ՆՈՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆՈՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՀԳՄ վարչությունը

շնորհավորում է բանաստեղծ,

արձակագիր, լրագրող

ՆՈՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

ծննդյան 60-ամյակի առթիվ

 

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Ուրիշ ափերում ես օտար եմ…

Նորեկ Գասպարյանը  ՀՀ և ԱՀ գրողների միությունների անդամ է, չափածո և արձակ գործերի 13 ժողովածուների հեղինակ, Արցախի կառավարության «Եղիշեի անվան» պետական մրցանակի եռակի դափնեկիր, վաստակավոր լրագրող: Իսկ հոբելյանը, հիրավի, արվեստագետի համար իր գրական հունձքի հետագծով նոր հորիզոններին ձեռք զարկելու երազանք է՝ սպիտակ թղթի առջև ունեցած պատասխանատվությամբ, պատկառանքով: Բանաստեղծությամբ սկսված գրական ուղին վերջին տարիներին տեղ է տվել նաև արձակին` երևան հանելով պատմվածքներ ու վեպ: Թեև գրականություն բերած իր արձակը հաջողությամբ հեղինակին ներկայացնում է նոր հայացքով, այնուհանդերձ, Ն.Գասպարյանը, իր իսկ խոստովանությամբ, միշտ էլ անհամբերությամբ սպասում է… բանաստեղծության այցին: Հենց այս մասին է մեր զրույցը:

 

– Պարոն Գասպարյան, նախ շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ, մաղթում ստեղծագործական նոր հաջողություններ, արևշատություն:

– Շնորհակալություն:

– Բանաստեղծությունը հեղինակի հայացքն է` ուղղված ժամանակին: Ինչպիսի՞ն է երևում մեր ժամանակը բանաստեղծ Նորեկ Գասպարյանի հայացքում:

– Բավականին բարդ, ինչ-որ տեղ թաքնված, պահմտոցի խաղացողի նման, մեկ-մեկ՝ կեղծ ու պարզունակ, վախեցնող: Նաև այն տպավորությունն է, որ այդ ժամանակ կոչվածը մեզ ձեռ է առնում, ծաղրում, ստիպում է մեղանչել ու հրաժարվել Աստծուց: Չեմ կարող ասել, որ ես այդ սրիկայից չեմ վախենում: Գիտե՞ք ինչու, որովհետև նա անընդհատ կողքիս է ու ինձ հանգիստ թողնելու մտադրություն չունի:

– Պոետներից մեկի խոսքով` բառը կոպիտ է, սակայն նման բառերով ստեղծված պոեզիան՝ իր տիեզերական շնչառությամբ, նրբահյուս է, անկրկնելիությամբ՝ հզոր… Այդ ինչպե՞ս է պոեզիայում ներհակը դառնում ներդաշնակ:

– Ես չէի ասի, որ բառը կոպիտ է: Ամենակոշտ, չեչոտ, քիչ օգտագործվող բառն անգամ այդպիսինը չէ: Ամեն բառ իր հմայքն ունի, իր նազանքը, իր խաղը, գայթակղության իր ձևն ու եղանակը: Ինձ համար այդպես է: Պարզապես միշտ չէ, որ մենք հասկանում ենք նրան, որ նա դառնում է մեր հպատակը, մեր ենթական, որ նա առանց դիմադրության մտնում է մեր հրամանի տակ: Խոստովանեմ, ես հաճախ եմ մերժվում նրանց կողմից, նրանք սիրում են ինձ չարչարել, չարաճճիություն անել, փակել ինչ-որ տեղ ու օրերով թողնել այդպես:

– Քնարական հերոսը փոխվե՞լ է ժամանակի ընթացքում, այսուհետ նրան դեպի ո՞ւր է տանելու բանաստեղծությունը:

– Չեմ սիրում այդ քնարական հերոսին: Երևի, կարելի է ասել, և՛ հոգնել եմ, և՛ ձանձրացել: Հաճախ, թվում է` նա ինձ հետ բացարձակապես ոչ մի կապ չունի, ոչ էլ ընդհանրապես ունեցել է: Ես նրան չեմ ճանաչում և չեմ էլ ուզում ճանաչել: Նա իմ տեսակը չէ: Իսկ բանաստեղծությունը աշխարհիս միակ ազատ երևույթն է. ամեն ինչից դուրս, առանձին, կարելի է ասել՝ ինքնարար: Մենք ուղղակի անզոր փորձեր ենք անում նրան մոտենալու, նրան տեսնելու, պատկերացնո՞ւմ ես՝ անգամ տիրելու: Այդպես եղել է մեզնից առաջ, այդպես լինելու է հետո: Չգիտեմ` ասե՞մ, թե` չէ, նա ոչ մեկին չի տրվելու:

– Ե՞րբ է կորսվում ներշնչանքը, հոգու ամայության, դատարկության զգացումն ինչպիսի՞ դիմագիծ ունի, և պոետիկ ո՞ր շեշտերն են մնում աննահանջ` ունայնությանն ի հանդիման:

– Երբ հոգնում ես բանաստեղծության որոնումից, երբ կողքիդ ոչ մեկը չկա, երբ քեզ չեն հասկանում, երբ վիրավորում են բանարվեստը, երբ քեզ լուրջ չեն ընդունում, երբ այդ նույն բանաստեղծությունը մերժում է քեզ, երբ աշխարհում նեղվածք է, երբ չես տեղավորվում անգամ ամենափոքրիկ, ամենաերեսառած բառի մեջ, երբ ինքդ քեզ չես ճանաչում:

Մի խոստովանություն էլ անեմ. մի քանի տարի ոչ մի տող չեմ գրել, ինքս ինձ հալածել, հեռացրել եմ այդ տարածքներից, գիտե՞ս ինչու, որովհետև չէի կարողանում ինձ համոզել, որ իմ ու բանաստեղծության այդ ամենօրյա վեճը, այդ մերժումը, այդ հեռանալ-վերադառնալը, ինքնախաբկանքն ու սուտի ցնծությունը ինչ-որ մեկին հարկավոր է, և ինչ-որ մեկը սպասում է մեր այդ հանդիպումներին:

Բայց կրկին վերադարձել եմ: Եվ ասեմ ինչու, որովհետև զգացել եմ, որ ուրիշ տարածքներում ես ավելորդ եմ, մերժված, բոլորի նման, ո՛չ համ ունեմ, ո՛չ հոտ: Վատն այն է միայն, որ ո՛չ եզ մորթող կա, ո՛չ էլ մատիս մատանի դնող…

– Լրագրողի հայացքով ի՞նչ եք պարզել Նորեկ Գասպարյանի պոեզիայում, կարողանո՞ւմ եք հաշտ զրուցել, թե՞…

– Պարզել եմ, որ կարգին բանաստեղծ է Նորեկ Գասպարյանը, բայց ինչ մնում է հաշտ զրուցելուն, դա անհնարին բան է: Եվ չկա մեկը, ով կարողանա հաշտեցնել մեզ, չնայած չգիտեմ էլ, թե մեզ ինչ կարող է տալ այդ հաշտությունը:

– Ո՞ւմ ստեղծագործությամբ եք հիանում:

– Փառք Աստծու, հիացմունքի արժանի գրքերը քիչ չեն: Բայց մեզնից իմը Չարենցն է, ուրիշներից` Թագորն ու ամենամեծը՝ Դոստոևսկին:

– Ավարտուն բանաստեղծությունը հաճախ նմանվում է լքված տարածքի: Ձեր ո՞ր ստեղծագործությանն եք միշտ վերադառնում:

– Չէ՛, Նվա՛րդ, դա առաջին տպավորությունն է, որ թվում է` ավարտվել է բանաստեղծությունը: Ավարտվեր, աշխարհի երեսին բանաստեղծությանը մոտենալու փորձ չէր արվի: Դա անընդհատ վերադարձ է, ո՛չ սկիզբ, ո՛չ՝ վերջ…

Եվ հենց այդ անծայրածիր տարածքներում թափառելու ժամանակ էլ խոստովանում ես, որ երանություն է գրող լինելը:

 

Հարցազրույցը`

Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։