Արսեն ՋԱՆՅԱՆ

Ասք եղեռնական
Այսօր ոչ ոքի ես մի ծանր խոսք
ասել չեմ ուզում,
Այսօր սիրտս լայն ու մի քիչ թեթև
պահել եմ ուզում,
Այսօր ես նույնիսկ մրջյունի գլխին
կոխել չեմ ուզում,
Այսօր մեկ ու կես միլիոն անգամ ես
ծնվել եմ ուզում,
Այսօր մի «Կռունկ», մի «Դլե յաման»
կանչել եմ ուզում:

***
Գիշերն աշխարհի ամենաերկար
սանդուղքից հիմա իջնում է դանդաղ:
Մինչև առավոտ էլ չեմ տեսնելու
քո դեմքը լուսե:
Քեզ ամեն գիշեր ես մի հեռակա
բարի գիշեր եմ ճամփում սրտաբուխ
ու թվում է, թե մի փոքր հեռվից`
աստղերից ես դու
ինձ աչքով անում…
Միտքս նման է ծանր բեռան տակ
ակամա քայլող մի հոգնած ուղտի.
դժվար թե մի օր ինչ-որ տեղ հասնի:
Այս մի թիզ կյանքում
դու ինձ մոտ մնա,
կարոտդ ինձանից թող հեռու գնա:

***
Ներիր, որ այստեղ հրապարակավ
տարիքդ հայտնեմ:
Այսօր ծննդյան հինգ հազարերորդ
տարեդարձն է քո:
Հինգ հազար տարվա հեռվից ես գալիս,
բայց այնքան առույգ, այնքան թեթև ես,
որ կարծես դեռ մեկ ժամվա ճանապարհ
անցել ես հազիվ:
Մաշվածքի նշույլ անգամ դեռ չկա
քո ժպտի վրա:

***
Ո՛ւր որ էլ լինեմ,
իմ գլխի վերև առկախ զանգի պես
ուզում եմ հնչի ձայնդ արծաթե:
Գողթան երգերի համ կա քո ձայնում,
Սոսյաց Անտառի անուշ սոսափյուն,
անձրևի բեկ-բեկ ձայն կա քո ձայնում:
Դու թեկուզ լինես անտառի խորքում
թաքնված աղբյուր,
ես քեզ կգտնեմ քո ձայնի հետքով:

***
Սիրելիներս` Վարդուշ, Մուրադ և փոքրիկ Կարլեն, կցանկանայի, որ հիմա միասին լինեինք
և խոսեինք մեր հայրենիքից:
Արշիլ Գորկի

Ինձ էլ է քեզ պես ավերել, Արշիլ,
– Իմ տաղանդավոր,
իմ հզոր եղբայր,-
կարոտը քրոջ:
Ես էլ եմ թողել
թվով երեք քույր
ու մի մինուճար կարեվեր եղբայր`
օտարության մեջ:
Արշիլ, իմ պայծառ,
իմ անբախտ եղբայր,
շարունակում ենք ծնվել իրարից
մենք ետ ու առաջ,
սակայն միևնույն անողոք ցավով`
մնում ենք կիսված
մի… սրտի նման:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։