Հանրահայտ մտքով պիտի սկսեմ ասելիքս, բայց չեմ վարանի մեկ անգամ ևս կրկնել ու նաև զարմանալ այս պատահականությա՞ն, թե՞ ավելի քան օրինաչափության վրա՝ մեր համազգային վշտի ու սգի ամսվան հաջորդող ամիսը հաղթանակների ամիս է՝ Ավարայրից (թեկուզ ոմանց մոտ իշխում է բարոյական հաղթանակ կոչվածի համարումը) Բաշ Ապարան, Սարդրապատ, Շուշի: Ի՞նչ է սա՝ մեզ համար անքննելի տիեզերական օրինաչափությո՞ւն, թե՞ ապրելու դատապարտված և ապրելը որդեգրած ժողովրդի բնականոն վարք: Չգիտեմ, բայց որ այս իրողությունը ուժ տալու և առաջ գնալու լիցքեր ունի իր մեջ՝ վստահ եմ:
…Տարիներ առաջ էր: «Գարուն» ամսագրի սենյակներից մեկում, հերթական մեր գարունավարի խոսք ու վեճ մի պահի խոսք բացվեց, է՜, հեռավոր 2015 թվականի մասին. 100 տարի, ի՞նչ է լինելու այդ ժամանակ… Մեզ համար, որ արդեն Արցախ ունեինք ու 600-ամյա գերությունից ազատագրված Շուշի, մենք, որ դեռ փայփայում էինք Անկախությունն ու գիտեինք, որ մեր երկիրը տարածաշրջանում ամենակազմակերպված բանակն ունի ու ժողովրդավարության կղզու համարումը, ի՜նչ դժվար էր ոչ թե երևակայություններիս զոռ տալ, այլ շատ պրագմատիկ հաշվարկներ անել, որ Արդարությունը մերն է լինելու, մեր Վազգենն էլ, որ հիմա Սպարապետ է, հայտարարել է շատ պատասխանատու՝ 21-րդ դարը մե՛րն է լինելու…
2015 թվականի մայիսն է: Անցյալ դարձան Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիմնական իրադարձությունները: Իսկ ապրիլի 25-ը ոչ միայն օրացույցի հերթական օր դարձավ, այլև կարծես նոր իմաստ ստացավ կամ նոր մեկնակետի նշմար՝ ակնարկ տվեց, եթե, իհարկե, այդ ակնարկ-նշմարը նկատելու ու նաև նրա հետ հաշվի նստելու ցանկություն կլինի… էլի համազգային ու համապետական ծավալով:
Աշխարհին հայտնի ու աշխարհի բեմերը նվաճած և այդ բեմերից մշտապես Ցեղասպանության հարցը բարձրացնող System of a Down-ը Հանրապետության հրապարակում, անխիղճ թափվող անձրևի տակ հո համերգ չտվե՜ց, ու ջահելությունը՝ թրջված, երգող, ոգևորված՝ ձայնակցում էր խմբին, իսկ երբ Սերժ Թանկյանը, հավատարիմ իր սկզբունքին (վկան՝ անցնյալ տարի ՀՀ գործող նախագահին ուղղված նրա Բաց նամակը), հայտարարեց՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության պարտականությունն է՝ ընդունել իրավահավասար քաղաքացիական հասարակության սկզբունքները, ազատվել շրջապատող համակարգային անարդարությունից և դադարեցնել բնակչության արտագաղթը, որ այժմ տեղի է ունենում: Մենք System of a Down-ն ենք, և մեր պարտականությունն է ձեզ ասել այս ամենը և միաժամանակ ռոքի միջոցով ցնցել ձեզ»,- հրապարակը թնդաց: Ի՞նչ պակաս նշմար է…
Ի դեպ՝ այդ օրերին այն տպավորությունն էր, որ Երկիր մոլորակի վրա չկա մի անկյուն, որտեղ հայերը դուրս չեն եկել Ոգեկոչման: (Համացանցը վկա): Խոստովանեմ՝ տխրում էի: Նայում էի Արդարություն, ինչու ոչ, նաև Հող պահանջող հայերին ու ինչպե՞ս չմտածեի՝ ախր, ձեզնից մի մասը միայն պիտի դրսում լիներ՝ 15-ից հետո փրկվածների ժառանգները: Մնացածներդ, որ Հայաստանի Հանրապետությունից եք գնացել, ի՞նչ եք անում այդ դրսերում: Դուք այստե՛ղ պիտի լինեիք, որ Ծիծեռնակաբերդ գնացողների թիվը միլիոն և ավելի լիներ: Չէ՛, մեղադրանք չկա՝ ձեզ ուղղված: Իմ կռիվը իմ երկրի իշխանավորի հետ է, նրա, ով գիտակցված է ուղղորդում ձեզ, որ հանկարծ հեղափոխություն չանեք, մտածված է աղքատության նսեմացնող շեմ պահում, որ մնացողը կա՛մ լուռ համակերպվի, կա՛մ… ճամպրուկը կա ու կա: Ախր, մի քանի միլիոն ժողովուրդ պահելը ի՞նչ մի դժվարություն է, այն էլ այս բարեբեր ու շնորհակալ հողի վրա, այն էլ մի ժողովրդով, ով քարից հաց քամողի համարումն ունի: Ու հողը պահելու իմաստնություն:
Ի դեպ` հողը պահելու մասին: Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում 1915 թվականի Եղեռնի նահատակների հիշատակման հուշակոթող է բացվել: Ինձ համար սա Ապրիլյան ոգեկոչման հերթական փաստ չէ: Սահմանամերձ գյուղո՛ւմ է հուշակոթող բացվել: Թշնամու գնդակի տակ ապրող, հողը մշակող, երկիր պահող գյուղի մասին է խոսքը: Մայրաքաղաքում ապրողին կողքից որ նայում ես, մտածում ես՝ երանի՜ քեզ, որ քեզ համար ո՛չ չհայտարարված պատերազմ կա, ո՛չ հակամարտող կողմեր ու ո՛չ էլ սահման պահող զինվոր ու բնակիչ: Թեև գուցե մայրաքաղաքի բնակիչը կարող է մոռանալ, բայց նրանք, ովքեր երկրիս Սահմանադրությամբ ու օրենքներով են պարտավոր հիշել այդ մասին ամեն վայրկյան, ամեն ի՞նչ են անում՝ սահմանի զինվորի կյանքը պահպանելու, բնակչի հոգսը թեթևացնելու համար: Մի՞թե կարելի է համեմատել սահմանամերձ բնակավայրի ու մնացածների կյանքը, այդ դեպքում ո՞ւր են այն արտոնությունները, որոնք գոնե կթեթևացնեն նրանց դժվարին կենցաղը: Իսկ սահմանի զինվորի կյանքը պահող-պահպանող բոլոր հնարավորություննե՞րն են իրականացվում: Հա՜ խոսվում է գիշերային տեսասարքերի մասին: Խոսվում է, իսկ իրական գործ արվում է լրիվ այլ տեղում: Կարդում եմ լրահոսը՝ ապրիլի 27-ից նոր արագաչափեր ու տեսախցիկներ են գործարկելու… տեսախցիկներ՝ Վ. Համբարձումյան-Երզնկյան-Բաղրամյան… Արագաչափեր՝ Գառգառի, Ստեփանավանի, Տաշիրի տարածք… Ի՜նչ ջանադրություն, ինչպիսի՜ օպերատիվություն… մնում է իմանանք, թե գանձվող գումարները ո՛ւր են գնում…
Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Իմ կարծիքով՝ այդ օրերի ամենահուզումնալից իրադարձությունը: Այն զգացողությունն էր՝ կարծես հարյուր-հազարավոր անթաղ զոհերը վերջապես գտան իրենց վերջին հանգրվանը, ու նրանց տառապած հոգիները հանդարտվեցին, վկան՝ Սուրբ նահատակների պատկերի շրջանակին իջած աղավնին: Եվ աշխարհի եկեղեցիներից (աշխարհի՛, ոչ միայն հայկական) այդ պահին տարածվեց զանգահարությունը: Աշխարհի, բայց ոչ՝ Թուրքիայի: Այդ երկրի տարածքում գտնվող 40-ից ավելի հայկական գործող եկեղեցիները լուռ էին, համր… Եվ որքան էլ Կ.Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դիվանագիտորեն իր լռությունն ավելացնի հայկական եկեղեցիների լռությանը, ո՞վ չի հասկանում, որ դա արվել է թուրքական կառավարության հրահանգով: Սա՛ է ժամանակակից Թուրքիան, սա է նրա իրական դեմքը, ու ես չեմ դադարի զարմանալ նրանց վրա, ովքեր հույս ունեն ու անգամ հավատում են, թե թուրքը քաղաքակրթվել է (բայց հպարտորեն գլուխս եմ խոնարհում թուրք Անհատների առջև, ովքեր սգակից ու պահանջատեր են դարձել ինձ հետ): Ինչպես չեմ հավատում, թե ինքնակամ մի օր կբացի սահմանը, որը, դեռ հարց է, թե ինչպիսի հետևանքներ կունենա մեզ համար…
Ի դեպ՝ երբ Հիշում ու Պահանջում էինք, Էրդողանը, արձագանքելով Եվրախորհրդարանի կողմից բանաձևի հնարավոր ընդունմանը, նախ իրավարի հոխորտացել է, իսկ հետո… Այ, այս հետոն իմ սիրտը վառեց. «100000 հայ է ապրում Թուրքիայում: Մենք կարող ենք արտաքսել նրանց, բայց չենք անում»,-հայտարարեց Էրդողանը: Հիշում ենք ու պահանջում, իսկ մեր 100 հազար ՀՀ քաղաքացիներն իրենց հանապազօրյա հացն են վաստակում նրանց մոտ, և, ինչո՞ւ թաքցնենք, վաստակում են ծառայի ու ծառայողի կարգավիճակով: Իրավունք ունի՞ Էրդողանը սպառնալ – ունի՛, որքան էլ դա որակվի որպես հետընթաց մարդասիրական սկզբունքներից: Իսկ ես իրավունք ունե՞մ ամոթից մեռնել – ունեմ ու չեմ մեռնում, իմ իշխանավորն էլ չի մեռնում, իմ հարուստ օլիգարխն էլ չի մեռնի, ինչպե՞ս, չէ՞ որ հերթական եկեղեցին է կառուցելու…
Ի դեպ՝ Կոմիտասի անվան զբոսայգում՝ Պանթեոնի հարևանությամբ, կառուցվելու է նոր եկեղեցի: Կառուցման բարերարն է ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը: Աստված նրա գործին հաջողություն տա, ես հպարտ եմ, որ ռուսական հսկա երկրում սեփական կայսրություն ստեղծող հայրենակից ունեմ, բայց մեր երկրի տերերից մեկը չկա՞, որ նրան հուշի՝ գործարան, նոր աշխատատեղեր բացի, որ Թուրքիայում թուրքին ծառայող իմ հայը վերադառնա ու իր տան մեջ իր երկիրը շենացնի: Դա՛ է աստվածահաճո գործը: Տանե՛լ չեմ կարող ուրիշի գրպանի պարունակությունը հետազոտողներին, բայց երբ հրապարակավ ասվում է հերթական եկեղեցու կառուցման մասին, ոչ միայն ես, գիտեմ, որ շատ-շատերն ինձ հետ կհամաձայնեն, որ հիմա երկիր է պետք կառուցել, մի քիչ ամրացնել մեր ոտքի տակի հողը: 21-րդ դարում դրա համար տնտեսությունն են զարգացնում, ոչ թե եկեղեցաշինությունը: Պահանջելու համար թիկունքդ ամուր պիտի լինի, եթե, իհարկե, դեռ պահանջելու միտք ունես…
Ի դեպ՝ «Հուրիեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի՞ Թուրքիայից, ՀՀ նախագահը բացասական պատասխան է տվել: Գուցե սա մեծ քաղաքականություն է, որից մենք տեղեկություն չունենք, ու ես լռում եմ, ի վերջո, քաղաքական օրակարգը կարող է փոխվել ըստ հանգամանքների: Նախագահը իրավացիորեն նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ տարածքային պահանջ չի ներկայացրել, նման պահանջ չի եղել ու չկա: Բայց, եթե չեմ սխալվում, մինչ այս չկար նաև հրապարակային բացասումը…
Հայաստան երկրիս հազարավոր հեկտար հող անմշակ է, գործարանները՝ մեռած ավերակ, ու համոզմունքս է՝ քանի դեռ քո ոտքի տակի հողի տերը չես, այլ պահանջ չես կարող ունենալ: Բայց նաև գիտեմ՝ եթե ապագային միտված մեծ նպատակ չունենաս, այսօրվա գործդ էլ կկորցնի նշանակությունը: Չգիտեմ՝ որքանով է ազնիվ Էրգրի կարոտով ու Էրգրի անունը տալով աչքերը փակող մեր մամիկ-պապիկների առաջ, թեկուզ մեծ քաղաքականության թելադրանքով, թեկուզ օրաթերթին նման հայտարարությունն անելը, բայց մենք էլ լռենք՝ Արարատն է մեզ նայում ու չի պահանջում, հրամայո՛ւմ է հիշել…
Ի դեպ՝ մեծ քաղաքականության մասին: Սրա գինն ու արժեքը մեկ անգամ ևս պարզեցինք հենց թեկուզ Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի ներկայացուցիչ արքայազն Չարլզի օրինակով, ով որդուն վերցրել ու գնացել էր նշելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը: Թուրքերի այդ ցնծալից հաղթանակում բրիտանական բանակը խայտառակ պարտություն է կրել, 120 հազար զինվոր կորցրել, ու հիմա, 100 տարի անց, արքայազնը տոնո՜ւմ է իր այն օրերի թշնամու հաղթանակը այսօրվա քաղաքական շահերի պատվին: Եվ շնորհակալ լինելով Ապրիլյան օրերին մեզ հետ մեր ցավը կիսող հյուրերին՝ չկորցնենք զգաստությունը, քանզի այդ ամենը, զուտ մարդկային քայլից բացի, նաև քաղաքականություն էր, և որոշ այց-խոսքերի հետևանքների արձագանքները դեռևս կլսենք… Նաև բավական է կախված մնանք ուրիշների (թեկուզ նրանք գերտերությունների ղեկավարներ են) խոսքից, կարծիքից ու ասած բառից: 100-ամյա մեր կյանքը թե մի դաս մեզ տվել է, հետևյալն է՝ հզորացիր, որ հետդ հաշվի նստեն (ունեցածդ երկրին տեր եղիր), ուժեղ եղիր, որ քեզ լսեն (արտագաղթի ճամփան փակիր, չգիտես՝ ասեմ. երկրում օրենքի դիկտատուրա հաստատիր, կոռուպցիան սանձահարիր, մտածիր ոչ թե անդեմ ժողովրդի, այլ մեկ մարդու մասին): Ու քեզ հետ հաշվի կնստի (չէ՛, աշխարհի հետ գործ չունեմ) քո ոխերիմ հարևանն ու կփորձի նայել աչքերիդ: Որովհետև համոզված եմ, այս թնջուկը եթե լուծվի, միայն երկու երկրով պիտի լուծվի: Իսկ դրան հասնելու շատ երկար ճանապարհ ունենք:
Ապրիլի 24-ի երեկոյան, այսքան տարիների մեջ առաջին անգամ, ջահերով երթը չէր անցնելու մեր Օրբելի փողոցով: Ու ես գիշերվա կեսին գնացի Կիևյան՝ պատուհանի գոգին վառվելիք մոմը ձեռքիս, ու նայում էի ջահելությունով ծովացած, Կիևյանի սկզբում դեռ ջահայրվող ու Կիևյան կամրջից այն կողմ հասած մարդահեղեղին և մտածում էի. այս ջահելները աշխատատեղերի կարիք ունեն, տան կարիք ունեն, նրանցից ամեն մեկը մի նորաստեղծ ընտանիքի հայտատուն է: Նրանք հիմա հուսավառված են, միասնական, բայց վաղը՝ ապրիլի 25-ին, պիտի գնան սովորելու, աշխատանքի, հետո շտապեն ժամադրության, հետո… ուրեմն, Երկրիս իշխանավոր, որ իրականում ծառայող ես, բարի եղիր ու պարտավոր. նրանց՝ իմ ջահելներին, տուր արժանապատիվ աշխատելու, սիրելու, բազմանալու ու Երկիր շենացնելու հնարավորություն: Սա կլինի քո ՀԻՇԵԼՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԵԼԸ: