Ի շահ գրականության զարգացման

Գրողների միություն
Դեկտեմբերի 16-ին ՀԳՄ «Բանավեճի ակումբի» հերթական նիստը նվիրված էր գրականության գնահատության չափանիշների քննարկմանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀԳՄ-ում տեղի ունեցած խորհրդակցությունների և քննարկումների, այդ թվում` ժամանակակից հայ արձակին ու պոեզիային նվիրված լիանիստերի արդյունքում որոշակի չափանիշներ են ներկայացվել, որոնց հիման վրա գնահատվել են տարբեր սերունդների գրողների գործերը: Ըստ նրա` գրականագիտության մեջ որոշակիացած չափանիշների սանդղակներ կան` լեզու, մտածողություն, թեմատիկա, ինքնատիպության դրսևորում, պատկերի կառուցում, ռիթմ և այլն, որոնք դառնում են չափանիշների ամբողջություն, և գրականագետը ամեն անգամ նոր գիրք կարդալիս այդ սանդղակներով է անցկացնում տվյալ գիրքը: Նա անդրադարձավ գրական մթնոլորտում առկա տգեղ երևույթին, երբ գրական գործի վերլուծության, առողջ քննադատության փոխարեն գրողը նախընտրում է գովեստ լսել:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը չափանիշ ասելով առանձնացրեց երեք երևույթ: Առաջինը, ըստ նրա, գրական արդի գործընթացի վերլուծությունն է ըստ սեռերի ու ժանրերի` նախանշելով ուղղությունները և շեշտադրումներ անելով: Երկրորդ` այդ գործընթացի դիտարկումը համաշխարհային գրականության զարգացումների ֆոնի վրա: Եվ երրորդ, այսպես կոչված, ուղղաձիգ վերլուծությունը` նշելով, թե ինչ խորքերի է հասել տվյալ հեղինակը որոշակի ուղղության մեջ, ասինքն` տվյալ հեղինակի տեղի ճշտումը գրական ընթացքի մեջ: «Բարձրագույն չափանիշը պիտի լինի, որ դրա կողքին մյուսները իրենց պատկերը տեսնեն»,- ասաց նա:
Նորայր Ադալյանը նշեց, որ գրականության չափանիշները սերտորեն առնչված են հասարակական կյանքի չափանիշների հետ, որոնք այսօր խախտված են: «Անհանդուրժողականությունը խանգարում է գրական ազնիվ չափանիշների շրջանառությանը»,- ասաց նա և հավելեց, որ կան երևույթներ, որոնցից պետք է հրաժարվել, մինչդեռ կան նաև ավանդույթներ, որոնք այսօր շատ կարևոր են և՛ արձակում, և՛ պոեզիայում, և՛ դրամատուրգիայում, և՛ քննադատության մեջ: Ն.Ադալյանն իր դժգոհությունը հայտնեց գրքերի շնորհանդեսների վերաբերյալ, որտեղ մեծ մասամբ գովեստի խոսքեր են ասվում:
Ռուբեն Հովսեփյանը առաջարկեց անհատականությունից գնալ դեպի ընդհանրացում: «Մինչև այս անհատականացումը չլինի, չվերլուծենք, ընդհանրացման չենք կարող հասնել»,- ասաց նա: Ռ. Հովսեփյանը նշեց, որ քննադատ-գրականագետների 60-ականների սերունդը (Ս. Աղաբաբյան, Հ. Թամրազյան, Էդ. Ջրբաշյան և ուրիշներ) ճիշտ գծի վրա էր, նրանց թիկունքը դասական գրականությունն էր, հայացքը` դեպի ժամանակակիցները, այսինքն` դասականով պատրաստ` անցում էին անում դեպի ժամանակակից գրականությունը: Այնինչ, ըստ նրա, այսօրվա գրականագետների կապը շատ թույլ է իրենցից ավագների հետ: Նրա համոզմամբ` գրականագետը պետք է երկխոսության մեջ մտնի ժամանակակից գրողի հետ: Միայն այդ կերպ կարելի է հասնել նպատակին:
Ալիս Հովհաննիսյանը, գրականության ողջ համապատկերը ներկայացնելու համար, հետագա լիանիստերում առաջարկեց նախատեսել մի քանի զեկուցում: Նա կարևորեց, մասնավորապես, հետանկախացման շրջանի գրական նոր իրողությունների վերլուծությունը:
Արևշատ Ավագյանը ևս ընդգծեց, որ հասարակության և գրական շրջանակներում ընտրվել, առանձնացվել ու շարունակաբար խոսվել է մի քանի գրողների մասին: «Գրականագետները լոկ անուններ են թվարկել, խորությամբ չի ուսումնասիրվել տվյալ ժամանակաշրջանը, այնինչ բոլորն էլ լուրջ ուսումնասիրման կարիք ունեն»,- ասաց նա: Նրա հավաստմամբ` չափանիշները բխում են տվյալ ժամանակից, պայմանավորված են այդ ժամանակի հատկանիշներով:
Ըստ Լևոն Մութաֆյանի` կազմակերպված լիանիստերը, գիտաժողովները մի նպատակ ունեն` ձևավորել գեղարվեստական-գեղագիտական հայացք, վերաբերմունք: Նա առաջնային համարեց գրական քննադատության և գրականության կապի խնդիրը, քանի որ գրական քննադատությունը չի ձևավորում գրականություն, բայց ձևավորում է վերաբերմունք գրականության նկատմամբ, միևնույն ժամանակ գրական քննադատությունը դառնում է միջնորդ ընթերցողի և գրականության միջև: Ուրեմն և` գրական ընթացքի բազմազանությունը, բազմաշերտությունը, ներքին էվոլյուցիան պիտի դառնան գրական քննադատության հետազոտման նյութ: Այդ առումով նա կարևոր համարեց վերականգնել գրքերի քննարկումների ավանդույթը, և քանի որ այսօր բուն հասարակության մեջ խախտված է գրականության չափանիշային ընկալումը, կարողանալ ընթերցողին ներկայացնել մեր գրականությունը, գրողին: Շանթ Մկրտչյանի կարծիքով` գրականագիտությունը խառնվել է մշակութաբանության հետ: Այնինչ այն ունի մեթոդներ, որոնցով կարելի է առաջնորդվել ընդհանուր գործընթացը ներկայացնելու համար: Գրականության գնահատության չափանիշների վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին նաև Կարինե Խոդիկյանը, Նառա Վարդանյանը, Ամալյա Ալեքսանյանը, Ղուկաս Սիրունյանը, Ռայա Խասապետյանը:
Ընդհանուր առմամբ, քննարկման բոլոր մասնակիցները կարևորեցին խստապահանջությունն ու բարձր չափանիշների կիրառումը գրական ընթացքի, յուրաքանչյուր գրողի գրքի կամ ստեղծագործության գնահատության գործում` ի շահ արդի գրականության զարգացման:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։