ՈՂՋ ՏԱՐԻՆ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՇԱԳԵՂ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ

Սուրեն ՄուրադյանՀարցազրույց բանաստեղծ ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ

– Մեկնարկել է մանկապատանեկան գրքի հերթական շաբաթը: Եվ ինչպես նախորդ տարիներին, շաբաթի անցկացումը կրկին տարիքն առած մանկագիրների հույսին է: Փոխարինողներ չկա՞ն, թե՞…
– 50-ականներին, երբ իմ գրական առաջին քայլերն էի անում, մանկական արձակում և պոեզիայում գրողների մի ամբողջ երևելի բանակ կար: Հիշենք Վախթանգ Անանյանին, Ստեփան Զորյանին, Վիկտոր Վարդանյանին, Խաչիկ Հրաչյանին, Վազգեն Տալյանին… Տարիների ընթացքում բոլորն էլ համարյա հեռացան և նրանց փոխարինելու եկավ իմ սերունդը` Հենրիկ Սևան, Գուրգեն Գաբրիելյան, Պատվական Խաչատրյան, Էդվարդ Ավագյան… Մեր շարքերը լրացրին նորերը, որոնց միջին տարիքն, ավաղ, արդեն 60 և ավելի է` Յուրի Սահակյան, Լիպարիտ Սարգսյան, Երվանդ Պետրոսյան, ավելի ուշ Էդվարդ Միլիտոնյան… Այսօրվա երիտասարդ գրական սերունդը կարծես այնքան էլ հետաքրքրված չէ մանկագրության ժանրով: Դրա համար էլ ոչ մի անուն չեմ կարող հիշել:

-Կարո՞ղ եք պատճառները նշել:
– Հիմնական պատճառը պետք է փնտրել ոչ թե մանկական գրականության, այլ մշակույթի նկատմամբ համընդհանուր անտարբերության մեջ: Կան նաև սուբյեկտիվ և օբյեկտիվ այլ պատճառներ: Նախկինում մանկական գրականության նվիրյալներից բացի, մեր լավագույն գրողներից շատերը գրում էին նաև մանուկների համար: Դ. Դեմիրճյանը ,,Վարդանանքի,, կողքին գրել է ,,Պույ-պույ մուկիկը,, , Պ,Սևակը՝ ,,Ձեր ծանոթները,, , Ս. Կապուտիկյանը՝ ,,Փոքրիկ Արա, ականջ արա,, և այլն: Մինչդեռ այսօր երկրորդային վերաբերմունք է զգացվում ժանրի նկատմամբ: Մանկագիրները դուրս են ամենատարբեր մրցանակաբաշխություններից, լինի ՀՀ Պետական, ՀՀ նախագահի կամ մի այլ հեղինակավոր մրցանակաբաշխություն: Մյուս կողմից էլ գրականագետներն ու գրաքննադատներն են աչքաթող արել մանկական գրականության հարցերը: Անիրավացի է, որ այսօր այդ ամբողջ ծանրությունը կենտրոնացել է միայն մի գրականագետի` Լյուդվիգ Կարապետյանի վրա: Կարևոր պատճառներից մեկն էլ արժեքների և ընկալումների փոփոխություններն են: Այլևս նախկինը չէ ներկայիս ընթերցողի ճաշակն ու հետաքրքրությունը: Համակարգիչն ու համացանցը մանուկներին ուրիշ աշխարհ են տարել, մի ուրիշ մոլորակ, որը բավականին տարբեր է գրողի պատկերացումներից, ինչն էլ ստիպում է, որպեսզի փոխվեն նաև մանուկներին հասցեագրված գրականության չափանիշները: Մինչդեռ մանկական գրականությամբ զբաղվողների մեջ շատ են գրական արհեստավորները, որոնց գեղարվեստական ցածր մակարդակը ոչ միայն չի նպաստում երեխաների գեղագիտական դաստիարակությանը, այլև անճաշակությամբ աղավաղում է մանուկների նոր-նոր ձևավորվող ներաշխարհը: Լ. Տոլստոյը մի առիթով ասել է. ,,Երեխաների համար պետք է գրել այնպես, ինչպես մեծերի համար, միայն թե ավելի լավ,,: Եվ իր ,,Ֆիլիպոկը,, այդպես էլ գրել է:

– Վերջին շրջանում մեր մանկագիրների գործերը կարծես այնքան էլ չեն գրավում երեխաներին: Ի՞նչն է խանգարում գրողներին ընթերցողների հետ իրենց կապն առավել ամրացնելու համար:
-Ինքնահաստատման, ինքնադրսևորման համար երեխաները հաճախ են փորձում այս կամ այն կերպարին նմանակել, մինչդեռ մանկական գրականությունից իսպառ վերացել է դրական հերոսի կերպարը: Փոխարենը սերիալների միջոցով առատորեն մանկական աշխարհ են թափանցում դաժան, անհավատարիմ, մարդկային ազնվագույն հատկություններից զուրկ ,,կերպարներ,,, որոնք արատավորում են մանուկ ընթերցողի բնավորությունը, աղավաղում են այն աշխարհի պատկերը, որի մեջ պիտի ապրեն ու ձևավորվեն: Պարտադիր չէ, որ հատկապես երեխաների համար ստեղծվող գործերում, ստեղծագործության նյութը անպայմանորեն իրականությունը լինի: Մարդկանց իդեալներ են պետք, կատարելություններ: Թումանյանը ինչը կյանքում չէր գտնում, ստեղծում էր իր հեքիաթներում և իրավացիորեն բացատրում էր. ,,Հեքիաթը գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է, ուր ողջը հավիտենական սիմվոլներ են,,:

-Ինչպե՞ս է կազմակերպվում մանկական գրքի տարածումը: Արդյո՞ք գրողի խոսքը հասնում է ընթերցողին:
– Հասնում է, բայց մասամբ: Նախ տպաքանակը 500-ից չի անցնում և բնականաբար ոչ միայն մարզեր, այլև Գյումրի ու Վանաձոր չի հասնում: Մեր մարզերի դպրոցները զրկված են ժամանակակից գրողների մանկական գրքերից, էլ չեմ ասում, որ վիթխարի չափերով կրճատվել են գրախանութներն ու գրավաճառ կետերը: Մարզերում դրանք չկան էլ: Այնպես որ, եթե ասվում է, որ մանկական գրքերը սկսել են քիչ գրավել երեխաներին, ապա պատճառներից մեկը, իսկ գուցեև հիմնական պատճառն այն է, որ շատերը հնարավորություն չունեն այդ գրքերն ունենալու և կարդալու:

– Վերադառնանք մանկապատանեկան գրքի շաբաթին:
– Մանկապատանեկան նման միջոցառումը գովելի է այն իմաստով, որ հանդիպումների և տարբեր միջոցառումների շնորհիվ, ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի մեր երեխաները հնարավորություն են ունենում կենդանի կապի մեջ մտնել գրողների հետ, ծանոթանալ իրենց համար ստեղծված նոր գրքերի բովանդակությանն ու առանձին ստեղծագործությունների, ստանալ իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները: Հաշվի առնելով մեր գրահրատարակչական սուղ հնարավորությունները, շաբաթվա նշանակությունն, իրոք, առանձնահատուկ է, հատկապես այս տարի, երբ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակվել: Պարզապես պիտի հուսալ, որ ապագայում շաբաթը ամիս կդառնա, ամիսը տարի, և մեր ընթերցողները ամբողջ տարին կապրեն ու կառաջադիմեն գրողների կողմից նրանց նվիրած Մանկության հրաշագեղ մոլորակում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։