Հուլիսի 6-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցած ՀԳՄ նախագահության հերթական նիստը նվիրված էր ՀԳՄ նախագահի՝ 2023թ. հունվարից հուլիս ժամանակահատվածում ՀԳՄ կատարած աշխատանքների հաշվետվությանը:
Բացելով նիստը՝ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի առաջարկությամբ նախագահության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին կես տարվա ընթացքում կյանքից հեռացած ՀԳՄ անդամների հիշատակը:
Այնուհետև Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց կես տարվա ընթացքում ՀԳՄ-ի կատարած աշխատանքները՝
– ավանդական միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օր, Մանկական գրքի շաբաթ, հիշատակի օրեր, տոնահանդեսներ (այս միջոցառումները ՀԳՄ-ն կազմակերպել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության, թաղապետարանների, ՀԳՄ մարզային բաժանմունքների, մարզպետարանների հետ համատեղ),
– գրքերի շնորհանդեսներ (25 գիրք),
– գրողների հոբելյաններին նվիրված գրական հանդիսություններ, մրցանակների հանձնում գրողներին, գրական տարատեսակ հանդիպումներ ՀԳՄ Կլոր սրահում և Մեծ դահլիճում, ինչպես նաև տարբեր վայրերում և մարզերում՝ ՀԳՄ նախագահի և ՀԳՄ քարտուղարի մասնակցությամբ (50-ից ավելի միջոցառումներ),
– ՀԳՄ մարզային բաժանմունքներում կազմակերպված միջոցառումներ:
Թեև շրջափակված Արցախի հետ ՀԳՄ-ի կապն անմիջական չի եղել, սակայն եղել են հանդիպումներ Հայաստանում առժամանակ հանգրվանած արցախցի գրողների հետ, ՀԳՄ-ն կազմակերպել է նաև նրանց հանգիստը: Միաժամանակ տպագրվել են արցախցի յոթ գրողների գրքեր (տեղի է ունեցել շնորհանդես), իսկ արցախցի դպրոցականների համար հրատարակվել է «Պապ ու տատի թոռները» գիրքը, որտեղ ընդգրկվել են արցախցի գրողների ստեղծագործություններ:
– Միջազգային «Գրական կամուրջներ»-ի շրջանակում ՀԳՄ-ում կայացել են հանդիպումներ սփյուռքահայ և արտերկրից ժամանած գրողների հետ, տեղի են ունեցել գրքերի շնորհանդեսներ: Հիշատակելի է Տրայան Պոպ Տրայանի (Գերմանիա) «Շրջանցիկ ճանապարհ» գրքի թարգմանությունը, հրատարակումն ու շնորհանդեսը: ՀԳՄ-ում եղել են հանդիպումներ Պեյո Յավորովի տուն-թանգարանի տնօրեն Թեոդոր Իվանովի հետ (Բուլղարիա) և ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպան Գեորգի Շարվաշիձեի հետ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ գրականության հանդեպ հասարակության վերաբերմունքն արթնացնելու, հայ դասական և ժամանակակից գրականությունը լայն հանրությանը ներկայացնելու նպատակով 2023 թ. հունվարին ՀԳՄ-ն ստեղծել է ասմունքի թատրոն (գեղ. ղեկ.՝ ՀՀ վաստակավոր դերասան Սամվել Բաղինյան), որի ծրագրերում ներառված են հայ ժամանակակից և դասական գրողների ստեղծագործություններ, և թատրոնը ասմունքով պարբերաբար հանդես է գալիս ՀԳՄ-ում, «Նարեկացի» արվեստի միությունում, հայաստանյան բուհերում, ՊՆ զորամասերում, Հայաստանի տարբեր մարզերում:
Ինչ վերաբերում է ՀԳՄ-ի ավանդական մրցանակներին, Էդ. Միլիտոնյանը հավելեց, որ այս կիսամյակում ավելացել են նաև «Մարդ Աստծո» («Մեծն Ներսես» բարեգործական հիմնադրամի սահմանած), Վազգեն Սարգսյանի անվան (ԵԿՄ և ՀԳՄ համատեղ), Ռուսաստանի հայերի միության և Համահայկական գրական հիմնադրամի մրցանակները, որոնք այսուհետ դառնալու են ավանդական: Հայտարարվել է «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողներ» գրական մրցանակաբաշխություն:
Վեց ամսվա ընթացքում ՀԳՄ կատարած առավել նշանակալի աշխատանքներից է ՀՀ նախագահի, ՀՀ պետական, «Ոսկե եղեգն» պետական մրցանակների արժանացած հայ գրողների լուսանկարների տեղադրումը ՀԳՄ ճեմասրահների պատերին, ինչպես նաև պատրաստվում է հայ դասական, ժամանակակից, արևմտահայ և սփյուռքահայ գրողների լուսանկարների տեղադրումը:
ՀԳՄ նախագահը նշեց, որ ՀԳՄ-ն պարբերաբար լուծել է գրողների սոցիալական հարցերը: 2024 թ.-ի հունվարից 70-75 տարեկան ՀԳՄ անդամները կմուծեն կես անդամավճար (75-ից բարձրը չի մուծում): Գրական մամուլը հրատարակվել է պարբերաբար ու ժամանակին: Գրողների ստեղծագործական տունը Ծաղկաձորում ընդունել է գրողներին: Պատրաստվում են ՀԳՄ ամենամսյա միջոցառումների մասին հաղորդումներ, որոնք կտեղադրվեն ՀԳՄ կայքում և ՀԳՄ ֆեյսբուքյան էջում:
ՀԳՄ նախագահը տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերից ՀԳՄ-ն վերականգնելու է գրողների հոբելյաններին նվիրված «21-րդ դար» մատենաշարի գրքերի տպագրությունը, որն ընդհատվել էր աշխարհին պատուհասած քովիդի և 44-օրյա պատերազմի պատճառով: Տպագրվելու են հոբելյար գրողների գրքերը:
Տարեվերջին ավանդաբար կհրապարակվի արձակի տարեկան ժողովածու, ինչպես նաև պոեզիայի տարեկան հանդես (Էդ. Միլիտոնյանի նախաձեռնությամբ):
Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Գրողների միությունում տեղի են ունենում Երևանի տարբեր դպրոցների և կրթահամալիրների աշակերտների և ուսուցիչների այցելություն- էքսկուրսիաներ՝ ի մոտո ծանոթանալու ՀԳՄ պատմությանը, հանդիպելու ՀԳՄ նախագահի հետ և ստանալու գրականությանը վերաբերող տարբեր հարցերի պատասխաններ: