Հայրենիք – Սփյուռք. միասնական գրականություն

ՀԳՄ
ՀԳՄ
ՀԳՄ

Սեպտեմբերի 23-ին ՀԳՄ Կլոր սրահում «Բանավեճի ակումբի» շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ գրողների հետ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով հյուրերին` Հովսեփ Նալբանդյանին (ԱՄՆ), Սարգիս Կիրակոսյանին (Լիբանան), Անդրանիկ Խեչումյանին (Պարսկաստան), Ալբերտ Օհանյանին (ՌԴ), Կիրակոս Գույումճյանին (Քուվեյթ), Համբիկ Մարտիրոսյանին (Լիբանան), նշեց, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ժամանակակից հայ գրականությանը, գրական առնչություններին, արևելահայ և սփյուռքահայ գրականություններին վերաբերող հարցեր, կխոսվի այսօրվա գրականությանը հուզող հիմնահարցերի մասին:
«Բանավեճի ակումբի» նախագահ Պետրոս Դեմիրճյանը նշեց, որ դեռևս 100 տարի առաջ էր սկսվել մի շարժում, որը խնդիր էր դրել միավորել, միասնականացնել արևմտահայ և արևելահայ գրականությունը, իրար մերձեցնել արևելահային ու արևմտահային, որն ընդհատվեց Մեծ եղեռնով: Երկրորդ անգամ այդ շարժումն ընդհատվեց ստալինյան բռնապետության հետևանքով, երկու անգամ այդ գրական ՛շարժումը գլխատվեց, զոհվեցին մեր առաջատար գրողները, որից հետո գրականությունը կարծես թե սկսվում էր զրոյից: Նրա հավաստմամբ՝ եթե անցած մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանում ապրող հայ գրողը և Սփյուռքում ապրող հայ գրողը այլ աչքով էին նայում մեր իրականությանը և մեր գրական արժեքներին, գրականության խնդիրներին, ապա այսօր ինքնաճանաչողության խնդիր կա, և դա պետք է միասին սկսել` որպես միասնական շարժում:
Կալիֆոռնիայի գրողների միության անդամ Հ. Նալբանդյանը անհրաժեշտ համարեց երկուստեք հաղթահարել արևելահայերենի և արևմտահայերենի ուղղագրությանը վերաբերող խնդիրները` ընդգծելով, որ այդ հիմքերը իրար մոտեցնելու գործում մեծ դեր ունի գրողը որպես գեղարվեստական մտքի արտահայտիչ, որպես հասարակության հոգեբանությունը ժողովրդին բացող անհատ: «Արևելահայ գրողը պարտավոր է կարդալ նաև արևմտահայերեն, և հակառակը»,- շեշտեց նա:
Ըստ Սարգիս Կիրակոսյանի` «այսօր ավելի շատ կարիք ունենք հայ գրականությունը վերածել հայ մարդու առօրյայի ընթացք կազմող կենդանի շնչող իրականության»: Իսկ դա, նրա հավաստմամբ, սկսվում է դպրոցից` գրող-աշակերտ հանդիպումներից: Նա առաջարկեց Հայաստան-Սփյուռք համագործակցությամբ մատենաշարեր հրատարակել աբեղյանական ու դասական ուղղագրությամբ՝ ընդգրկելով նույն ժամա- նակաշրջանի թե՛ հայաստանյան, թե՛ Սփյուռքի գրողներին:
Ալիս Հովհաննիսյանի կարծիքով, միասնականության հասնելու լավագույն միջոցը հայաստանյան դպրոցներում արևմտահայերենի, իսկ Սփյուռքի դպրոցներում` արևելահայերենի ուսուցումն է:
Գրական արժեքները միասնականության մեջ քննելու, նմանատիպ հանդիպումները հաճախակի դարձնելու, հայաստանյան գրականությունը Սփյուռքի, իսկ Սփյուռքի գրականությունն էլ հայ ընթերցողին հասցնելու մասին կարծիքներ հայտնեցին նաև Ա. Ավագյանը, Ա. Օհանյանը, Հ. Մարտիրոսյանը, Կ. Գույումճյանը, Ա. Խեչումյանը:
Հանդիպման ավարտին որոշվեց Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառոււցված հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման առթիվ հանդես գալ միասնական հայտարարությամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։