Ահա ե՛ս եմ, Հավերժական Հայը, կանգնած Եղեռնի ու Երկրաշարժի մեջտեղում, արնամած աչքերս հառած Մասիս սարին,
Եվ ինձ խփում են – տարերքը տակից, Աստված վերևից, թշնամին դեմից, բարեկամը մեջքից, Արևմուտքը աջից, Արևելքը ձախից,
Բայց ես չեմ վերջանում,
Ես տեսնում եմ արդեն Ահեղ Դատաստանի օրը,
Բայց ես Հայաստանն եմ, և ինձ սպանել հնարավոր չէ, որովհետև ես ամեն ինչ եմ, ամենուր ու անվախճան,-
Զավակ եմ փլատակված, մայր եմ խելագարված, հայր եմ չթաղված, դագաղ եմ չճարված, մատնամնացուկ եմ ջարդոտված, հող եմ սառած, անուն եմ մոռացված, հավատք եմ հալածված, երկինք եմ մթնած, քար եմ պատռված, գիր եմ ջնջված, ջուր եմ պղտորված, ծիծաղ եմ լռած, երգ եմ ընդհատված, սիրտ եմ կոտրված, հույս եմ կտրված, հոգի եմ ուրացած, մարմին եմ նյութացած, երկիր եմ փեռեկված, օրենք եմ մեռած, միտք եմ ըմբոստացած, Ադամ եմ արտաքսված, դրախտ եմ կորուսված, դժոխք եմ բացված, ընդերք եմ գազանացած, լավա եմ ժայթքած, ինքնաթիռ եմ խորտակված, խոյակ եմ խախտված, հաց եմ տրորված, գինի եմ թափված, Խոսք եմ բանտարկված, Բանաստեղծ եմ խաչված ու Աստվա՜ծ եմ եսացած,
Եվ Ահեղ Դատաստանի օրը ե՛ս պիտի նստեմ Աստծո փոխարեն, – և պիտի շնչավորեմ ու մխիթարեմ, հուղարկավորեմ ու հայթայթեմ, վերականգնեմ ու ջերմացնեմ, հիշեցնեմ ու դիմակայեմ, լուսավորեմ ու հարակցեմ, վերծանեմ ու պարզեմ, ձայնավորեմ ու շարունակեմ, ամոքեմ ու կեցուցանեմ, ընդունեմ ու ոգեղինանամ, միավորեմ ու սահմանեմ, հավատամ ու վերադառնամ, գտանեմ ու գոցեմ, խաղաղեցնեմ ու հունավորեմ, փրկեմ ու հաստատեմ, բարձրացնեմ ու հավաքեմ, ազատեմ, իջնեմ ու աստվածանա՜մ,
– ԱՍՏՎԱԾԱՆԱ՜Մ,
Որովհետև Աշխարհի սկզբից ի վեր իմ մարմինն է հաց, և արյունս է գինի, և իմ խոսքն է Աստված, և Աստված եմ ես,
Եվ չեմ վերջանում,
Եվ նա, ով կերավ իմ հացն ու չկշտացավ, խմեց իմ գինին ու չհագեցավ, լսեց իմ Աստծուն ու չհավատաց, տեսավ ինձ ու չճանաչեց, –
Տարերք լինի թե Աստված, թշնամի թե բարեկամ, Արևմուտք թե Արևելք –
Ցա՛ծր է իմ առաջ, և պիտի պատասխա՜ն տա ինձ` Ահեղ Դատաստանի օրը.
– Որովհետև ես Հավերժական Հայն եմ ու Հայաստանը,
– Որովհետև ես ամեն ի՛նչ եմ, ամենո՛ւր ու անվախճա՛ն:
31 հունվարի, 1989
«ՏԱԳՆԱՊՆԵՐ» ԳՐՔԻՑ
***
Մակերեսն ինչքան առօրեական է և սոսկալի –
նույնքան սոսկալի է խորքը, երբ խորանում ես,–
խորքը, ուր հտպիտներ են խաղում՝ չարությամբ լի,
խորքը, ուր դևերն են ճչում քո անծանոթ անունը
և շեփորում քեզ աղետ, հիվանդություն ու մահ,
և դու պատռել ես ուզում երազիդ բամբակը –
որ վերադառնաս կյանք, մանկության բակը,–
բայց պարզվում է, որ հե՛նց կյանքի մեջ ես հիմա:
***
Ես նորից եմ ասում – եթե դու «բանաստեղծ» ես,
ապա ես՝ բանաստեղծ չե՛մ, հազար անգամ՝ չե՛մ,
ես գիտեմ, որ գրգռում եմ թույլ գրչիդ ծերը –
և դու էլ ուզում ես Դավթի նման թռչել,–
երկու թևով թռչել – թերթի երկու էջում,
դե, ուրեմն՝ թռի՛ր, իմ բանաստերջ ագռավ,
բայց իմացիր՝ եթե տողը թռավ –
արյո՜ւն պիտի ոթի, այլ ոչ թե՝ ջուր:
***
…Երազ տեսա. ինձ՝ մի ականապատ դաշտում,
և այդ դաշտի անունը՝ Մայր Հայաստան էր,
ես փնտրում էի ճիշտ ճանապարհը դեպ տուն,
ճանապարհը, որ ինձ ապահով տեղ տաներ,–
ուզում էի դուրս պրծնել դաշտից ականապատ,
որը հսկում էին ռուս և հայ սպաներ…
– Իսկ ազերի թուրքը շինում էր իր պատը,
և ինձ իմ երազում ուզում էր սպանել:
***
…Ու ես երազ տեսա, սոսկալի՜ երա՛զ:
– Մի մարագի մեջ ծեր, կին ու մանուկ
լցրած՝ վառում էին երեք ասկյար,
իսկ գյուղի տերտերն աղոթք էր անում,
և հրի միջից կարկառում Աստծուն
վառվող ձեռքերը, որ իրեն երկինք հանի:
– Եվ մի ո՜ղջ գյուղ իջել էր ծունր,
և խնդրում էր՝ ետքից իրե՛ն էլ տանի:
………………………………………..
***
Ես ինչպե՞ս կուլ տամ եղեռնի ամոթը,
որին, ուզում ենք՝ աշխարհն էլ սատարի,
ես ինչպե՞ս շնչեմ անմեղ արյան հոտը,
որ չի մակարդվում այս էլ հարյուր տարի,
ինչպե՞ս մոռանամ միլիոնների քոչը,
որը քշում էր արնախում խուժանը…
– Ե՞րբ պիտի գա արդար հատուցման ժամը,
բայց գործո՛վ՝ քանզի չի՜ ազդում էլ կոչը:
***
Դավաճանված դաշտեր, դավաճանված լեռներ,
դավաճանված հողեր, դավաճանված Էրգիր.
– մի չար բժժանքի մեջ դուք կարծես թե մեռել,
և մնում եք կարծես մի հպումին ձեռքի,–
որ արթնանաք ձեր խոր լեթարգիական քնից,
և հազարագոչգոչ, և խժալուր ձայն տաք,
և արյունը կրկին խաղա մարմնում ձեր տաք…
– Բայց չկա ձեռն մարդկան, և չկա ձեռն երկնի:
***
Վանա կատու, մեռավ ծննդավայրն քո Վան,
և ուզես էլ՝ չես գտնի ճամփան դեպի տուն,
– այնտեղ քրդի շունն է հաչացող հայվանը,
և գորշ գայլն է այնտեղ ոռնում, Վանա կատու,
մեռավ քո տեսակը, շանթումն ուրարտական
երկգույն քո աչքերի,– ու էլ չի աշխատում
գող մուկ բռնելու քո բնազդը կատվական,
և դու էլ մնացիր հայու միֆ – Վանա կատու:
***
Երբ ես ասում եմ՝ լլկված ծեր ու մանուկ,
երբ ես ասում եմ՝ բռնաբարված երկիր,
– որ Հայրենիք են ոմանք անվանում,
իսկ ես հորջում եմ՝ գերեզմանոց երգի,–
դու ինձ ասում ես՝ չե՜մ ուզում լսել
քո այդ բառերը՝ կոպիտ, սոսկալի,–
ես ուզում եմ երգ, ես ուզում եմ սեր –
պոե՜զիա եմ ուզում, իսկ դու՝ կյանքն ես տալիս:
***
Ներիր, իմ ընթերցող, որ չըկարողացա շոյել
իմ բիրտ տողերով – քո նուրբ ականջը,
և պատռեցի ունկիդ կուսաթաղանթը,
և քո աչքում հագա զոլավոր շորեր,
և ինքնասպան դարձա ես քո աչքում –
անուղղելի՛ և վերջնականապե՛ս,–
բայց թույլ տուր՝ հիմար մի հարց տամ քեզ.
– Ե՞ս եմ ինքնասպանը, թե՞ դու՝ քո պատրանքում:
***
Ա՛խ, եթե կյանքս ետ բերեի իմ այն,
և դառնայի ջահել, բայց՝ այսօրվա խելքով
(անհնարի՜ն երազ – հնարավոր միայն
հոգիդ սատանային ծախելու ելքով),–
կծախեի՜ հոգիս, արև՛ըս վկա,
որ անեի չարած իմ սերերը բոլոր,
որ գործեի չարած իմ մեղքերը բոլոր…
– Բայց ոչ հոգի մնաց, ոչ էլ՝ առնողը կա: