Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Կարինե Խոդիկյան - 1Այս օրերին ոմանք, մատնացույց անելով Կիևի եվրամայդանում ընթացող հանրահավաքը ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքները կասեցրած իշխանության դեմ, բողոքում են, թե` տեսե՛ք, ուկրաինացիներն ինչպե՛ս են պայքարում իրենց երկրի ապագայի ու ճակատագրի համար, իսկ մենք…
Բողոքում են, ու նրանց ձայնը ավելի ու ավելի ինքնավստահ է դառնում, ասես իրոք չգիտեն, թե ի՛նչն է պատճառը: Իսկ գուցե ավելի հարմար է չիմացո՞ղ ձևանալը, որովհետև մինչև վերջ ազնիվ լինելու համար պետք է «ծուռ նստես ու շիտակ խոսես», առանց խնայելու դիմացինին և, առաջին հերթին, ինքդ քեզ:
Ընդամենը մի քանի նկատառում: Սկսենք մայդանից. ինչո՞ւ ուկրաինացի քաղաքացին հերթական անգամ այնտեղ է: Մինչև դուք մի քանի պատճառ հիշեք, ես կասեմ ամենագլխավորը. նրանք մարտի 1 չեն տեսել: Այո, եղել է ու կա և՛ արցունքաբեր գազ, և՛ մահակ, և՛ ձերբակալություններ, բայց սեփական ժողովրդի նկատմամբ, այն մարդկանց, ովքեր իրենց իրավունքն են պաշտպանում` զենք չի կիրառվել, արյուն չի թափվել: Իսկ մենք հիմա, ուզենք թե չուզենք, պիտի խոստովանենք, որ Հրապարակ գնալուց առաջ կմտածենք ու եթե ինքներս որոշենք գնալ, մեր հարազատներին գոնե կաշխատենք հեռու պահել…
Հաջորդը` ո՞ւմ է ուղղված բողոքի ելած մարդկանց հայացքը: Մայդանում Եվրոպայի հետ իրենց ապագան կապող մարդիկ հասցեատեր ունեն` Վ. Կլիչկոն, ով այսօր նրանց համար այդ նույն Եվրոպայի երաշխավորն է: Իսկ մե՞նք… Լիդերի հարցը` մի կողմ, ընդհանրապես քաղաքական գործիչներից այսօր ո՞վ է գլուխ հանում. մի օր եվրոպամետ են, հաջորդ օրը նրանց փխրուն հոգին տենչում է Ռուսիո անծայր հորիզոնները, իսկ երբ պահը գա` ամեն մեկի «դոսյեն» կդրվի հանրային սեղանին` հերթական հիասթափության դոզան ներարկելով մեր հասարակությանը: Ո՞ւմ հառենք մեր հայացքը…
Եվս մի հանգամանք, շատերի համար` վճռորոշ. երկակի ստանդարտի սինդրոմը (այսպես բանաձևեմ): Եվրոպա, այսինքն՝ ժողովրդավարություն, մարդու իրավունք, ազատ ընտրություններ… Իսկ հիմա հիշեք, թե ո՞ր մի հայաստանյան ընտրությունը` նախագահականից մինչև համայնքային, առատորեն լցոնված ընտրակեղծիքների խորիզով, իրական գնահատական ստացավ եվրոպական դիտորդների կողմից: Ի՞նչ իրական գնահատականի մասին է խոսքը. որքան կատարելագործվեց կեղծամեքենան, այնքան նրանք բարձր գնահատեցին` ևս մի քայլ առաջ որակելով արդեն անեկդոտի նյութ դարձած մեր ընտրությունները… Այդ կե՞րպ էին ուզում մեզ «եվրոպականացնել»: Բայց ետնամուտքով տուն չեն մտնում, կեղծված դեմքի ժպիտն էլ, հավատ չասեմ` պատրանքի տեղ չի թողնում: Թե՞ իսկապես կարծում էին, որ սեփական երկրում վստահության քվե չունեցող իշխանության հետ կարելի է պայծառ ապագա կառուցել… Գոնե շարքային ընտրողներիս հարցնեին:
Այսքանից հետո կարո՞ղ եմ եզրակացնել. և՛ իշխանությունը, և՛ քաղաքական դաշտը, և եվրակառույցները արեցին հնարավորինը` հայ հասարակությանը զերծ պահելու «մայդանացավից»:
«Օրհնված սհաթի» մասին չասեմ: Լավագույն ավանդույթները շարունակվում են…

One thought on “Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։