ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱՅԻ «ՍԵՎ» ՆՈԹԱՏԵՏՐԸ

«Լե նուվել դ’Արմենի» պարբերաթերթի
հրատարակչության տնօրեն ԱՐԱ ԹՈՐԱՆՅԱՆԻ
հարցազրույցը Թուրքիայի ժամանակակից պատմության հետազոտող ԴՈՒՅԳՈՒ ԹԱՇԱԼՓԻ հետ

ԱՐԱ ԹՈՐԱՆՅԱՆ – Կարո՞ղ եք ասել՝ ե՞րբ և ինչպե՞ս է ի հայտ եկել այդ նոթատետրը:
ԴՈՒՅԳՈՒ ԹԱՇԱԼՓ – 1916 թ. վերջից ունիոնիստական ղեկավարությունն սկսել է հայերի տեղահանության մասին զեկուցագրեր կազմել: Դեռևս 1916 թ.-ի սեպտեմբերի 24-ին ՆԳ նախարար Թալեաթ փաշան շրջաբերական է հղել բոլոր նահանգները՝ տեղի պատասխանատուներից պահանջելով պատրաստել և իրեն ուղարկել տվյալ տարածաշրջանում մնացած հայերի թվաքանակը: Հաջորդ օրն իսկ առաքած մի այլ հեռագրում Թալեաթը որոշակիացրել է, որ այդ զեկուցագրերը պետք է ճշգրիտ տվյալներ պարունակեն՝ 1. Նահանգում ծնված հայերի, 2. Այլ բնակավայրերից եկած հայերի, 3.Կաթոլիկ ու ավետարանչական լինելու պատճառով չտեղահանված հայերի, 4. Զինվորական ունենալու պատճառով չտեղահանված հայերի, 5. Մահմեդականություն ընդունած լինելու պատճառով չտեղահանված հայերի, 6. Հատուկ արտոնություն ստացած լինելու պատճառով չտեղահանված հայերի մասին:
Ինչպես բացատրում է Թաներ Աքչամը, պատասխանները հաճախ թերի են եղել, որովհետև հիշատակվածներին հաջորդել են Թալեաթ փաշայի բազում այլ հեռագրեր՝ պարտադրելով, որ պակասող տվյալներն ուղարկվեն «իսկույն ևեթ», պահանջվել են այլ տեղեկատվություններ՝ ասենք, բռնագաղթած հայերի ունեցվածքի արժեքի, «դատարկ» տների թվաքանակի, ինչպես նաև այն մասին, թե այդ տներից քանի՞սն են տրամադրված փախստական մահմեդականներին (մուհաջիրներին) և այլն: Այսպիսով, որքան տեղահանվածների քարավանն առաջանում է ու բնաջնջվում, այնքան տեղական պատասխանատուներին տրված հարցերը սերտաճում են՝ «լքված» գույքից հետո ճշգրիտ տվյալներ են պահանջվում հայ որբերի մասին: Նյութերն ստացվելուն պես, Թալեաթ փաշան, ավելի շուտ նրա հրամանով՝ ՆԳ պաշտոնյաները ցուցակներով, գծագրերով, քարտեզներով համադրում են տարբեր նահանգների տեղեկատվությունները: Այս փաստաթղթերն են կազմավորում այն, ինչը կոչվում է Թալեաթ փաշայի «սև» նոթատետրը: Ըստ Թաներ Աքչամի կազմած ժամանակագրության (նույնը ներքին գործերի նախարարության իրար հաջորդող հեռագրերն են վկայում)՝ երբեմն պահանջված տվյալներն ստանալու համար ամիսներ են անհրաժեշտ եղել, որը ենթադրել է տալիս, որ փաստաթղթերը պատրաստվել են 1917 թ.-ի վերջին, ավելի հավանական է՝ 1918 թ.-ի սկզբին:
Ա. Թ. – Ինչպե՞ս և ինչո՞ւ է նոթատետրը հանրությանը հայտնի դարձել:
Դ. Թ. – «Սև» նոթատետրը 2005 թ.-ին հայտնաբերել է Թալեաթ փաշայի այրու թոռնուհին՝ Այսեգյուլ Բաֆրալին, այնպիսի մի տեղում, որը հրապարկվելու համար նախատեսված չէր կարող լինել`տատի ճամպրուկի աստառի` բեռլինյան աքսորի տարիներին քանդված ու վերակարված ներքնամասում: Այսեգյուլ Բաֆրալին պատմել է, որ հիշում է, թե տատը ինչպես է երբեմն-երբեմն պահադարանից հանել ու բացել այդ ճամպրուկը, բայց քանի որ իրեն դատարկ է թվացել, պատճառը չի հասկացել… Այսինքն, Թալեաթ փաշայի այրին՝ Հայրիյի Բաֆրալին մի ծածուկ անկյունում խնամքով պահպանել է այդ փաստաթղթերը: Հետագայում թոռնուհին դրանք տրամադրել է թուրք լրագրող Մուրադ Բարդակչիին, որովհետև վերջինս ցանկացել է Ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ գիրք հրատարակել: Դեռևս 1982 թ.-ին, մահից մի տարի առաջ, Հայրիյի Բաֆրալին այս նույն լրագրողին վստահել է Թալեաթ փաշային առնչվող այլ վկայություններ, մասնավորապես՝ նամակներ ու հեռագրեր: Ինչո՞ւ նրան և ոչ մեկ ուրիշի: Մուրադ Բարդակչին դա բացատրում է ունիոնիստների թոռների հետ ունեցած «բարեկամական» կապերով: Ըստ էության, նա չի էլ թաքցնում իր համակրանքը «Միություն և առաջադիմու­թյուն» կոմիտեի հետնորդների նկատմամբ: Մուրադ Բարդակչին իրեն վստահված որոշ փաստաթղթեր 2005-2006 թթ.-ին, ապրիլ 24-ի հիշատակության կապակցությամբ, տպագրել է «Հուրիեթ» լրագրում: Առաջին իսկ հրապարակման ընթացքում չի թաքցրել, որ ինքն է կատարել վկայությունների վերծանումը, որը և կասկածներ է հարուցել վավերականու­թյան ու անխաթարության նկատմամբ: Նրա հրապարակումները ուղեկցվում էին իր իսկ ժխտողական մեկնաբանություններով, որոնք և ի վերջո արժեզրկեցին վավերա­թղթերն ու նրանց իրական նշանակությունը: Բարդակչին չէր մասնակցում ապրիլ 24-ի հիշատակի արարողություններին, ըստ էու­թյան, հիշատակություններին դեմ դիրքորոշում էր դրսևորում: 2008 թ.-ի դեկտեմբերին, երբ նա ի վերջո որոշեց իր տրամադրության տակ եղած վավերագրերը հրապարակել «Թալեաթ փաշայի թողած փաստաթղթերը» խորագիրը կրող գրքի ձևով, տարակարծության մշուշը չցրվեց: Գրքի նախաբանում հեղինակը մոտավորապես կրկնում է այն, ինչ արդեն ասել է 2005 թ.-ին՝ հայերի դավաճանության, պատերազմական իրադրության, պետության ինքնապաշտպանության իրավականու­թյան, ունիոնիստների հերոսականության և այլնի մասին: Այն տարբերությամբ, որ այս անգամ նա հրապարակում է փաստաթղթերի բնագրերի պատճենները: Բնագրեր, որոնք, սակայն, բոլորովին այլ բան են ասում:
Ա. Թ. – Ըստ Ձեզ՝ փաստաթղթերը վավերակա՞ն են:
Դ. Թ. – Կասեի, որ բովանդակությունը նրանց անխաթարության հանդեպ կասկած չի հարուցում: Ընդ որում, պատմաբաններ Ֆուաթ Դյունդարն ու Թաներ Աքչամը այդ փաստաթղթերը վստահելի համարելու և նույնիսկ որպես սկզբնաղբյուր օգտագործելու համար բնօրինակների հրապարակմանը չեն էլ սպասել: Ֆուաթ Դյունդարը նկատել տալով, որ Բարդակչիի ներկայացրած փաստա­թղթերի տվյալները համընկնում են այլ սկզբնաղբյուրներում տեղ գտած տվյալներին, եզրակացնում է, որ Էզաթ Ուրասի ուսումնասիրությունների ու վարչապետի թղթածրարների հաշվարկների հրապարակումներից հետո դրանք «հայկական հարցի կարևորագույն վկայագրերն են»: Թաներ Աքչամն իր աշխատությունում տեղահանված հայերի թիվը ճշգրտելիս հենվում է հենց Բարդակչիի հրապարակած նյութերի վրա: Վերջապես Արա Սարաֆյանը, ով ձեռնարկել է խնդրո առարկա որոշ վավերագրերի վերլուծումը, դրանք համարում է «անվիճարկելի»` ընդունելով հանդերձ, որ թուրք լրագրողը «աղավաղումներ ու կեղծումներ թույլ տվել է»:
Հենց թեկուզ երկար ժամանակ թաքցված լինելու հանգամանքը, ըստ իս, դրդում են հավատ ընծայել վկայագրերին՝ ներկայացվող տվյալները նախատեսված են եղել նեղ շրջանակի՝ գործնական ու «ժողովրդագրական» կարիքների համար, այսինքն՝ քարոզչական նպատակ չեն հետամտել: Մյուս կողմից էլ, այս վավերագրերը ճիշտ տեղին լրացնում են օսմանյան թղթածրարներում առկա բացը: Խնդիրն այն է, որ հայերի տեղահանությամբ զբաղվող հետազոտողները Թալեաթ փաշայի թղթածրարներում հանդիպում են Ստամբուլից նահանգները հղված բազմաթիվ հեռագրեր, որոնցով տեղի պատասխանատուներից նա պարբերաբար զեկուցագրեր էր պահանջում տեղահանության վերաբերյալ: Այս հեռագրերի պատասխանները պետք է, որ պահպանված լինեին Ընդհանուր ապահովության տնօրինության թղթածրարներում: Սակայն այդ հաստատությունում նման բովանդակությամբ ոչ մի վավերաթուղթ չկա, մինչդեռ Մուրադ Բարդակչիի հրապարակած նյութերը ճշգրտորեն համապատասխանում են Թալեաթի պահանջած տեղեկատվություններին:
Այնուամենայնիվ, ես միանում եմ պրն Սարաֆյանի վարկածին. շատ հավանական է, որ այս հեռագրերը գրաքննվել, անգամ աղավաղվել են: Առաջին «զտումը» կարող էր կատարած լինել վավերագրերը տրամադրած անձը՝ Թալեաթ փաշայի այրու թոռնուհին, Այսեգյուլ Բաֆրալին: Ինքը՝ Բարդակչին էլ է նշում, որ երբ նոթատետրն իրեն են հանձնել, չորս էջ բացակայել է: Որոշ վավերագրեր լրագրողն ինքն է մասնակիորեն հրապարակել, սեփական ընտրությամբ երկար զեկուցագրերի միայն առաջին մասն է ներկայացրել՝ հնարավորություն չտալով ամբողջական վերլուծման: Ավելին, ըստ էության ոչ մի պատմաբան ուղղակի չի առնչվել բնագրերին: Բարդակչին հայտարարել էր, որ իր տրամադրության տակ եղած նյութերը հանձնելու է ռազմական թանգարանին, որպեսզի հետազոտողների տրամադրու­թյան տակ լինեն: Այդ բանը տեղի չի ունեցել: Կա՛մ իշխանություններն են արգելափակել, կա՛մ Բարդակչին, որը հայտնի է որպես «թղթածրարների հավաքամոլ»՝ նախընտրել է իրեն պահել… թերևս 2015 թ.-ի՝ հերթական հրապարակման համար:
Ա. Թ. – Ընդհանրական ի՞նչ բովանդակություն ունի նոթատետրը:
Դ. Թ. – Նոթատետրի բովանդակու­թյունն, ըստ էության, Առաջին աշխարհամարտի ընթացքում «Միություն և առաջադիմություն» կոմիտեի իրականացրած ժողովրդագրական գործառույթների հանրագումարն է. նրա էջերում ճշգրտորեն ու հանգամանորեն ներկայացված են ոչ միայն հայերի բռնագաղթի, այլև հույների՝ Անատոլիայի խորքերը պարտադրված տեղաշարժի, Սիրիայից տեղահանված արաբ ընտանիքների, ռուսների բռնագրավման հետևանքով Արևելքից փախած գաղթականների և այլ շարժընթացներ: Նոթատետրի 58 էջերից 18-ը ուղղակի առնչվում են հայերին: Խոսքը բռնագաղթածների քանակի, տարհանված շրջանների քարտեզի, հայերի վերաբնակեցման, որբերի թվի, ըստ նահանգների դատարկ տների, «գաղթականների» տեղավորման համար ծախսված գումարի, տրամադրված հողերի, լքված ագարակների փոխհատուցման մասին է: Նոթատետրը, սակայն, Մուրադ Բարդակչիի՝ 2008 թ.-ին հրատարակած գրքի առաջին մասն է միայն: Հանգամանքը, որ այն աղմկահարույց կերպով կոչվել է «սև» նոթատետր, անգլերեն՝ «black book», իր վրա առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել: Մինչդեռ գրքի երկրորդ մասը, որը կազմված է Թալեաթի այրու 1982 թ.-ին տրամադրած տարբեր փաստաթղթերից, տեղեկատվության առումով անհամեմատ հարուստ է: Այն ամբողջությամբ առնչվում է հայերին, իր 36 էջերում թերևս ավելի կարևոր, բացահայտող փաստաթղթեր է պարունակում, քան հիշատակված նոթատետրը:
Բարդակչիի գրքում հաջորդաբար տեղ են գտել Թալեաթի՝ 1915 թ.-ի ապրիլի 25-ին նահանգների կառավարիչներին հղած հեռագիրը, «1915 թ.-ի տեղահանության սահմանակարգի» տեքստը, տարբեր ունիոնիստների հետ փոխանակած հեռագրերը, Առաջին աշխարհամարտից անմիջապես հետո աքսորավայրից կնոջն ուղարկած բացիկները, կառավարական ծրագրի աշխատակազմի նախագծի նշումները, որոնք գտնվել են անձնական թղթերի մեջ: Բարդակչին քննարկվող գրքում հրապարակել է նաև Թալեաթ փաշայի այրու հետ մահվանից (1982 թ.-ի հոկտեմբեր) քիչ առաջ ունեցած հարցազրույցի վերծանումը: Վերջապես գիրքն ամբողջանում է բազմաբնույթ լուսանկարներով:
Ա. Թ. – Թալեաթը նման նոթատետր պահելու ի՞նչ շահագրգռություն է ունեցել: Ինչի՞ է այն ծառայել: Նոթատետրը փաշայի հոգեբանության բացահայտումների հանգեցնո՞ւմ է:
Դ. Թ. – Վիճակագրական այդ հաշվարկները, գծագրերը, քարտեզները, բացի տեղեկատվություններից, մի անձնավորություն են ի հայտ բերում, որը շատ է տարբերվում կնոջը սիրային նամակներ, մտերիմներին սրտառուչ խոստովանու­թյուններ հղողից, ինչպիսին ուզում է ներկայացնել Մուրադ Բարդակչին: Այս ա՛յլ անձնավորությունը, ա՛յլ Թալեաթը համառորեն, գրեթե հետևողականորեն հաշվարկում է տարագրված, վերապրած, անհետ կորած հայերի թիվը, նրանց տները, ագարակները, թանկարժեք զարդերը, այգիները, դաշտերը, մրգատու ծառերը, որբերին, որ տարագիրները թողնում էին իրենց ետևում: Վավերաթղթերն ամբողջության մեջ միայն մի՛ բան են ասում՝ Թալեաթ փաշան գիտեր, որ հայերին գրեթե անխուսափելի մահվան է ուղարկում, քանի որ թվաքանակի էր վերածում մահը: Նրա նոթատետրը, ինչպես նաև Մուրադ Բարդակչիի հրապարակած մյուս վավերագրերը, բացահայտում են Թալեաթի, ավելի լայն ընդգրկումով ունիոնիստների նպատակամետ՝ կշռադատված, կանո­նա­կար­գված մտածելակերպը: Նման մտածելակերպն էր, որ հանգեցրեց կայս­­րության հայերի նվազեցմանը՝ ավելա­ց­նելու համար թուրքերի, եթե անգամ թուրք էլ չէին, թրքանալու դատապարտվածների թվաքանակը: Հայերի բռնագաղթեցման, «վերաբնակեցման» տարածքները որոշակիացնող քարտեզները հավաստում են այդ մտայնությունը՝ Թալեաթը գծում էր թուրքական ու մահմեդական, միատարր, միաձույլ, ծագումնաբանական բազմազանությունից ձերբազատված Թուրքիա: Ի վերջո, Մուրադ Բարդակչին, միևնույն գրքում հրապարակելով այս վավերա­թղթերն ու Թալեաթի «մարդկային»՝ սիրային ու ընկերային մտերմիկ նամակները, սոսկ հավաստում է, որ միաժամանակ կարելի է դահիճ ու գորովահույզ ամուսին լինել: Հանգամանք, որը հաստատում է այն, ինչը ցեղասպանագետները բացահայտել են՝ ոճրի պատասխանատուները հոգեգարներ, հրեշներ չէին, սովորական մարդիկ էին:
Ա. Թ. – Դուք ասացիք, որ նոթատետրը հրապարակած Մուրադ Բարդակչին հայկական ցեղասպանությունը ժխտողներից է: Հանրությանը ներկայացրած ի՞նչ փաստարկներ են նրան կարծել տվել, որ պիտի հաստատվի իր համոզմունքը: Եթե նա սխալվել է, ո՞ր դեպքում:
Դ. Թ. – Գրքի հրապարակման մասին ամիսներ առաջ հայտարարել են մեծա­տպաքանակ լրագրերը՝ իբր «հայկական տեսակետը ժխտող» ու հակամարտու­թյան ընթացքը շրջող հաղթաթուղթ: Մինչ­դեռ գիրքն ու հրապարակված վա­վե­րագրերն ընթերցելիս դժվար է հասկանալ, թե Մուրադ Բարդակչին ինչպես կարող էր ենթադրել, որ ներկայացրած փաստաթղթերը կհիմնավորեն ցեղասպանության ժխտման վարկածը: Կարծում եմ՝ նա ոչ թե այդպիսի, անհամեմատ հեռահար նպատակ է հետամտել: Ուզել է ցույց տալ, որ ոչինչ, նույնիսկ Թալեաթի ձեռքով գրված վավերական փաստաթղթերը չեն կարող հավաստել տեղի ունեցածի ցեղասպանություն լինելը: Այն պահից, երբ մարդիկ վճռում են, որ այլևս ոչինչ չի կարող ցեղասպանության ապացույց հանդիսանալ, որ ամեն ինչ հնարավոր է ասպարեզ հանել, Բարդակչին հրապարակում է «զոհի» փաստաթղթերը, որպես երկար ժամանակ ու զուր թաքցված մասունքներ: Ընդ որում, առանց ամաչելու, նույնիսկ որոշակի հպարտությամբ, որովհետև վերջիվերջո լույս տեսած փաստաթղթերը ներկայացնում են այն իրողությունները, որոնք Թուրքիային հնարավորություն են տվել գոյատևել ներկա սահմաններում: Բարդակչին, ահա՛, Թալեաթին ներկայացնում է որպես այդ «մեծագործության» ճարտարապետը:
Ա. Թ. – Նոթատետրը հայերի ցեղա­սպանության ընդունման նոր տվյալներ պարունակո՞ւմ է:
Դ. Թ. – Նոթատետրի կարևորությունը նախ անհատական բնույթն է: Ինչպես Թուրքիայի բոլոր մասնավոր թղթածրարները, այն հանդիսանում է փրկված վավերագիր, որը ազատվել է նախ հենց ունիոնիստների, հետո էլ քեմալական իշխանությունների հետևողական ոչնչացումից: Այնուհետև նրա կարևորությունը չափվում է այն պատասխանատվություններով, որոնք ունեցել է նոթատետրի տերը՝ ներքին գործերի նախարար, ապա և մեծ վեզիր Թալեաթ փաշան՝ իր անսահմանափակ իշխանությամբ, «Միություն և առաջադիմություն» կոմիտեի առաջնորդի իր դիրքով: Ըստ էության նոթատետրը նոր տվյալներ չի պարունակում: Ավելի ճշգրիտ՝ չի հաղորդում այնպիսի փաստ, որ մենք չիմանայինք: Այնուամենայնիվ, նոթատետրում պահպանված տեղահանության թվերն անհամեմատ մեծ են, քան Թուրքիայում մինչև հիմա պնդվող պաշտոնական թվերը՝ այն դեպքում, երբ դրանք շրջանառության մեջ է դրել հենց ինքը՝ Թալեաթը, որ նույնն է՝ պետությունը: Նոթատետրը բացահայտում է վարչարարական վերահսկողության բնույթը, որ օսմանյան իշխանությունները գործադրում էին հայերի, ստացված տեղեկատվության վրա:Այլ կերպ ասած՝ մենք գտնվում ենք ցեղասպանության համապատկերին դեմ հանդիման, բայց դիտված պետության տեսադաշտից: Հենց սա է ըստ էության նորն ու կարևորը, քանի որ պետական վերահսկողությունն ինքնին վերածվել է ցեղասպանության վկայու­թյան բաղադրատարրի: Փաստն ակնհայտ է՝ կառավարությունն ամեն ինչին ամեն մանրամասներով իրազեկ է եղել:
Ա. Թ. – Կարո՞ղ եք հայերին առնչվող մի քանի էական թվեր հիշատակել: Որո՞նք են Ձեր կարծիքով ամենակարևոր վկայությունները:
Դ. Թ. – Հրապարակված վկայություններից առավել ուշադրություն կարող է գրավել «Տարագրված հայերի թվաքանակը» ցուցակը: Ըստ այս վավերագրի՝ այդ թիվը հասել է 924 158-ի: Սակայն, ինչպես նկատել են Թաներ Աքչամն ու Արա Սարաֆյանը, տվյալ փաստաթղթում տեղ են գտել միայն տասնութ նահանգների ու գավառների տվյալներ: Տասներեք նահանգներ ու ենթաշրջաններ (Ստամբուլը, Էդիրնեն, Այդընը, Կաստամոնուն, Սիրիան (մասամբ), Անթալիան, Բիգան, Էսկիշեհիրը, Իչելին, Քյոթահիան, Մենտեսեն, Քաթալքան ու Ուրֆան), որոնց հայ ազգաբնակչությունը հայտնի է, որ նույնպես տեղահանվել է, ցուցակում տեղ չեն գտել: Հավելելով այս՝ ցուցակում պակասող բնակավայրերից տեղահանված հայերին, Աքչամը կարողացել է պնդել, որ մեկ միլիոնից ավելի հայեր են բռնագաղթել: Թալեաթ փաշայի ցուցակի բնագիր օրինակի տողատակում նույնիսկ նշված է, որ վերջնական թիվն ապահովելու համար նախնական քանակին պետք է 30% հավելել: Այս հանձնարարականը նկատի ունենալու դեպքում մենք Առնոլդ Թոյնբիի առաջադրածից անհամեմատ մեծ թիվ ենք ստանում:
Մի այլ փաստաթուղթ, որ ինձ կարևոր է թվում, «Հայերի դատարկ թողած տների» ցուցակն է: Այս վկայագրում տեղ են գտել որոշ վիլայեթներ, որոնք վերը հիշատակված փաստաթղթում պակասում էին՝ Էդիրնեն, Ուրֆան ու Էսկիշեհիրը: Ուստի պետք է հետևեցնել, որ թվարկված բնակավայրերից նույնպես հայերի են տարագրել, քանի որ «լքված» տներ են ի հայտ եկել: Բացի դրանից՝ համադրելով բռնագաղթած հայերի ու դատարկ տների քանակը, ստանում ենք տարագրվածների խիստ անհավասար ու հիմնականում շատ մեծ թիվ, հատկապես եթե, ինչպես Արա Սարաֆյանը, նկատի ունենանք, որ Թալեաթ փաշայի վավերաթղթում ներառնված չեն կաթոլիկ ու ավետարանչական բռնագաղթողները: Բացատրությունը պարզ է ու էական՝ այս թվերը, ինչպես հավաստում է ցուցակի խորագիրը, վերաբերում են միմիայն դատարկ տներին: Որը և առիթ է տալիս ենթադրելու, որ երբ հաշվարկը կատարվել է, հայերի «լքած» տների մի մասը նոր, անկոչ բնակիչներ են զբաղեցրել:
«Հայ որբերը» խորագրված փաստաթուղթը ներառնում է 16 նահանգ ու գավառ, յուրաքանչյուրի որբերը բաժանված են երկու մասի՝ տեղի մահմեդականներին «տրվածների» ու «անծնող մնացածների», այսինքն՝ մանկատներում պատսպարվածների: Նահանգների ցուցակը չափազանց թերի է: Նախ չկա ընդհանուր հանրագումար, որ առկա է Թալեաթի մյուս ցուցակների մեծ մասում: Կա՛մ տեղեկատվության պակասի պատճառով հաշվարկը չի ամբողջացել, կա՛մ էլ Բարդակչին շարունակությունը չի հրապարակել: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Հալեպում ու Զորում, որտեղ հասկանալի պատճառով ամենաշատ հայ որբերն էին կուտակվել, ունիոնիստական պաշտոնյաները նախընտրել են նրանց ոչ թե ընտանիքների վստահել, այլ՝ կա՛մ տեղավորել որբանոցներում, կա՛մ էլ հետ՝ Անատոլիա քշել: Նպատակը հասկանալի է՝ ամեն ինչ արել են, որ հայերը համախումբ չապրեն: Ներքին Անատոլիան նրանց տարտղնելու համար չափազանց հարմար է եղել: Այսպիսով, հիշատակվող փաստաթուղթը, հաշվարկային անկատարությամբ հանդերձ, վկայում է հայ որբերին ցրելու ու ձուլելու միտումը:
Վերջապես անդրադառնամ «Հայ ազգաբնակչության ընդհանուր հաշվարկը տեղահանությունից հետո» ցուցակին: Ըստ այդ փաստաթղթի՝ բռնագաղթից առաջ Օսմանյան կայսրությունում ապրել է 1 617 200 hայ, բռնագաղթից հետո՝ 370 000: Այս տվյալների վրա հիմնված հաշվարկը բացահայտում է, որ տեղահանության ընթացքում մոտ 1 247 200 hայ կամ Օսմանյան կայսրության 1914 թ.-ի հայ ազգաբնակչության 77%-ը բնաջնջվել է: Նահանգների մեծ մասում հայ ազգա­բնակչության բացարձակ մեծամասնու­թյունը վերացել է՝ Կարեսի՝ 77 %, Նիգդե՝ 79%, Կայսերի՝ 86%, Իզմիթ՝ 93%, Սվազ՝ 94%, Նյուդավենդիջար` 95%:
Ա. Թ. – Ի՞նչ հակազդեցություն ունեցավ նոթատետրը Թուրքիայում:
Դ. Թ. – Նախ, Մուրադ Բարդակչիի հանդգնությունը տագնապի ու խուճապի մատնեց ցեղասպանությունը ժխտող պատմաբաններին: Ահաբեկվելով տեղահանված հայերի թվի մեծացումից ու հատկապես նոր փաստաթղթերի հայտնությունից,- քանի որ «պաշտոնական» պատմաբանները մոտ հարյուր տարի հենվել էին փաստագրական գրեթե անփոփոխ, նույն նյութի վրա,- նրանք փորձեցին հասարակության ուշադրությունը շեղել գրքից ու վարկաբեկել Բարդակչիին: Գրաքննչությունն էլ իր գործն արեց: Դեռևս 2005 թ.-ին փաստաթղթերի հրապարակումը «Հուրիեթում» ընդհատվեց, քանի որ Բարդակչին երկօրյա «մտմտումներից» հետո հայտնեց, որ կհրապարակի «հայկական շինությունների ցուցակները»… Նույնը 2008 թ.-ի դեկտեմբերին, երբ գիրքը լույս տեսավ, հեռակապային պատվերները զրոյացվեցին, գիրքը վաճառքից հանվեց, վերատպվեց, շուկայում հայտնվեց մեկ ամիս անց՝ 2009 թ.-ի հունվարին: Բարդակչին ինքն է խոստովանում, որ գրքի վերջում տեղ գտած՝ Թալեաթ փաշայի այրու հարցազրույցից «որոշ պարբերություններ օրենքից բխող պատճառներով հանվել են»:
Գրքի ներազդեցությունը բացահայտելու համար, իմ գիտական ուսումնասիրության շրջանակներում, ես սկսեցի հետևել մամուլի հրապարակումներին ու ապշեցի արձագանքների շփոթից ու հակասականությունից, որոնք ինչ-որ տեղ, իհարկե, հենց գրքից էին բխում: Մե՛րթ ծափահարվելով, մե՛րթ փնովվելով՝ համենայն դեպս գիրքը շարժեց հասարակական կարծիքը: Ու չնայած թուրք լրագրողները երկար վիճարկում էին փաստաթղթերի բովանդակությունը՝ հատկապես բռնագաղթած հայերի թվաքանակի աճը, բացի Ֆուաթ Դյունդարից, Այշե Հուրից ու Թաներ Աքչամից, շատ քիչ պատմաբաններ հետաքրքրվեցին նոր վավերագրերով: Նկատի ունենալով որոշ ցուցակների կարևորությունը՝ կարելի է ցավել, որ դրանք լրագրական իրարանցում հարուցեցին, ոչ պատմագիտական:
Հասարակական մակարդակով էլ ես չեմ կարծում, որ գիրքն առանձնակի ազդեցություն ունեցավ: Հրանտ Դինքի բռնասպանությունից երկու տարի անց Թուրքիայում տեղաշարժ է սկսվել: Այդ ողբերգական իրադարձությունն ինքնին վկայեց այն փոփոխությունն ու միաժամանակ բռնությունը, որով թուրք հասարակությունը սկսում է անդրադառնալ երկար ժամանակ անտեսած իր անցյալին: Բարդակչիի գիրքը պետք է դիտարկել հիշողության վերականգնման, տաբուի խզման այս ենթատեքստում… Սակայն, խնդրին հակառակ կողմից մոտենալով, չպետք է մոռանալ, որ Բարդակչին Թալեաթին միաժամանակ ներկայացնում է որպես պետության հիմնարար հայր, կոչ է անում որպես այդպիսին մեծարել, միաժամանակ համարել հայի գնդակին զոհ դարձած նահատակ: Հենց այն պահին, երբ մոտ 30 000 հոգի Թուրքիայում ներում են խնդրում հայերից, Բարդակչին, ընդհակառակը, պահանջում է ներողություն հայցել Թալեաթ փաշայի սպանության համար:
Ա. Թ. – Ի՞նչ կարող եք ասել թուրք պատմագիտության՝ հայերի ցեղասպանության նկատմամբ դիրքորոշման փոփոխության մասին:
Դ. Թ. – Ինձ թվում է՝ թուրքական ցեղասպանագիտությունը, օգտագործվող աղբյուրներին ու մեթոդներին զուգընթաց, վերափոխվում է: Համապատասխան թղթա­ծրարներն անմատչելի լինելու պատճառով հետազոտողները ավելի ու ավելի են սահմանափակվում հասարակության ստորին շերտերով, տեղական մակարդակով դերակատարում ունեցածների պատմու­թյուններով, վկայություններով, բանավոր հիշողությամբ: Նորությունը նաև այն է, որ այլևս ոչ ոք վկայություն չի փնտրում: Ցեղասպանությունն այժմ արդեն ապացուցման կարիք չունի: Այժմ կարևորը հասկանալն ու բացատրելն է, ինչը, թերևս, անհամեմատ դժվար է:

Թարգմանությունը՝
Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։