Սեղանիս մի գիրք էին թողել: Բոլորովին անծանոթ հեղինակ էր՝ Պատրիկ Արտեմի: Բնակության վայրը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Պատմվածքների գիրք էր: Շուռումուռ տվեցի, գրքի կողին տեսա լուսանկարը… Ա՜, ծանոթ է, այն էլ ինչպե՜ս… Պատվական Շաքարյանն է, լոռեցու արմատներով երևանցի, այն ժամանակվա հանրապետության գլխավոր թերթի լրագրող:
Հեղափոխությունը հիմնիվեր փոխեց կյանքը, շատ բաներ ծնվեցին, որ չէինք սպասում, շատ բաներ էլ անհայտացան, որ դարձյալ չէինք սպասում: Ահա այս շրջադասությունների մեջ նոր անվամբ, նոր բնակավայրով, նոր մասնագիտական ծնունդով ի հայտ եկավ Պատվական Շաքարյանը՝ Պատրիկ Արտեմին: Գիրքը կարդացի, որքան էլ որ պատմվածքների մի մասը գրված է Օքլենդում, տեղ-տեղ էլ նկարագրվում է ամերիկյան միջավայր, այդուամենայնիվ հեղինակը մնացել է լոռեցու արմատներով երևանցի:
Պատվական Շաքարյանին ես ճանաչում եմ, ինչպես ասացի, լրագրական ասպարեզից: Նրա զուսպ և օրախնդիր հրապարակումների մեջ, անկեղծ ասած, չեմ նկատել գրողին, նա, հավանաբար պիտի ի հայտ գար ավելի ուշ, անկախության տարիներին, հասարակական-քաղաքական կաշկանդումներից ազատագրվելուց հետո: Սա արդեն փաստ է: Փաստ է նաև այն, որ մեր պատվելի ընկերը պատմվածքից պատմվածք և գրքից գիրք ջանում է հաստատել Պատրիկ Արտեմի գրողի ծնունդը, ամրացնել նրա դեմքը այս հարափոփոխ ժամանակներում և լսելի դարձնել ձայնը անընդգրկելի ժխորում: Այս ձգտումն անշուշտ ուրախալի է, սա է պայմանը ստեղծագործական առաջընթացի:
Պատվական Շաքարյանը 75 տարեկան է, իսկ Պատրիկ Արտեմին՝ բոլորովին երիտասարդ: Եվ ահա տարեց ու ջահել իրար հետ անցնում են մտքի և հույզի անսահման աշխարհով:
Դաշն ու անկանգ ընթացք եմ մաղթում այդ երկուսին, որ ապրում են նույն հոգու մեջ՝ Լոռի, Երևան, Ամերիկա, տիեզերք երևույթ և աներևույթ ճանապարհները մաղելով…
ԵՐԿՈՒՍԸ ՆՈՒՅՆ ՀՈԳՈՒ ՄԵՋ / Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ
