Իմ սեր, իմ հպարտություն Շուշի / Սաթենիկ ԱՎՈՅԱՆ

Բարձրաբերձ լեռների թագուհին՝ Մռավը, ամբողջ ճանապարհին ուղեկցում էր մեզ: Եղանակն այնքան պարզ էր ու թափանցիկ, որ նշմարվում էր արցախյան գույների ամբողջ ներկապնակը: Ճանապարհի ոլորանները այնքան հարթ էին, որ թվում էր` ուղիղ, նետաձիգ ճանապարհով ենք սլանում: Շտապում էինք, թե ինչո՞ւ, հարցի պատասխանը հոգուս ճիչն էր տալիս… Այնքան հարազատ, այնքան սիրելի իմ Արցախ…
Կարծես ճանապարհը կանգ առավ: Մեր դեմ Ղազանչեցոնց հոյակերտ եկեղեցին էր: Դանդաղ մոտենում ենք, մոտենում հավատացյալի ներքին դողով, սրահում մեղմորեն տարածվում էին պատարագի հնչյունները: Ակամայից մեխվում ես տեղում, մեխվում, որովհետև Աստծո տունը այնքան հպարտ ու վեհաշուք է, որ թվում է` մի ամբողջ շտեմարան ժողոված հույսերից քեզ էլ է բաժին հասնում:
Ի՜նչ գեղեցիկ զուգադիպություն՝ եկեղեցու շարունակությունն են կազմում երկու թանգարանները, իսկ նրանց դիմաց հոյակերտ Խ. Աբովյանի անվան դպրոցն է: Երբ ճանապարհին էինք, դպրոցի տնօրեն Նազիկ Նալբանդյանը անընդհատ զանգում էր: Տնօրենին թվում էր, մեզ դիմավորող է պետք, որ գտնենք դպրոցը: Նա պատուհանի մոտ կանգնած էր, երբ մեր մեքենան մտավ դպրոցի բակ: Մի պահ, և երեխաների ուրախ ու զվարթ ձայներին հաջորդեցին հուզմունքաշատ աչքերով ուրախությունից փայլող ուսուցիչները: Շուշեցի շինարարների անթերի նորոգած դպրոցը և՛ ոգևորություն էր պարգևում, և՛ հպարտություն: Ու հպարտացանք, որ հարազատ օջախին նվեր ենք բերել` շրջիկ ցուցահանդես, որը շուշեցի, ինչու չէ, նաև արցախցի իմ եղբորը, զավակին, քրոջը պատմելու է Մեծ հայի՝ Խ. Աբովյանի կյանքի և գործունեության մասին: Երբ ավարտեցինք թանգարանի մասնաճյուղի համար հատկացված սենյակի ձևավորումը, աշխատողներից մեկը մոտեցավ, փաթաթվեց ու՝ «Մեծ գործ եք արել… Շուշիում ևս մեկ թանգարան ավելացավ»: Երեխաները պատերի տակ կանգնած հետևում էին մեզ և մեկ-մեկ մոտենալով, կեսաչք նայում նոր թանգարանին, հերթը զիջում հաջորդին: Պարզապես անհամբեր էին…
Իսկ դահլիճը, որտեղ հավաքվել էին Շուշիի հասարակության ու դպրոցների ներկայացուցիչները, միջոցառումը բացվեց Արցախի օրհներգով: Դպրոցի տնօրենի, ուսուցիչների ելույթներից հետո խոսքը տրվեց Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանին:
– Ես կատարել եմ հայի իմ պարտքը Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի և իմ հոգեհայր, իմ գիտական ղեկավար, տաղանդաշատ պատմաբան, ՀՀ ԱԱ ակադեմիկոս, շուշեցի Աշոտ Հովհաննիսյանի կամքը,- ասաց նա:
Արցախի կրթության նախարար Ս. Ասրյանը հույս հայտնեց, որ հայաստանյան յուրաքանչյուր թանգարան, մշակութային կենտրոն եթե հետևեն Խ. Աբովյանի տուն-թանգարանի օրինակին` կարճ ժամանակ անց Շուշին կվերագտնի մշակութային մայրաքաղաքի իր փառքը:
Խ. Աբովյանի տուն-թանգարանի ջերմ բարեկամ, Արցախի ազգային ժողովի պատգամավոր, Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան դպրոցի տնօրեն Ռ. Դադայանը հայտնեց, որ 2014 թ. սեպտեմբերի 1-ին կավարտվի իրենց դպրոցի հիմնանորոգումը և հույս հայտնեց, որ թանգարանը իր երկրորդ մասնաճյուղը կբացի Ստեփանակերտում: Տիկին Դադայանը հիշեցրեց նաև, որ 1988 թ. Ստեփանակերտում գումարված հերթական ժողովրդական «Միացում» հավաքներից մեկի ժամանակ, միտինգավորների պահանջով, իրենց դպրոցն անվանափոխվել և ստացել է Խ. Աբովյանի անունը:
– Այս փաստը պարտավորեցնող լինելուց բացի, մեր անկախության արշալույսի առաջին նվերն է և այն պետք է պահպանենք սրբորեն,- նշեց նա:
Երեխաների ուրախ երգն ու պարը թևածում էր հինավուրց Շուշիում, աշխարհին ի լուր հայտնում, որ դպրոց ու եկեղեցի, մշակույթ պաշտող հայ ժողովուրդը ցանկացած պահի պատրաստ է պաշտպանել իր անկախությունը, անվտանգ կյանք պարգևելով սերունդներին:

Սաթենիկ ԱՎՈՅԱՆ
Խ. Աբովյանի տուն-թանգարանի
ավագ գիտաշխատող

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։