ՊԱՏՄԱԲԱՆՆ ԱՆԿԱՐՈՂ է ՑԱՎԸ ԹԱՐԳՄԱՆԵԼ / Սամվել Կոսյան

Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, ըստ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի. «Հայաստանը պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղից»: Երկրի վարչապետ Դավութօղլին էլ ձայնակցում է. «Եթե հայերը թեկուզ մեկ շրջան հանձնեին, սահմանը կարող էր բացվել»: Իսկապես, «կոշտը նստել, քարի դարդն է լացում» կամ «եղունգ ունես, սեփական գլուխդ քորիր»: Նույն Դավութօղլին հավելել է, իբր. «Հայկական սփյուռքը մեզ համար թշնամի չէ, այն մերն է: Նրանք այստեղից են գնացել: Նրանք պետք է ոչ թե դրսում, այլ ներսում լինեին»: Թուրքերի տրամաբանությանը հետևելով, եթե Թուրքիան համաձայներ Արևմտյան Հայաստանի գոնե երկու վիլայեթ վերադարձնել, հայերն անպայմանորեն կվերադառնային և հնարավոր է՝ ազատեին թուրքերին իրենց անցյալին առերեսվելու մղձավանջային պարտադրանքից: Սակայն ինչ-որ բան զիջելը կամ վերադարձնելը հակասում է թուրքերի ուրագի հոգեբանությանը: Այս պարագայում պարզապես ֆանտազիայի ժանրից է Դավութօղլիի հուզախառն խոստովանությունը, երբ չի ասվում, թե ինչպես է եղել, որ «իրենցը» հայտնվել է դրսում, և ինչու այդ մասին անգամ շշուկը դատապարտելի է այդ երկրում: Թուրքական Radikal պարբերականի թուրք հոդվածագիրը նշում է, որ «ցեղասպանության հարցը Թուրքիայում տաբուի է վերածվել, և այդ հարցի վերաբերյալ կառավարության հայտարարությունները ցեղասպանության ժխտումն ամրապնդելուց բացի, ոչինչ չեն անում»: Այսօր, շատերի կարծիքով, սառույցը փոքր-ինչ շարժվել է, սակայն ակնհայտորեն ոչ թե ցեղասպանության փաստն ընդունելու, այլ 1915 թ. դեպքերը այլ շրջանակի մեջ տեսնելու և ներկայացնելու անառարկելի դիտավորությամբ, որի խորքային բովանդակությունը նույն ժխտողականությունն է: Թեև Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի կարծիքով՝ «Թուրքիան պատրաստ է անցյալում տեղի ունեցած այդ ցավերը բոլոր կողմերով ի ցույց դնել և առերեսվել դրանց հետևանքներին», անթաքույց է, որ իրենց ժխտողական քաղաքականությանը հավատարիմ, փորձել և փորձելու են մշտական կասկածանքներով աղավաղել դեպքերի իսկությունը, դրանց եղելությունը հաստատող «բացահայտումների» համար կարևորելով գիտնականների և պատմաբանների աշխատանքը: Այս առումով նույն Radikal-ը նշում է, որ իր վերջին ելույթում նախագահ Էրդողանը կրկին խոսել է ցեղասպանության հարցը պատմաբաններին թողնելու անհրաժեշտության մասին: Պարբերականն այնուհետև հավելել է. «Նրա` պետական արխիվները բացելու խոսքերն էլ ամենևին համոզիչ չեն, քանի որ այս հողերում ապրածները գիտեն` ռազմական դատախազության արխիվից ցեղասպանության մասին մեկ փաստաթուղթ անգամ ստանալն անհնարին է»: Բացահայտ է, որ ցեղասպանության ժխտման խաղաթղթերի արժեզրկման պարագայում, թուրքերի համար որպես վերջին հույս կամ հաղթաթուղթ է դառնում պատմաբանների հանձնաժողովի գոյությունը, անգամ իր խնդրահարույց նշանակությամբ, քանի որ մինչ այժմ 1915-ի բոլոր դեպքերի հավաստիությունը պատմաբանները չէ, որ տեղեկացրել են: Եվ բոլոր այն երկրները, որոնք ճանաչել և դատապարտել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, բնավ էլ պատմաբանների «ուսումնասիրությունները» չեն շրջառել:
Թուրք ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին իր ֆիլմը վերնագրել է «Սպի», չգիտակցելով ամենակարևորը, որ թուրքերը մինչև չապաշխարեն, չկարողանան իրենց անցյալի ճիշտ գնահատականը գտնել, հայոց ցավը բորբոք է մնալու, հայոց վերքը չի հասցնելու սպիանալ: Ամենամեծ ցանկության դեպքում իսկ պատմաբաններն անկարող են այդ ցավի թարգմանիչը լինել, ցավի, որ հայերի համար ժառանգական է դարձել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։