ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ
ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ – Ի՞նչ է արժանի հիշվելու 75-ամյա Ձեր բարձունքից:
ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ – Հրանտ Մաթևոսյան մարդն ու նրա արձակը: Մինչ կկազմեիր ասելիքդ, ինքը ձևակերպում-ասում էր: Ուրեմն քեզանից առաջ մտածել էր քո կակազելիքը: Հայերեն էլ լավ գիտեր: Շատ բարի մարդ էր: Նախագահի իր սենյակում էինք, ուշ աշուն էր, օրվա վերջ: Ինքը թե` «Գնանք Զանգվի ձոր՝ կոնյակ խմենք»: Հագավ իր երկար թիկնոցը, կեպին դրեց: Շենքից դուրս էինք եկել, մեկ էլ շանթահարի պես կանգնեց. «Ֆել, հիմա կգամ»: Մեր ընկերը միայնակ մայր էր պահում: Հրանտը ամեն ուրբաթ նրա դարակը փող էր դնում: Այդ օրը ուրբաթ էր, իսկ ինքը մոռացել էր:
Հիշելու արժանի շատ բան կա, տեղը չի:
Կ. Խ. – Մտերիմ բացականերից ո՞ւմ հետ է շարունակվում երկխոսությունը:
Ֆ. Մ. – Մտերիմ բացականերից խոսում եմ Հրանտի ու Համոյի հետ: Ի դեպ, Սահյանը սևանում ու լալկվում էր, երբ սեղանին «օտար» մարդ էր լինում: Եթե խոսում էլ էր, խոսքը կոշտանում-կոպտանում էր: Հայհոյում էր նույնիսկ: Հայհոյելու մասին մի դրվագ պատմեմ: Բաքվեցի բանաստեղծ և թարգմանիչ Վրույր Բալասանը, որ «Լիտերատուրնայա Արմենիայում» էր աշխատում և Տեխնիկայի տանը օղի խմում Աբիգ Ավագյանի հետ, եկավ մեր խմբագրություն: Այն ժամանակ Համո Սահյանի «Գրական թերթը» ՀԳՄ առաջին հարկում էր: Բալասանը թե` «Համո, հետևիցս չհայհոյես»: Խեղճը մի կես ժամ էլ մնաց, որ աննկատ, սուսուփուս հեռանա: Սահյանի գլխին մարդիկ հավաքվեցին: Սահակիչը քաչալն էր մաժմժում: Երբ Բալասանի հետևից փակվեց դուռը, Սահյանը գլուխը բարձրացրեց. «Ես քու…»: Եվ հայհոյեց:
Մատվեևիչի` Ալեքսան Կիրակոսյանի հետ առայժմ չեմ զրուցում: Չեմ համարձակվում երևի: Մի առիթով ասաց. «Գազի Թաթարյանի նման մի տասը հոգի ունենայինք` Հայաստանը չէինք տա թուրքին»:
Իր նման մի քանիսն էլ լիներ` էլի չէինք տա…
Կ. Խ. – Որոնք են Ձեր չափանիշները, որոնցով գրողին տարբերում եք գրամոլից:
Ֆ. Մ. – Ընդունենք, որ 3 միլիոն ենք, ուրեմն 400 գրո՞ղ պիտի ունենանք: Շատ չեղա՞վ: 5-10-ը հերիք չե՞ն: Ամբողջ հայոց պատմության մեջ, ներառյալ առասպելական ժամանակները, 400 գրող կարո՞ղ ենք հաշվել: Սա ի՜նչ հարաճուն վերելք է: Իսկ քանի՞ գրող պիտի ունենան Չինաստանն ու Հնդկաստանը: Ինչո՞ւ ենք գրողին վերածում քվեի: Թող գնան իրենց տները, տեսնենք գրելո՞ւ են, թե՞ օգնելու են իրենց կանանց՝ բլիթ կամ տորթ թխելու-իրացնելու:
Նորմալ գրական ընթացք է` արձակը մի քիչ առաջ ընկած… Երբ լուծված կլինեն կազմակերպական հարցերը, չեն լինի այլևս այս բազմաբնույթ մրցանակները (մանավանդ` կոռուպցիայի դեմ պոեզիայի մրցանակը), սփյուռքցին չի գա այստեղ համաժողովի` իր խոսքը զեղելու առ Մայր հայրենիք, երբ ինքնասիրահարված տիկինը չի հավակնի Շեքսպիրի կամ Տոլստոյի տեղին, ես էլ Ռուբեն Հովսեփյանի չափանիշով չեմ չափի Նորայր Ադալյանի վաստակը, այն ժամանակ կխոսենք գրական չափանիշներից: Առայժմ ասեմ միայն, որ յուրաքանչյուր գրող իր չափանիշն ունի (ես էլ չափանիշ ունեմ` իմ հավանել-չհավանելը), և չի կարելի, ասենք, Համո Սահյանի չափանիշով մոտենալ մյուսների բանաստեղծությանը: Իսկ գրամոլների ու ներկարարների մատակարարն ենք մենք՝ ժառանգներս, կոշկակարներս, թոշակառու հաշվապահներս ու «գույն բռնողներս»: Այսինքն թե՝ հայ կայտառ հասարակությունը, այսինքն թե՝ գրամոլությունը ինքնաբավարարություն է: Քննադատը մեղք չունի:
Հրանտ Մաթևոսյանը հեգնում էր. «Շատ էլ լավ իշխանություն է, ժողովուրդն է խանգարում»: Չեմ ուզում նույն սխեման բանեցնել, առավել ևս` հեգնել, մանավանդ, որ ժողովուրդն այսօր ավելի է «խանգարում»: Այսինքն թե` գրականության վիճակը շատ էլ լավ է, իսկ քննադատության վիճակը` վատ, կամ չունենք ընդհանրապես: Դուք սա եք ակնկալում, ուզում եք, որ սա ասեմ: Չեմ ասելու:
Ախր, գրողի մեջ քննադատ կա կամ պետք է լինի: Դուք գրեք, ինչո՞ւ չեք գրում, ի՞նչն է խանգարում: Նույն քուրսու ժողովուրդն ենք (հավի-ձվի պատմությունը չսարքենք), ինչո՞ւ չենք ասում` հեքիաթասացը քնեցրել է և՛ գրողին, և՛ քննադատին:
Քննադատ չկա, իսկ քննադատական միտք կա՞…
Կ. Խ. – Հաջորդ 75-ամյակում ի՞նչը կդառնա Ձեզ համար կարևոր ու ի՞նչը մոռացության կտրվի և ինչո՞ւ:
Ֆ. Մ. – Անիծո՞ւմ եք, ի՞նչ երկրորդ 75-ամյակ: Ժամանակին որ զոհվեի (գոնե ավտոմեքենայի տակ ընկնեի), հիմա չէի մեռնի: Երբ մարմինդ բեռ է դառնում վրադ` պիտի մեռնես (ո՞վ է հնարել` երջանիկ ծերություն…): Չեմ ուզում թթվել կնոջս, երեխաներիս, հարսիս, ազգականներիս ու ընկերներիս վրա:
Հետգրության փոխարեն – Ընդունված «շնորհակալություն հարցազրույցի համար»-ի փոխարեն խոստացա՝ առաջիկա 2-3 ամիսներին «Գ.Թ.»-ի համար հոդված կամ խոսք գրել (ստիպելու պես) չեմ խնդրի: Իմ շատ սիրելի հոբելյարը ժպտաց իր մելոյանական ժպիտով, ու հոգիս ջերմացավ: