբ իրենից բացի, ուրիշը չի ընդունում ազերիական ճշմարտության փիլիսոփայությունը: Չեն ընդունում, որովհետև ալիևյան հաշվարկները ոչ թե առողջ տրամաբանության, այլ սին ցանկությունների ոլորտից են: Սխալ հաշվարկ էր երկրի և իր իմիջը բարձրացնելու նպատակով Եվրոպական խաղերի համար միլիարդներ ծախսելը, ինչը իրավապաշտպան կազմակերպությունների համար հիանալի ամբիոն էր՝ ջրի երես հանելու երկրի հիվանդությունները: Սխալ էին հաշվարկները՝ միլիարդներ ծախսելու տարբեր մակարդակի չինովնիկներին կաշառելու համար, քանի որ Եվրոպան ու Արևմուտքը, իրենց շահերով պայմանավորված, այնքան էլ տրամադրված չեն հակահայ բանաձևեր ծրագրելու և ազերիական քմահաճույքները սպասարկելու: Որքան էլ Ալիևը երևակայի, նյարդայնանա, որ «Արևմուտքն ավելի շատ ունի Ադրբեջանի կարիքը, քան Ադրբեջանը` Արևմուտքի», որ իրենք ոչինչ չեն ուզում, իրենցից են նավթ ու գազ ուզում, իրականությունը Ադրբեջանին բոլորովին այլ խնդիրներ է առաջադրում: Արևմուտքի այսօրինակ վերաբերմունքից հիասթափված, Ալիևը ստիպված է մոռանալ, որ իրենք էլ են ուզում, և ավելի հաճախ, երբեմն նաև անիրականանալի բաներ են ուզում, և որպեսզի իրենց ուզածը ստանան, ստիպված են կաշառքի տոպրակը բացել, որովհետև կաշառքը ուզելու և ստանալու համար է: Սակայն Ալիևի հիշողության կորուստները սովորական են, կարևորը ներքին լսարանին իր ճշմարտությունը «սաղացնելն» է: Ներքին լսարանին մոլորեցնելու համար էլ, իրեն թույլ է տալիս հայտարարել, որ «Եվրոպայում գլուխ է բարձրացնում ֆաշիզմը, իսլամատյացությունը, այլատյացությունը, հակասեմականությունը», երևույթներ, որով Արևմուտքը որակավորում է Բաքվի իշխանությունների քաղաքականությունը: Ինքնածին պատրանքները, չհիմնավորված հավակնությունները, իրականության ընկալման բացակայությունը հաճախ են այս ինքնագործ սուլթանին գցում քաղաքական և դիվանագիտական ծուղակները: Քաղաքագետ Ա. Մանասյանի կարծիքով, Ադրբեջանը ամենամեծ ցանկության դեպքում իսկ անկարող է դիմակայել Արևմուտքին, որովհետև «աշխարհն այնքան միասնական է, որ եթե Ադրբեջանը փորձի էլ պոկվել ու մեկուսանալ, չեն թողնի: Շատ մեծերի խաղերում Ալիևը թեև մեծամարմին է, բայց գրեթե կշիռ չունի»: Հայկական երկու պետություններին հասցեագրված նրա պատերազմական շանտաժը նույնպես հեռու է իրական հիմքերից: Թեև միլիարդներ է ներդրել իր ռազմական ուժը հզորացնելու նպատակով, այդուհանդերձ, ռազմական փորձագետների կանխատեսումները Ադրբեջանի օգտին չեն: Ալիևը ի՞նչ է պատկերացնում Ղարաբաղի վերադարձը իրենց վերահսկողության տակ, երբ քանիցս հայտարարել ու հայտարարում է. «Բոլոր հայերը ազերիների թիվ մեկ թշնամիներն են»: Չէ՞ որ ընդունված է թշնամիներին ոչնչացնել, և ոչ մի ուժ չի կարող նրանց գրկախառնության մղել: Բազմաթիվ սխալների շղթայում սա թերևս ամենամեծ մոլորությունն է, որ Ալիևը փորձում է աշխարհի պարանոցին փաթաթել, կրկին մոռանալով, որ սխալների շղթան չի կարող շատ երկարել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։