Քաղաքին հասնելուն քիչ էր մնում, և մեքենայի արագությունը փոքր-ինչ դանդաղեցնելով, հաղթահարեց ճանապարհի ամենադժվար ոլորաններից մեկը: Նախորդ գիշերվա երազը հիշեց. հայրն էր` տխուր աչքերով, ասաց, թե կարոտել է… ու ինքը աշխատանքից դուրս եկավ և ուղևորվեց շիրմատուն: Վաղուց հոր կողքին չէր եղել: Երկար նստեց, ծաղիկներն ասես հասցրեցին թոշնել մի քիչ: Բայց շուտ էլ ճանապարհվեր, մեկ է, տուն էր հասնելու առավոտվա կողմ, շտապելու բան չուներ:
Հոգնած էր, ու կիրակի օրվա անհոգության տրամադրող առավոտը նինջ էր բերում: Սթափվելու համար միացրեց ռադիոընդունիչը, կոճակը պտտեց այս ու այն կողմ ու կանգ առավ լուրերի վրա: Սկզբում դժվարացավ հասկանալ, թե խզված ձայնով հաղորդավարն ինչ է ուզում ասել: Լսում էր իր քաղաքի անունը… ինչ-որ զոհեր… փոթորիկ` Սոֆի անունով` ժամում այսքան ու այսքան արագությամբ:
Լուրերը կցկտուր էին, կարճ: Հետո սկսեցին խոսել նմանատիպ այլ աղետների մասին, ընդհանրապես աղետների մասին: Պարզվում է, կարծես թե եղածն այնքան էլ մեծ բան չէ. մի քանի օրվա ընթացքում աշխարհում առնվազն երկու-երեք մեծ ու փոքր աղետներ են լինում: Նոր հազարամյակը երևի ինքնահաստատման իր ձևն այդպես է գտել:
Քաղաքն արդեն արևի շողերով էր պսակված, երբ մոտենում էր… Ավելի ճիշտ` փլատակներն էին արևի շողերով պսակված: Մեքենան կանգնեցրեց, դուրս եկավ ու երերուն քայլերով սկսեց վազել դեպի…
Կործանված շեները փոքրիկ ու անկանոն բլրակների էին նման: Օվկիանոսի ջրերը, ամեն բան իրար խառնելով, քաղաքին ավելի թափթփված ու փնթի տեսք էին տվել:
«Մեծ բան չէ… մեծ բան չէ»,- կրկնում էր մտքում… «Ամեն օր աշխարհում…»: Ասես այդպես փրկվելու էր արդեն իր հոգու մեջ և ուղեղում ահագնացած ոչ պակաս սարսափելի փոթորկի ավերումից: «Մեծ բան չէ…»,- դեռ ինքն իրեն անկապ մրմնջալով կանգնեց անհասկանալի բաղադրության մի խառնակույտի մոտ ու… անշարժացավ:
Թվում էր, թե կանգնած է կործանված աշխարհի ավերակների վրա: Այս ու այնտեղ մարդկային խմբեր էին երևում, որ շարժում էին հաղորդում այդ մեռելային ու անկյանք պատկերին: Երբեմն շարժումն աշխուժանում էր, լսվող ձայները փոխվում էին բարձր աղմուկի, ինչ-որ շփոթ ու իրարանցում էր սկսվում: Փլվածքի տակից հանում էին որերորդ ողջ կամ մեռած մարդուն:
Ոչինչ չէր զգում, մտքեր նույնպես չկային, միայն երբեմն, դարձյալ ինքն իրեն, կրկնում էր. «Եղածը մեծ բան չէ… մեծ բան չէ: Ամեն օր աշխարհում…»:
Հետո պարզապես անցնում էր փողոցից փողոց: Ծանոթ քաղաքն անճանաչ էր լրիվ, ու դժվարությամբ էր կարողանում հասկանալ, թե որտեղ է: Այդպես դժվար էլ` մոլորվելով ու գայթելով, ի վերջո գտավ իր փողոցը… մոտեցավ իր տանը…
Տանը, որն արդեն խառնիխուռն բետոնափայտյա կույտ էր: Այստեղ՝ փոքրիկ բնակարանի չորս պատերի ներսում իր աշխարհն էր տեղավորում` օրվա հոգնեցնող եռուզեռից հետո, այստեղ հաճախ կյանքի ունայնության հետ կռիվ էր տալիս ու պարտվում կամ հաղթում, այստեղ իր երազներն էին…
Մեծ բան չի եղել…
Սոֆի՜… երբ էլ հասցրել են անուն գտնել: Կարծես կարևորն այդ է. ծնունդ է ու անուն է պետք: Կնքել է պետք, գուցե դեռ եկեղեցի էլ քարշ տանք ու գրանցե՞նք: Գուցե ոմանք հենց իրենք էլ ծնո՞ւնդ են տալիս այդ կյանքեր ու ճակատագրեր խեղող արհավիրքներին, որ այդպես փայփայանքով, իրավունքով ու հոգատար էլ կնքում են, անվանակոչում ու հանձնում ժամանակին: Թե չէ բնություն-միամիտն իր անանուն աղետներով այստեղ գործ չունի:
Ձեռքերով սեղմեց քունքերը: Ո՛չ, հիմա նման բաներ մտածելու ընդունակ չէ…
Հեռվում նորից իրարանցում սկսվեց: Շներն էլ խառնվեցին իրար: Երևի հերթական մարմինն են գտել:
Եթե հայրը երազում չգար, եթե հայրը չգար… Հիմա ինքն էլ…
Վերջին մի հայացք նետեց տան փլատակին, փորձեց իր ներսում ինչ-որ հույզ, միտք որսալ: Չգտավ: Ու քայլեց մարդկանց ուղղությամբ: Ուժ չէր գտնում միանալու փրկարարներին, ձեռքերն անուժ էին, կամազուրկ: Չէր ուզում մտածել քաղաքի տարբեր տեղերում ապրող-ապրա՞ծ իր ընկեր-գործընկերների մասին: Չէր կարողանա…
Ավելի շատ մտքերը նրա՜ շուրջ էին պտտվում…
Աղջկան այս կանգառում էր տեսնում: Անշուշտ մոտերքում էր ապրում: Երբեմն մեքենան կանգնեցնում էր քիչ հեռվում ու հիացած նայում, մինչև նա վազելով նստում էր ավտոբուս ու ծածկվում տեսադաշտից: Երկար ժամանակ չէր համարձակվում մոտենալ, բայց շաբաթներն անցնում էին նրա մասին մտքերով լցված, նրա նրբին մարմինը, բարալիկ առվակի շիթերի պես արձակ ցած իջնող մազերը մտովի շոյելով: Միայն երկու օր առաջ համարձակվեց մոտենալ, մի երկու անկապ հարց տվեց, մի երկու շոյիչ խոսք ասաց ու ժամադրեց հենց այս կիրակի ժամը 16.00-ին: Աղջիկը ժպտում էր: Չհասկացավ՝ համաձայնե՞ց, թե՞ ոչ: Պարզապես ժպտում էր: Անգամ անունը չհարցրեց, արագ հեռացավ:
Մոտիկ տներից մեկի կանգուն պատի ետևից փրկարարների խումբ երևաց: «Միայն ոչ այդ».- սարսռաց ուղեղը շանթող մտքից: «Միայն ոչ այդ…»:
Արյունը երակներում սառցի պես պաղ էր: Պատգարակին դրված կնոջ դեմքը չէր երևում, բայց բնազդով զգաց՝ նա՜ էր… Մի երկու քայլ էլ մոտեցավ ու արդեն տեսավ անխաթար, բայց մարմարի պես անարյուն դեմքը: Մազերի խռիվ շիթերը ցած էին սահել…
Աղջկան տանում էին անփույթ, շտապելով: Նրա կախ ընկած ձեռքը ճոճվում էր, ասես ինչ-որ բան էր այս աշխարհից դեռ ուզում վերցնել ու չէր կարողանում… Բեռնատարի թափքի մեջ տեղավորեցին մի քանի անկյանք մարմինների կողքին, ու մեքենան շարժվեց:
«Մեծ բան չի եղել… մեծ բան չի եղել»,- կրկնեց մի քանի անգամ:
Քամին ինչ-որ բան էր փնտրում, դես ու դեն գցում իրեն, երբեմն կույրի պես տնտղելով ցեխակոլոլ մի կույտ` տնքում էր, հետո ուղղվում ու նորից հուսահատ սուրում առաջ: Աղջկան այսուհետև Սոֆի անունով էր հիշելու կամ աշխատելու էր չհիշել: Կկարողանա՞ր… Քանի՞ ժամ էր այդպես՝ մեկ թափառում, մեկ նստում պատահած քարի ու գլուխն ափերի մեջ առնում:
Մարդը նստեց իր կողքին, ախորժակով սկսեց ծամել հացի կտորն ու ասես խոսեց ինքն իրեն հանգստացնելու համար:
– Գժվելու բան է… Բայց դժվարն էս է… Մի երկու-երեք օր դեռ կփնտրենք, հետո ծանր տեխնիկան կգա: Կարևորը մաքրելն է. հենց փլատակները մաքրվեն` կյանքը նորից հունի մեջ կընկնի:
– Կանգուն տուն չի մնացել` ի՜նչ հուն, ի՜նչ բան… Էլ ո՞վ հետ կգա այստեղ ապրելու,- զարմացավ, որ դեռ ընդունակ է խոսելու, լարվում էր՝ բառեր գտնելու համար, որովհետև ճիշտը չխոսելն էր, չզգալը, չմտածելը…
– Կգա՜ն…- հաստատող շեշտով ծոր տվեց մարդը:
– Չեն գա:
– Կգա՜ան,- ավելի վստահ հաստատեց:
Դե, երևի թե… Մարդիկ կան, որ ծառի պես են ու մի տեղում են իրենց կյանքի տալիքն ու առնելիքը ապրում: Բայց ի՜նքը, ինքը կգա՞ այստեղ շարունակելու իր մնացյալը: Կկարողանա՞ նոր կառուցված հացաբուլկեղենի խանութից բուրավետ հաց գնել ու նրանից չզգալ օվկիանոսի այսօրվա մահահոտը: Կկարողանա՞ կրպակից թերթեր վերցնել ու համեղ պատառը վայելելով՝ կարդալ գրեթե սովորական դարձած լրատվությունը. «Իսմերալդա պտտահողմը, ժամում այսքան արագությամբ… կան զոհեր և ավերածություններ»: Կկարողանա՞ ժամադրության գնալ և մտապատկերի առաջ չպահել հեռացող բեռնատարը: Ժամը 16-00-ն, Սոֆիի անգույն, անարյուն դեմքը: Պատասխան չգտավ, չփորձեց էլ գտնել…
Քամին թափով պտտվեց նրանց շուրջը:
– Մարդու նման սուգ է կապել, շան պես կաղկանձում է, ասես ինքն էլ է հարազատ կորցրել,- կողքինն էր:
Բանվորներից մեկը բարձր քրքջաց: Մի պահ իրեն թվաց, թե սխալ լսեց. բայց չէ` մյուսն էլ միացավ, ու սկսեցին ծիծաղել:
Հա՛, ինչ կա որ. մարդիկ են, ապրում են ու ծիծաղում են:
Իսկ քամին հեռվում կաղկանձը ոռնոցի փոխեց, ու բոլոր շները, չգիտես ինչու, միացան նրան.
– Ո՜ւ… ո՜ւ… ո՜ւ…
Մարդը վերջին պատառը կուլ տվեց, կանգնեց, թափ տվեց տաբատը.
– Արդեն մի քանի երեխա ենք հանել. գժվելու բան է` անմեղ, հրաշք մանուկներ: Է՛հ…- հառաչե՞ց, թե՞ տնքաց ու գնաց դեպի ընկերները:
– Զը՜նգ… զը՜նգ…
Եկեղեցու զանգերի ձայնն այնքա՛ն տիրական հնչեց: Առաջ երբեք այսքան բարձր չէին լսվում այդ զանգերը. կյանքի ժխորն ավելի բարձր էր: Հիմա, երբ կյանքը կանգ էր առել կամ չկար… Զը՜նգ… զը՜նգ…
Ինչո՞ւ այդպես` ինչ-որ փրկարար մի բան գտածի պես, հոգին փութաց փաթաթվել օդում թևածող այդ Խորհրդին: Զանգերը ամեն բանի պատասխանը տալու էին: Զը՜նգ… զը՜նգ… Ձայնն ահազանգում էր, սաստում, մխիթարում, սգում, աղերսում, կանչում, կամ` բոլորը միասին: Դատարկ աշխարհի վրա թևածող Աստծո Խոսքի պես ասես նորից նոր քաոսին կենդանություն պիտի տար…
Մայր մտնող արևը արյունաքամ թպրտում էր ջրերի վրա, ու ալիքները արյան գույն ունեին հեռվում:
Կողքից ձայն լսեց.
– Մարդկանց ժամանակավոր կացարաններում են տեղավորում: Դուք ինչո՞ւ չեք գնում:
Նայեց խոսողին ու, ով գիտե, ինչո՞ւ մեղավոր ժպտաց: Իսկապես, ինչո՞ւ չի գնում: Քամին մտքերը խառնեց ցեխոտ աղբակույտի եղած-չեղածին, ցրիվ տվեց այս ու այն կողմ, հետո նորից իր կողմը դարձավ` խռիվ ու ցեխակոլոլ, անցավ հոգու միջով… Չտեսնող հայացքը հառեց հեռվին ու քայլեց անորոշ ուղղությամբ: Աղե՞տը, թե՞ աղջիկը Սոֆի անունով, հետապնդում էին: Բայց երևի ճիշտը դա էր. քայլել էր պետք, իսկ թե ուր` կյանքն ինքը կհուշի:
Առջևում կարոտի պես ժամ առ ժամ ծանրացող հորիզոնն էր, այնտեղ էր փրկության խարիսխը, ուր` Խորհրդի և գաղտնիքների շաղախից, դեռ անտես ու գաղտնասքող լույսերի բարուրի մեջ խմորվում էր նոր բացվելիք օրը: Եվ վերջակետ դնող խավարի խորքերից ասես հիշեցնում կյանքի իմաստություններից մեկը՝ ամեն վերջից այն կողմ ինչ-որ սկիզբ է հսկում…