ՆԱՐԵԿԱՑՈՒ ՏԻԵԶԵՐԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՆՍՊԱՌԵԼԻ ՄԱՏՅԱՆԸ / Զավեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Նարեկացու Մատյանի անհաղթահարելիության կանխակալ զգացումը ինձ միշտ խանգարել է որևէ միտք հայտնել խորքային օրինաչափությունների անսովոր կենսակերպ ունեցող այս բացառիկ ստեղծագործության մասին: Գնալով ավելացավ նաև այն համոզմունքը, որ Մատյանի անհաղթահարելիությունը պայմանավորված է ոչ միայն խորքային օրինաչափությունների բարդությամբ, այլև վերջինիս ծովածավալ բովանդակության անսպառելիությամբ, որ միայն գրականագիտության միջոցներով և գործիքներով հնարավոր չէ իրականացնել: Անհրաժեշտ է յուրացնել սուրբգրային աղբյուրները, սրանց լուծմունքները, խորանալ հայրաբանության (պատրիստիկայի), միջնադարագիտության (մեդիվիստիկայի) նույնքան յուրահատուկ օրենքների մեջ, նաև հայտնաբերել այն կապող օղակները, որ իրար են բերում հավատի և գեղարվեստի լեզուն: Մեթոդական այս պահանջները, սակայն, Մատյանի մասին գրելու իմ հանդուգն ու չդադարող ցանկությունը խնդրի իրականացման ամբողջականության հեռանկար չէր նշմարում, քանզի այս բացառիկ ստեղծագործության խորքային պահանջները շատ ավելին էին, քան առաջարկվող մոտեցումների հնարավորությունները: Դրանք ինձ ստիպեցին գնալ մի վերապահության` նոր ընթերցումների ճանապարհով բացահայտել այն օրինաչափությունները, որոնք հատուկ են միայն սուրբգրային խոսքի բանարվեստին:

Մատյանի բանարվեստի մոտավոր համակարգը

«Աստվածաշունչ պատգամներ եմ դրել այս գրքի մեջ,- գրում է Նարեկացին իր Մատյանում,- այն պահանջում է մտքի մաքառում, էության հուզող շարժումներ ներհակ»: Նրա կարծիքով արվեստը աստվածային սկիզբ ունի, որ բոլորին չէ տրված: Դիմելով Աստծուն, Նարեկացին խոստովանում է. «Խոսելու շնորհով զարդարեցիր ինձ և փայլեցրիր ներշնչումով, ճոխացրիր ինձ մտքով և իմաստությամբ աճեցրիր, հանճարով հզորացրիր ինձ` մյուս շնչավորներից տարբերելով»:1
Մատյանում Նարեկացին նաև զգացնել է տալիս, որ գրողի ինքնահաստատման և նպատակի իրացման միակ ճանապարհը ստեղծագործական տառապանքն է: Հիշենք Թումանյանի հանրահայտ խոսքը` լույս տալով եմ սպառվել: Հեշտ չէ աստվածատուր շնորհ ունեցող ստեղծագործողի ուղին. նա պիտի կրի հոգեկան բեռի, Նարեկացու խոսքով ասած` «հոգեկան խիթի ծանրությունն ամբողջ` խոսքը անճառ արվեստի լեզվով արտաբերելիս»: Նարեկացին ավելացնում է նաև երեք պայման` «խոսքն իր կատարումով, հոգին իր անկեղծությամբ», իսկ բանաստեղծության դեպքում «հանգավորելով յուրաքանչյուր տող, որով և հոգու հույզերը տխուր և առավել են հնչում սրտառուչ»: Ըստ նրա` սրանք են «խորհրդավոր զորություն» հաղորդում ճշմարիտ բանաստեղծությանը: Անշուշտ, Նարեկացու չափածո խոսքը դուրս չէ հոգևոր ինստիտուտների պաշտոնական լեզվամտածողության սահմաններից: Մատյանի բազմաթիվ հատվածների մեջ պարզ երևում են սուրբգրային խոսքի նշանները և դրանց հետ կապված բանարվեստային դրսևորումները: Բայց Նարեկացու հանճարը նաև հենց նրանում է, որ կարողանում է համատեղություն` իր խոսքով ասած «զուգամիասնություն» բերել հոգևոր և գեղարվեստական միտքը` հաշվի առնելով այն ներքին բնականոն կապը, որ գոյություն ունի մարդկային երկու գիտակցությունների միջև: Այս համադրությունը Մատյանում իրականացվում է սկսած բառից, բառակապակցությունից և տարածվում ողջ ստեղծագործության կառուցվածքային համակարգի վրա: Գործի է դրվում լեզվի, ոճի, բանարվեստի զինանոցում առկա բոլոր հնարավոր միջոցները` բառընտրություն, բառաստեղծում, բառաքանդում, համեմատություն, փոխաբերություն, ձայնավոր և բաղաձայն հնչյունների կուտակում (ասոնանս, ալիտերացիա), երևույթների նվազեցում և չափազանցում (լիտոտա, գրոտեսկ), սուրբգրային կոդերի խորհրդանիշների ներմուծում և բազմաթիվ այլ հնարանքներ:
Սկսենք Մատյանի պատումի մեջ առանցքային դիրք գրավող և մեծ հաճախականությամբ օգտագործվող «թախիծ» բառից, որի բովանդակային իմաստն ու տրամաբանությունը համահունչ է մարդկային ողբերգությանը: Այն առավել զորանում է «թախծության հուր» բառօգտագործման պարագայում: Նարեկացու խոսքին հատուկ ներհակության բևեռները կարծես իրար չեն գալիս, մինչդեռ ժողովրդական խոսքի մեջ հաճախ է օգտագործվում «ցավ ու կրակ» բնորոշումը: Մատյանում գերակշռող թախծի և հրի մետաֆորիկ ձևակերպումը գնալով ծավալվում, դառնում է ողբերգության Մատյանի բովանդակության կոնցեպտուալ գիծը:
Մատյանում Սուրբ Երրորդությանը վերաբերող բառերը եթերային են, շոյող ու լուսավոր, երկրայինին վերաբերող բառերը կարծր են, կշտամբող, խավարածին:
Հակաբևեռների արտացոլման դեպքում հատկապես կարևոր դեր են խաղում հոմանիշների և հականիշների համարժեք ընտրությունը: Սովորաբար դրանք կողք-կողքի են դրվում, դրանք միաձույլ չեն, բայց բաժան էլ չեն: Բանաստեղծն, ասես, ստիպված երկատում է դրանք` արտացոլվող երևույթի խորքային հակասությունները ի հայտ բերելու նպատակով: Հիշատակված սկզբունքերը գործառվում են նաև Սուրբ Գրքում, մասնավորապես, Առակներում և Սաղմոսներում, որոնց Նարեկացին շարունակ հղումներ է անում, հիշատակում, հաստատում: Աստվածաշնչի լեզուն ըստ Աբեղյանի, թարգմանությունների շնորհիվ խոր դրոշմ է թողել հայ դպրության վրա, հատկապես հայ պատմիչների և միջնադարյան տաղերգուների, մասնավորապես` Նարեկացու և Շնորհալու վրա: Այսօր էզոտերիկ կապի բացահայտումը Մատյանի բանարվեստի ուսումնասիրության պարագայում մենք չենք կարող չկարևորել: Պարզ երևում է Սուրբ Գրքի պատկերային միջավայրի յուրահատուկ փոխանցվածությունը Նարեկացու Մատյանին: Նա խորապես յուրացրել է սուրբգրային խոսքի ողջ համակարգը, հայրախոսական ու հայրաբանական գրականության ավանդները: Վերը արդեն բերված պատկերավոր բառամիջոցների ընձեռմամբ Քրիստոսի փրկագործական առաքելությունը ոչ միայն փառաբանվում է, այլև դառնում է հակադրամետությունների ճանապարհով մարդկային աշխարհի անկատարությունը բացահայտող միջոցներ: Այստեղ հողեղեն մարդու պատկերավորումը, ինչպես նկատվեց, այլ առանցքի վրա է: Նրանում ոչ թե կոնկրետ հասցեագրում, կենսագրություն ունեցող մարդն է, այլ ընդհանրապես մարդկային անկատար կերպի բարոյականության, աստվածաբանական, փիլիսոփայական քննությունը: Այս ոլորտներում Նարեկացու բառակերտման վարպետությունը հասցված է մի այնպիսի մակարդակի, որ շարունակում է անգերազանց մնալ համաշխարհային գրականության մեջ: Նարեկացու բառընտրությունը, բառաստեղծությունը շատ դեպքերում պայմանավորված է Սուրբ Գրքից եկող քրիստոնեական սիմվոլների, կոդերի, նշանների, ունիֆիկացված ոճերի, սրբախոսական տարբեր պայմանականությունների առկայությամբ. առանց դրանց իմացության հնարավոր չէ հասկանալ Մատյանի խորքային իմաստաբանությունը: Այսպես` Սուրբ Գրքում Աստծու Խոսքը համեմատվում է դողի, բարեբեր անձրևների հետ, որի ջրերը երկնքից գալիս են կյանք տալու խոտին, սեզին և ընդհանրապես բնությանը: Այն համեմատվում է նաև Սուրբ Հոգու հետ, որը նույնքան կենարար է, որքան վերջինիս պատգամը, որը հասնում է մարդուն և որից նա կյանք է առնում: Այս հոդվածի սահմաններում մենք կփորձենք ցույց տալ տարբեր խորհրդանիշներ, որոնք ուղղակի և տարբեր իմաստներով գործառվում են Մատյանում: Սկսենք ջուր, անձրև, ցող կոդանշանակ սիմվոլներից` նախատես բերելով Աստվածաշնչի բազմաթիվ օրինակներից մեկը. «Եվ Աստծո Հոգին շարժվում էր ջրերի վրա»: Աստվածաշնչում ջուրը հանդես է գալիս իբրև Աստծո գործունեության միջավայր` կապված Սուրբ Հոգու իմաստաբանական գործունեության հետ: Մատյանից բերենք մի քանի օրինակ ևս. «Առավոտյան ամպի և վաղորդյան ցողի պես ցնդեցի ես մարգարեության խոսքի համաձայն»: «Ուղարկիր ցողը Քո քաղցրության և բարեգործիր»: «Կենդանի ջրի աղբյուր Դու վճիտ` ըստ Երեմիայի»: «Ինչո՞ւ խառնեցիր մաքուր ջրի հետ աղն արցունքներիդ» և այլն:
Աջը Սուրբ գրություններում` նաև ձեռքի իմաստով, այն ի հայտ է գալիս իբրև Աստծո գործունեության, զորության, իշխանության, շնորհատվության, առաջնորդության և այլ ընդհանրացումների ձևով: Սա ունի արարողական տարբեր իմաստներ, մասնավորապես` օծման: Նույնը նաև Մատյանում: Աստծո պատվերի համաձայն Մովսեսը իրականացնում է Ահարոնի և նրա որդիների օծման արարողությունը: Մատյանում աջ ձեռքի իմաստաբանությունը շատ ավելի ընդլայնված է, փոխաբերական տարբեր բովանդակություն է ձեռք բերվում Մատյանում: Այսպես. «Չի կասկածում մեկը Հիսուսի ձեռքի զորությանը»: «Ձեռք, որի շարժումով համակում են, իրենց մտքերը հայտնում»: «Եվ անոխակալ ձեռքդ կարկառեցիր ինձ օգնելու համար` դատապարտվածիս»: «Պաշտպանիր Քո երկնաստեղծ ձեռքով, զորավոր աջովդ» և այլն:
Երես. Աստծո դեպքում՝ լույս, մաքրություն, մարդու դեպքում՝ մեղքը թաքցնելու կամ բացահայտելու շարժում, միջոց: Այն օգտագործվում է նաև ժողովրդական խոսքի մեջ` «աներես», «երես չունես»: Նարեկացին այս պարագայում նույնպես օգտագործում է իր խոսքին հատուկ հակամետությունները. «Դեմքը ժպտացող, բայց հոգին` խոցված»: «Ես դեմքով դեպի առաջ եմ դիմում, ոտքով դեպի ետ եմ գնում»:
Բույր, խնկարկում. սրանք կապված են օծման հետ: Սուրբգրային խոսքի մեջ խնկարկման անուշահոտ բույրը կապում է երկինքը երկրին: Նաև երկրից աղոթքները, օրհնությունները Աստծուն հասցնող միջոց: Մատյանում կան նաև մտքի այլ ձևակերպումներ. «Թող որ փչի քաղցրաշունչ քամիդ խնկաբույր», «Խունկի տաճարում անունդ կարող ու բույրի փառքը սեղանիդ վրա»:
Փող, շեփոր. Սուրբ Գրքում սրանք երկնային խորհուրդների նշաններ են, որոնց ձայնով կողմնորոշվում են ներքևներում. «Չողբացի ես, երբ կոծեցին, ոչ էլ կաքավեցի, անդադար ազդարարելով ավետյաց ձայնը լսած Բաբելոնից ետ դարձողների պես»:
Սուրբգրային խորհրդանիշները Մատյանում շատ են և հնարավոր չէ բոլորին անդրադառնալ: Բայց ահա մնացյալներից մի քանիսին համառոտ անդրադառնալը կարևորում ենք: Ուշադրություն դարձնենք Որդու նախանշաններից մեկի` Փեսա խորհրդանիշին, որի հարսը եկեղեցին է: Սրանց ամուսնական առագաստը աստվածային հակումի իմաստ ունի: Փեսան միշտ հաղթում է անմարմին Բելիարին, որը մահվան գաղափարի կրողն է, ինչպես նաև նրա արբանյակին` Գողիաթին (այս անունները Մատյանում հաճախ են հիշվում): Լայն կիրառություն ունի նաև մեղավոր մարդու խորհրդանիշը, որ տվյալ դեպքում անապատն է: Մարդը իր ծարավը կարող է հագեցնել միայն Աստծուց, ինչպես անապատը` ջրից: Միայն Աստծու այցելությամբ, Սուրբ Հոգու հեղման շնորհիվ մարդը կարող է հագեցնել իր ծարավը, կենդանանալ ու գտնել ճշմարիտ կյանքի ճանապարհը. այստեղից էլ Մատյանում հաճախ օգտագործվող «հոգիս ծարավ է Քեզ» ձևակերպումը: Ճշմարիտ հավատացյալը նման է Աստծո տանը` եկեղեցուն, մի այլ դեպքում, իբրև ենթատեքստ, պտղաբեր ձիթենուն:
Իսկ վեմը որպես սիմվոլ ի հայտ է բերվում իբրև հոգևոր շինություն, եկեղեցու ամրության և անսասանության պայման: «Անշարժ, անսասան վեմին կառչում ես, որից սասանվեցիր» կամ «Եվ դուք իբրև կենդանի վեմ, կառուցվեք իբրև հոգևոր տաճար»: Մատյանում կարևոր դերակատարություն ունեն ոչ միայն սուրբգրային խորհրդանիշները, այլև ոճային հնարանքները: Վերջիվերջո, հատկապես, օգտագործվում են հակոտնյա երևույթների ներքին կողմերը մինչև վերջ բացահայտելու նպատակով` շեշտը դնելով բացահայտվող իրողությունների համադիր և հակադիր չափորոշիչների վրա: Դրանք իրականացվում են մտքի ինտելեկտուալ լուծումների ձևով, որի ընթացքում մեղքն ու անմեղությունը, կատարյալն ու անկատարը բախվում են իրար: Հենց այդ բախումով է պայմանավորված զգացմունքային այն սուր լարվածությունը, որով պարզապես համակված է Մատյանը: Նման հնարանքները տարածված են նաև Սաղմոսներում: Իրենց ինտոնացիայով և դիմելաձևով Մատյանում առկա աղոթքները հիշեցնում են Դավթի Սաղմոսները: Վերջիններիս մեջ շատ է խոսվում իր թշնամիներին պատժելու մասին, մինչդեռ Նարեկացին բոլորի մեղքերը վերագրում է իրեն: Աղոթքներում հավատացյալների անհատականությունը համահարթված է: Այս պարագայում աղոթքը պասիվ է, իսկ խոստովանությունը՝ ակտիվ: Աղոթքը ձգտում է հոգու խաղաղությանը: Խոստովանության մեջ ընդվզում կա, թեկուզ` ինքն իր դեմ. դրանով է պայմանավորված նրանց խոսքի ռիթմի, շեշտադրության տարբերությունը: Աղոթքում շրջանցված է Նարեկացու «աստվածամարտությունը», այսինքն` Աստծո գործի մեջ մտնելու «Նրան ճանապարհ ցույց տալու ցանկությունը», որ ընդհանրապես բացակայում է աղոթքներում: Ի՞նչ է գրում այդ մասին Նարեկացին. «Ահա թե ինչու մեկն ստեղծելով ճառեր անհամար, ողորմությունդ ազդարարում է` միշտ տարփողելով, մյուսը լուռ է մնում այդ մասին: Հզոր, անքնին, ամենախնամ, ամաչում եմ մինչև իսկ ասել, որ պատմությունը երկրայիններիս գործերի` Քոնից առաջ է անցել, ուստի հառնիր, Տե՛ր, որպեսզի հանկարծ աջն հողեղենի չզորավորվի Քոնի համեմատ, ջանքերը մարդկանց չհավասարվեն Քո աստվածային ողորմության հետ»: Մատյանում հոգեբանական ոչ միանշանակ զգացումների բնույթը այնպիսին է, որի պատկերման համար պահանջվում են վիթխարի քանակությամբ տարողունակ բառեր, բանարվեստային բազմազան հնարանքներ ու ձևեր, որոնցով հնարավոր է դառնում արտացոլել «հոգեկան բեռի ողջ տարողությունը»: Այլազգի մասնագետները այս առումով փորձել են համեմատության եզրեր տեսնել Նարեկացու և Օգոստիանոս Երանելու, Ռուսսոյի, Վիյոնի, անգամ Ուիթմենի և Ռիլկեի միջև, բայց ի վերջո, եկել են այն եզրակացության կամ համոզման, որ Նարեկացին եզակի է համաշխարհային գրականության մեջ, քանզի նրա միտքը տիեզերածավալ է, մարդկային ժամանակի և տարածության մեջ չտեղավորվող: Ահա ինչու Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ սուրբ պատարագին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիեզերական եկեղեցու Վարդապետ: Անսահման հարուստ են Նարեկացու բառահայտնաբերման միջոցները, միտքը տարբեր ենթատեքստերով արտահայտելու հնարավորություններն ու հնարանքները: Դրանցով, Նարեկացու խոսքով ասած, աստվածային էությունը բացահայտելի է. «Ամեն ինչի մեջ, բոլոր կողմերով, և տնօրինական տնօրինության և աստվածային հայտնության հանդեպ…»:
Մատյանի մասին շատ բան կա ասելու, բայց ահա ժամանակն է կանգ առնելու Մատյանի պատկերային համակարգի օրինաչափությունների բացահայտման վրա` մեջբերելով պատկերի մասին Նարեկացու ամենասեղմ բնորոշումը` «Իմ խոսքը պատկերն է հոգուս»:
Ստիպված ենք կրկնել պատկերի մասին այն հանրահայտ միտքը, թե պատկեր ասելով հասկանում ենք գեղարվեստական ամբողջականություն: Սակայն ավելի հեշտ է չափել պատկերի ընդգրկման սահմանները, քան վերջինիս մեջ առկա բոլոր այն նշանները, որոնք իրար հետ հարաբերվելով, գումարվելով կազմում են այդ ամբողջը: Րաֆֆին մի այսպիսի միտք ունի ասած. «Գույների համեմատական միավորներից է ստեղծվում ամբողջ պատկերը. որպես երաժշտության մեջ զանազան հնչյունների ներդաշնակությունից է կազմվում մի ամբողջ պիեսա»: Նարեկացու Մատյանում պատկերը հակում ունի մի կողմից ընդլայնելու իր սահմանները, մյուս կողմից՝ բաժանվելու միկրոկառույցների, միկրոօրգանիզմների: Մատյանի կենդանի, շարժուն օրգանիզմ լինելը պայմանավորված է հենց այդ խորքային հատկանիշով: Մատյանում պատկերի ֆունկցիոնալ բազմազանությունը կարելի է դասակարգել տարբեր բնորոշումների շրջանակներում, որոնք չափից ավելի շատ են, ասենք` պատկեր հոգեվիճակ, պատկեր համեմատություն կամ հակադրություն, պատկեր սիմվոլ, լիտուրիկ կամ գրոտեսկային պատկեր, պատկեր միֆ և այլն: Սրանք, թեկուզ իրարից տարբեր, բայց տեքստուալ առումով սերտաճում են մեկը մյուսի մեջ այն աստիճան, որ դժվար է դրանց տարանջատել: Կան նաև անջատելի պատկերներ: Դրանցից մեկը Նարեկացու խոսքով ասած` «սա մի պատկեր է անպատրաստ մեղավորների», և բերում է դրա օրինակը. «Ես ծառ բարձրացող, ստվար ոստերով, սաղարթախիտ, բայց անպտուղ, ճիշտ ու ճիշտ նման այն թզենուն, որ Տերը չորացրեց: Թեև այն իսկապես վարսագեղ, սաղարթազարդ, արտաքին տեսքով բարեշուք է նա` պաճուճված պսակով մի պերճ և հեռվից նայողներին երևում է բաղձալի, բայց երբ տնկողը մոտենա իր ուզածը փնտրելու, ամեն բարիքից դատարկ և ունայն գտնի նա և գարշելի գեղեցկության մեջ տեսնողներին ծաղր է թվալու»: Նարեկացու առանձնացրած պատկերի բովանդակության և ձևի մեջ խստագույնս պահպանվում է հակոտնյաների բևեռացման օրենքը: Վերջինս տարածվում է նաև բերված օրինակի վրա` ոստերով սաղարթախիտ, բայց անպտուղ: Վերևից նայողին բաղձալի, մոտիկից նայողին` գարշելի գեղեցկության մեջ: Պատկերի ավարտից հետո Նարեկացին ընդգծում է և վերջնականապես ընդհանրացնում է իր հիմնական ասելիքը` «Ստորները բերկրում են զվարթ, մահ տարածողների մթերանոցը լցված է բերքով»: Անհնար է պատկերացնել, թե մարդկային կյանքին հավերժորեն ուղեկցող այս մշտապես արդիական իրողությունը հնարավո՞ր է այդքան սեղմ ներկայացնել: Պատկերի կառուցվածքային մեխանիզմը հայտնաբերելուց հետո կարելի է չշարունակել, սակայն չենք կարող շրջանցել Մատյանի գրոտեսկային այն պատկերը, որ հանրահայտ է: «Քանզի ես ծովի ջրերը մելանի փոխեմ և բազմասպարեզ ընդարձակությամբ դաշտերը թղթի նման տարածեմ, կտրեմ եղեգնի անտառները և գրիչներ շինեմ` մի մասն իսկ բազում իմ արատների դարձյալ չեմ կարող ես գրի առնել: Եվ Լիբանանի մայրիները եթե իրար զոդելով շինելու լինեմ կշեռքի լծակ ու նժարներից մեկի մեջ դնեմ լեռն Արարատյան, դարձյալ չի կարող հավասարվել նա իմ մեղքերի հետ»: Աստվածատուր հոգի ունեցող և երբեք մեղք չգործած Նարեկացին աշխարհի մեղավորների մեղքը վերցնում է իր վրա: Սրանով փորձում է փրկել մարդուն, ազդել մարդու գիտակցության վրա, մարդուն մարդ դարձնել:
Բերենք պատկերի մի ուրիշ օրինակ (այս անգամ թվացյալ լիտուրիկ), որի մեջ բանաստեղծի գիտակցության հոսքը շարժվում է ճիշտ հակառակ ուղղությամբ` արդյունքում բացահայտելով չնչինի ահռելիությունը:
«Որովայնի մեջ են առաջանում ինքնաբերաբար ու բազմանում շարժուն ու պես-պես ճապուկ ճիճուներ, աղիքների գաղտնակուր որդեր, այրող այտուցներ, բշտիկներ բազում բոցի պես կիզող և անկերպարանք, անձև անիծներ, և այլ քրտնածին ու զազրաթորմի` կսկիծ, եռ ու քոր պատճառող անիծ, և լու, և ոջիլ, ու վայրենական այլ ասպատակներ, որոնք գիշերամարտ դևերի և խավարասեր, զինված բարբարոս գնդերի նման կորակոր ընթացքով, արջնաթույր գույնով, կրկնոլոր ու կեռ կտուցով` կարճի խայթոցի նման խոցելով, ինչպես դժնիկ փշով` ծծում են, քաշում արյունը մեր թաց և հանգստարան անկողնում չարչարում են մեզ»: Նարեկացին այնուհետև ինքն է բացում այս պատկերի ենթատեքստը, այսինքն` աշխարհում կան մարդիկ, ովքեր իրենց չնչին ու չքոտի տեղով «ի չիք են անցել մարդկային բոլոր ճար ու հնարանք»: Նարեկացուց շատ դարեր հետո Շեքսպիրն իր «Համլետում» նույն միտքն է հաստատում. «Թրթուրը ամենուր է, անհաս, ամենազոր բողբոջի մեջ քաղցկեղի նման ուտում է ամեն ինչ, ամեն մի շնչավոր և անշունչ մարմին»: Ըստ Նարեկացու` սրանք պաշտպանված են հազար ու մի տեսանելի և անտեսանելի ուժերի կողմից, անգամ ընդունակ են դառնալու «աստվածային ջատագովներ անհերքելի, որ իրենցից բարձրերին ստորացնում են, դարձնում հպատակ ծառա»: Նատուրալիզմով հագեցած այս պատկերի մեջ ընդգրկվում է այն միտքը, թե մարդկային պատմության ու բարքերի շարժիչ ուժը, ցավոք, այս ոչնչություններն են, որոնք հողին են հավասարեցրել իրենցից բարձրերին, քանզի յուրաքանչյուր մարդու ապրած յուրաքանչյուր ակնթարթի մեջ կռահելի է սրանց վտանգը, անցյալի և գալիքի միջև ձգվող կործանարար այս կամուրջը: Բարոյական մարդը սրանց պատճառով դարձել է դողացող (անպաշտպան): Տգետ և անսիրտ օրենքների կողմից պաշտպանված, ըստ Նարեկացու` չքոտի դատավորները դատում են, բայց չեն դատվում, քանզի Աստծո դատի գոյությունը մոռացած սրանց տերերը միայն խոստացող են ապագայի նման:
Եվս երկու բանարվեստային խնդիր` Մատյանի կառուցվածը, տարածաժամանակային դրսևորումները և «ավարտեք» անավարտելին և «սպառեք» անսպառելին:
Նարեկացին իր Մատյանում գրում է. «Բոլոր մասերը, եթե անխտիր վեհը փոքրի հետ որպես համարժեք համահաճորեն չներդաշնակվեն մի լծով կապված, խաթարված կլինի Քրիստոսի սուրբ անվան շինության ամբողջությունը, ինչպես որ կասենք` մարմնի որևէ անդամ, թեկուզ աննշան, չնչին, եթե կտրվի, պակասի հանկարծ կաղճատվի ամբողջ կազմվածքը մարմնի»: Կառուցվածքի ավելի սեղմ բնորոշում հնարավոր չէ պատկերացնել:
Բոլորիս հայտնի է, որ Մատյանը բաղկացած է 95 բաժիններից (գլուխներից): Այդ գլուխներից յուրաքանչյուրը իբրև կառուցվածքային մեծ ու փոքր ինքնուրույն միավորներ (այստեղ նկատի ունի գլուխները, ենթագլուխները, գեղարվեստական պատկերները, սուրբգրային խորհրդանիշները, մետաֆորները, համեմատությունները և այլն), ոչ միայն գործառվում են իրենք իրենց մեջ և ավարտում իրենց անելիքները, այլև հարաբերվում են միմյանց հետ` ապահովելով վեհի` Մատյանի, կենդանի ամբողջականությունը: Իսկ եթե սրանցից որևէ մեկը, անգամ ամենափոքրը բացակայի, կտրվի մյուսներից, ի չիք կդառնա ամբողջը: Սա է գոյերի կենդանի փիլիսոփայությունը, որ գործում է բնության աստվածային և մարդկային էականության համակարգում:
Գալով ժամանակի և տարածության խնդրին, Նարեկացին իր Մատյանում հստակորեն տարբերակում է երկնային և երկրային, աստվածային և մարդկային կյանքի տարածաժամանակային չափորոշիչները: Սրանք համեմատության եզրեր չունեն, քանի որ երկնային աշխարհի տիրույթները չափորոշիչներ չունեն, ըստ Նարեկացու` «անսահման են», «անպարփակելի», «անժամանակյա», մինչդեռ երկրային աշխարհում «ամեն բան իր ժամանակն ունի»: Ապա շարունակում է. «Կյանքը մեղքերի մեջ մարմնի համար ինչքա՞ն կարող է տևական լինել, եթե մինչև իսկ բյուր-բյուր տարիներ երկարաձգվեր»:
Մատյանը անսպառելի ստեղծագործություն է, այն կարելի է հասկանալի դարձնել նրա հեղինակի ինքնօրինակ մտածողության տիրույթները կաթիլ առ կաթիլ բացահայտելու ճանապարհով: Այս առումով ուշագրավ է Նարեկացու խոստովանությունը. «Ամբողջ իսկությամբ չպատկերեցի բազմազան, պես-պես արատները այն, որոնք հոգում են մեր բնության մեջ, այլ չարիքների բյուր պատկերների միայն մի փոքրիկ մասը ցույց տվի, մնացածները թողնելով, որ դուք սրանց միջոցով ուսումնասիրեք, թեկուզ ոչ լրիվ ու ամբողջությամբ»:

————————
1. Մեջբերումներն արված են Վազգեն Գևորգյանի թարգմանություններից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։