Կարելի է այս պատմության շարունակությունը համարել նոյեմբերի 2-ը, երբ թուրքական «Փոսթա» թերթում, ի լուր աշխարհի, տպագրվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հարցազրույցը: Իսկ ինչպե՛ս այն մատուցվեց` պարզվում է, աշխարհահռչակ շանսոնյեն ու միաժամանակ դեսպանը Փարիզում հանդիպել և զրույց է ունեցել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլի հետ, և որպես «շռնդալից» ակորդ` Ազնավուրին հանձնվել է «Ոսկե սոսի» մրցանակ: Եվ այդ ընթացքում Ազնավուրը հարցազրույց է տվել ճաշին մասնակցող թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանին:
Այդ հետո, օր օրի վրա պիտի բացահայտվեին այս պատմության մութ կողմերը, իսկ մինչ այդ, հայերը, և ոչ միայն Հայաստանում, խոցված ու ապշահար փորձում էին հասկանալ` սա ինչ պատուհաս էր…
Ազնավուրը իր ֆեյսբուքյան էջում հերքեց ու ստոր մանիպուլյացիա անվանեց «Փոսթա»-ի հրապարակումը: Ի պատասխան, «Փոսթա»-ի կայքում տեղադրվեց այդ հանդիպման տեսագրությունը (իրենց կարծիքով` լավ ու նախապես էին ծրագրավորել այս ամենը): Հենց նույն տեսանյութից պարզ դարձավ, որ մրցանակը հուշանվեր է, իսկ հարցազրույցը… Իսկ հարցազրույց չի եղել, ոչ մի հարցազրույց էլ չի եղել, պարզապես այդ պրոդյուսերը (ինչպես ինքը ստիպված եղավ ի վերջո խոստովանել) վերցրել, Ազնավուրի` տարբեր ԶԼՄ-ներին տարբեր ժամանակներում ասած մտքերն ու կարծիքները հավաքել, դրանց միջից իրեն հարկավորն ընտրել… ու այդ ձաբռտուքը ներկայացրել է որպես հարցազրույց: Ահա այսպիսի լրագրողական էթիկա:
Կարծում եմ, սա ավելի քան խորհրդանշական պատմություն է, այն էլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Մեկ անգամ ևս մեզ ու աշխարհին հայտ ներկայացվեց` թուրքը չի փոխվել: Եվ որքան մոտենա Ապրիլը, այնքան ստոր ու խորամանկ քայլեր է ձեռնարկելու, ու գուցե նորից ու կրկին մեզ կանգնեցնի նույնանման իրավիճակի առջև: Ու հիմա ուշ է նրան քողազերծելը, բացահայտելը… Հիմա, թեկուզ և ուշացած, պետք է մտածենք մեր անելիքի մասին: Նրանք արդեն կաններում և այլուր ֆիլմեր են ցուցադրում, գրքերի միջազգային շնորհանդեսներ են կազմակերպում և հաճախ ստանում որոշ հայերի հուզումնախռիվ քաջալերանքը: Հիմա բարձրաձայն ասեմ, ինչ ներքին համոզումս է. այս անգամ էլ, հարյուր տարի անց, իրենց մեղքը գրականության ու արվեստի «նյութ» դարձրած` այսպես են ցեղասպանություն իրականացնում, մեր դեմ կատարած քստմնելի ոճիրին գեղարվեստական տեսք են տալիս, ու դեռ պիտի պարզել` այդ «ստեղծագործություններում» ինչ ենթատեքստեր ու շերտեր կան: Իսկ որ կան, չեմ կասկածում, կասկածողին էլ խորհուրդ կտամ մեկ անգամ ևս հիշել Ազնավուրի դեմ արված սադրանքը:
Ես չգիտեմ` ինչ է անում, ինչ ծրագրեր է իրականացնելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, բայց հուսամ` այդ հանձնաժողովում գիտակցում են, որ աշխարհի ողջ հայությունն է սպասում` ինչ Խոսքով ու Գործով ենք ասելու աշխարհին մեր ազգային ողբերգության և մեր ապրելու կամքի մասին:
Հ.Գ.
Սկզբում գրել էի` «այս պատմության շարունակությունը կարելի է համարել…»: Իսկ գրել էի, որովհետև համոզված եմ, Ազնավուրի դեմ հյուսված այս դավադիր արարքի սկիզբը հարյուր և դեռ ավելի տարի առաջ է սկսվել….
Յուսանք, Կարինէ, որ այս 100-ամեակին գիտնանք բոլորս միասին, Հայրենիք եւ Սփիւռք, մէկ մարդու նման ոտքի կանգնիլ, մէկ ձայնով խօսիլ, մէկ ուժեղ բռունցք դառնալ աշխարհին առջեւ, բայց միաժամանակ լաւ ճանչնալ մենք զմեզ ու ծրագրել մեր գալիքը։
Վրէժ-Արմէն