Հրանդ Մարգարյանի «Նահատակ հայ գրողները» գրքի շնորհանդեսը

Հունիսի 24-ին Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում ներկայացվեց Հրանդ Մարգարյանի «Նահատակ հայ գրողները» (անգլերեն) գիրքը: Ներկա էին գրողներ, բանաստեղծներ, թատերագիրներ, թատերագետներ, գրաքննադատներ, արվեստագետներ և գրականությանը հետևող պատկառելի հասարակություն: Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, ընդգծելով այս գրքի կարևորությունը, որի նպատակը Եղեռնին զոհ գնացած գրողների կյանքն ու գրականությունը օտարներին և Սփյուռքի նոր սերնդին ծանոթացնելն է, նշեց, որ Ավ. Իսահակյանի անվան գրադարանը քանիցս արդեն կազմակերպել է հանդիպումներ Հ. Մարգարյանի հետ:
Գրականագետ, Սփյուռք գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, խոսելով Հ. Մարգարյանի բազմամյա գործունեության մասին, անդրադարձավ նաև նրա «Ենթաեսէն փշրուած» բանաստեղծական հատորում ներկայացված համամարդկային թեմաներին:
Բանաստեղծ Արտեմ Հարությունյանն արժևորեց Հ. Մարգարյանի թատերախաղերը և ընթերցեց մի հատված Ռ. Սևակի «Ջարդի խենթը» բանաստեղծությունից:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը բարձր գնահատեց Մարգարյանի թատերական գործունեությունը, ինչպես նաև նրա մոտեցումը՝ անգլերենով մատչելի դարձնելու հայ գրականությունը մեր նոր սերնդին և անգլիախոս հասարակությանը:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, ընդգծելով թարգմանական գրականության կարևորությունը, շեշտեց, որ մեր ժամանակակից գրականությունն էլ անհրաժեշտ է թարգմանել ու տարածել:
Ելույթ ունեցավ նաև Թորոս Թորանյանը: Հրանդ Մարգարյանը, ներկայացնելով թարգմանությանն առնչվող մի շարք դժվարություններ, անդրադարձավ իր թարգմանած «Նահատակ հայ գրողները» գրքին` նկարագրելով երեք բաժիններում արծարծված նյութերը: Առաջին բաժնում ներկայացված է Հայոց պատմության գլխավոր հատկանիշները, Հայերը Օսմանյան կայսրության մեջ, Հայ բանաստեղծության հոլովույթը դարերի ընթացքում և արևմտահայ գրականության շրջանները: Երկրորդ բաժնով նկարագրված է Եղեռնի դեպքերի ժամանակագրական հոլովույթը, բանտերը, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի և Ինտրայի նահատակության մանրամասները: Երրորդ բաժնում տրված է տասներեք գրողների կենսագրականները, գրական հունձքը, գործածված ծածկանունները և յուրաքանչյուր գրողից թարգմանություններ:
Շնորհանդեսի ընթացքում Տիրուհի Մարգարյան-Կարապետյանը, Գայանե Սամվելյանը, Շաքե Աշճյան-Արծիվյանը, Լուսին Գազանճյան-Կուրղիկյանն ընթերցեցին գրքում ընդգրկված հեղինակների բանաստեղծություններից հայերենով և անգլերենով: Հ. Մարգարյանը կարդաց Սիամանթոյի «Պարը» բանաստեղծությունն անգլերենով:
Շնորհանդեսը վարում էր դերասանուհի և ասմունքող Գայանե Սամվելյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։