Սքանչելի է Փիշանգի՝ քարավանի առաջնորդ ջորու կերպարը (Րաֆֆի, «Կայծեր»). «Նայելով այդ խելացի անասունի վրա, ես մտածում էի՝ որքա՜ն լավ կլիներ, եթե այդ երկրի առաջնորդները այդպես բարեխիղճ կերպով կատարեին իրանց պաշտոնը, որպես այդ սպիտակ ջորին»:
Կարելի է չիմանալ (մահկանացուներին տրված չէ ամեն ինչ իմանալը. եզակիներ լինում են, իհարկե), բայց չիմացածին անգիտանալով պետական որոշումներ կայացնելը բազում հարցեր է առաջացնում: Հարցերից առաջինը, որ գալիս է գոնե համալսարանական կրթություն ունեցողի գլուխը, սա է.
1. Ինչո՞վ է այս հարցը արժանացել քննարկման (հասել մինչև հասարակական քննարկման աստիճանի), երբ առկա են ուսումնական հույժ կարևոր շատ այլ հարցեր:
2. Ինչպե՞ս բացատրել, որ հասարակական քննարկման է դրվում անքննարկելին:
3. Ինչո՞ւ հենց հիմա, երբ մեր թշնամիներն ամեն ինչ անում են մեր, այսինքն՝ հայերիս, այսինքն՝ հայոց պատմությունն աղավաղելու, ոչնչացնելու, «վերապատմելու», իսկ ստի, կեղծիքի, աշխարհում դարերով կուտակված փաստերը բանի տեղ չդնելով, իրենց էշը պնդաճակատորեն առաջ քշելու նպատակով՝ նույնիսկ, եթե այդ էշի համառությունը բռնի ու չուզենա դեմ գնալ ճշմարտությանը:
4. Մեր փառավոր պատմական գիտությունը, որ դարերով է կերտվել և մինչև այժմ էլ կերտվում է՝ թեկուզ և արհամարհված լինելու գնով, ինչո՞ւ ենք որպես մի հզոր զենք թշնամու դեմ հանելու փոխարեն ուզում խեղճացնել, խեղել, ճմրթել ու դնել թշնամու ձեռքը…
Այս և մնացած բոլոր աբսուրդային հարցերի պատասխանը տալիս են ոչ միայն մեր պատմական մտքի հանճարները, այլև՝ պարզ երախտավորները, որ դարերով ճգնել (բառի բուն իմաստով նաև), կերտել են մեր՝ հայերիս, այսինքն՝ հայոց պատմությունը՝ հաճախ գերագույն զրկանքների ու հերոսական ճիգերի գնով սերունդներին, այսինքն՝ ապագայի հայերին հասցնելու համար:
Միաձայն անհիմն որոշումներին կողմ քվեարկող խորհրդարանական մեծամասնության մեջ, ուրեմն, չկա մեկը, որի մեջ հարց է առաջացել՝ ինչո՞ւ են Ագաթանգեղոսից սկսած՝ մեր պատմիչների գործերը կրում «Հայոց պատմություն» և ոչ թե «Հայաստանի պատմություն» վերնագիրը: Կամ մեր հանճարեղ պատմաբան-պատմագետների կողմից ինչո՞ւ երբևիցե միմյանցով չեն փոխարինվել այս երկու հասկացությունները:
Շատ պարզ պատճառով, պարոնայք և տիկնա՛յք ԱԺ-ական մեծամասնություն, որովհետև դրանք միանգամայն տարբեր բաների են վերաբերում: Օրինակները բազում ու բազում են: Դրանք բոլորն էլ հույժ արժեքավոր են՝ դարերի հիմնավոր ու տքնաջան աշխատանք են արժեցել թե՛ ստեղծման ու թե՛ պահպանման իմաստով: Վերցրե՛ք թեկուզ բազմահատորանոց «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» աշխատությունը, որում մանրամասն զետեղված են ասորական, պարսկական, հունական, արաբական և այլ աղբյուրներում մեր ժողովրդի մասին ամբարված տեղեկությունները (ՀՍՍՀ ԳԱ-ի հրատարակչություն):
Բազում ու բազում այս աշխատությունները հաճախ, ինչպես, օրինակ՝ Փարպեցու, Խորենացու, Եղիշեի և շատ ու շատ այլ պատմիչների դեպքում, պատվիրվել, խրախուսվել, հովանավորվել են պետական ամենաբարձր պաշտոնյաների կողմից: Եվ նրանց ենք պարտական մեր «փուչիկ» հայրենասիրության ու «շինծու պատմության» ժառանգորդները լինելու համար:
Ինչ վերաբերում է մեր օրենսդիրների՝ բնավ որևէ արժեք չներկայացնող «հիմնավորումներին», ապա դրանց կարող ենք ավելացնել նաև այն, որ ռուսները կարող են ասել «История России», ֆրանսիացիները՝ «L’histoire de la France», քանի որ նրանք ձևավորվել ու դարերով ապրում են գրեթե նույն աշխարհագրական տարածքում, իսկ մեր՝ հայերիս, այսինքն՝ հայոց ազգը՝ որպես այդպիսին, իր ձևավորման վաղնջական ժամանակներից բազում ու բազմատեսակ դիրքեր է ունեցել ինչպես աշխարհագրական, այնպես էլ` պատմական:
Կարելի է ասել՝ «Հայաստանի աշխարհագրություն», «Հայաստանի քարտեզներ» (թեկուզ 29000… քառ. կմ սահմաններում): Կարելի է գործածել նաև «Հայաստանի պատմություն» բառակապակցությունը, բայց երբեք չշփոթել Հայոց, այսինքն՝ հայ ժողովրդի և Հայաստանի պատմությունները: Դրանք միմյանց հետ ազգակցական կապ ունեն, բայց տարբեր նշանակություններ, ինչպես, ասենք, դաշտն ու ցորենը:
Ու հատկապես դպրոցականներին է պետք հեռու պահել նման խեղաթյուրումներից: