Արամ Հայկազի «Մոռացված էջեր» գրքի Ե հատորը

Հայ գրականության մեծանուն դեմքերից մեկի՝ Արամ Հայկազի նամակների, պատմվածքների «Ապրող ծառ մը» ժողովածուի, «Մոռացված էջեր» գրքի հինգ հատորները դրված են ընթերցողի սեղանին, շնորհիվ բան. գիտ. դոկտոր Մարգարիտ Խաչատրյանի: Նա ժամանակագրական կարգով ներկայացրել է ծանր ճակատագրի բերումով նյույորքաբնակ դարձած հայ գրողի գրական ժառանգությունը՝ պատմվածքներն ու հոդվածները, նրա և նրա երկերի մասին հոդվածներ, արխիվային նյութեր և այլն:
Արամ Հայկազն անհուն կարոտով է գրում իր ծննդավայրի՝ Շապին Գարահիսարի նույնիսկ ձյան մասին, թե ինչպես էին հայրն ու մայրը նախապատրաստվում Նոր տարին դիմավորելուն: Նա իր տան հողամասի անկյունում մի բուռ ցորեն է ցանում և ինչպիսի հրճվանքով է հետևում ցորենի ծլելուն՝ նմանեցնելով ծննդավայրի արտերին:
Արամ Հայկազը գրել է «Շապին Գարահիսար ու իր հերոսամարտը» հատորը՝ իբրև կոթող ու հուշարձան ծննդավայրի հերոսամարտի նահատակներին և Եղեռնի անվերադարձ ճամփաներին կորածներին, գրել է իր տեսածի, լսածի, ապրածի, կորցրած հայրենիքի, Քյուրդիստանի անտառներում չորս տարի ապրելու մասին. «Ամէն մի գրածիս մեջ անձէս կամ ապրումներէս բան մը կա»:
Արամ Հայկազը 1969 թ. սեպտեմբերին կարճ ժամանակով եղել է Հայաստանում, գնացել է Էջմիածին, եղել է Գառնիում ու Գեղարդում, Մատենադարանում, Հաղթանակի զբոսայգու բարձունքից երկար նայել է Մասիս սարին: Նա երազում էր Հայաստանում գիրք հրատարակել, որն իրականություն դարձավ միայն մեր օրերում:
«Մոռացված էջեր» գրքի 5-րդ հատորում ներկայացված են Արամ Հայկազի ծննդյան 70 և գրական գործունեության 50-ամյակին նվիրված նյութերը: ԱՄՆ-ի և Կանադայի հայահոծ քաղաքներում հայությունը նշեց գրողի հոբելյանը, որին մասնակցելու և Արամ Հայկազի գրական ժառանգությունը ներկայացնելու համար Լիբանանից հրավիրել էին Պողոս Սնապյանին: Գրքի այս հատորը Մարգարիտ Խաչատրյանը նվիրել է Արամ Հայկազի լավագույն բարեկամներից մեկի՝ Պողոս Սնապյանի (1927-2014) հիշատակին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։