Սեպտեմբերի 24-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ գրական հանդիսություն՝ նվիրված սփյուռքահայ անվանի բանաստեղծ Մուշեղ Իշխանի ծննդյան 100-ամյակին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում ցավով փաստեց, որ մի շարք գրողներ Սովետական Միության ժամանակ երկաթե վարագույրով մնացել են տարանջատ, և հայաստանյան ընթերցողը չգիտեր այդ մեծությունների մասին, մասնավորապես` մայր հայրենիքում երկար տարիներ քաղաքական պատրվակներով Մ. Իշխանի մասին խոսք չի եղել, և միայն նրա պոետական տողերն են Արթուր Մեսչյանի երգերով հասել ուկնդիրներին: «Մեր սփյուռքահայ գրողները լեզվի մեջ են շոշափում, հոտոտում երկիրը, և որքան մեծ է բանաստեղծության լեզուն ու տարողունակ, այնքան թվացյալ երկիր են նրանք պահում, պահպանում, բայց իրական արժեքներին հասնելու կամքով և ոգով»,- ասաց նա:
ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը ընթերցեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը և հուշեր պատմեց Մ. Իշխանի մասին: «Նա չուներ Սիամանթոյի սահմաններ չճանաչող երևակայությունն ու ողբերգահերոսական թանձրացումները, Դանիել Վարուժանի աշխարհներ հայտնաբերող պատկերավորման թափը, Վահան Թեքեյանի խոհափիլիսոփայական տարերքը, սակայն նա բերում էր այն ողջ այրվող ու չմոխրացող, անընդհատ մորմոքող ու չսպիացող իր նախնիների անկրկնելի երգը, իր երազների երգը և դրանում ստեղծում ուրույն մի աշխարհ, որ իրավամբ իշխանական պիտի կոչվի»,- ընդգծեց Ս. Սրապիոնյանը: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, հանդիսության հիմնական զեկուցման մեջ հանգամանալից ներկայացնելով գրողի կյանքը և գործը, նշեց, որ ժամանակի արհեստական արգելքներն ու խոչընդոտները պատնեշել են օտարության մեջ տառապող ու ստեղծագործող ինքնատիպ անհատականություններից մեկի` Մուշեղ Իշխան բանաստեղծի, արձակագրի, դրամատուրգի, հրապարակախոսի ու մանկավարժի մուտքը հայրենի տուն: «Մ. Իշխանը մեկն է հայ ժողովրդի այն բազմաթիվ բեկորներից, ում էությունն ու ճակատագիրը ամբողջովին լցված է Հայոց ցեղասպանության` այդ մեծ ոճիրի բերած ողբերգությամբ»,- ասաց նա և ավելացրեց. «Մ. Իշխանի հարյուրամյա հոբելյանը ՀԳՄ հարկի տակ հանդիսավորապես նշելով՝ հաստատվում է, որ հայ գրականությունը ոչ թե մասնատված ու տարանջատված երևույթ է, այլ ամբողջական ու միասնական ընթացք»: Ըստ Վազգեն Գաբրիելյանի՝ Մ. Իշխանը տառապանքի, կյանքի բանաստեղծ էր, իսկ այդ տառապանքը համամարդկային բնույթ ունի: Գրականագետը անդրադարձավ մայր հայրենիքում Սփյուռքի նշանավոր գրողի երկերի հրատարակության պատմությանը: «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, գրականագետ Սուրեն Դանիելյանը ցավալի երևույթ համարեց այն, որ Մ. Իշխանի ստեղծագործությունը ամբողջովին չի հրատարակվել, չկա գիտական մենագրություն նրա մասին: «Մեր գլխավոր խնդիրը Մուշեղ Իշխանին վերադարձնելն է գրական-մշակութային հոլովույթ»,- ասաց նա: Բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանը խոսեց Մուշեղ Իշխանի` որպես հայրենասերի ու մարդասերի էության մասին: Արթուր Նավասարդյանը, արժևորելով գրողի գրական ստեղծագործությունները, փաստեց, որ նա բարձր էր գնահատում հայրենիքի դերը` հատկապես սփյուռքահայության գոյատևման դժվարին պահերին: Իր խոսքում նա նշեց, որ Մուշեղ Իշխանի անվան դպրոցի շենքը հիմնանորոգվեց ամերիկահայ հայրենակցական միությունների տրամադրած միջոց- ներով: Իսկ Կարպիս և Ծովակ Կարամարդյանների նյութական միջոցներով 1999 թ. ստեղծվեց թանգարան:
Բանաստեղծի որդու՝ Արմեն Ճեներերջյանի գերդաստանը տրամադրեց Մուշեղ Իշխանի անձնական իրերից, ընտանեկան հազվագյուտ լուսանկարներ, պաշտոնական գրություններ, նամակներ, ընծայագրված գրականություն, որը տեղ հասցվեց Սարգիս և Անի Նաջարյանների ջանքերի ու նյութական ներդրումների շնորհիվ: Ա. Նավասարդյանը հանդիսության մասնակիցներին փոխանցեց տիկին Անիի խոսքը իր և ամուսնու անունից. «Մենք ձեզ ու Մուշեղ Իշխանի հետ ենք՝ հոգով ու սրտով, շնորհակալությամբ մեր ջերմ զգացումները փոխանցում ենք բոլորիդ: Մուշեղ Իշխանի՝ մեր ուսուցչի հիշատակը կմնա անթառամ, քանի կա հայ ժողովուրդը»: Մուշեղ Իշխանի սան, անվանի բժիշկ Կարո Դերձակյանը հուշեր պատմեց իր ուսանողական շրջանի մասին՝ ընդգծելով Մուշեղ Իշխան ուսուցչի մարդկային ու մասնագիտական արժանիքները: Ելույթ ունեցան նաև բանաստեղծուհի Մարուշ Երանյանը, ասմունքող Գայանե Սամվելյանը և Երևանի Մ.Իշխանի անվան դպրոցի աշակերտները: Հնչեցին Մուշեղ Իշխանի բանաստեղծությունների հիման վրա գրված Արթուր Մեսչյանի երգերը: Հանդիսությունը վարում էր Գայանե Սամվելյանը: