ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է թարգմանչուհի, արձակագիր
ՆՎԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Ա՜խ, այս նորահայտ գիտությունը: Ա՜խ, այս հեռախոսազանգերը: Ա՜խ, այս էլեկտրոնային փոստը: Ա՜խ, այս ինտերնետային կապը: Եվ, վերջապես, ա՜խ… ա՜խ… էլ ո՞րն ասեմ…
Չէ՛, քավ լիցի, դեմ չեմ գիտության առաջընթացին, ընդհակառակը, շատ բարձր եմ գնահատում առավելությունները, եթե, իհարկե, երբեմն ակնառու և սովորական դարձած շեղումներ չլինեն, ինչպես օրինակ…
Նախ անդրադառնանք հեռախոսազանգերին, հետո կամաց-կամաց հերթը կհասնի վերոհիշյալ մյուս բնագավառներին:
Օրինակ, լինում են օրեր, երբ լսափողից ծանոթ մարդկանց լավ, երբեմն ոչ այնքան լավ լուրերին հաջորդում կամ նախորդում են անծանոթ ձայներ: Երևի սխալվել են, համարը ճիշտ չեն հավաքել: Բայց, չէ, ո՛չ այս մեկը, ո՛չ այն մեկը: Խնդրանքների հետ պահանջներ են հորդում ականջիցդ ներս, այդ ժամանակ չգիտես՝ ինչպես վարվես, ինչ պատասխանես այդ անծանոթներին, որ ո՛չ իրենք վիրավորվեն, ո՛չ էլ քո տրամադրությունն ընկնի, և ամբողջ օրդ չմնա այդ հեռախոսազանգի տպավորության տակ:
Շատ զարգացած երկրներում նույնպես տարածված երևույթ է. ստանալ անծանոթ մարդկանցից հեռախոսազանգեր, որ խնդրում կամ պարզապես առաջարկում են, երբեմն նաև հոգեբանական քաղցրահունչ ճնշում գործադրելով՝ պարտադրում են գնել իրենց հրաշալի, նմանը չունեցող ապրանքը կամ պարզապես գնել միայն այն բանի համար, որ լավություն արած լինես… այո՛, գնելով: Ո՞ւմ լավություն անել, ինչի՞ համար, ակամա մտածում ես դու: Եվ դարձյալ ակամա պատասխանում ես հեռախոսազանգին՝ չեմ ուզում: Երբ ինքդ էլ համառելով նրանց նման, վերջնականապես հրաժարվում ես իրենց գերազանց ապրանքից: Հեռախոսի մյուս ծայրը երկար-բարակ համոզելուց հետո երբ արդյունքի չի հասնում, լսափողից արտաբերում է շնորհակալություն բառը, բայց այնքան անգույն շնորհակալություն, որ դո՛ւ ես վատ զգում բացասական պատասխան տալու համար կամ լավ ես զգում, որ ուժ ես գտել այս անգամ հրաժարվել: Ոչինչ, մի քանի րոպե հետո լավ լուրերով մի հեռախոսազանգ կհասնի ու կցրի ծանրացած մթնոլորտը, որ պարուրել է միտքդ:
Ժողովուրդ, ի դեպ, ասեմ, որ տարաբնույթ են զանգերը: Օրինակ, մեկը մարաթոնյան մրցության առիթով է ականջախեցուդ մեջ սպրդում խոսքեր, անհամար խոսքեր: Մարդը մարդուն զանգահարում է բարի նպատակով: Այո՛, ամենուր մեծ մասամբ այդպես է: Զանգահարում են իրար, ծանոթներ, անծանոթներ: Ի՞նչ կա որ, իհարկե առանց ետին մտքի, իրենց գործն են անում. հանգանակություն են հավաքում, պետք է վճարել: Այս կամ այն վեհ նպատակի համար փող են խնդրում, պետք է ընդառաջես, համոզում են, որ մարդասիրական գործ կկատարես և մեծ բարեսրտություն ցուցաբերած կլինես, եթե մասնակցես քո ներդրումով, օրինակ՝ օգնելով թշվառ վիճակում ապրող ինչ-որ երկրի ժողովրդի զավակներին, որ ոտքի կանգնեն: Պետք է գութդ շարժեն, և դո՛ւ պետք է վճարես:
Բայց սրանց կողքին էլ կան նաև դարձյալ վեհ նպատակի ծառայող զանգեր, որոնք ամեն օր են հնչում տանդ մեջ և, թվում է, քեզ շրջապատող աուրան է՛լ ավելի դրական լիցքեր է ստանում շուրջդ: Զանգ են տալիս, այն էլ մի քանի անգամ. ներքնակ ու անկողնային կամ խոհանոցային պարագաներ են առաջարկում, իհարկե, գովազդելով, որ շատ հանգիստ կքնես, մեջքիդ կորությունը կուղղվի, որ կաթսան էկոլոգիապես շատ վստահելի է և նպաստում է երկարակեցությանը: Առանց գովազդի չի լինի, ինչ խոսք: Ասում ես՝ չեմ ուզում: Ունեմ: Այդ ժամանակ երկար-բարակ համոզել փորձողին երբ վերջապես հաջողվում է բացասական պատասխան տալ, մյուս կողմից լսափողը շնորհակալություն է հայտնում, ավարտում է իր ասելիքն ու հուսախաբ իր տեղն է զբաղեցնում, որ շատ արագ նորից տիրոջ ձեռքում հայտնվի, բարձրանա, հասնի նրա ականջախեցուն ու բերանին:
Իհարկե, մեզ մոտ այդքան էլ այդպես չէ: Մի քիչ տարբեր է: Օրինակ՝ իրենց տնտեսական խանութում մարդիկ ակցիա են անցկացնում, անհատական հրատարակչությունները գրքասերներին գրքույկներ են առաջարկում, իսկ ձեր բախտը բերել է. հազարավոր մարդկանց միջից վիճակահանությամբ միայն ձեր անունն է դուրս եկել: Հետո պարզվում է՝ ինչքան բնակարան կա շենքում, բոլորն էլ բացառություն են կազմել և բախտավոր մարդկանցից են, միայն իրենց է շնորհվել զեղչով ապրանք գնելու արտոնությունը, ու թվարկվում են վաճառվող ապրանքների անուններ, անուններ… Բայց դու դրանց կարիքն ամենևին չունես: Քանի որ այդ ամենն ունես: Հավատացե՛ք, մեզ մոտ այդ երևույթը, ինչպես զգացիք, իր բնույթով բավական տարբերվում է: Բախտի բան է:
Այդ օրերից մեկն է, ստանում եմ այս առավոտվա երրորդ հեռախոսազանգը: Անծանոթ հեռախոսահամար: Վերցնում եմ ի՛մ լսափողը և ի՛ր խոսափողից լսում եմ դեռատի աղջկա շատ հաճելի ձայն: Ահա ինչպես է ընթանում հեռախոսազրույցը:
Սկսում է պարմանուհին.
– Բարև ձեզ, տիկին ջան:
Շարունակում ես դու.
– Բարև ձեզ…
– Գիտե՞ք, դուք մեր բաժանորդն եք:
– Ո՛չ, ներեցեք, չգիտեմ:
– Չորս ամիս առաջ մեզնից մի բարակ գրքույկ գնեցիք, հիշո՞ւմ եք:
– Ո՛չ, չեմ հիշում:
– Մոռացել եք: Հիմա էլ այդպիսի բարալիկ մի ամսագիր ունենք, որը…
Եվ անգիր սովորած տեքստի բառերը շարվում են իրար ետևից արագ-արագ: Իսկ քո շունչն այդ ընթացքում նրա փոխարեն կտրվում է: Չնայած շարունակվող նյութը դո՛ւ էլ անգիր գիտես, բազմիցս լսել ես, բայց չես կարողանում քո հերթին մի բան էլ դո՛ւ ասել, որովհետև…
Այսպես շարունակում է.
– Այո՛, տիկին ջան, չորս ամիս առաջ մի ամսագիր գնեցիք, առաքումն անվճար է, հիվանդ երեխայի ենք օգնում, սիրելի՛ տիկին, գնեք, խնդրում եմ:
Մի պահ սիրտդ լցվում է հպարտությամբ: Երիտասարդությունն այսօր որքա՜ն բարեգութ է, որքա՜ն հոգատար, որքա՜ն համբերատար: Իսկ նրանց ղեկավարները որքա՜ն ճիշտ են կողմնորոշվում և կարողանում են այսքան հաճելի, այսքան հմայիչ, այսքան համոզիչ ձայնով, այսքան գեղեցիկ արտասանությամբ ու քաղաքավարությամբ իրենց ապրանքը գովազդող երիտասարդ հեռախոսավարուհիներ ընտրել: Իրոք, հաճելի է հաճելի խոսք լսել, թվում է՝ ժպիտն էլ հետն ես տեսնում:
Բայց երբ ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ, նույն առաջարկությամբ հեռախոսազանգերը գալիս են ու գալիս, լցվում են բնակարանդ… ի՞նչ անես դրանից հետո:
Չպետք է մոռանան իրենք՝ այդ ձայները, որ այդքան հաճախակի չի կարելի անհանգստացնել մարդկանց: Ամեն մեկն իր գործն ունի, ժամանակ չունի… Եվ հետո, մարդ մի անգամ հավատում է, այո՛, հավատում է այդ անուշ ձայներին, երկրորդ անգամ սկսում է կասկածել, երրորդ անգամ… օ՜ֆ… պարզապես չի հավատում և չի ուզում միամիտ մարդու տպավորություն թողնել:
– Ընդամենը հազար դրամ: Կօգնեք հիվանդ երեխային, չէ՞, տիկին ջան, որպեսզի այդ խեղճ երեխան բուժվի արյան քաղցկեղից:
Եթե իմ հազար դրամը և ինձ նման հազարավորներինը այդ երեխայի բուժման նպատակին ծառայե՜ր…
Ի՞նչ անեմ, անհարմար վիճակում եմ հայտնվել: Չեմ ուզում հարյուր անգամ լսածս անպատասխան թողնել՝ լսափողը միանգամից վայր դնելով, ինչպես շատ դեպքերում իրենք են անում, չեմ կարող, որովհետև դա հակասում է քաղաքավարության կանոններին: Սիրալիր տոնով կպատասխանեմ, երբ անգիր արված նյութը մի պահ կանգ առնի այն կողմից կամ ավարտին հասնի՝ դրական պատասխան ստանալու հույսով:
Տեսնես քանի՞ հիվանդ երեխայի են փրկել…
– Սիրելի օրիորդ, չեմ կարող ընդունել ձեր առաջարկը,- վերջապես հասնում է խոսելու իմ հերթը,- այսօր դուք երրորդ սիրալիր աղջիկն եք, որ զանգահարում է ինձ երեխա փրկելու ակնկալիքով, նախորդ երկուսի հետ արդեն պայմանավորվել եմ… բերելու են իրենց խոհանոցային և բժշկական էջերը…
– Մերը երեխաների համար է:
– Նախ՝ մեր տանը երեխա չկա, հետո էլ, հիմա դուրս եմ գալու տնից… ուշ եմ վերադառնալու:
– Առե՛ք, հարևանի երեխային կտաք: Վերջին անգամն է, խնդրում եմ, էլ զանգ չեմ տա, գնեք մեր գրքույկը, մի քանի էջից է բաղկացած ընդամենը, ձեր ցանկացած ժամին վաղը, թեկուզ ուշ, կբերեն: Առաքումն անվճար է:
Որտեղի՞ց գիտի, որ հարևանի տանը երեխա կա:
Այս խոսքերի վրա հիշում եմ, ինչպես շատ անգամներ ընդունել եմ առաջարկը, որ իմ լուման ունենամ ինչ-որ հիվանդ երեխայի բուժման հարցում, պայմանավորվել եմ մի ժամի, վազեվազ տուն եմ հասել, որ խոսքիս տերը լինեմ, սպասել եմ, սպասել եմ, ոչ ոք չի հայտնվել՝ բարալիկ գրքույկը ձեռքին: Նորից զանգ հաջորդ օրը.
– Ներեցե՛ք, տիկին, մեր առաքիչը երեկ շատ զբաղված էր, չկարողացավ գալ, այսօր ժամը քանիսի՞ն գա…
– Թող չգա… այսօր էլ ե՛ս եմ շատ զբաղված:
Այդ ընթացքում հասցնում եմ համեմատություն անցկացնել սրանց վարմունքի և հատկապես Նոր տարվա շեմին դուռ թակող այն խեղճ տեսք ընդունած կանանց կամ երեխաների միջև, որ մատաղի փող են հավաքում: Հավատաս թե չհավատաս, տալիս ես հարյուր դրամանոցը, որի փոխարեն ուզում է քեզ նվիրել երկու հատ շատ, անչափ բարալիկ, ասեղից մի քիչ ավելի հաստ, դեղնադարչնագույն մոմ, որպեսզի մի քանի օր հետո երես ունենա նորից գալու: Հրաժարվում ես մոմից, ասելով՝ կարիք չունես, տանը շատ մոմ կա, շնորհակալություն:
Պատկերացնո՞ւմ եք վիճակս: Համբերությունն էլ չափ ու սահման ունի: Եվ ինչո՞ւ պիտի հավատամ իրար հաջորդող այդ քաղցր-մեղցր ձայներին: Բայց դարձյալ կարողանում են համոզել, ու ես սպասում եմ տանը իրենց նշած ժամին, որ գնեմ իրենց բժշկական, խոհանոցային կամ մանկական ամսագրերի կամ ուրիշ բնագավառների համար կերտված մի քանի էջ: Բայց պարզվում է՝ շատ զբաղված են եղել և կարող են մոտենալ մեզ միայն հաջորդ օրը կամ հաջորդ օրերին: Նշանակում է, բոլոր գործերդ մի կողմ թողած՝ սպասելու ես տանը մի քանի օր շարունակ նրանց առաքիչին:
Այս անգամ վերջապես ուժ եմ գտնում և վճռականությամբ եմ զինվում՝ հիշելով այս ամենը:
Պատասխանս.
– Սիրելի՛ օրիորդ, այս հեռախոսահամարով այլևս չզանգեք, ես ձեր հրատարակած գործերը չե՛մ ուզում և…
Նրա ձայնն իսկույն ընդհատում է իմ ձայնը, միանգամից փոխվում է, կոպտանում է և…
Նրա պատասխանը՝
– Ջանդա՛մը ուզես:
Ջանդա՞մը… Սա ի՞նչ բառ է, Աստված իմ…
Եվ լսափողը նրա ձեռքից նորից ազատվելով՝ թափով ընկնում է մի քանի րոպե հանգստանալու նրա կողքին, չէ՛, սեղանին, մի քիչ զովանալու համար, որովհետև կարմրատակել է: Բայց սրանով էլ չի ավարտվում… Մինչ ապշած դեռ ականջիս եմ պահել լսափողը, չեմ հասցրել անջատել ջանդամից հետո, մեկ ուրիշ սպառնալից կոպիտ ձայն է լսվում.
– Այս համարը հսկողության տակ է:
Ի՞նչ հսկողություն… ինչի՞ համար… ո՞ւմ են հսկում… ի՞նչ եմ արել…
Հարցական հայացքս դեռ հարցական է մնում որոշ ժամանակ, մինչև ուշքի եմ գալիս, ձեռքիս պահած լսափողը հանդարտ, շատ կամաց իջեցնում եմ, հանգիստ տեղն եմ դնում:
Բարկությանը հաջորդում է մտահոգությունը…
Ի՞նչ է նշանակում՝
Այս համարը հսկողության տակ է…