Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

 

 

ԵՐԳԵՑԻԿՆԵՐԸ

ԹԵՎԱՎՈՐՆԵՐ ԵՆ

 

***

Կյանքն իմաստուն է

դարձնում ամեն օր,

և հիմարացնում նաև ամեն ժամ`

Մեզ, որ նվիրվել գիտենք նորիցնոր

և խարդավանքին

պատրաստ ենք տոկալ.

 

Երբ իմաստուն ենք`

փնտրում ենք Աստծուն,

երբ հիմարացած,

Ի՛նքն է գտնում մեզ`

Մեր կորած տեղում տալիս է

մի հարց

և չի՛ պարտադրում մեզ

պատասխաններ…

 

***

Մի՛ մանրանա երբեք.-

մեր երազածը` մեծ,

Դու հենց մեծի՛ն ձգտիր,

դու Քեզ` քեզնից վերև,

Սրտիդ ուզածի պես

ապրիր արարելով`

Ա՛յն, ինչ տրված է քե՛զ

և` միմիա՛յն քեզնով.

 

Եթե կանգնած էիր`

առաջ անցիր քեզնից,

Նոր գաղափար, նո՛ր ձև,

նոր շունչ տուր քո ճամփին,

Ուրախ մի բան երգիր –

կձայնակցեմ ես էլ,

Ամե՛ն օր, ամեն ժա՛մ`

վերև, առա՛ջ, վերև՜…

 

***

Աշխարհի ծանր պտույտի համար

ապավեն` թեթև պետք են թևիկներ.-

 

Եթե աշխարհում մեղու կա ծաղկին

ու ծաղկածիծաղ`

դեռ կան թիթեռներ,

Ուրեմն վաղը օր պիտի բացվի,

և մարդու համար

օրհնություն կա դեռ…

 

Երգողներ են պետք շրջադարձերին,

և՛ մանկան ծիծաղ,

և՛ բերկրանք ու սեր.-

 

Քանի բեղուն է հողը դաշտերի

և կարկաչահուն

գետակներ կան դեռ`

Աշխարհի օրը լիությամբ կանցնի

և կլիանա կյանքը ամեն տեղ…

 

Մեղմ է երեկոն, վաստակած հողից

դեռ գոլորշի է բարձրանում եթեր.-

 

Եթե օդի մեջ շունչ կա հնձվորի,

իսկ ծղոտներում` երգող ծղրիդներ,

Ուրեմն` մարդու հոտ կա                                                             աշխարհում,

և կյանքը սեր է

մարդու համար դեռ…

ԵՐԳԵՑԻԿՆԵՐԸ

ԹԵՎԱՎՈՐՆԵՐ ԵՆ

1.

Երգելո՜վ,

պահին ոգևորության`

Աստված

արարեց երգեցիկներին…

 

«Երգեցիկները թևավորներ են»`

ինքն իրեն ասաց,-

Եվ երկրի վրա ծնվեցին նաև

թևավոր մարդիկ…

 

2.

Անհուն երկնքի բնակիչներով

պիտի որ հրճվեր`

երբ որ երգեցիկ ձայնը առաջին

հասներ ականջին…

 

– Հարկավ, կհրճվեր Արարիչն ինքը

Արարչանքներով`

իր Արարչության…

 

3.

Ձկները` թեև անհունի թևորդ,

Ափսոս, ձկները երգել չգիտեն.-

 

Թե՞ ջրերի մեջ երգում են գուցե,

ու մե՛նք չենք լսում,-

Կրկնակի՜ ափսոս…

 

4.

Իսկ մեղունե՞րը, իսկ ծղրիդնե՞րը…

– Մեղուներն, անշուշտ,

նինջը կեսօրվա,

Իսկ ծղրիդները`

արարման վերջին օրվա

բերկրությամբ`

Բարձրյալին մեկ-մեկ

գիշերային նինջ պարգևողներն են,

այն էլ` ակամա…

 

5.

Երգը` թևե՜ր է,-

եթե երգ ունես`

մեջքիդ են անտես

թևերը երգի.-

Ու երբ երգում ես`

բացվում են արդեն,

քեզ հասցնում են

թևերդ երկի՜նք…

 

***

Դու` մի աշխարհ, ես` մի տուն,

Այնքան թանկ ու ի՛մն ես դու,

Այնքան քո՛նն եմ` տունդ-ե՛ս,

Ուր աշխարհն իմ դո՛ւ ես հենց…

 

ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ

Շողը թեքվեց` Արեգակը մեկնում է,

Լույսը նրա անդրադարձն է ծովի,

Ծովը, փոքրի՛կ իմ,

պայծառ քո աչքերն են,

Լույսն ամփոփիր կոպերիդ տակ,

քնի՜ր…

 

Տե՜ս, երազում Արեգակը ընկերդ է,

Ձեռքդ բռնած ծիածանը կանցնի,

Յոթ գույներով կբացվեն ծաղիկները

Պարտեզներում հազարան

թռչունի…

 

Քեզ, իմ անգին, կուղեկցի Արեգակը`

Երբ պարտեզում մանուկներ

կտեսնես,

Ծաղիկներից գունագեղ մի պսակ էլ

Քեզ կընծայեն Փերիները այնտեղ…

 

Շողը թեքվեց`

քո աչքերը փակվում են,-

Խորը քնիդ մեջ ժպտում ես արդեն,

Քեզ, իմ փոքրիկ,

պսակիդ ծաղիկները

Շնորհներով են հազար պարգևել…

ԿՌՎՈՎ ՆՎԱՃՎՈՂ ԱՇՈՒՆ

Ա՛յ քեզ կայծակ,

Ա՛յ քեզ որոտ,

Ա՛յ քեզ բամբ,

Ա՛յ քեզ ամռան վերջին օր ու

աշնան գալ…

Կռի՛վ,

խռի՜վ` խռնվել են իրարու

օդ ու կրակ,

անձրև ու հող,

լեռ ու ամպ…

 

ԱՆՏԱՌԸ ՄԵՆՔ ԵՆՔ…

Անտառը` անբառ սոսափների հետ

խոսեց ականջիս,

և ես հասկացա քնքշանքը նրա…

Ապահովության

մի թիկնոց գցեց երբ որ թիկունքիս`

շառաչուն եկավ

խառնելու արդեն

մտքերս հանդարտ…

 

Ես անտառի հետ

նույնացա այնժամ,

տեսա տագնապը` սարսռաց հոգիս.

– Բո՜ց կա աշխարհում`

աննշմար մի կայծ,

որ զեխանում է անտառիս մարմնին.

 

Ինձ Սիբիրներից մինչև Ամազոն`

ծխացող ցավի

լուրեր են հասել,

ասում են հիմա` հատելու համար

անտառը արդեն

փայտ է պարզապես…

 

Եվ, որ հողն է`

հո՛ղ անկշտում շահի,

և օ՛դն է` օդից փող բռնելու տեղ.

Ճակատագիրը մեր`

անտառների,

մնում է խղճին մարդու` գիշակեր…

 

Ու երբ ամոթից կուչ եկա իմ մեջ,

երբ անտառն ինձ հետ

նույնացրեց մարդուն`

հույսի մի ծփանք տվեց – ալիքվեց

Անտառը անշահ`

աշունը սրտում…

 

***

Մեզ մի տեղ թողել` անցել էր առաջ.-

Բախտը գործում էր

իր հեռուներում…

Հոգսը թե լիներ մեզանից անջատ`

Բախտը չէր փնտրի մեզ

ուրիշ տեղում:

 

Հիմա եկե՛լ է Բախտը առաջնորդ,

Մեր ձեռքից բռնել`

վեր-վե՜ր է թևում,-

Իր հանգրվանն է ճանաչել հաջորդ`

Հենց մե՛ր աչքերի

լուսամուտներում…

 

***

Մանուշակագույն

լույս կա իմ ներսում`

կատարելապես` մանուշակագույն,

Եվ երբ ես փակված

նայում եմ խորքից`

իմ ներսում վառվող

այդ լույսն եմ տեսնում…

 

Կենտրոնացած է այն ջահի նման`

երբ ես իմ ներսում լինում եմ հավաք,

Եվ խառնիխուռն միգամածությամբ`

երբ շփոթված է իմ մեջ ինչ-որ բան…

 

Մանուշակագույն այդ լույսի ներսում

Արարչի սերն է կամ ինքը` Աստված.-

Ես երրորդ աչքով Նրան եմ տեսնում,

Նա՛ է ինձ մղում…

կատարելությա՜ն…

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.