ԲԱՑ ՆԱՄԱԿ ԹՈՒՐՔ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻՆ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Պատճառ որդու հայրությամբ, այլ ոչ նախադաս լինելով»:
Գր. Նարեկացի

Գիտե՞ք, հայկական աղոթք կա, որ հղի կնոջ փրկության համար է, որովհետև աղոթքում ասվում է, թե մահվանն ամենամոտ կանգնածը հղի կինն է, նա է կյանքի ու մահվան խաչմերուկում: Նրան ամեն օր փրկության աղոթք է հարկավոր:
Դուք գնո՞ւմ եք Աստծո տաճարը, չգիտեմ, ես միայն ձեր տղամարդկանց եմ տեսնում կքված: Խաչահան եկեղեցի չմտնեք հանկարծ, թե չէ աղոթքը անեծք կդառնա, հանկարծ կծնեք թալեաթներ ու էնվերներ:
Ձեր տատիկը, որ մատանի նվիրի ձեզ, հարցրեք որտեղից է, ո՞ւմն է, կարող է իմ տատիկի մատից է հանել կամ էլ ծոցից՝ փախուստի կամ մահվան պահին: Չդնեք, անեծք կդառնա: Օրինակ՝ ես ուրիշի ամանն էլ չեմ կարողանում օգտագործել, լվանում եմ ու վերադարձնում, որովհետև ուրիշ մայր է նրա մեջ իր տան բարիքը լցրել: Երբ հայերեն տառերով սկահակ է դրվում ձեր սեղանին, նրանից ոչինչ մի՛ խմեք ու մի՛ կերեք, անեծք կդառնա:
Ես յոթ տարեկան էի, արդեն դարդ ունեի, ապրում էինք Անի կայարանում, իսկ սահմանից այն կողմ ձերոնք կալ էին անում: Անին երևում էր, հայրս շատ տխուր էր, ցույց էր տալիս Անին ու հանկարծ լռում էր: Ուզում էի ասել՝ բա դուք այստեղ ի՞նչ եք անում. Անին շատ սիրուն էր, հայրս շատ տխուր էր- ես սիրտ չէի անում: Գիտե՞ք, հղի հարսնուկ, մեր վանքերում կնոջ համար Աստվածամայրն էր միշտ աղոթք անում: Հիմա նրան ջնջել, սրտահան են արել ձեր պապերը, թե չէ Անին, Աղթամարը ձեզ կօրհնեին, որ դուք հեշտ ազատվեիք:
Ես աղոթք եմ անում հղի տատիս համար, որ չծնեց, այլ կորցրեց ցավի ու արյան ճանապարհին, արնոտ ոտքերով քայլեց, ընկավ ու ելավ, որ երկու որբուկներին հասցնի Էջմիածին, բայց մեկին հասցրեց:
Ես աղոթում եմ ձեզ համար, որ առողջ բալիկներ ծնեք, առողջ սիրտ ու հոգով, որ մեծանան ու ասեն՝ ուրիշից խլածը մեզ պետք չէ, հասկանան, որ խաչը հանելով խաչքարի գլխից՝ մատուռը մզկիթ չի դառնում:
Ես աղոթում եմ ձեզ համար, որ առողջ ընկերքից սնված մարդ ծնեք, որ ձեր օրորոցայինը մահվան սգերգ չդառնա, որ ձեզ գոհացնեն ձեր երեք ծովերը, մեր խեղճ գետերի պես արյունով չներկվեն:
Գիտե՞ք ինչու եմ ձեզ օրհնում, որովհետև չեմ հավատում, թե համիդների ու ջեմալների մայրերին օրհնող է եղել: Օրհնում եմ, որ բարի ծնվի թուրքը: Ի դեպ, չգիտեմ ինչու՝ թուրք բառը ինձ թվում է թուր+ք, այսինքն՝ շատ թրեր, թյուրք, այսինքն՝ շատ սխալներ:
Ծնեք, մայրեր, բարի այրեր, բարի, որ ուղղեն իրենց պապերի սխալները, որ երկինք նայեն՝ Աստված այնտեղ է, ոչ թե հողին, հողը պարտակում է անգամ հղիի արյունը, ձե՛ր հողը:
Ես ձեզ ուղարկում եմ անմոռուկների փունջ, անմեղ ծաղիկների, թող նրանք թեթևացնեն ձեր երկունքի ցավը, բայց, իմ աղոթքի հետ հիշեցնելու են ձեզ՝ հիշում եմ և պահանջում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։