ՀԱՄ ՆԱԼԻՆ, ՀԱՄ ՄԵԽԻՆ / Սամվել Կոսյան

Սամվել-Կոսյան
Իսլամական Պետության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի կազմում միայն Թուրքիան է, որ Իրաքի և Սիրիայի ուղղություններով սահմանակից է վիճահարույց տարածքներին, ինչն էլ կարևորում է նրա դերը: Սակայն Թուրքիան, թեև կոալիցիայի մեջ, այնքան էլ չի շտապում ակտիվ գործողությունների անցնել: Վարչապետ Դավութօղլիի հայտարարությունը դրա վկայությունն է. «Անկարան միջազգային կոալիցիայի հետ կհամաձայնի գործակցել միայն այն դեպքում, եթե կոալիցիան պարտավորվի Սիրիայի սահմանին ապահովական գոտի ստեղծել»: Առաջարկը մերժվելուց հետո Թուրքիան առաջ քաշեց անվտանգության գոտու տարբերակը, այն էլ չափազանց հավակնոտ ու սկզբունքային նախապայմանով. ան­վտանգության գոտու ստեղծման որոշումը ՄԱԿ-ինը պիտի լինի: Սակայն Թուրքիայի անսկզբունքային քաղաքականությամբ պայմանավորված՝ դաշնակիցներն այնքան էլ տրամադրված չէին զիջումների: Քաղաքականության մեջ համ նալին, համ մեխին սկզբունքը, մյուս կողմից էլ, թուրքական ռազմաբազաները դաշնակիցներին տրամադրելու շուրջ սակարկությունները, որ ավելի «բազար», քան քաղաքական երկխոսություն են ենթադրում, այնքան էլ վստահելի փաստարկներ չեն: Թուրքական պահանջը մանկամտորեն վերծանելի էր, որպեսզի ընթացք ստանար: Սկզբում՝ ան­վտանգության գոտի, հեռանկարում՝ առավել խորքային և մեծամասշտաբ գործողություններ: Անկարայի ցանկությանն անմիջապես հետևեց Սիրիայի արտգործնախարարության հայտարարությունը, որով «Սիրիան կատեգորիկ դեմ է ամեն տեսակի ապահովական գոտիների, որտեղ էլ դրանք տեղակայվեն և ինչ նպատակներ էլ հետապնդեն»: Դամասկոսը ենթադրում է, որ այդ գոտիները ժամանակի ընթացքում կարող են գրոհայինների ճամբարների վերածվել: Որոշ հայ վերլուծաբանների կարծիքով էլ, Թուրքիայի աչքը կրկին հայաբնակ Քեսաբի վրա է, հաշվի առնելով, որ թուրքական մամուլում արդեն շրջանառվում է թուրքական ԶՈՒ գլխավոր շտաբի թուրք զինվորների տեղակայման քարտեզը, որտեղ հայաբնակ ավանը ևս ներառված է: Սակայն Անկարայի երկակի քաղաքականությունը` միաժամանակ համակրել և՛ ջիհադիստներին, և՛ նրանց դեմ պայքարող երկրների ճնշմանը դիմակայել, չափազանց բարդ ռազմավարություն է՝ անգամ նման հարցերում փորձված Թուրքիայի համար: Երկարատև չեզոքությունն ու տարաբնույթ սակարկությունները կարող են խնդիրներ առաջացնել ՆԱՏՕ-ում և դաշնակից երկրների մոտ: Հենց այս պատճառով Անկարան վերջապես համաձայնեց իր երկրի քրդերին Սիրիա անցնելու և Քոբանիում իրենց եղբայրներին օգնելու միջանցք բացել, թեև, ինչպես նշում է բրիտանական Daily Telegraph պարբերականը, Թուքիայի և Իսլամական Պետության թշնամիները նույնն են, քանի որ Թուրքիայում քրդերի ու Սիրիայի նախագահ Ասադի համբավը իսլամիստներից ավելի վատ է: Շարունակելով քննադատել Քոբանիի հանդեպ Էրդողանի քաղաքականությունը՝ պարբերականը գրում է. «Ճիշտ այնպես, ինչպես Ստալինը խորհրդային բանակը հետ քաշելով թույլ տվեց, որ ֆաշիստները 1944-ին ճզմեն Լեհաստանը, այժմ էլ, եթե ԻՊ-ը գրավի Քոբանին, դրանից Թուրքիան չի տխրի»: Չի տխրի, որովհետև ներկայիս Թուրքիայի ամենամեծ խնդիրը քրդական պահանջատիրությունն է, և ԻՊ-ի ու քրդերի առճակատումը ինչ-որ տեղ օգնում է Թուրքիային՝ մեղմելու այդ խնդիրը, մանավանդ դաշնակիցները` ԱՄՆ-ն և Արևմուտքը, կարծես դեմ չեն և աջակցում են քրդական ինքնավարությունների գոյացմանը: Այսօրինակ զարգացումների հեռանկարը Թուրքիայի և արաբական երկրների միջև «քրդական գոտու» առաջացումն է, ինչը սահմանափակելու է տարածաշրջանում թուրքական ազդեցության սահմանները: Անկարան, բնականաբար, պատրաստ չէ նման «խաղի», և Էրդողանը ստիպված է հայտարարել. «Խոսք կա` Իսլամական Պետության դեմ ճակատ կազմավորելու նպատակով զինել Սիրիայի քրդական «Դեմոկրատական միությանը», երբ մեզ համար այդ կուսակցությունը քրդական «Աշխատավորական»-ի պես ահաբեկչական կուսակցություն է: Չափազանց մեծ սխալ է պահանջել մեզանից «այո» ասել ՆԱՏՕ-ի մեր դաշնակից ԱՄՆ-ին, ինչը մեր կողմից բացառվում է»: Սակայն ամեն ինչ տանում է նրան, որ Թուրքիան ստիպված է խտացնել ԻՊ-ի դեմ պայքարի շարքերը: «Քաղաքական գլոբալ խաղացողների» մամլիչի տակ Թուրքիան ոչ միայն զրկվել է ինքնուրույն մանևրելու հնարավորությունից, այլև կորցրել է դաշնակիցների անընդհատ փոփոխվող ռազմավարությանը օպերատիվ արձագանքելու ունակությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։