***
Ես իջնում եմ երկինք,
որպեսզի երկիրն ավելի բարձրանա՝
ներքևում թողնելով
պղծամիտների հրոսակախմբերը-
կենդանական բնազդների գերիներին,
սեռ ու ազգություն
չճանաչող գիշատիչներին՝
մոռացած մարդկային
բոլոր սրբությունները:
Ես իջնում եմ երկինք՝
ամենաչնչին և թաքուն հույսով,
որ մի օր կվերադառնամ
Մարդկանց Երկիր:
***
Ճահիճների վրայով
սոխակներ չեն ճախրում,
իսկ փարթամ ու
սաղարթախիտ ծառերը
վաղուց փայտանյութ են դարձել:
Հոգնել եմ իմ մտերիմ
ագռավների կռկռոցից,
որոնք տեսնում են նաև
աներևույթ ճահիճը՝
օր օրի ընդլայնվող
և թափանցող
մարդկանց հոգիները…
Ճահիճների վրայով
սոխակներ չեն ճախրում:
ՇՈՒՐԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆ
Շենքի հարկերը թռչում են վեր՝
հայացքիս ուղեկցությամբ:
Ես չեմ հաշվում հարկերը,
չեմ սեղմում վերելակի կոճակը,
դու ամենավերին հարկում ես:
Այս տարիքում լավ եմ հասկանում
գինը ժամանակի,
բայց բարձրանում եմ աստիճաններով,
ավելի արագ, ավելի թեթև…
Դու բացում ես դուռը,
– Պատկերացնում եմ՝ եթե չծխեիր,
ո՞ւր կհասնեիր:
– Կհասնեինք և հասել ենք,-
ասում եմ ես:
Մեզ փափուկ բազմոց պետք չէ,
հերիք է եղածը…
Հետո նայում ենք քաղաքին,
որը գեղեցիկ է նույնիսկ
նոսրացող լույսերի մեջ:
Շատ է գեղեցիկ,
քանզի մոռացել եմ ամեն, ամեն ինչ
և վերջապես առաջին անգամ
սիրում եմ անունս,
որովհետև քո շուրթերից է հնչում,
իսկ տարիքս կհաշվարկվի
քեզ հետ հանդիպման
առաջին այս օրից՝
ամեն անգամ մեկ օր ավելացնելով:
– Արի՛, չհանդիպենք ամեն օր,
որ ուշ ծերանանք,-
ասում ես դու՝ գգվանքների մեջ,
հակասելով ինքդ քեզ:
Բացվում է անքուն գիշերվան
հաջորդող առավոտը:
Ես մեկ օրեկան եմ:
– Քանի՞ տարեկան կդարձնես ինձ:
– Ուրիշների նման մանուկ չեմ թողնի,-
ասում ես այնքան վստահ ու կոնկրետ,
ինչպես կնիքն է
սեփականաշնորհման վկայականի:
– Ամենաթանկն ինձ համար
քո շուրթերով կնքված վկայականն է:
ՉՓՈԽԵ՛Ս ՁԵՌԱԳԻՐԴ
Ծուռումուռ գրված տառերը
չեն փոխում բառերի իմաստը,
չեն նսեմացնում էությունը,
այլ փոխանցում են
հոգուցդ հորդող հույզերը,
սպասման տագնապն ու
խոստովանության բերկրանքը.
համակարգչով դա հնարավոր չէ անել:
Դու շարունակիր գրել հին ձևով,
որ զգամ նամակներիցդ
քո անկրկնելի բույրը:
Ճիգեր մի՛ գործադրիր,
որ տառերը գեղեցիկ լինեն.
ավելի կարևոր են
հույզի բազմաշերտ կրակները,
որոնք վերածվում են տառերի՝
նման էլեկտրասրտագրությանը,
որ ես լավ եմ վերծանում:
Չփոխե՛ս ձեռագիրդ,
սիրելիս…
***
Արդեն երկար է
վերադարձի ճանապարհը,
չնայած մի քանի քայլ է
մեզ բաժանում իրարից.
դու քայլում ես արագ,
դու վազում ես նույնիսկ,
սակայն տեղ չես հասնում,
թեև իմ կացարանի դուռը
էլ չի սպասում քո թակոցին,
չի կարոտում հպմանը ձեռքիդ:
Ես չեմ խաթարում
ուրիշների կարոտը,
միշտ փորձում եմ ջարդել
փականն իմ կարոտի,
սակայն քո հայացքը՝
իմ գլխավերևում,
սաստում է փականի՝
ջարդվելու մեծ ցանկությունը:
Ես շրջել եմ մեր էջը,
իսկ դու մոռացել ես՝
ինչպե՞ս են դա անում,
մոռացել ես նույնիսկ
քո կողպած փականի մասին,
որը ժանգոտել է վաղուց:
ԵՍ ԴԱԼՏՈՆԻԿ ԵՄ
Ես ոչինչ չունեմ քեզ ասելու,
բոլոր խոսքերն արդեն ասված են:
Դու մտածիր մեր չասված
խոսքերի մասին.
ի՞նչ պետք է ասեիր,
երբ պառկեինք՝ իբր քնելու,
ի՞նչ պետք է ասեիր
քնից արթնանալիս
և արդյոք այդ նույն խոսքերը
կասեի՞ր ուրիշին:
Իսկ ի՞նչ ես տեսնում երազում,
որտե՞ղ են փխրուն
գույները նախկին…
Ես միայն սև-սպիտակ
երազներ եմ տեսնում:
Խիղճդ չի՞ տանջում,
որ քո պատճառով ես դալտոնիկ եմ:
Ես ոչինչ չունեմ քեզ ասելու,
միայն երգեր եմ գրում
քո չասված խոսքերով:
ՍՊԱՍՈՒՄ
Ես լռության մեջ լսում եմ
քո սրտի բաբախյունը՝
համահունչ իմ սրտի զարկերին,
և ծովերն ու օվկիանոսները
չեն կարող արդեն հնչեցնել
հեռավորության տխուր զանգերը:
Իմ տան փակ լուսամուտից
ներս է թափանցում
մետաքսյա մաշկիդ անկրկնելի բույրը,
իսկ կլանիչ, կործանիչ հայացքդ
ուղեկցում է ինձ ամենուր:
Դու ինձ ավելի ես մոտ,
քան շուրջս վխտացող,
ինձնից երանության պահեր թռցնող
բոլոր, բոլոր կանայք…
Ես լռության մեջ լսում եմ
քո սրտի բաբախյունը,
որն ամբողջ տիեզերքի
լավագույն մեղեդին է:
***
Ես թախիծն եմ քո ժպիտի
և արցունքն եմ քո ծիծաղի,
որ սահում է այտերիդ վրայով,
հպվում շուրթերիդ,
ապա կաթում սիրառատ կրծքիդ…
Քո մարմնի միջով
ծանոթ սարսուռ է անցնում,
փակում ես աչքերդ
և տեսնում ես մեզ միասին,
հետո դժվար ես սթափվում,
քանզի գիտես, որ այդ պահին
ես նույնպես փակել եմ աչքերս…
Հսկա լեռները, տափաստանները,
ծովերն ու օվկիանոսները
ի զորու չեղան բաժանել մեզ:
Որքա՜ն փոքր է մոլորակը,
երբ հոգուդ մեջ գանձեր կան,
որոնք սակարկման ենթակա չեն:
Ես թախիծն եմ քո ժպիտի
և արցունքը քո ծիծաղի:
***
Այնքան արագ է օրը ավարտվում,
որ չեմ հասցնում
լսել ձայները իմ կարոտների,
որոնք ձուլվում են
գորշ առօրյայի աղմուկին տձև
ու կորչում կարծես:
Հետո երեկոն
լցվում է բազում իմ հորդորներով,
կանչերով թաքուն,
ու ես լսում եմ ձայները նրանց,
որոնք թափանցում հոգուս մեջ արագ
ու աստվածային
լույսով են լցնում:
Տեսնում եմ նրանց դեմքերը ժպտուն,
որոնք սահում են դանդա՜ղ, անշտապ՝
ինձ պարգևելով ողջ տիեզերքի
անսահմանության վայելքը վերին
ու հաջորդ օրը
հույսով ապրելու տենչը բացառիկ:
Ես խոնարհվում եմ
ու խոստանում եմ Տիրոջը այդժամ,
որ երբեք, երբեք չեմ տրտնջալու՝
ինչո՞ւ է օրը դաժան սլացքով
ավարտվում արագ:
***
Անցյալի տաք հագուստներից
ես ոչինչ չվերցրի,
երբ գալիս էի քեզ փնտրելու:
Ճանապարհին ինձ
ցրտից պաշտպանում էր
քո սպասման ջերմությունը:
Դու հանգիստ էիր, ինքնավստահ,
ու քո աչքերից, հայացքից
լույս էր ճառագում՝
վանելով մութն իմ առջևից:
Խիտ անտառով անցնելիս,
ինձ տեսնելով՝
կարկամում ու ժպտում էին նույնիսկ
շնագայլերն ու բորենիները:
Ես նույնպես հանգիստ էի,
քանզի դու մաքրել էիր
իմ հիշողությունը՝
թողնելով միայն քեզ, քո պատկերը,
որն իմ կողմնացույցն էր դարձել:
Ես նույնիսկ չէի շրջանցում լճերը,
քայլում էի նրանց վրայով,
մագլցում էի լեռներն ի վեր,
իջնում հովիտներն առանց
դադար առնելու,
քանի որ գիտեի, համոզված էի՝
այս մեկը, այս հանդիպումը
չի կարող լինել երբեք ուշացած…
Երբ միասին էինք,
դու օրհնում էիր ամեն Աստծու օր
մեր ճակատագիրը
ու կտրում էիր բոլոր թելերը,
որոնք ձգում էին մեզ
դեպի տարբեր կողմեր…
Հիմա որտե՞ղ ես դու,
որտե՞ղ ես պահում
մկրատն այն հրաշագործ…