Նորերս հրատարակված «Հայոց գրականության պատմության» 3-րդ հատորը, որը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում նախապատրաստվող վեցհատորյա աշխատության մի մասն է և նվիրված է 17-19-րդ դարերի գրականությանը, անտարակույս հույժ կարևոր ձեռնարկ է և իր արժանի գնահատականն է գտնելու գրական հասարակայնության կողմից: Գրքի գիտաքննական մեկնությունը հանձնելով ժամանակի տրամաբանությանը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ հատորի խմբագրական աշխատանքներին առնչվող որոշ հարցերի, որոնց բախվում ես գրքին առաջին իսկ ծանոթության ժամանակ: Եվ այսպես. ընթերցողի սեղանին է ինստիտուտի հայոց նոր գրականության բաժնի համատեղ աշխատանքի արդյունք ներկայացող հատորը՝ ակադեմիական հրատարակությամբ: Բացում ես տիտղոսաթերթը. ոչ մի հիշատակություն հեղինակների մասին, ուշադիր կարդում ես ցանկը՝ կատարյալ քաոս: Համատարած Ա. Ալեքսանյան-ից (որով, ի դեպ, ներկայացված է նաև ակադեմիկոս Ս. Սարինյանի հեղինակած «Ռ. Պատկանյան»-ը) համառոտված անունների կողքին հայրանվան բացակայության հետևանքով առաջացած շփոթ, և ստիպված պարզապես բռնում ես որոնումների ճանապարհը՝ ապավինելով մասնագիտական ներքնատեսությանդ: Մինչդեռ տիտղոսաթերթին պարզորոշ նշված է խմբագրի անուն-ազգանունը, գրված է առանց համառոտման՝ Սիրանուշ Մարգարյան, ճիշտ է, դարձյալ առանց հայրանունը նշելու: Պետք չէ կարծել, թե հարգարժան խմբագիրը ավելորդ եզակիություն է վերագրել իր անվանը կամ գրականագետի իր բացառիկության պատրանքն ունի, ո՛չ, պարզվում է՝ նա՝ ակադեմիական հրատարակությունների հարուստ փորձ ունեցող խմբագիրը, ինչպես պարզ դարձավ տնօրենի առանձնասենյակում արված նրա մեկնաբանությունից, մեծ պատասխանատվությամբ է մոտեցել հարցերին՝ սահմանելով անթերի տնտեսուհու կարգապահություն. կրճատված են բոլոր հեղինակների անունները, և ոչ մեկի հայրանունը չկա գրքում առհասարակ, ինչո՞ւ եմ ուզում ե՛ս առանձնանալ ստվարածավալ հատորում կատարած իմ նվազագույն դերով (ցանկում նշված Ա. Ալեքսանյան-ից միայն «50-60-ական թվականների դրամատուրգիան» է իմ հեղինակությամբ, որին առանձին տեղ է հատկացվել հատորում): Ուրեմն, քանի որ ակադեմիական հրատարակության ընթերցողը ցանկում մեծ տեղ գրավող Ա. Ալեքսանյան անվան տակ ի վերջո ճանաչելու է գրականագետ Արամ Ալեքսանյանի գործերը, իսկ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը անվիճելիորեն ճանաչելի է ցանկացած խառնաշփոթության գլուխկոտրուկում, խմբագիրն իր բազմազբաղ ժամանակը պարտավոր չի համարել ծանրաբեռնելու տեղեկատվական բնույթի խնդիրներ լուծելով. նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում ինչո՞ւ ընթերցողը չմարզի իր երևակայությունը:
Հատորն, անշուշտ, նորություն է՝ հայ գրականության մի կարևորագույն պատմաշրջանի նորովի մեկնաբանություն: Հարգարժան խմբագրուհին պատվախնդիր մոտեցում է դրսևորել՝ նորացնել նաև խմբագրական մշակույթը, և իր այս նվիրումի մեջ, իրոք, մտքի խնջույք է վայելում: Նա, «70-80-ական թվականների դրամատուրգիան» նույնությամբ, առանձին վերնագրով տեղադրելով նշված թվականների գրականությանը վերաբերող՝ ակադեմիկոս Ս. Սարինյանի հեղինակած ներածության մեջ, հարկ չի համարել նշելու վերոհիշյալ հատվածի հեղինակի անունը՝ Ամալյա Ալեքսանյան կամ գեթ՝ Ա. Ալեքսանյան: Այստեղ արդեն մեծ էր խմբագրի զարմանքը՝ հեղինակիս՝ «սահմաններ չճանաչող հավակնոտությանն ի տես». ի՞նչ է, մի վեց-յոթ էջի համար ուզում եմ, որ անունս երևա՞ր: Հիրավի, մեկնաբանություններն ավելորդ են:
Այսպիսի «նորամուծությո՞ւն», թե՞ սուրբ անտեղյակություն է դրսևորում ոչ առաջին անգամ կոլեկտիվ աշխատանքի խմբագրի պարտականությունը ստանձնած գիտաշխատողը, որը նաև Մասնագիտական խորհրդի գիտքարտուղար է և, անշուշտ, անտեղյակ չէ նմանատիպ հարցերին: Իհարկե, միամտություն է հետևել խմբագրի մտքի ընթացքին՝ փորձելով կռահել երևակայության այլ բոցավառումների իմաստը՝ արդեն ընթերցելով բուն տեքստերը, ասենք, օրինակ՝ հասկանալու համար, թե ինչու Պ. Պռոշյանից կատարած մեջբերումը, որը, ինչպես և իմ բոլոր հղումները, նախնական տարբերակում գրված է եղել անմիջապես մեջբերման կողքին՝ փակագծում՝ (Պ. Պռոշյան, Երկեր, հտ.7, Եր.1964, էջ 37), տողատակում դարձել է՝ «Թատրոն»,1893, թ.1: Ինչո՞ւ է Ստեփանոս Նազարյանցի հոդվածի վերնագիրը («Նկատողութիւնք ազգային թեատրոնաբեմին վերայ») հատորի տողատակում դարձել՝ «Նկատողությունք ազգային թատրոններուն վերայ»: Առհասարակ, գիտական ապարատի գրեթե լիակատար բացակայություն է իմ հեղինակած տեքստերում: Որտե՞ղ է Լեոյից կատարված մեջբերման հղումը, որտե՞ղ են մյուս հղումները. եթե ես եմ այդպես հանձնել, ապա ինչո՞ւ չի պահանջվել ներկայացնել ամբողջական տեսքով, որտե՞ղ էր խմբագրի զգոն հայացքը: Կամ ինչպե՞ս է, որ «Սայաթ-Նովա» ուսումնասիրության՝ Գ. Ախվերդյանից բերված մեջբերման հղումը մատնանշում է Ե էջը, մինչդեռ պետք է լիներ՝ Ը:
Անշուշտ, հատորը կարող էր և այլ կառուցվածք ունենալ: Հատորը պետք է այլ կառուցվածք ունենար՝ մասնավորապես 50-60-ական թվականների դրամատուրգիան ներկայացնող մասով: Ինչո՞ւ քսաներեք էջ նվիրել ժամանակի գրական կյանքում հարակից դեր կատարած հեղինակների ստեղծագործությանը՝ գրեթե լիովին անտեսելով Պ. Դուրյանի և Մ.Պեշիկթաշլյանի դրամատուրգիան: Այո՛, իմ կողմից գրված երկու աշխատանքներն էլ պետք է ծառայեին ներածական բաժինն ամբողջացնելուն (ինչպես, ի դեպ, համոզված էի ինստիտուտի տարեվերջյան ժողովում հատորի կառուցվածքի վերաբերյալ պ. Սարինյանի հաշվետվությունից հետո), կարող էին օգտագործվել տրամադրված նյութերը՝ ինձ հատկացնելով համեստ մշակի դերը, որպիսին ես ինձ իրականում տեսնում եմ՝ ի տարբերություն բազմաթիվ ինքնահռչակ գրականագետ-գրաքննադատների, որոնց պակասն այսօր չունի մեր գրական հանրությունը: