Սամվել ԿՈՍՅԱՆ / ՏԱՐԲԵՐ ՊԻՏԱԿՆԵՐՈՎ ՆՈՒՅՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ճանաչված ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, «Լոյս ի լուսոյ» խորագրի ներքո համերգներով հանդես է գալու Հայաստանի, Վրաստանի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեդիայի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի 100 եկեղեցիներում: Համերգաշարի շրջանակում վերջին համերգները Թուրքիայում էին` Վանի Աղթամար կղզում, Անիի ավերակներում, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում, Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ապա` Ստամբուլում: Անվանի երաժիշտը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի ուղեկցությամբ, ունկնդիրներին էր ներկայացնում հայ ազգային երաժշտության նմուշներ` հայոց ինքնությունը բացահայտող երաժշտական գոհարներ: Ականատեսների վկայությամբ՝ համերգները ոգևորության զարմանահրաշ զգացում էին հաղորդում, տեղի հայկական միջավայրին օգնելով երաժշտության միջնորդությամբ վերստին հաղորդակցվելու իրենց պատմությանն ու մշակույթին: Սակայն հայերի՝ Անիի ավերակներում կայացած համերգն այն աստիճանի էր զայրացրել թուրք ազգայնականներին, որ խոստանում էին «հայերի որս սկսել Կարսի փողոցներում»: Կարսի քաղաքապետ Մուրթազա Քարաչանթանին առանձնապես վրդովվել էր, որ համերգի ժամանակ Համասյանի հագուստը նման է եղել հոգևորականի հագուստի. «Ինչ-որ մեկը մեր Կարսի բերդում հայկական դրոշ է պարզել, համերգ է տալիս, սակայն դա ի՞նչ արվեստ է: Ինչո՞ւ են հոգևորականների հագուստով»: Թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» շարժման Կարսի թևի առաջնորդ Թոլգա Ադգյուզելն էլ սպառնացել էր Կարսի բոլոր հայերին, ովքեր իրենց «այդքան ազատ են զգում Թուրքիայում»: Ապա քաղաքապետի օրինակով` հայերի հետ լինելու համար, մեղադրել էր համերգները լուսաբանող թուրք լրագրողներին: Թուրքերի նման վերաբերմունքով որևէ հայի հանկարծակիի չես բերի… Սակայն Ցեղասպանության 100-ամյակի իրադարձություններով պայմանավորված, թվում է՝ թուրքերը կարող էին ավելի նրբանկատ լինել կամ, ինչպես իրենց է հատուկ, նրբանկատ ձևանալ, մանավանդ խոսքը մշակութային իրադարձության է վերաբերում: Սակայն, թուրքերի հայատյացությունը, հավանաբար, ավելի հզոր է, քան իրենց ավանդույթներն ու իրենց կողմից այնքան գովերգված թուրքական դիվանագիտությունն է: Պարզվում է, չնայած տարբեր պիտակներին, թուրքերի հոգեբանությունը ինչ եղել է 1915-ին, չի փոխվել նաև մեր օրերում:
Անգամ ժողովրդավար ներկայանալու երազանքը ի զորու չի եղել մեղմելու այն անտաշ բնազդները, որ դրսևորվում են այլատյացության, ռասիզմի ու անհանդուրժողականության պոռթկումներով, թեև թուրքերին թվում է, թե իրենց վաղուց է հաջողվել քաղաքակրթության և բարեկրթության ձեռագրի դժվարությունները հաղթահարել: Իրականում ակնհայտ է, որ, չնայած ռազմական և տնտեսական առաջընթացին, թուրքական հոգեբանությունը, որն ավելի միտված է ոչնչացնելուն, տեղաշարժ չի արձանագրել: Շարունակվում է թուրքերի բնազդական ատելությունը հայերի նկատմամբ և հետագայում էլ, քանի դեռ Թուրքիան չի առերեսվել իր անցյալին, հայերի նկատմամբ ատելությունը նոր երանգներ է արտածելու, որովհետև հայերին առնչվող ամենաաննշան երանգն իսկ հիշեցնելու է թուրքերին իրենց քոչվոր, մարդասպան, արյունռուշտ, զավթիչ ու վայրենի լինելը: Թուրքական ժխտողականության ձուլվածքը նաև սրանով պիտի պայմանավորել: Ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նշանակում է ընդունել քաղաքակրթության ու բարեկրթության գնացքից հավերժորեն ուշացած լինելու հանգամանքը, մի բան, որ անհամատեղելի է չհիմնավորված հավակնություններով տառապող թուրքական քաղաքականությանը: Թուրքիան որքան էլ փորձի չպարտվածի կեցվածք ընդունել, առաջինը ինքն է գիտակցում իր պարտված լինելը: Այդուհանդերձ, բոլոր պարագաներում թուրքական քաղաքականության հիմնական զենքը մնում է սպառնալիքը: Թուրքիան սպառնում է աջ ու ձախ, երկրներին ու անհատներին, խմբերին ու կազմակերպություններին: Հայ անվանի դաշնակահարի համերգների ընթացքում կրկին շրջանառվում էր սպառնալիքը, որը ոչ մի կերպ չազդեց համերգային ժամանակացույցի և ունկնդիրների տրամադրության վրա: Որքան էլ գորշ գայլերը սպառնում են «չփորձել թուրքերի համբերությունը», որքան էլ վայրահաչում են, հայերը հասկացել են, որ ճշմարտությանն ու արդարությանը, մանավանդ հայ մշակույթին վնասելու համար այլևս նախկինի պես սուր չեն նրանց ատամները: Համենայնդեպս, նրանց չարությանը չհաջողվեց Տիգրան Համասյանի համերգները ձախողել, և հայկական եկեղեցիների կամարների ներքո գոնե մի քանի ժամով իշխողը հայոց ոգու շնչառությունն էր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։