Օնիկ Եգանյանի «Աշխատություններ» գիրքը, որը բոլորովին վերջերս լույս ընծայեց «Նաիրի» հրատարակչությունը, սպասված և ցանկալի նվեր էր միջնադարագետներին: Գրքի հրապարակ գալը կարևոր է նրանով, որ միջնադարի մեծ նվիրյալի մասին ասվում է պատշաճող խոսք, և գիրքը դառնում է յուրօրինակ հուշարձան նրա հիշատակին: Այս առումով երախտագիտության արժանի գործ է կատարել նրա սանը՝ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրատան տնօրեն, նույնպես քաջահմուտ ու նվիրյալ միջնադարագետ և ձեռագրագետ Գևորգ Տեր-Վարդանյանը՝ Օնիկ Եգանյան «Աշխատություններ» գիրքը պահանջվող մակարդակով հրատարակության պատրաստողը: Ահա թե ինչպես է նա գրքի նախաբանում բնութագրում Օ.Եգանյանին. «Որևէ անհատի վաստակը նրա մարդկային նկարագրի ածանցյալն է, ուստի՝ մի քանի խոսք նաև Օ.Եգանյան անհատի մասին. հսկա աշխատասիրության, սեփական անձի նկատմամբ մեծ խստապահանջության, արած գործի մեջ գերճշգրտության ձգտում ունենալով հանդերձ, կենցաղում խիստ սակավապետ էր, լռիկ և զուսպ, ազնիվ, անսահման բարի, սկսնակներին իր գիտելիքները հաղորդելու հարցում բառացիորեն շռայլ» (էջ 8):
Օնիկ Եգանյանը նախ մասնակիցն է Մաշտոցի անվան Մատենադարանի ամբողջական ձեռագրացուցակների Ա և Բ հատորների կազմմանը, որին մասնակցել են Ա. Զեյթունյանը և Մ. Անթաբյանը: Ներածությունը գրել է Օնիկ Եգանյանը, հատորները խմբագրել են Լևոն Խաչիկյանը և Ասատուր Մնացականյանը: Այդ երկու հատորներն ընդգրկում են Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող 10408 ձեռագրերի համառոտ նկարագրերը:
Նա շարունակում է մնալ որպես կազմող նաև 1984 թվականից լույս տեսնող «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի Ա, Բ, Գ հատորների, որոնք լույս տեսան նրա մահվանից հետո:
Գիրքը բաղկացած է 4 մասից: Առանձին մասում ներկայացված են գիտնական անհատների, առանձին վանքերի վանական և ոչ վանական դպրոցների, Լենինգրադի պետական Էրմիտաժի հայերեն ձեռագրերի հավաքածուները՝ մի հսկայական ցանկ աշխարհագրական լայնատարած տեղանքով՝ հայ և օտարազգի մտավորականների կատարածով: Դրանց կցված է հավելված՝ «Մատենադարանի ձեռագրերի հին օգտագործումներ (էջ 121-135):
Առանձին անհատների, վանքերի և դպրոցների պահպանված ոչ ծավալուն ձեռագրացուցակների մեջ Օ.Եգանյանը կատարում է հետաքրքիր դիտարկումներ՝ նշելով այդ ձեռագրերի կորած լինելու, գտնվելու նոր փաստերի և նրանց մի մասով Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրական գանձերը հարստացնելու մասին: Անվանի հոգևոր գործիչ Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը իր «Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ» Ա և Բ հատորներում հիշատակում է 21 ձեռագրեր, որոնց հետագա ճակատագիրը մեզ է ներկայացնում Օ. Եգանյանը: Թիվ 13 ձեռագիրը 1836 թ. Գողթան գավառի Թումայի Սուրբ ուխտում գրված մի Շարակնոց է, որում հիշատակվում է. «սուլթան Մուրատը հարձակվեց պարսիկների վրա և գրավեց Երևան ամուր բերդը»: Հաղորդելով այս ամենը՝ միջնադարագետն ավելացնում է. «Նման տվյալներով Շարակնոց մեզ չի հաջողվել գտնել ո՛չ Մատենադարանի ձեռագրերի շարքում, ո՛չ էլ եղած տպագիր ձեռագրացուցակներում» (էջ 122):
Նշանավոր ֆրանսիացի հայագետ Մարի Բրոսսեն 1847-48թթ. ձմռանը 40 օրով այցելել է Թիֆլիս ու Երևան: Բնականաբար նա կանգ է առել Էջմիածնի Մայր տաճարում, ու եպիսկոպոս Հովհաննես Շահխաթունյանցը ջերմորեն է ընդունել գիտնականին: Նրանք միմյանց հետ շփվել են գրավոր՝ գրաբարով, կամ նրանց թարգմանիչն էր իր հրաշալի ռուսերենով արքեպիսկոպոս Թադևոսը: Մինչ այդ, հենվելով Հովհաննես Շահխաթունյանցի ուղարկած տվյալների վրա, Բրոսսեն 1840թ. Պետերբուրգում ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով հրատարակել է Էջմիածնի գրացուցակը: 1848-ին հայագետն անձամբ է տեսնում այն ձեռագրերը, որոնց մասին գրել է և դրանց անդրադառնում է 1849-ին Պետերբուրգում լույս տեսած «Զեկույցներ Վրաստան և Հայաստան կատարած հնագիտական ճամփորդության մասին» գրքում: Օ.Եգանյանը հայտնում է, թե որ ձեռագրերը, նշված Բրոսսեի կողմից, չկան: Թվարկված մի Ավետարանի մասին գրում է. «Իսկ ինչ վերաբերում է համար 21 Ավետարանին, որն ըստ հիշատակարանի վերանորոգված է 1686 թվականին Զաքարիա Հովհաննավանեցու ձեռքով, ապա մեզ չհաջողվեց Մատենադարանի շուրջ 2000 Ավետարանների շարքում հայտնաբերել նման տվյալներով ձեռագիր: Այն հավանաբար կորած է» (էջ 124):
1986թ. մեծ հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին հրատարակում է իր կոթողային աշխատություններից մեկը՝ «Քրիստոնեական Հայաստանի հմայիլները» խորագրով, որի վրա աշխատել է շուրջ հիսուն տարի, այսինքն՝ գիտական ողջ կյանքի ընթացքում: Միջնադարի հայ մարդու մտածողության այդ ուշագրավ դրսևորմանը Օ.Եգանյանն անդրադարձել է «Ուղեցույց Մաշտոցյան Մատենադարանի ժապավենաձև հմայիլների» (համար 1-277, Երևան, 1964) գործում: Հմայիլների տվյալները ներկայացված են ժամանակագրական կարգով՝ սկսվում են 1428 թվականից և ավարտվում են 19-րդ դարի վերջերին:
Տեղանունների ցանկը վկայում է նրանց տարածված լինելը՝ Արցախ, Նախիջևան, Աստրախան, Բաղեշ, Բաբերդ, Երևան, Կամախ, Կարին, Կաֆա (Ղրիմ), Կիպրոս, Կ.Պոլիս, Ամիդ, Մուշ, Շատախ, Վան, Վենետիկ և այլուր: Առանձին ցանկերով թվարկվում են գրիչները, ծաղկողները, ստացողները, որոնց մեջ բավարար թիվ են կազմում կանայք՝ Աննա, Գայանե, Գոհար, Գոզալ, Դեղձուն, Եղիսաբեթ, Եղսան, Զմրուխտ, Թամամ, Իսկուհի, Խանում, Ծաղիկ, Հեղինե, Հռիփսիմե, Մանիշակ, Մարգարիտ, Մարիամ, Հոռոմսիմ, Նազլու, Նունե, Շողո, Սառա, Սոփիկ, Սրբուհի, Վարդիթեր և այլք: Հատկապես շատ են Մարիամներն ու Մարգարիտները:
Հատորի մեջ անգլերենով դրված է հավելված, որը վերաբերում է Հազարյանի ձեռագրական հավաքածուին և նրա մի մասի աճուրդին (էջ 286-327): Այս հավելվածի հեղինակը հատորի կազմող Գևորգ Տեր-Վարդանյանն է:
Հարություն Հազարյանը (1887-1981) Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրել է 390 ձեռագրեր, ծնվել է Կեսարիայում, 1907-ից մինչև կյանքի վերջն ապրել է Նյու Յորքում: 1979-ին 5 ձեռագրեր անձամբ է հանձնել Մատենադարանին: 1985-ի նոյեմբերի 26-ին Լոնդոնի «Սոթբի» ընկերությունում աճուրդի են հանվել «Արևմտյան ձեռագրեր և մանրանկարներ» խորագրով Հազարյանի ձեռագրական հավաքածուի 40 կտորներ՝ 137-140 համարներով: Այս փաստը հատորի կազմողին անգլերենով սիրով հանձնել է Ներսես քահանա (Վրեժ) Ներսիսյանը:
Այս սպասված հատորի որոշ ցանկեր կազմել է Գայանե Թերզյանը, իսկ գիրքը լույս է տեսել Օնիկ Եգանյանի դուստր Անահիտ Եգանյան-Գյուլեճյանի մեկենասությամբ և Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ: