ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՂԵԼ Է, ԵՂԵԼ
Ո՞ւր եք, ռանչպարներ Մշո դաշտերի,
Մեր ֆիդայիներ, որտե՞ղ եք ննջում,
Ո՞ւր են շիրիմներն անթիվ զոհերի,
Սասնա կայծակներ, որտե՞ղ եք հանգչում…
Երբ ուխտի եկա, Մշո աշխարհում
Չտեսա շիրիմ, խաչ ու խաչքարեր,
Ավերակներր հառնեցին տրտում,
Հառնեցին էրգրում կացնահար վանքեր:
– Որտե՞ղ են նրանք,- հարցրեցի հողին,
– Որտե՞ղ են նրանք,- մովին ասացի…
– Ձորերն են նրանց գերեզման, շիրիմ,
Նրանք ննջում են խորքում գետերի:
Թախծի, տխրության իմ սուրբ աշխարհում
Չլսեցի ես մի ուրախ հնչյուն,
Իմ Մեղրագետը թախիծ էր բուրում,
Հողը տնքում էր, գետը՝ հառաչում:
– Ցեղասպանությունը եղե՜լ է, եղե՜լ-
Աղաղակում էր աշխարհն իմ ավեր…
Հայոց արյունն է այստեղ հեղեղվել,
Թուրքի ձեռքով է երկիրը կիսվել:
100 ՏԱՐԻ Է ԱՆՑՆՈՒՄ
Այն գարունքին, զառ գարունքին Ջոջանց տունը փլուզվեց,
Դժոխք դարձրին դրախտն հայոց, ազգիս կեսը կոտորվեց:
Այն սև օրից, այն սուգ օրից
հարյուր տարի է անցել,
Միլիոնուկես մեր զոհերի
աղաղակը չի հանգել:
Դեռ չեն հանգել կրակներր նրանց հոգու ու արյան,
Դեռ մխում են քո ցավերը,
Արևմտյան Հայաստան:
Դեռ չի պաղել, չի խաղաղվել
քո ընդերքի սուրբ լավան,
Պիտի ժայթքեն հուր գալիքում
կրակներր քո ցասման…
Հարյուր տարի հողը սգաց, սգաց ազգն իմ վիրավոր,
Բայց թշնամին չի ճանաչում իր մեղքերր բյուրավոր:
Մեծ ոճիրը, որ գործեցին
թուրք փաշաներն արնախում,
Ազգիս կենաց արմատները
սպանեցին մայր հողում:
Այն արյունից, որ հեղեղվեց
հայրենիքում պատմական,
Հայ ժողովուրդ, պիտի ծնվի
քո աստղակերտ ապագան:
Հայոց ոգու սուրբ ընդերքից
պիտի ծնվեն նոր շանթեր,
Եվ վրեժի, հաղթանակի,
ազատության նոր ջահեր…
ՄԱՅՐ ԱՐԱԾԱՆԻՆ
Այնքան զուլալ է քո սերը հորդում,
Քո հովիտներում՝ կռունկների կանչ,
Հունդ խորունկ է, երազդ՝ անհուն,
Ջրիդ հայելին՝ վճիտ, հիասքանչ;
Մայր Արածանի՝ ցնորք իրական,
Դու պերճ ավազան Աստղիկ դիցուհու,
Եկել եմ գիրկը քո նվիրական,
Եկել եմ գիրկդ ես զուլալվելու:
Ուխտի եմ եկել, բայց չեմ խաղաղվում,
Չեմ կարողանում արցունքս զսպել,
Կոկորդս բռնել, հուշերն են խեղդում–
Գետ իմ, դու էլ ես արյամբ հեղեղվել…
Ձայներ եմ լսում, կանչեր ու ճիչեր,
Ձիերի խրխինջ, կրակ, վայնասուն,
Զենքեր են պայթում, շաչում են սրեր,
Մորթում են մարդկանց,
հորդում է արյուն:
Հայեր են մորթում,
խեղդում են մանկանց,
Գետը տանում է դիեր բյուրավոր,
Սուլուխի կամուրջն էլ չի դիմանում՝
Գետը արցունք է ու մայր է սգվոր:
Ուխտի եմ եկել, բայց չեմ
խաղաղվում,
Բայց չեմ զուլալվում, իմ Արածանի,
Այստեղ զոհերն են մեր աղաղակում,
Այստեղ արյունն է ալիքվել հայի:
Ուխտի եմ եկել, բայց չեմ
խաղաղվում,
Ես ալիքվում եմ, իմ Արածանի,
Իմ մորմոքները ես քեզ եմ հանձնում,
Թող իմ երազը ափիդ ծածանվի:
***
Մացառների մեջ եղինջի, փշի,
Գետահովիտների շեկ
շամբուտներում՝
Ուրվանկարներ՝ հին խրճիթների,
Ավերակ շեներ, որ սիրտ են բոցում:
Գյուղեր ավերված, անթիվ,
անհամար՝
Բոլոր ճամփեքին մայր Հայաստանի,
Օձերն են հիմա այնտեղ տիրակալ
Եվ երամներր չար ագռավների:
Ապրել են այստեղ, արարել, հերկել
Եվ ապավինել բազկին, գութանին,
Ապրել են նախնիք, սիրել, երազել
Եվ հավատացել փրկության խաչին…
Սակայն խաչվել են իրենց տներում,
Մորթվել են շեմին, թոնրում այրվել,
Փախել են, պահվել մթին այրերում,
Հազարից միայն մեկն է փրկվել…
Մացառների մեջ եղինջի, փշի
Արյունն է հեղվել մեր նախնիների…