Թուրքական վտանգն ու սպառնալիքը
Շուրջ 700 տարի թուրքական վտանգն ու սպառնալիքը կախվել են հայ ժողովրդի գլխին: 13-րդ դարում սելջուկ, այնուհետև օսմանյան թուրքերը Միջին Ասիայից ներխուժելով Կովկաս և Փոքր Ասիա՝ զավթեցին հայ ժողովրդի պատմական բնօրրանի շուրջ 90 տոկոսը և սկսեցին տեղահանել, կոտորել հայերին: 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին (1895-1921 թթ.) սուլթան Համիդի, Թալեաթ, Էնվեր, Ջեմալ և այլ փաշաների նախաձեռնությամբ Արևմտյան և Արևելյան Հայաստաններում կատարվեց Հայոց ցեղասպանությունը, զոհվեցին շուրջ երկուսուկես միլիոն հայեր:
Այսօր էլ Թուրքիան իր կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի հետ մեր պատմական Արցախում իրականացնում է հայասպան քաղաքականություն: 21-րդ դարում, աշխարհի աչքի առաջ ադրբեջանաթուրքական ագրեսորները ցեղասպանություն են կատարում Արցախում:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից, ունենալով Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով բնաջնջել բնակչությանը, հայաթափել երկիրը և ռազմական ուժով լուծել արցախյան հիմնախնդիրը: Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և մղում է իր նոր հայրենական պատերազմը: Այսօր Արցախին, մարտնչող մեր ռազմիկներին բարոյական և նյութական աջակցություն են ցուցաբերում Հայաստանի Հանրապետության և սփյուռքահայ գաղթօջախների միլիոնավոր հայեր: Հայրենիքի պաշտպանության համար զինվորագրվում են հազարավոր հայեր: Բոլորիս նպատակը մեկն է՝ հաղթել ադրբեջանաթուրքական ագրեսորներին, պաշտպանել արցախահայերի իրենց հարազատ, դարավոր բնօրրանում ազատ ու անկախ ապրելու իրավունքը, կամքն ու վճռականությունը:
Գնալով ակտիվանում է Թուրքիայի ներկայությունը, ռազմաքաղաքական գործունեությունը Կովկասում, որ հղի է նորանոր վտանգներով ու սպառնալիքներով ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Միջինասիական հանրապետությունների համար: Թուրքիայի ներկայիս նոր «սուլթանը»՝ Էրդողանը, ունի կայսերապաշտական ցանկություններ: Նա ցանկանում է իրականացնել իր նախնիների՝ սուլթան Սուլեյմանի (16-րդ դար) և Օսմանյան կայսրության մյուս բռնակալների դարավոր երազանքը՝ ստեղծել թուրքական-իսլամական մի մեծ և հզոր կայսրություն-պետություն (Մեծ Թուրան), որի տարածքում են լինելու Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը, այլ երկրամասեր:
Հայաստանի և Արցախի Հանրապետությունները խանգարում են Թուրքիային՝ իրականացնելու պանթյուրքիզմի և պանիսլամիզմի ծրագրերը:
Ահա ինչու, Թուրքիայի դրդմամբ և հրահանգով, Ադրբեջանը որոշեց զենքի ուժով, ռազմական միջոցներով լուծել արցախյան հիմնախնդիրը, այսինքն՝ բնաջնջել արցախահայերին, հայաթափել Արցախը: Էրդողանը և Ալիևը գործում են տխրահռչակ երիտթուրքերի՝ Թալեաթի, Էնվերի, Ջեմալի դիվային ծրագրով. «Կոտորենք, տեղահանենք, Թուրքիայի տարածքից վտարենք հայերին: Չեն լինի հայերը՝ չի լինի հայկական հարցը»,- ասել է գլխավոր ոճրագործը:
Թուրքիայի օգնությամբ հազարավոր վարձկան մարդասպաններ են եկել Սիրիայից, Լիվիայից, այլ երկրներից և ադրբեջանցիների հետ կռվում են հայերի դեմ: Ադրբեջանը դարձել է միջազգային ահաբեկչական կենտրոն: Իսլամիստ ահաբեկիչները Ադրբեջանից թափանցում են Չեչնիա, Դաղստան, Հյուսիսային Կովկասի մյուս երկրներ և ահաբեկչական, քարոզչական ծրագրեր են իրականացնում ընդդեմ Ռուսաստանի և Հայաստանի, ընդդեմ քրիստոնյա աշխարհի:
Հոկտեմբերի 9-ին և 18-ին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջնորդությամբ որոշվեց հայ-ադրբեջանական պատերազմական գոտում սահմանել մարդասիրական հրադադար գերիների և զոհվածների փոխանակման համար, սակայն Ադրբեջանը Թուրքիայի հրահանգով խախտեց և անտեսեց այդ զինադադարները՝ շարունակելով Ստեփանակերտի, Շուշիի, Արցախի բազմաթիվ բնակավայրերի հրթիռահրետանային հարվածները: Հոկտեմբերի 26-ին, այս անգամ ԱՄՆ-ի միջնորդությամբ, պայմանավորվածություն ձեռք բերվեց կրակը դադարեցնելու վերաբերյալ, սակայն Ադրբեջանը հրադադարի ռեժիմը նորից խախտեց։
Արցախում մարտնչող մեր ռազմիկները, երկրապահները, պահեստազորի և աշխարհազորի մեր մարտիկները կենաց ու մահու, օրհասական կռիվներ են մղում քանակով տասնապատիկ շատ, լավ սպառազինված ադրբեջանաթուրքական ագրեսորների, վարձկան մարդասպանների դեմ: Աշխարհը զարմացել է, որ այսօր 3 միլիոն հայեր պայքարում են 90 միլիոն թուրքերի դեմ: Արցախյան ռազմաճակատում բացառիկ հերոսություն, անձնազոհություն, սխրանքներ են կատարում մեր ռազմիկները, հատկապես 18-20 տարեկան մեր մարտիկները:
Գոյամարտերում իրենց կյանքը հայրենիքին ընծայեցին և անմահացան բազմաթիվ հայ քաջորդիներ: Փառք և խոնարհում նրանց հիշատակին:
Ազգանվեր, հայրենասիրական մեծ գործեր են կատարում սփյուռքահայ մեր քույրերն ու եղբայրները՝ աշխարհին իրազեկելով արցախահայերի արդար դատն ու պայքարը, գերտերություններից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը:
Գնալով ահագնանում է թուրքական սպառնալիքը Կովկասում: Թուրքիան և Ադրբեջանը նոր ցեղասպանություն են իրականացնում Արցախում: Կրկնվում են 1915-ի ոճրագործությունները: Սպասում ենք մեծ տերությունների, հատկապես մեր դաշնակից Ռուսաստանի կտրուկ, գործնական որոշումներին՝ զսպելու պատերազմական անսանձ մոլուցքով տառապող ագրեսորներին, կանխելու հայոց նոր ցեղասպանությունը:
Գրեթե ամեն օր, գրեթե ամեն ժամ փոխվում է ռազմաքաղաքական իրավիճակը արցախյան ռազմաճակատում, մեր տարածաշրջանում և աշխարհում: Այժմ, երբ գրում եմ այս տողերը, 2020 թվականի հոկտեմբերի քսանվեցն է: Ի՞նչ է մեզ սպասվում առաջիկայում… ցույց կտա ժամանակը:
Հաղթանակն է մեր լինելիության, մեր գոյատևման, Արցախի փրկության գլխավոր երաշխիքը, մեր հավատամքը, մեր ապավենը, որին հասնելու համար դեռ կպահանջվեն համազգային վիթխարի ջանքեր ու միջոցներ, նոր զոհաբերություններ:
Արցախը Հայաստանն է, և վե՛րջ: