Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության և վարչության նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ Գրողների միությանն է դիմել «Օֆիսկլաս» կազմակերպությունը` ՀԳՄ աջակողմյան նորակառույց հյուրանոցին կից տարածքը բարեկարգելու առաջարկով: Նախագծի ճարտարապետը ծանոթացրեց կատարվելիք բարեփոխումների ճարտարապետական մանրամասներին, դրանով պայմանավորված միջավայրի վերակառուցման նպատակներին ու ծրագրերին: Տարածքում կգործի սրճարան, կլինի բեմահարթակ` տարբեր գրական-մշակութային միջոցառումներ, գրական հանդիպումներ, քննարկումներ անցկացնելու համար: Տարածքի գրական մթնոլորտն ապահովելու համար կտեղադրվեն անվանի գրողների ասույթներով, աֆորիզմներով, բանաստեղծական տողերով դեկորացիաներ: Բարեկարգողները հավաստիացրին, որ բարեկարգման ընթացքում ոչ միայն ծառերն ու թփերը չեն վնասվի, այլև կավելանան նորերը: Առաջարկվեց գրախանութը տեղափոխել ձախ հատված, ինչը ավելի բանուկ լինելով, էապես կնպաստի գրախանութի աշխատանքներին: Գաղափարը ՀԳՄ նախագահության և վարչության անդամների կողմից ընդունվեց միաձայն: Որոշվեց ՀԳՄ անունից դիմել քաղաքապետարան:
Այնուհետև Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց ՀԳՄ մեկ տարվա գործունեության հաշվետվությունը: Այս խնդրով նախորդ օրը տեղի էր ունեցել ՀԳՄ նախագահի մամուլի ասուլիսը: ՀԳՄ նախագահը նշեց, որ նախկին բոլոր ավանդական միջոցառումներին` Գիրք նվիրելու օր, Թարգմանչաց տոն, Մանկապատանեկան գրքի շաբաթ և այլն, ավելացել են նորերը: Թարմացվել և ավելի բազմակողմանի է դարձել ՀԳՄ կայքը, գործում է բանավեճի ակումբը, անցկացվել է ՀԳՄ վարչության լիա- նիստ՝ նվիրված ժամանակակից արձակի խնդիրներին: Այն շարունակական է լինելու՝ ընդգրկելով նաև գրական մյուս ժանրերը: Էապես բարելավվել է տարբեր երկրների գրական կազմակերպությունների, ՀՀ տարբեր նախարարությունների, հեռուստաընկերությունների և մամուլի հետ համագործակցությունը: ՀԳՄ նախագահության և վարչության անդամները տեղեկացվեցին 2015 թ. իրականացվող մի շարք միջոցառումների մասին:
Քննարկվեցին ժամանակակից պոեզիային նվիրված առաջիկա լիանիստի կազմակերպչական մի շարք խնդիրներ:
ՀԳՄ նախագահը հայտնեց նաև, որ Ազգային ժողովը մի շարք փոփոխություններ է կատարել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում, ըստ որի՝ ստեղծագործական միություններն այսուհետ դարձյալ կկոչվեն ոչ թե միավորումներ, այլ միություններ: Վերընտրությունների ժամկետը 2 տարվա փոխարեն հաստատվել է 4 տարի: Որոշվեց կանոնադրական փոփոխությունները հրապարակել «Գրական թերթում» և տեղադրել ՀԳՄ կայքում:
Կարևորվեց «Գրական թերթի»՝ (թիվ 36) «Ինչո՞ւ են դպրոցները «փակ» մանկապատանեկան մամուլի համար» բարձրացրած թեման, ինչի շուրջ որոշվեց ապագայում քննարկում կազմակերպել: