Գառնիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՄՈՐՍ
Հնոց էր դառնում մեր թոնիրը հին,
Երդիկից ծուխն էր
մարմանդ ելնում վեր,
Եվ շիկնած մայրս կռանում էր ցած
Եվ թոնրից հանում
փրփուր լավաշներ:

Փոխվում էր ճերմակ, բարալիկ թղթի
Խմորագունդը վարժ մատների տակ,
Եվ տաք լավաշի բույրը խենթացնող
Բռնում էր նորից հացատուն ու բակ:

Հետո հաց թխելն ավարտած հազիվ,
Խնոցի էր նա հոգնաբեկ հարում,
Թոնիրն էր շիջում, թեքվում էր օրը,
Բայց դեռ լավաշի բույրը չէր մարում:

Վաղուց, շատ վաղուց մայրիկս չկա,
Պաղ է թոնիրը, էլ ծուխ չի մանում,
Փոխվել եմ և ես, բայց առաջվա պես
Լավաշի համն է դեռ իմ բերանում:

ԲԱԼԼԱԴ ՍՊԱՍՈՒՄԻ
Սահում են անդարձ, աննկատելի
Գարուն ու ամառ, աշուն ու ձմեռ,
Մոռացությունը ծածկում է ճամփան,
Բայց մայրը նրա սպասում է դեռ:

Սպասում է նա օրեր, տարիներ`
Կորած իր զինվոր
որդու տունդարձին,
Այնքան ժամանակ մինչև ալեհեր
Գլուխը դնի հողի պաղ բարձին:

***
Տերն այսպես էր կամել վերուստ.
Ես դեռ փոքր, խակ տղա դեռ
Մտերմացա տառապանքին,
Վրաս առա հոգսերի բեռ:

Եվ օրն այսպես հյուսվեց օրին,
Տարին այսպես եկավ գնաց,
Անհոգություն չտեսա ես,
Ուրախության օր չմնաց:

Հերն անիծած, բավ չէ՞ արդեն
Հոգսի համար այդքան ջանամ,
Գոնե ես էլ քիչ շունչ քաշեմ,
Գեթ մի անգամ զվարճանամ:

Ու քեֆ անեմ ինքնամոռաց`
Թոթափած բեռ ու հոգսի լուծ,
Ու Չարենցի ասածի պես`
Հարբած ըլիմ մինչև էգուց:

***
Ես ուր էլ գնամ,
Որտեղ էլ լինեմ,
Առանց քեզ մնամ,
Հանգիստ քուն չունեմ:

Քեզ չեմ մոռանում
Նույնիսկ մի վայրկյան,
Դու սե՛ր իմ միակ,
Տո՛ւն իմ հայրական:

ՃԱՄՓԱՎԵՐՋԻՆ
Տերևաթափ եմ եղել ես արդեն,
Արդեն հողմն է տեր, իր ողբն ու կոծը:

Քիչ անդին ձյունն է
ճերմակին տալիս,
Բայց դեռ չի շիջել կարոտիս բոցը:

Թե սերը մեռնի, ավելի լավ չէ՞
Առհավետ կորչեմ գրողի ծոցը:

***
Եկար անակնկալ,
Եկար հանկարծակի,
Երբ աշունն է արդեն
Խուժում վրաս:

Երբ շիջում է արդեն
Հուրը ջահելության,
Երբ մնում է դարձյալ
Երազն անհաս:

Ճամփիս մուժ է իջնում,
Ու ցրտում է օրս,
Անձրև է ու քամի,
Տերևաթափ:

Դեռ չդրած ոտքս
Խինդի արահետին,
Երազի պես անցավ
Ամառս տապ:

Երբ աշուն է արդեն,
Թախծի մեջ է կյանքը,
Հույսը թել է բարակ,
Արփին` տկար:

Ո՞վ է ասում` հրաշք
Չի պատահում կյանքում,
Հայտնվեցիր հանկարծ,
Բարով եկար:

***
Բավ է տենչաս հուշ ու անցյալ,
Անտեղի է ու անպտուղ,
Արևն արդեն ցած է թեքվում,
Ժամանակն էլ կարճ է ու սուղ:

Երեկն ինչքան լինի պայծառ,
Քաղցր լինի ու բաղձալի,
Մեկ է վաղվան ապավինիր,
Թեկուզ լինի փորձությամբ լի:

***
Դեղնաբույր սաղարթ,
մանրահատիկ թոն,
Չհալչող եղյամ, օր` գորշ ու ցրտող,
Եկավ աշունս, ու ես նրա դեմ
Կանգնել եմ հիմա
տագնապած սրտով:

Ամառս այնպես աննկատ անցավ,
Կորցրեցի շատ ու քիչ շահեցի,
Խինդ ու ավյունս տվի ուրիշին,
Իսկ ինձ թախիծն ու ցավը պահեցի:

Շքեղ անուրջներ ունեցա այնքան,
Չհասա նույնիսկ մեկին, գեթ մեկին,
Այսպես էլ նրանք մնացին հեռվում`
Յոթ սարի ետև, անհայտ ճամփեքին:

Անրջաթափ է հիմա իմ հոգին,
Զուր որոնեցի կախարդական գորգ,
Անմահական ջուր ու
կապույտ թռչուն,
Ցնորք են դրանք ու
պատրանք են լոկ:

Հիմա ինձ միայն հողմ ու անձրևից,
Պատսպարում է հուշերի տունը,
Շուտով կնստի իմ գլխի վրա
Անխուսափելի ճերմակությունը:

***
Երբ իմ վերջին ժամը գա,
Երբ ասուպի պես մարեմ,
Թող որ խեցի դառնամ ես,
Որ մարգարիտ արարեմ:

Դառնամ անհայտ մի կածան,
Ամպի քուլա, փափուկ հերկ,
Թող ծառ դառնամ ու խշշամ,
Ոտից գլուխ դառնամ երգ:

Այսպես տարբեր ձև առնեմ,
Բայց էությամբ մնամ Ես,
Բնությանը ձուլվելով`
Շարունակվեմ պարզապես:

***
Փառք ու հռչակ չեմ երազում,
Մանկանալ եմ նորից ուզում
Եվ օրերում անդարձ կորած`
Խաղալ նորից ինքնամոռաց,
Ապրել նորից անհոգ, անմեղ,
Երազներով շքեղ-շքեղ,
Ահ ու մահից լինել հեռու,
Լինել նորից խենթ ու եռուն:

ԱՅԼԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Ձյուներից կյանք առնելով,
Առու, առու դառնալով`
Ջրերը ցած են սուրում:

Ու բախվելով ժայռերին,
Հասնելով մութ այրերին`
Գետ են դառնում ձորերում:

Ու գետն անվերջ, անհամբեր,
Որոնում է նոր ափեր`
Հուշը թողած լեռներում:

Ու ժայռերը ճեղքելով,
Գնում է նա երգելով`
Անհուն ծովում մեռնելու:

***
Բոլորի նման իմ օրն էլ կգա,
Ես էլ կփակեմ աչքերս հավետ,
Եվ քեզ, սիրելի՛ս, հրաժեշտ կտամ
Ու ճամփա կընկնեմ
անդարձության հետ:

Տարիներ կանցնեն:
Երբ կարոտն այրի,
Մենության ցավին երբ դառնաս հլու,
Կգամ, դեմ դիմաց կնստենք էլի`
Սիրո հեքիաթը շարունակելու:

***
Մանկության անհոգ օրերից հետո
Առնության դասեր դեռ
կարգին չառած`
Ուլունքների պես ցրվեցին չորս կողմ,
Գնացին իրենց բախտին ընդառաջ:

Հետո ինչ եղան, ոչ ոք չիմացավ,
Կուլ տվեց նրանց ժամանակն ասես,
Սակայն նրանցից միայն երեքի
Ճակատագիրն է հիմա հայտնի մեզ:

Մեկը տերտերի փարաջա հագած`
Սպասավոր է Աստծո տաճարում,
Մյուսը բանուկ փողոցի մայթին
Արևածաղկի սերմ է վաճառում:

Երրո՞րդը, ասեմ, որ այդ ես եմ, ես,
Որ կենաց ճամփիս
դասեր շատ առա,
Որ եղա ժուժկալ ու սակավապետ`
Այս երգը գրած ձեր խոնարհ ծառան:

***
Կանաչ օրերը անմեղության,
Կարմիր օրերը` բորբ ու կիզուն,
Հոսեցին ծովը մոռացության,
Դեղին օրեր եմ հիմա դիզում:

Սիրտս, որ սիրո բույն էր տաքուկ,
Որ նուրբ սկիհ էր` հույզով լեցուն,
Մենակ է հիմա ու ցրտահար,
Նման է հիմա դատարկ խեցու:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։