Բագրատ ԱԼԵՔՅԱՆ

ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Հազարը թող գա,
Մեկը` չգնա.
Նախապատմական
Օրհնություն է սա:

Սակայն` դառնում ետ,
Առաջ չեն գալիս.
Մեկը գնում է`
Հազարը լալիս:

ՉԱՓՈՒՄՆԵՐ
Քնքշությունը չի քնքշանա,
Թե համբույրից ձյունը տեղա:

Գետը գետի մեջ չի լցվի,
Քանզի ծովն է մտքում մեկի:

Հլու սերն է պակասը միշտ.
Մյուսը` հար երազ ու վիշտ:

Ճշմարտի մեջ ճշմարտություն`
Չի շաղախվում ու չի հունցվում:

…Թե խոր բնից աչքս հանեք,
Մյուս աչքով` շիրմիս պարեք:

ԱՐԵՎՆ ԱՆՑԱ
Մայրամուտով արևն անցա`
Իմ մեջ արև չճառագեց.
Մոխրանալուց առավել քան
Ինքն իր վրա մահերգ մաղեց:

Ինքն իր` չկան, որ ես եմ, ես,
Որ առավել օտար չեղա,
Քան մտերիմ շրշյունասեզ`
Իր ինքնության կույր հպատակ:

Քո լույսից աչքը շլացավ,
Ու չի տեսնում արևը քեզ.
Մայրամուտով արևն անցար`
Չճառագեց արևն արև:

ԴԵՊԻ ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ
Դեպի արթնություն`
Գիշեր ու ցերեկ.
Քայլում եմ այսօր,
Քայլել եմ երեկ:

Դուք ինձ ասացեք`
Ո՞ւր է այդ ներկան,
Որ այսօր անցա,
Ուշացա երեկ:

ՄԵԾԱՐՈՒՄ
Մութը մութի վրա դրի`
Չոր գիշերներս այրեցի,
Միայնակի սրտից չիջա,
Նզովվեցի… աղ ու հացի:

Տխրության պես` ինձնով տխուր
Սուտ անձրևներ ճիշտը մաղեց.
Ինքնացոլանք տարիքս փուչ
Խաչքարերին ծիածանվեց:

Կոպերիս տակ ու կոպերիս`
Կյանքս ավեր ու ոտնատակ.
Ադամանդն է դա իմ դեմքի,
Որ մեծարվում է ծովի տակ:

ՌԵՔՎԻԵՄ
Ամառ ու ձմեռ,
Տապին ու ցրտին`
Աղավնին ձյունե
Մասիսի գլխին:

Չի իջնում, Աստված,
Հոգի՜ս, չի իջնում.
Աշխարհն անխաղաղ,
Անթագ է մնում:

Թիթեռի թախտ է
Աշխարհն երևի.
Անարգ լուսինն է
Գագաթն արևի:
ԵՐԿՈՒ ԵՐԳ` ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ
***
Քեզանից առաջ սև շունը գնաց,
Որ Աստծո առաջ քեզ բարեհաչի.
Հավերժ անբաժան Բաքոսը մնաց`
Չհագեցվածը ինքն իր ափերի:

Եկար ու անցար կողմերից այն կողմ`
Թառամ-անթառամ վերքի մեջ մտած.
Դու ամենուր ես` մեզանից այս կողմ,
Քեզանից այն կողմ` պատիրը մահվան:

Էլ ի՜նչ հավերժող, թե մահը մնար.
Հոտն առավ, տարավ սև շունը անդին,
Գնացող չէր քո գալը շարունակ.
Գիրդ մեզ թողիր, կյանքդ` աստղերին:

ԱՅՑ ՊՈԵՏԻ ՇԻՐՄԻՆ
Գերեզմանիդ լուռ խոնարհված`
Քամում էի սիրտս նորեն,
Երբ երերաց ու հողն հանկարծ
Երկինք թռավ թեթևորեն:

Այնքա՜ն ծարավ միասնությամբ,
Որ ինձ թվաց` դու չես քնում.
Երդվյալները դեռ խմբված
Քո ծաղկասիրտն են հագեցնում…

ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
Անտերն անտերին դարձավ տեր`
Դարձավ անտերը կրկնանտեր.
Երկիքն ի բաց մի ճամփա կար`
Պիտի Աստծուն Աստծով գտներ:

Ինչ ուներ-չուներ շալակած`
Ինքն իր առջև եկավ կանգնեց.
Ոչ հավքի թև, ոչ Տիրջ աջ-
Պետք չէր նրան վաղուց արդեն:

Այս բանը նա շուտ հասկացավ,
Անհուսորեն դուռ չծեծեց…
Իր անտեր կեսին գիրկն առավ,
Բարով-խերով գործն ավարտեց:

ԱՆՈՂԸ ՊՐԾԱՎ,
ԱՍՈՂԸ ՉՊՐԾԱՎ
Կյանքից թաքուն ես ապրեցի`
Չպարտված ինձ այրեցին:

Արցունքաձույլ արձանը իմ`
Աչքերիս մեջ քարկոծեցին:

Ինձ ոչոքով լուռ թաղեցին.
Անդ մահ առ մահ ներկա էին:

***
Ինձանից ինձ հորինեցի`
Ոտք ու ձեռքով կրակն ընկա.
Անհայտ խաչին դրվագվեցի`
Նոր անհայտի գիրկը ընկա:

Փոխել չեղավ` եղա նույնը,
Ջուրը ջրից կդատարկե՞ս,
Չփոխվեց իմ արյան գույնը,
Էշն իր պոչի տակ չքաշեց…

Դառնաթախիծ էր կյանքը իմ`
Իմ ու իմ մեջ խորունկ թաղված.
Արցունքոտված արցունքներից,
Անհայտությունից դուրս նետված:

Համբույրի պես հոգիս արի
Ժառանգախոս` հուշադարան,
Եկավ անցավ երգս ինձնից`
Հետքից դափնե փոշի հանած…

ԴՈՒ ՓՈՔՐ ԵՍ, ԱՇԽԱՐՀ
Քո մի հյուլեն է,
Մի շյուղն է խեղված
Արմենիաս այսօր:

Սակայն ինչքան էլ
Դաշնուրաց ճգնես,
Կեղծիք ծածանես,
Դու նրա խլված
Կեսիկեսն էլ չես…
Ա՜յ, Ամբողջ աշխարհ:

ԾՆՈՒՆԴ
Գիշերը թափվեց.
Մնացի միակ
Փրկիչը Փրկչի:

Թե գաս գիշերով`
Դրսի գիշերն իմ
Հանես իմ ներսից:

Ամայաբնակ
Ծնունդն իմ շիտակ`
Կփարվի կրծքիդ:

Կտեսնես դեմքս`
Ավերակների
Շեղջի տակ ոսկե:

Կլսես լացն իմ`
Զի ամենամոտ
Չարը խափանվեց:

ՔԱՅԼ
Ծաղկանց կանոնն ընտրեցի`
Վշտավսեմ, աներեր…
Լռությունը մեր միջի
Կապանք դարձավ մեր միջև:

Ու անբևեռ Բազումքի`
Սիրտն արյունոտ և հիվանդ,
Դեռ ձյունում է իմ պատի՜ր
Հուսո գլխին անընդհատ:

ՀԱՎԵՐԺԱԴԱՐՁ
Ցուրտը ծոցից ելնում,
Ծոց է մտնում նորից.
Ինձանից դատարկվում,
Լցնում է ինձ ու ինձ:

Քամու պոչից բռնած`
Անդարձ կըսլանամ.
Թողած կյանքի համար
Ջանքը անդարձության:

Քամին կսարսռա`
Անդավության դավից,
Այնժամ ես ետ կգամ
Զուլալված իմ ցավից:

***
Հանկարծ ես քեզ տեսա`
Մշուշի եզերքին.
Ջրերի պես պապակ
Բառերն ինձ փարվեցին:

Անհույս ու անհամար
Կոշիկներս հանեցի,
Չարագույժ ծով մտա,
Ծով փոշի հանեցի:

Ու խորքից խոր լցված,
Ինձանից ինձ տեսա`
Հանց ընդերքում օծված
Ցամաքների արքա:

Օ՜, քանի՞սն իմ առաջ,
Ինձ հետ ու առանց ինձ.
Ինձ հետ ծովը մտան,
Լուր չբերին ինձնից:

ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ԵՄ
Անշյուղ շրշացել`
Կացնահարվել եմ,
Մթնում բողբոջել`
Եղերերգել եմ:

Աստված, քոնն արա`
Ես ինձ ավարտեմ.
Թե կորցնեմ մի կյանք,
Ինձ հավերժ գտնեմ:

ԼԱՋՎԱՐԴ ՈՒ ԼԱԶՈՒՐ
Իմ դեմքից ցայտող
Դեմքը բառերի`
Մեռնող, շտապող
Սուգն է քայլերիս:

Անցա երկինքը`
Լաջվարդ ու լազուր,
Իմ մեջ հանց ինքը
Լուսինն էր սուզվում:

Թե Աստված ձեր մեջ
Հանկարծ հայտնվի.
Ձեզ հետ չի նստի
Ինքնհոգեհացի…

***
Իր հողն է ուզում
Սիրտը երկնքի.
Ես այս տարիքում
Չհաս տարիքի:

Տարին ինձանից
Տարի գլորեց.
Մութ ողկույզներից
Ձայնս բողբոջեց:

Գիշերն իր միջից
Դուրս ելավ ահա,
Մթին հրդեհից
Ելավ, ինձ գտավ:

Թե ամեն երկունք
Իր ցավը չունի.
Շեն աստղադաշտում
Ասեղ չես ծնի:

ՕՁԸ
Շաչում է օձը մոլագար,
-Այրեցեք շողքը ետդարձի…
Գիշերվա մաշկից դուրս չեկավ,
Դեռ անկոխ վայրերից անծիր:

Լուսնափունջը դոշից կախված`
Ծննդյան իր օրվա օրից.
Կանգ չառավ` նա կացնեց անհագ,
Ով տոկաց ու իջավ ծառից:

Թաղեց իր մեռելները բոլոր`
Էլ հոգի, ջան չմնաց.
Աշխարհը քնի մեջ թող քնի`
Զովի ու հովի մեջ արյան:

ՊԱՀՄՏՈՑԻ
Այս քանի օր է
Քնի մեջ անքուն,
Պահմտոցի ենք
Մահվան հետ խաղում:

Տերն իսկ չգիտի`
Գերյալ-գրավյալ.
Ուր թաքնվեցի`
Նա միշտ ինձ գտավ:

Ինձ վառեց անբոց
Այս առեղծվածը.
Ինձ միշտ գտնողն է
Իմ թաքցրածը:

Քամում անողորմ,
Կարծես գնում է.
Երգիս ծագումով
Իմն է` մնում է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։