Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Սրբազան լեռնաշխարհ»
շարքից

ՍԻՓԱՆ
Վանա լճի հյուսիսում
Մի դյուցազուն է կանգնել,
Գլխին՝ ճերմակ սաղավարտ,
Կրծքին վահան է կապել:

Վասպուրական աշխարհի
Լերանց արքան է հսկան,
Նա հառնել է զինավառ,
Նա կանգնել է հաղթական:

Հյուսիսում է նա կանգնել,
Հյուսիսից է նա հսկում,
Որ չդիպչի ոչ մի հողմ
Վանա չքնաղ թագուհուն:

Թառամում է ամեն բան,
Վազում, անցնում են դարեր,
Նա կանգնած է միշտ արթուն,
Նա կանգնած է միշտ ջահել:

ՋԻԼՈ
Ես Արտոսի ուսից տեսա
Լեռնաբուրգերդ վսեմ,
Արեգակին՝ ուսիդ կանգնած,
Որ սահում էր լուսաճեմ:

Իմ Ջիլո լեռ, քաջ լեռնապետ
Կորդվաց կապույտ լեռների,
Դու էլ զորեղ լեռնասյուն ես
Իմ Հայասա աշխարհի:

Կգա օրը հերոսական,
Ով երկնային առաքյալ,
Քո գագաթին պիտի ծփա
Հայոց դրոշը պայծառ:

Եվ երբ հնչի Արարատից
Լեռնապարի մեղեդին,
Դու էլ պիտի պարես խանդոտ
Մեր հաղթական «Քոչարին»:

Կգա՞ն արդյոք թափառական,
Կլեռնանան քո հովտում,
Գիտեմ, Ջիլո, պիտի օրհնես
Եվ փառք կտաս դու Աստծուն:

ԱՐԱԳԱԾԻՆ
Որ կողմից էլ նայում եմ քեզ՝
Ծաղկի նման անբիծ ես դու,
Ամոքիչ ես որպես աղոթք,
Մեր Ջոջանց տան զարմից ես դու:

Դու՝ տուն կանչող հայրական ձեռք,
Հայրենիքիս սուրբ նշան,
Դու՝ մեր երթի սաղմոսալեռ,
Պահապանը դու իմ տան:

Դու՝ Անձնագիրն իմ ծաղկագիր
Եվ ներշնչանքն իմ վայրի,
Ես առանց հաց գուցե ապրեմ,
Բայց առանց քեզ չեմ ապրի:

Արթնանում եմ՝ աչքս-աչքիդ,
Սիրտս-սրտիդ է դիպչում,
Դու տանում ես երազներս,
Աստղերի հետ կամրջում:

Ես էլ կանցնեմ անձրևի պես,
Դու կմնաս առհավետ,
Իր Շիրակի հողի վրա՝
Միշտ կնքահայր ու ասպետ:

Մերձենում եմ ես ամեն օր
Քո մեծ ոգուն զորավոր,
Արարատի շքեղ եղբայր,
Իր Շիրակի թագավոր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։