ՔԱՅԼՈՂ ՄՇՈՒՇ / Հովհաննես ԶԱՏԻԿՅԱՆ

Ճանապարհի ամենահրապուրիչ հատվածը կամուրջն է: Կամուրջը նաև գետանցի և կիրճանցի հրաշալի միացնող հանգույցն է: Հին հայերը ասում էին, որ հրաշակերտ այդ կոթողը բազմաթիվ հանելուկների կծիկ է, որովհետև չգիտես կամրջից այն կողմ քեզ ինչ է սպասում: Առավել անմեկնելի են բնական կամուրջները, քանզի գլուխկոտրուկի նման կանգնում են դեմդ ու սպասում պատասխանի, իսկ դու թագադրված լռություն տարածելով, կամուրջը նմանեցնում ես օրորվող բախտի կամ վերքերից տապակվող ծառի հետ: Տխրությունը պաշարում է քեզ և անապաստան մենության մեջ մոռանում ես անգամ հեռվում թողած ուրախության ծաղիկներին: Արարչի և մարդու ձեռակերտ այդ հրաշքը աճուրդի հանելով իր գեղեցկությունն ու փայլը, կուրացնելով դզզացող քամուն, վեհ ու հպարտ իր գոյությանն է խառնում նաև ապրող օրվա ղողանջները և հուզախառն առևանգված լռության մեջ կենդանի երանգներ է լցնում: Արևագալի ճաճանչվող լույսերը թանձրացող մթին փախստական դարձնելով, բացում է առավոտանալու փափուկ զգեստները և հերարձակ կույսի նման իր հմայքը բաշխում: Կարինի նահանգի Կան գյուղում կարծես մոռացել էին գետակի վրա կառուցված կամուրջը: Այն շատ նեղլիկ, մի սայլի ճանապարհ բացող շինություն էր: Կամրջից անցնելով հայտնվում էիր փոքրիկ անտառակում, որտեղ հավաքվում էին հանդ գնացողներն ու վերջին հնձվորին էլ առնելով իրենց հետ, շտապում արդեն կծղող դաշտերը:
Կան անունը զարմանքի ծնունդ էր: Սելջուկները կոտորելով գյուղի բնակիչներին, ավարով բեռնված երբ հասան կամրջին, չգիտես ինչու շրջվեցին: Գյուղի երդիկներից բարձրանում էր թոնիրների ծուխը: Զարմացած քոչվորները միաբերան ասացին. «Կա՞ն էլի»: Այդպես էլ ավարառու, արյան կարոտ ցեղի բառը կպավ գյուղին ու այն անվանվեց Կան:
Բերքաշատ հանդերն ու այգիները զավթած քոչվորները բնիկ հայերին զրկելով ապրուստից, պատճառ դարձան, որպեսզի հայրենի հողին ամուր նստած հայերը զանազան արհեստների վարպետներ դառնային և վաստակած միջոցներով պահպանեին իրենց գոյությունը:
Ամենապահանջված մասնագիտություններից էին քարագործները, որմնադիրները, պայտագործները, կաթսայագործներն ու դարբինները: Դարբինը պետք է ջլապինդ ու ճարպիկ լիներ, քուրայից չվախեցող, առնական ու հմուտ, քրտինքը չպետք է սրբեր, կաթիլները առվակներ դարձած պետք է հոսեին կրծքի ու մեջքի վրայով ու զգաստություն բերեին: Չգիտես ինչու այս անգամ Արգամի ծեծած խոփի ծայրը չէր սրվում, մուրճի հարվածները տեղում էին, բայց մետաղը չէր ենթարկվում: Արգամը ավելի ուժգին էր խփում և հարվածների ահից մետաղը փշրվեց: Զայրացած վարպետը ձեռքը մեկնեց փշուրներին և մատները այրելով կտորները լցրեց քուրայի մեջ: Հեռվում կանգնած փոցխավոր աղջիկներից մեկը հեծկլտաց: Կողքին կանգնած կինը զգալով աղջկա ապրումների իմաստը, փակեց բերանն ու կատակախառն պատմություն հնարեց, բայց հեծկլտոցը դեռ շարունակվում էր: Շուշանը, ամոթխած Շուշանը գլուխը հենել էր Շողերի ուսին և փորձում էր թաքցնել արցունքները: Հեծկլտոցը լսվել էր նաև Շուշանենց տանը: Վարդուհի մայրը չկշտամբեց, այլ պղնձե թավան տալով աղջկան, ճանապարհեց դարբնոց:
Արգամը մենակ էր: Նա այրված մատները մտցրել էր սառը ջրի մեջ և հայացքը ցրելով հեռուներում, անշարժացել: Շուշանը հուշիկ մոտեցավ, գոգնոցի միջից հանեց եզան լեզուն, շորի մի կտոր և տակառից դուրս բերելով Արգամի ձեռքը, փաթաթեց:
Արգամը համրացել էր, ոչինչ չհարցրեց: Շուշանը թավան դնելով զնդանին, դուրս փախավ:
Արգամը վաղուց կոթել էր թավան և սպասում էր աղջկան: Երեկոյացող օրը Արգամի սառը դեմքը պատել էր սառը ցողով: Արգամը դանդաղ մոտենում էր Շուշանենց տանը: Աղջիկը պատուհանի փեղկի ետևում թաքնված դիտում էր: Բակում չգտնելով տանտերերին, Արգամը թավան դրեց քարաթոռին ու հեռացավ:
Ծեգից տեղացող անձրևը ձանձրալի ալարկոտությամբ թափվում էր: Արգամը սայլը լցրել էր աշխատավարձ բարիքներով և փակելով դարբնոցի դուռը, անշտապ նստեց սայլը: Ճիպոտը ձեռքին էր, բայց չգիտես ինչու հապաղում էր և եզներին շարժվելու հրահանգ չէր տալիս: Լրջմիտ ու չխոսկան Արգամը որտեղից որտեղ հիշեց երկու հրեաների զրույցը. հիվանդ մահամերձ ընկերոջը այցելած հրեան ասում է. «Գիտես, որ արարիչը նոր մահացածների հետ զրուցում է»: Հիվանդը պատասխանում է. «Գիտեմ»: «Հիշիր,- շարունակում է հիվանդատես եկած հրեան,- ես երկար եմ ուզում ապրել, զրույցի ժամանակ հանկարծ իմ մասին չհայտնես, թող տեղս չիմանա»:
Հիվանդատես եկած հրեան ջորուն նստած հեռանում է, բայց ճանապարհին սոված ջորին ծառս է լինում և հեծյալին գետին տապալում: Մահամերձ հրեան փոխանակ օգնություն կանչելու, նախատում է բերանբաց ընկերոջն ու ավանդում հոգին:
Վաղուց պտտվող պատմությունը հիշեցնում էր կանցի մի բերանբաց մարդու, որը սեփական գաղտնիքը հայտնելով, պատճառ է դառնում իր ընտանիքի նկատմամբ հաշվեհարդարի և մնալով մեն-մենակ, նախ խեղվում է, ապա գահավիժում ձորից և կնքում մահկանացուն: Պատմությունը տխրեցրեց Արգամին, և նա այդպես էլ չկռահեց, թե ինչո՞ւ հիշեց հենց այդ իրողությունը:
Արգամը եզներին թեթև շոյեց, և սայլը շարժվեց: Կամրջին չհասած, արահետում խելապատառ աղջիկ էր վազում: Նրան հետապնդող տղամարդը չէր հասնում ետևից: Կանգնելու կանչերը մնում էին անպատասխան: Հանկարծ աղջիկը սայթաքեց: Տղամարդը հասավ նրան ու սկսեց հապճեպորեն մերկացնել: Արգամը սլացավ արահետի կողմը և շնանալ ցանկացող թուրքին հեռու շպրտելով, աղջկան ասաց. «Հագնվիր, ես քեզ կուղեկցեմ»: Բեռնված սայլը թողնելով ճանապարհին, Արգամը աղջկան հասցրեց գյուղ: Բայց աղջիկը համրացած կանգնել էր: Հետո, երբ մայրամուտը սկսեց լափել լույսը, աղջիկը արցունքոտված ձայնով խոսեց. «Ինձ մերկ միայն դու ես տեսել, խնդրում եմ պահիր այդ գաղտնիքը…»:
Արգամը Շուշանի աչքերի թափանցիկ հեռվում ինչ-որ նկար տեսավ: Չճանաչեց, աղջիկը արդեն փակել էր աչքերը և մոլոր քայլերով հեռանում էր: Մերկ թախիծը խառնվելով անդունդի խելագար բվվոցին, ձեռքը պարզել ու փորձում էր ջնջել ծիրանագույն մազերով նկարը:
Մինչև Կան հասնելը Արգամը մի քանի անգամ կանգնեցրեց սայլը, այն է ուզում էր ետ դառնալ, բայց ամաչելով անպոչ մանգաղ հիշեցնող լուսից, կեսգիշերին տուն հասավ:
Օրերը կաթկթացող ցավի նման մեկ ուրիշ թողություն էին բերում: Հոգու մեջ անընդհատ նվնվում էր անծանոթ մի երգ: Առողջ ձյան ճերմակությունը օր-օրի դառնում էր տիրական: Արգամը այդ մաքուր գույնի մեջ վախվորած Շուշանին էր տեղավորում և ձեռքը երկարելով ուզում էր մոտ բերել, բայց ձորից ասպատակող բքաբեր քամին այնպես էր խաթարում ճերմակությունը, որ Շուշանի նկարված դեմքը թռչում, հեռանում էր: Մահերգ հորինած ձմեռը, ճերմակ փեշերը հավաքելով անընդհատ մեծացող սև ստվերները կանաչ գույնով էր ներկում: Գարնան շունչը ավելի ահագնացրեց տխրությունը: Հիշողության եղյամը հալվել և գլուլ-գլուլ լցվել էր հոգու մեջ: Հեթանոս բոցերը վառվող խարույկի համից փախչելով, նոր պաշտամունք էին ծնում: Արևի նմանվող թոնրատան երդիկից ներս էին խուժում նոր կանչեր, որոնք գնալով ավելի զորեղ էին դառնում: Արգամին թվում էր, թե բոլորն էլ լսում էին այդ ձայները: Բայց մարդիկ անհաղորդ էին հոգու այդ խաղին: Արգամը փորձեց աչքերից ջնջել պատահական տեսած Շուշանի մերկությունը: Բայց նկարը այնպես էր փաթաթվել, որ շշուկով հեկեկացող մութը գունավորվում, պատկեր էր դառնում: Շուշանի ետ եկող հայացքը շողերի պսակ դառնալով, խենթացած աղբյուրի փխրուն հառաչի էր նմանվում: Անծանոթ հույզերը օրհներգի էր վերածվում և անծանոթ սրբատեղին բուրմունքի ծիլեր բողբոջելով, խղճի նման լույս էր ծլարձակում:
Երբ ձյան ծանոթ երգը դադարեց և հողը կանաչավուն ներկվեց, Շուշանի սպասումները տենդագին դարձան: Անմեղ տխրությամբ համակված աղջիկը խոստովանությունը ավարտուն դարձնելով, մտքով գերված հեռացել էր գյուղից և մութ կածանի փայլերով լցված, առաջին սիրո զանգերը գրկած սպասում էր Արգամի սայլի հայտնվելուն: Ձնհալի արցունքներով լցված արահետը բռնել էր ոտքերից: Ցեխակոլոլ Շուշանը երբ նկատեց սայլը, փորձեց ոտքերը ազատել գերությունից: Այդ գալարումները նկատած թուրք հովիվը պահը հարմար գտնելով մոտենում էր: Շուշանը ծառս եղավ և պոկվելով հողի կապանքներից, վազեց դեպի սայլը: Սայթաքումը անեծքի նման կախվեց աղջկա գլխին, և վրա հասած թուրքը սկսեց իր զոհի հոշոտման ոճիրը: Մերկության նկարը, որ օրնիբուն իշխում էր Շուշանին, միայն մեկ արդարացում ուներ: Արգամի վերադարձը կփրկեր աղջկան: Սակայն Արգամին անհայտ էին Շուշանի ապրումները: Աղջիկը չհասցրեց բացել հոգու դռները և հիմա հարցերի քարավանը ծանրորեն փլվում էր նրա վրա և հոգու հոգնած թևերը դողդողացնելով հեքիաթի կծիկն էր մեծացնում: Մոլորված սպասումներով բերնեբերան լցված օրերը համառորեն փորձում էին դատարկել լցված բիբերը: Շուշանը հիշողության տարածքը մաքրելով, Արգամի վերադարձի ուղին էր հարթում: Սերը որպես անմար լույս չէր գունազրկվում, սիրո խարույկը միշտ բորբոքուն էր մնում: Աղոթքի մաքրամաքուր անապատում գոնե տատասկի ծիլ չէր նշմարվում, և փոթորկվող լռությունը այնպիսի գույներ էր արձակում, որ գլորվող լույսը գլխապատառ փախչում էր:
Գիշերվա կեսին, երբ աստղերը պատրաստվում էին նոր ուղևորության, և երկինքը դանդաղ մաքրվում էր բեռ դարձած լույսերից, Շուշանը հորիզոնի տեսիլքին հառած աչքերով անշտապ գնում էր: Գյուղից նրան էին հասնում մեղադրանքների բեռնակիր քարավանները: Շուշանը, սակայն, հաստատակամ առաջ էր գնում: Ննջող երազները կենդանացել էին: Օրորվող քամահրանքները պատել էին ամբողջ արահետը: Սիրո մեջ բուն դրած ցավը խեղդամահ անելով հանդիպման հունդերը, Արգամի համար պահած հիացմունքը այնպես էր բզկտում, որ արդեն խևի թիկնոց հագած աղջկան ոտաբոբիկ առաջնորդում էր դեպի սև աչքի նմանվող խավարը:
Անմեղության շեփորի ձայնը ոչ ոք չէր լսում: Կեղծ ժպիտով օծված խղճի գույները բեկվել, ժայռաբեկոր էին դարձել: Հեկեկացող տառապանքը արթնացող հրաշք չէր կանխատեսում: Խեղկատակի արցունքների նման գարնան առաջին անձրևի կաթիլները միապաղաղ հոսում էին Շուշանի դատարկված աչքերի վրայով և թրջելով նրբորեն հյուսված երազները, խեղճացած գույներով նկար էին դառնում:
Անտառում թանձրացած մթան ծառը ձեռքերը պահել էր Շուշանի կախված մարմնի դեմ:
Հավաքվածներին մի կողմ քշելով, Արգամը խաչված հրեշտակի դեմ ծնկաչոք աղոթում էր: Հետո անդունդից եկող երգի տողերը կրկնելով, պատվին զոհաբերված Շուշանի դին գրկած՝ հասցրեց Կան և գերեզմանոցի դիմացի բլրակի վրա իր սիրո տունը կառուցեց:
Երկար ճանապարհ կտրած հեծյալի համառությամբ Արգամը հոգնած ձին երբեք չփոխեց: Հոգու արցունքը միայն Արգամի համար էր անընդհատ կրկնում. «Ես քո կարոտից կենդանացել եմ, իմ սպասումներն ու ամոթն են մեռել… իմ մերկության նկարը կիսամութին բաժանիր, որ առավոտանալուն պես քեզ այցի գա ու մեր նոր տան մեջ նազանքների պարահանդես ծավալի…»: Ամպերից եկող արցունքները ծանր էին ու կապտավուն: Հուշերի բարակած ստվերները ծերացած ու կռացած Արգամին անձայն վառվող մոմի համբերություն էին բաշխել: Արգամը վախեցած շշուկները լցնելով քամու բերանը, իրական հրեշտակի մաքրության զանգահարն էր դարձել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։