11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2013 թ.
Չորս տարի առաջ այս օրը երևի էլի արևոտ էր,
սիրտս զգուշացնում էր, որ չապրեմ ինչպես ապրում եմ,
որ կյանքը մի անգամ է տրվում, բայց մարմինը
միանգամյա չէ – պիտի խնայել, պիտի չխաբվել
աչքերի փայլի բռնկումներին հետևելով,
աչքերը ցավից էլ են փայլում, կորուստներից էլ,
և չորս տարի առաջ այս օրը նրանք էլի փայլում էին
ու զգացի մահը կողքիս է, բայց դեմքը չտեսա,
իսկ գուցե խավարը նրա դեմքն էր կամ փոսն էր
նրա դեմքը,
որի մեջ էի, և բժիշկները փորձում էին ինձ այդ
փոսից հանել… Միայն թե
փոսն ընկնելիս սիրտս քերծվել էր և հասկացել էի,
որ ապրելուց մինչև մահ տարածությունը մի քայլ է,
ընդամենը սխալ մի քայլ…
Չորս տարի առաջ այս օրը…
Չորս տարի հետո նույն օրը
Ես հարբում էի, սիրո, գրականության,
ապրելու մասին
շաղակրատելով ու չէի հավատում
կամ չէի ուզում հավատալ,
Որ կողքիս աթոռին էլի մահն է նստած ու սիրտս
էլի զգուշացնում է, որ այնպես չեմ ապրում,
ինչպես պիտի ապրել…
Սակայն թքած, եթե ապրում ես
սխալն ու ճիշտը լուծվում են
երանության շնչառության մեջ և այդ շնչառությունից
քրտնում են իրականության ապակիները…
Չորս տարի առաջ այս օրը…
Չորս տարի հետո նույն օրը
կոտրել վախի բաժակները… Սխալների քամին
թեքել անլիարժեք օրերի անապատների կողմը,
մի անգամ փոսն ընկնողին թվում է,
որ փոսից դուրս է եկել
իրականում պարզապես իրենով է լցրել փոսը
իրականում փոսը թաքնվելու համար է, եթե պետք չէ,
որ կյանքը գտնի քեզ…
Չորս տարի առաջ այս օրը…
Չորս տարի հետո նույն օրը
խմում եմ ոչ թե ապրելու,
այլ չմեռնելու կենացը…
24 ՄԱՅԻՍԻ 2014 թ.
Սիրտը որպես հրապարակ- մուտքն առանց հրավիրատոմսերի…
Գրականությունը փախուստ է իրականությունից,
Իմ միտքը չէ, իմը փախուստն է,
21-րդ դարում այնքան էլ առաջ չենք միջնադարից…
Խելագարվելու բան է – սիրտդ ուզում է փակ լինել,
Բայց հրապարակ է – տոնակատարությունների սրահ,
մատուցվում է յուրաքանչյուրին իր մանկությունը,
միակ դեղամիջոցը` գլխապտույտների թափը մեղմացնելու համար,
յուրաքանչյուրին իր անունը – մոլորության ցանը վրան,
ինչ է ապացուցելու փոքրամասնությունների հետաքննությունը-
տխրությունը կշռելով գրամ-գրամ…
Նավերը հեռանում են, որովհետև
կա՛մ հեռանալու են, կա՛մ մոտենալու,
Գնացքները հեռանում են մոլորյալներին միանալու,
թռչունները ծերանում են, ջրհորդանները
երջանկության երակների պես ցամաքում,
ուրիշ էլ ինչ և ինչ եղել է անցած նախորդ կյանքում,
բիբերիդ մեջ են կատարվածների հետքերը,
իզուր էլ փնտրում ես ուրիշ աշուն-
նույն խորհրդանիշերի տակ են բոլոր եղանակները…
Սիրտս որպես հրապարակ –
երկարել է անկապ մտքի հետքը,
Հրապարակով է անցնելու
ինքնասպանների շքերթը…
***
Ցելոֆանե տոպրակներ, ցելոֆանե բառեր,
ցելոֆանե կրծկալներ, միասեռականության
ցելոֆանե մատրիցաներ,
բզեզների պաշտպանության մանիֆեստները
հնչում են բոլոր ռադիոկայաններով`
կանացի ցելոֆանե պորտերի միջով մինչև
ցելոֆանե ուղեղները խորհրդարանների…
Ցելոֆանե երազներ, կրքեր, հայհոյանքներ,
ցելոֆանե մանեկեններ` հանդերձավորված
մարդու իրավունքների ցելոֆանե աստառներով,
քաղաքական խաղեր, շահեր, շանտղություններ`
ժողովրդավարության աղցանի ցելոֆանե վարունգի,
դդմիկի ու լոլիկի հետ…
Իսկ քո ցելոֆանե սիրտն ի՞նչ է ուզում,
Գուցե կհուշի ցելոֆանե ծղրիդը,
որը ներկայացնում է
Եվրոխորհրդարանը վայրի Արևելքում և որի
ցելոֆանե ձայնը սանրում է
ցելոֆանե փոքր ու մեծ քարտեզները`
ցելոֆանե Արևելքի նկուղներում…
Մնացածը կեղծ է ու մաքսանենգություն,
նաև գարնանային անձրևը,
որ թափվում է առանց հոլոգրաֆիկ նշանի…
Ցելոֆանե անիրական իրականություն
բաժանված ցելոֆանե թափանցիկ տողերի …
***
Մահապարտները տխրության
դաշտերից տուն չեն գալիս,
Տխուր եմ, երեկ էլ էի տխուր…
Գուցե փողոց ելնեմ, իմ երկրի փողոցն է,
Փողոց-սաքսոֆոն, Արմստրոնգի ճակատի պես սև,
Պարզապես հարբուխով հիվանդ երեքնուկ…
Սաքսոֆոնը շարունակում է նվագել,
Երեքնուկը ձայնակցում է – երգ գուշակություն,
Մահապարտների աչքերի տակ են
Այս տարի ծիծեռնակներն իրենց բույնը դրել,
Ու ծիծեռնակների թևերով են
մահապարտների հոգիները
Տխրությանը փորձում թռչել սովորեցնել…
Սաքսոֆոնը իմպրովիզացիաների լաբիրինթ է մտել,
Ինձ կանչիր` ես կգամ… Բառի վրա է թափվում
Գիշերվա կոտրված ապակին… Երազը մի՛ շրջիր,
Բաժանումը երազի հետևում է թաքնվել,
և այնտեղ է նաև մահվան գերանդին…
***
Ես ծաղիկը քաղում եմ հիշելով իմ անցյալի փորձը,
Բայց այս ծաղիկն ուրիշ է… Հայելին էլ է ուրիշ…
Առավոտյան դուրս էի եկել
իմ շարունակության միջից,
երեկոյան արդեն ուրիշի էի շարունակում…
Ծաղկած ակացիա է հույսը`
ուզում է իր դեմքը տեսնել,
Բայց հայելին նույնը չէ, ուրիշ է և ինչու համառել…
Մեկը ժամերով
Կորած խաղաղության նույն երգն է երգում…
Խելագարվելու ժամը հեռու է…
Անցյալի փորձը այդպես էլ
իրականություն չի դառնում… Դավաճան հայելի,
որի մեջ ոտքերս էլ կնճիռներ են երևում…
***
Մի՛ շարժվեք, ես ձեր միջով եմ անցնելու,
Զգալու եմ ձեր ցուրտը և ջերմությունը,
ձեր ցավի դիմադրությունը, ձեր ագահության
ճնշումը երիկամներիս վրա, ձեր ձանձրույթի բորբոսը
և ձեր չհասունացած սերը… Իսկ ձեր պարտքերը,
իսկ ձեր հոգու գաղտնարանները, որոնց մեջ
ոչ մի աղոթք չկա… Փշերի պես են ձեր պահանջները
բնության մարմնի մեջ ու
քաղաքակրթության մարմնի մեջ… Ձեր երակները
խցանել են անուրախ հրաժեշտները և
երաժշտության ձայնը սղոցում է
ձեր համբերության ծառը… Ամենասարսափելին,
որ լույս չկա ու դեմքիս են բախվում
տագնապի մոծակները… Այսպես,
գուցե հնարավոր է ապրել, սակայն
անհավանական է թվում տեղ հասնելը…
***
Հոգնեցրել է նահանջի մերկությունը- մաշկի պես
տրամադրությանդ վրա, թուլացնելով բառերը
ընկճախտի շնչառության մեջ: Վերջ, ես
դուրս եմ գալիս ապրելու մայրուղի – նկուղի
խոնավությունը թողնելով փիլիսոփայությանը, վստահ,
որ մահը կյանքի մեջ է, իսկ մահվան մեջ կյանք չկա…
***
Նարեկ Առուշանյանի հիշատակին
Բանաստեղծության արձակուրդը երկարում է,
առայժմ ավելի երկար է,
քան գեղանկարիչ Նարեկ Առուշանյանի կյանքը…
Ուզում ես ընդվզել, բայց ի՞նչ կարող են բառերը
և քո մարմինը, և քո եսը, և քո ենթագիտակցությունը,
և քո իմացած գիտությունները, ինչպե՞ս կարող են
գերեզմանափոսի խորությանը ընկճել…
Անիմաստության իմաստը…
Մենդելսոնի ջութակի կոնցերտի երաժշտությունն է
Փորձում ճմրթված նյարդերը հարթել`
մելանխոլիկ ինչպես
բացակայության թարգմանությունը, ինչպես
երկարատև սպասումը, երբ գիտես, որ չեն գալու…
Միշտ էլ ծանր է փոխել տունը,
Մտածելով, որ դրանից հետո այլևս չի գտնի քեզ
արձակուրդից վերադարձող բանաստեղծությունը…
21-ՐԴ ԴԱՐԻՑ ԹԱՔՈՒՆ
(շարք)
11.
Կյանքի մեջ է բարկությունը
Հազար ու մի խոսքով լեցուն
Չես էլ ջոկի ձևն ու գույնը
Բայց վնաս է ամենեցուն…
Նրա հունը ոնց էլ փոխես
Ափերն էլի չեն դիմանում,
Քանդվում են ու գազանի պես
Մարմնիդ միջից հոգիդ հանում:
Ինչ եղավ, ոնց, ինչ փորձանք է
Մեկը կարգին բան չի հուշում,
Ոնց հավատաս, թե այս կյանքը
Քո փրկիչն է մահվան մուժում…
12.
Թաղվեցի նորից ալկոհոլի մեջ,
Արյան խավարում տեղի ունեցավ,
Սիրտս տրոփեց, մտածեցի՝ վերջ,
Իմ կյանքն էլ անցավ:
Ինձ հափշտակեց մի ուրիշ աշխարհ,
Տխուր աշխարհ է, մտածեցի:
Ինձ հետ մի անհոգ հարբեցող էլ կար,
Էդ այլանդակին որտեղ կորցրեցի:
Հիմա մենակիս փրկություն չկա,
Երկուշաբթին է հիմա մարմինն իմ,
Էլ դատավոր չեմ, այլ միայն վկա,
Հա, էժան առավ սատանան հոգիս:
Է ինչ, ասում եմ, լցրու մի բաժակ,
Հաստատ վերջինը, էլ ոչ մի կասկած,
Չեմ դիմանալու ես թաց հողի տակ,
Թեկուզև մեռած,
Ու արդեն մեռած…
13.
Կարծես ոչ մեկը ոչինչ չի հիշում,
Ու համրացել են կարծես բոլորը,
Չհասկանալով ներկան են մաշում,
Կարծես թե դա է կարևորը…
Կարծես անցյալը չքվել է, չկա,
Ու պատերազմներ չեն եղել բնավ,
Կորել է ողջը, և ոչ մի վկա,
Չի սուզվել ոչ մի առագաստ ու նավ…
Ու տիեզերքը կարծես դատարկ է,
Ո՛չ սեր, ո՛չ կարոտ- մեռյալ հոգիներ,
Ու նրանց կյանքի լուսանցքը փակ է,
Այն ներկայի պես, որ աչքեր չուներ…
Ով է ձայն տալու այս քնածներին,
սրանք լույսերը նույնիսկ չեն վառել
խխունջի պես փակ նրանց սրտերին
հուսահատության թռչունն է թառել:
Ո՞վ է շունչ տալու և հույսի պարան
Նրանց կորուսյալ երազանքներին,
դեղնած տերև է սիրո ապագան
ու մատաղացու՝ ցուրտ քամիներին…
14.
Տեսնում եմ ինչ երևում է,
Ծառ ու կանաչ, քար ու զեռու,
Թաքնվածը վերևում է,
Այնքան մոտիկ, սակայն հեռու…
Մի օր գուցե թե այցելեմ,
Երբ կհոգնեմ ինքս ինձանից,
Եթե իրոք վստահ լինեմ,
Որ չի մերժի, կընդունի ինձ…
Թեև նրա ինչին է պետք
Իմ հոգեզուրկ գոյությունը,
Որ գիր չունի, անուն ու հետք,
Եվ Կոսյան է ազգանունը…
Որևե գրվածք բանաստեղծություն չի կարող դառնալ առանց անկեղծության, ներքին կայծի և խորապես անհատականացված ասելիքի…