ՄԻՋԱԿՈԻԹՅԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՆ / Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նոր չէ խոսակցությունը գրական մուտանտների, էպիգոնների և միջակների մասին, բայց այսպիսի ագրեսիվ կեցվածք, բանթողություն, ինքնավստահ աղմուկ և անկում ոչ ոք չէր կարող երևակայել անգամ ամենակարող երևակայության մեջ, ինչի ականատեսն ենք 2014-ի նոյեմբերյան պլենումի օրերից: Մեր հոդվածի՝ «Շարժում և համակարգ. արդի հայ պոեզիան» («Գ.Թ.», 28 նոյեմբեր) հրապարակմանը զուգահեռ, խմբագրությունը «կազմել» էր «կարծիք» հայտնողների մի սյունակ, ելույթներից քաղվել «հատվածներ», որոնց մենտորական տոնը մեր հոդվածը ընթերցելուց հետո խորհող մարդը կարող էր զուտ փիլիսոփայորեն կամ հումորով ընկալել: Եվ որքան էլ դրանց մի մասը չէր ասվել (այդպես չէր ասվել կամ դահլիճում տրվել էին պատասխանները, ավելին՝ առանձին խոսակցությունների ժամանակ ներողություն էին խնդրել ոմանք, իսկ նրանցից մեկն ուղղակի ասում էր, թե ինքը գիժ է և գլուխը ծակ…), բայց ինձ մտահոգողը դա չէ, այլ թումանյանական մի բնութագրում, որ վերաբերում է «շարունակ իրան բանաստեղծ համարող(ներին), որ վնասակար աշխատանք կանի գրականության համար», «բանաստեղծի հռչակ ունենալու ցանկությամբ հիվանդացած» է (Երկեր, հտ. 6, Ե.,1994, էջ 13) և, չգիտես ինչու, իր անունն է ուզում տեսնել մեր գրության մեջ: Իսկ երբ չի տեսնում… ծառս է լինում… Միանգամայն անմեղսունակ պոռթկում, որովհետև նրանցից ոմանք չգիտեն, թե ինչ է բանաստեղծական շնորհը, և, ինչպես բանաստեղծն է բնութագրում, «սրանց սրտումը բանաստեղծական սրբազան կրակի տեղ մի ճճի կա», «դժբախտ է այդ հերոսը» (էջ 13), և նրանց հուսահատ և անճոռնի աղմուկը կարելի է անտեսել: Բայց կա նաև դրա երկրորդ տեսակը, ով ճաշակել է թեև շնորհի թույնը, բայց իրեն «դուխո՛վ, կռվազա՛ն, ջանով» է կարծում՝ մոռանալով խոսքի ժամանակը և տեղը: Իսկ երրորդը, որ ամենամաղձոտն է, չգիտես ինչու ինձ իր խոսքում «բարեկամ» է անվանում, մետռի հավակնոտ խորհուրդներ տալիս և իր չկայացած «բարձունքից» (իր խոսքով ասեմ)՝ «փարված անեզրի քնքուշ հոսքերին» հոխորտո՜ւմ, կրկին պատվիրում՝ ասելով՝ «իմ խոսքը ոչի՛նչ, ոչի՛նչ չի ասում» («Երկնքից առաջ», 2010, էջ 64): Դե, եթե ոչինչ չի ասում, ընկեր Թադևոս, ի՞նչը պետք է մեկնաբանեի, ասա՛, ոխերիմ բարեկամ: Եթե, ինչպես ասում ես, երկնքից առաջ «ճամփան չես կարող անցնել», և դու ես անձդ բնութագրում ու ասում՝ «ստի կաթսայում եփվելու է դեռ իմ անձը անաղ» (էջ 9), ուրեմն, այսքան «անաղ» լինելուց հետո ուրիշ ի՞նչ եզրակացություն կարող ես անել, եթե ոչ այսպիսին՝ «դանդաղ կավերվի որդառատ հողում իմ նյութը նորից»: Եվ ի՞նչ, կմոռացվի հավետ ոչինչը. ահա այդպիսին էր քո սնամեջ խոսքի իմաստը: Եվ սա դու ես ասում, ուրիշ ոչ ոք, որպեսզի ծառս լինես, մեղադրես: Իսկ երբ ինձ ես դիմում և ասում, թե իբր «պոեզիա չե՜մ հասկանում», մոռանում ես, որ ամեն անգամ մեղադրում էիր, որ քո գրածին չե՜մ անդրադառնում… Մինչդեռ հարց էի քեզ տալիս. ինչպե՞ս է արևմտահայերեն գրվել քո ոտանավորը, որ նույնն է, թե՝ ինչպե՞ս ես չապրվածը գրել, ավելի ճիշտ՝ արևմտահայերենը ոչնչացրել (բանաստեղծության ոչնչացումը քո պարագայում չարիքի փոքրագույնն է դեռ): Բայց համարձակվում ես «Կա՛ ժամանակակից հայ բանաստեղծություն» քո արձագանքում անմեղսունակ խաղալով պատսպարվել այլ անունների ետևում՝ պաշտպանի դեր խաղալով, թեև Հ. Էդոյանի, Հակոբ Մովսեսի կամ Հր. Թամրազյանի պոեզիային անհաղորդ ես խորապես, նույն պահին աղավաղում սակայն Հովհ. Գրիգորյանի բանաստեղծությունը, Դավիթ Հովհաննեսի «Իմ առաջին գիրքը ինչպիսին պիտի լիներ» ժողովածուի մտահղացումը, իհարկե, դրանով ցույց տալով, որ ոչ թե ընդունելի չէ նրանց պոետական աշխարհընկալումը, այլ անհասանելի է քեզ բանաստեղծական արդի ընթացքի ընկալումը, շարժումը և համակարգը, որը միասնական բնութագրում ունի մեր հոդվածում: Այն սահմանում է մի ժխտական նախասկիզբ, որը մեկնաբանում է Պ. Սևակը «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» հոդվածում՝ հիմնվելով հայ մշակույթի կառուցվածքի, նրա պատմական ընթացքի վրա՝ վերլուծելով այն բազմաձայնության (սիմֆոնիզմի) տեսանկյունից, որ բանաստեղծական արտահայտություն է գտնում «բանաստեղծական անբանաստեղծություն» արտահայտության մեջ, ինչը Հովհ. Գրիգորյանը ընկալեց «բանաստեղծության անհետացման», իսկ Դ. Հովհաննեսը «ապոետիկ սկզբի» փոխաձևությամբ: Այն մեկնաբանում է «պոեզիան այն է, ինչ պոեզիա չէ» տողի իմաստը, որը ժխտման էվոլյուցիայի տեսությամբ է հնարավոր վերլուծել, ինչը իմաստ չունի կրկին բացատրել, որովհետև, համոզված եմ՝ եթե բանախոսը չի ընկալել մանրամասն նկարագրվածը (ավելին՝ աղավաղել է), ուրեմն՝ անհնար է և անհասանելի նրա համար ասվածը՝ որքան էլ կեցվածք ընդունի և հայտարարի, թե իբր «պոեզիան… պոեզիա է», որ իր արտահայտությամբ կրկին ոչինչ չի ասում: Իսկ գրական մամուլը, որը սույն արձագանքի մակարդակի ինտրիգներ է փնտրում, գնահատված է ճշգրիտ, իսկ մեռյալ «Գարունը» միայն ես չէ, որ քննադատել եմ (համոզված եղիր, որ նույնը խմբագիրը կանի), այլ բազմաթիվ անգամներ դու ես նաև այդպես գնահատել, նույն ժխտական գնահատականը ստանալով քո պոեզիայի մասին: Ահա այդպիսի փարիսեցի քո նմանակի համար է գրել Դ. Հովհաննեսը այս էպիգրամը.
Մազի և մեզի անալիզները ցույց են տալիս,
որ այս մարդը պոեզիայի հետ ոչ մի կապ չունի
– մինչդեռ կապ ունի տափակ, տաղտկալի
բառագիջության հետ արքունի…
Բառագիջության այս վարպետները, որոնց ես փորձում եմ խմբավորել,- սրանք սնվում են ուրիշի հյութով, որովհետև իրենք ամուլ են, բայց միշտ խոսում և ավերում են: Նրանք մեծամասնություն են միշտ և խմբավորված: Գրական ամենատխուր համայնքն են նրանք մեր օրերում, որոնց մենք անվանում ենք գրական թաթոսներ՝ չկայացած գրական ոչ մի ասպարեզում: Բայց, ինչպես Թումանյանն է հավելում, նրանք դժբախտ հերոսներ են, որովհետև «փառք չեն վաստակում», բայց փոխարենը «մուրում են թեմաներ», «այլանդակում են, հանգեր են թխում», «բարձրանում են Ողիմպիոսի գագաթը՝ ավելի բարձր երևալու համար…» և դրանով «բանաստեղծի նշանակությունը ծիծաղելի դարձնում»… Իսկ ամենից վատթարը միջակի, որ նույն թաթոսն է, ավերելու կիրքն է, պահպանողական ոգին, որի գենետիկան անփոփոխ է: Ուստի գրական թաթոսը խելահեղ է, աչքերի մեջ կիրք կա, իսկ լայնացած բիբերը, ինչպես Մանդելշտամն է ասում, դատարկ են, և նա, դիմելով ձեզ ցնորական խոսքերով, ձեզնով չի հետաքրքրվում (Մեգանոս, Ե., 1993, էջ183): Այսինքն՝ նայում է ուրիշ ուղղությամբ, ուստի նա մի մարդ է, ով լցված է ինքն իրենով (Լերմոնտով):
Դժվար է թերևս ինձ համար, երբ ստիպված ես խոսել մի հարթության վրա, ուր ներքաշում են… Անհասկանալի է սակայն «Գ.Թ.»-ի վերաբերմունքը, որն արդեն որերորդ անգամ առիթը բաց չի թողնում անվանարկելու ինձ, ապացուցելով դրանով, որ թաթոսականությունը, այլևայլ աբգդ-եզականությունը գլխավոր դերակատարն է այսօր, ուստի մենք չունենք գրական ուղղություն կամ երազանք, որովհետև միջակին բնորոշ չէ հեռուն նայել, դուրս գալ իր քարանձավից, յուրացնել և երկխոսել ուրիշի և իր հետ: Հերքելով դիալոգիզմը և նորի նշանակությունը՝ գրական թաթոսը հերքում է ոչ միայն իմ հոդվածի նշանակությունը, այլև անտեսում պլենումի պատմական նշանակությունը, որը վերջին երկու տասնամյակի գրական հանրագումարի արտահայտությունն է: Մինչդեռ չգիտես ո՞ր բարոյական իրավունքով նույն թերթում երկրորդ կարծիքի հնարավորություն է տրվում մեկին, որը կարծիք չէ, այլ՝ չբավարարվածի «բառագիջություն» (Դ. Հովհաննես): Ուստի մնում է կրկնել մի ասույթ, որ հաճախ է ասում Արտ. Հարությունյանը՝ «օ՜ բախտ իմ դժխեմ, ե՞ս պիտի նըխշեմ»: Պարոնա՛յք, ժամանակն է, ինչո՞ւ միայն ես… և ո՛չ միայն ես…

One thought on “ՄԻՋԱԿՈԻԹՅԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՆ / Սուրեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։