Եվրոպական գրական ճաշակ, սակայն հայի հոգեբանություն և իղձեր ունեցող Ռուբեն Սևակի ստեղծագործությունը հարյուր և ավելի տարիների հեռվից գրավում է ժամանակակից մարդուն, ներշնչում նրան ճշմարիտ արվեստի ցնծությամբ:
Փետրվարի 27-ը Ռուբեն Սևակի ծննդյան օրն է: Լրացավ բանաստեղծի 130-ամյակը: Երևանի Ռ. Սևակի անունը կրող թիվ 151 դպրոցը նախանձախնդրորեն էր պատրաստվել նշելու նահատակ բանաստեղծի հոբելյանը: Բազմաթիվ հրավիրյալները դրսում Սևակի հուշարձանին ծաղիկներ դնելուց և խնկարկում կատարելուց հետո հրավիրվեցին դահլիճ: Ամեն ինչ արված էր, որպեսզի սևակյան մթնոլորտը իշխեր դպրոցում. բոլորն ստացան երիցուկի կրծքանշաններ՝ բանաստեղծի դիմապատկերով, միջանցքներում նրանց ուղեկցում էին Սևակի բանաստեղծություններից պատառիկներ…
Զուսպ և ճաշակով հարդարված էր դահլիճի բեմը: Դպրոցի տնօրեն Իզաբելա Մարգարյանի ողջույնի խոսքից հետո կատարվեցին Ռ. Սևակի խոսքերով ստեղծված երգեր: Այնուհետև հանդես եկան երեխաները՝ թատերական փոքրիկ ներկայացումներ նահատակ գրողների՝ Ռ. Սևակի, Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Գր. Զոհրապի և նրանցից անբաժան մեծն Կոմիտասի կյանքից: Երեխաները ներկայացնում էին ապրումով, ողբերգական իրավիճակների հստակ գիտակցումով, որից էլ հուզմունքի ալիքը չէր դադարում դահլիճում: Այնուհետև ելույթ ունեցան Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, բանաստեղծի հեռավոր ազգական, հայոց բանակի գեներալ Չիլինգարյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության և գիտության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը իր խոսքում ասաց. «Ինչո՞ւ թուրքերը հայոց նախճիրն սկսեցին հենց հայ գրողներին սպանելով, որովհետև գրի ու գրականության մեջ է գտնվում ազգի գոյաբանական կոդը, և նրանք այդ կոդը կրող գրողներին վերացրին առաջին հերթին»:
Էդ. Միլիտոնյանն ասաց, որ որպես արձագանք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որպես ներկա և ապագա փորձություններին դիմակայելու և մեր հոգևոր պատվարը զորացնելու ազգային նպատակ, ՀԳՄ-ն 2016 թվականը հայտարարում է գրականության տարի: Ողջ տարվա ընթացքում կյանքի կկոչվեն արդեն իսկ մշակվող բազմաբնույթ ծրագրեր, որոնք մեր ժողովրդի առաջ կբացեն հայ դասական և արդի գեղարվեստական միտքը համաշխարհային մտքի հետ երկխոսելու ուղղությամբ: Սա մեծ ջանքեր, նյութական ու հոգևոր ներդրում պահանջող աշխատանք է, որն այլևս հապաղել չի հանդուրժում:
Դպրոցական հանդիսությանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը, և ՀԳՄ առաջարկությունն արժանացավ նրա ուշադրությանը:
Անմոռաց րոպեներ Ռուբեն Սևակի հետ
