Վոնի Մադիգանը երկրորդ սերնդի ֆրեզնոցի հայ է, ծնողները գաղթել են Վանից: Ավարտել է Կալիֆոռնիայի Սբ. Մարիամ քոլեջը:
Նրա բազմաթիվ պատմվածքները տպագրվել են ,Արարատ» և ,Գրողների ֆորում» պարբերականներում:
Պատուհանին ամրացված օդորակիչից Հարրի պապիկի դեմքին ջուր էր ցայտում: Չէր բողոքում, փոխարենն ավելի կիպ էր սեղմվում բորբոսնած օդանցքին: Իսկ փոքրիկ Լեքսին համոզված էր, որ այն շատ էր հոսանք ծախսում: Բնակարանը բիկրամ յոգայի արվեստանոց էր հիշեցնում, ջերմությունը հիսունից ավելի էր և շարունակում էր բարձրանալ: Աղջկա ընկերուհիների կարծիքով որդիական նախատինք էր, որ նա ստիպված էր ամեն տարի օգոստոսին երկու շաբաթ Ֆրեզնոյում Հարրիի հետ անցկացնել:
Չե՞ս վախենում, որ էնտեղ եղածդ ժամանակ կսկսի խռխռացնել,- զարմանում էին:
Չէր վախենում: Արդեն տասնութ տարեկան էր և գիտեր, թե ինչպես պետք է շտապ օգնություն կանչեր և ինչ միջոցներ ձեռնարկեր: Միայն սևազգեստ քահանայի հետ զրույցն էր խրտնեցնում: Հայերեն ընդամենը մի քանի պարզունակ բառեր գիտեր` հիվանդ է, երթանք, մենձ հայր:
Գիտե՞ս, թե սիրտս հիմա ինչ է ուզում,- գոռում է Հարրիի ձախ` առողջ ականջի մեջ,- սառը ձմերուկ:
Գործ չունես, թող կիլոգրամը հինգ սենթի իջնի,- ի պատասխան մրթմրթում է պապիկը:
Աղջիկն իջեցնում է անվերջ ձյունափաթիլներ վերարտադրող հեռուստացույցի ձայնը, մինչ Հարրին կես աչքով ինչ-որ հեռուստախաղի է հետևում:
Պապիկ, հին գներն էլ հետ չեն գալու: Հիմա ամենաէժան ձմերուկի ֆունտը երեսունինը սենթ է:
Միայն հիմարն էդքան կվճարի:
Անսերմ են, մեր հարմարության համար ենք վճարում:
Ձմերուկի ամենակարևոր մասը սերմն է: Դու իմ սերմն ես: Էդ խելոքն ո՞վ է, որ որոշել է, թե սերմ հարկավոր չէ:- Այնպես է ժպտում, կարծես աղջկան նայելով մեկ ուրիշին է տեսնում, իր քույր Մարգարիտին կամ մյուս հանգուցյալներին:
Լեքսին խոժոռվում է: Նեղսրտում է, որ վերապրողների ու գաղթականների երկար պատմության բեկորներից է: Դպրոցում երեխաները նրան մեքսիկացու կամ արևելյան հնդկացու հետ են շփոթում: Մասիսի կամ Արարատի մասին չեն լսել:
Չե՞ս հիշում, թե ոնց էինք սերմերը դուրս թքելիս ուրախանում: Էն ժամանակվա թարմ ձմերուկները համսես էին:
Մի խոսքով, ձմերուկ եմ ուզում,- այլևս պապիկի խորամանկ թակարդը չի ընկնի:
Երբ շատ փոքր էր, պապիկը զգուշացնում էր, որ եթե սերմերը կուլ տար, փորի մեջ հսկայական ձմերուկ կաճեր:
Հյութալի ծիրան կեր: Գեղեցիկ, մեծ սերմ ունի:
Ժամանակները փոխվել են, պապիկ:
Իսկապես, մանուկ ես: Չէի նկատել: – Պատուհանից այն կողմ հողափորները նոր մարգեր են փռում: Պապիկը կրկին խառնում է մաշված խաղաթղթերի կապուկը:- Ի՞նչ տեսակ մարդիկ են, որ թզենիներ են արմատախիլ անում:
Մեզ ինչ:
Աղջիկը հետևում է, թե ինչպես են վնգստացող լուսանները պտուղներով ծանրաբեռ ցամաքած ծառերը տապալում: Թզի առևտուրը վատացել է, շուկան գնալով նեղանում է: Ոչնչացրած մրգաստանը միայն ծիտիկներին է ուրախություն պատճառում:
Չորրորդ դասարանում պապիկն օգնեց թզի մասին շարադրություն գրել, տասը էջանոց պատմություն` ծուռտիկ տնկիները մշակելու մասին: Գրել էր, որ թուզը ելակի թանձր ջեմի համ ունի, և ճշգրիտ նկարել էր իշամեղուներին, որ փոշոտումից անմիջապես հետո մահանում են: Առասպելն ասում է, որ առաջին թզենին Դեմետրա աստվածուհին է նվիրել աթենացի Ֆիթալուսին:
Հարրին շատ էր սիրում Զմյուռնիայից բերած վայրի տնկիները:
Թզից քաղցր բան չկա: Միայն Լեքսիի համբույրն է:
Թուզն ամենադժվար վաճառվող բերքն էր: Վալենսիայի այգիները վերացրել էին: Սպառողներն անսերմ նարինջն էին նախընտրում: Սան Քրեսթի նրա ութսուն ակրանոց դեղձուտը լրջաբույսի ցանքսի տակ էր մնացել: Կորուստը հալումաշ էր անում նրան:
Գլուխը կրծքին է հակում և կեսօրյա նինջի գիրկն է ընկնում: Բողոքի քրթմնջոցները միաձուլվում են ծանր շնչառությանը: Չնախատեսված քուն, որի փաստը հետո ժխտելու է, բայց որը թոռնուհուն կարճատև հնարավորություն է ընձեռում` դեպի փողոցի անկյունի նկուղը սլանալու:
Վարդագույն սանդալները քստքստացնելով մի կերպ քայլում է խորդուբորդ մայթով` զարմանալով, թե ինչպես է մայրը կարողացել Հարրիի սուր աչքից խույս տալ: Բարեհաճությունը, որ մշտապես խնայել էր սեփական երեխաների համար, առատաձեռնորեն բաշխել էր թոռներին: Երջանիկ այդ սերնդից ամենաավագը` Լեքսին, մի գլուխ բարձր էր պապիկից և ժառանգել էր նրա խաժ աչքերը: Պապիկը նույնիսկ նրա “System of Down”-ի երաժշտությանն էր դիմանում և մտածում էր, որ իր ,Տեր Ողորմյա»-ն հետո էլ կարող էր ունկնդրել ձայնը իջեցրած:
Աղջիկն ուժով հրում է նկուղի դուռը, ցուրտը միանգամից իր մեջ է առնում նրան: Սառն օդը դաղում է դեմքը, մերկ ուսերը փշաքաղվում են: Լողլող սիկխը հայացքը կտրում է խաչբառից և գլխով է անում: Աղջիկն անցնում է գունափոխվող ապխտած մսի և կծվահոտ ծամելախոտի շարքերի միջով:
Ձմերուկի սուտակագույն կիսալուսինները ցուցափեղկին էին` սառույցի կտորների մեջ, խմիչքի կանգնակի հարևանությամբ: Պոլիէթիլենե թաղանթով փաթաթված մեկ կտորն արժեր երեք դոլար, իր ենթադրածից ավելի թանկ: Ստուգեց դրամապանակը, կանխիկը հազիվ մեկ դոլար էր: Ստիպված էին լինելու կտորը կիսել: Բռով անձեռոցիկ ճանկեց և կտրոնը չվերցրեց: Անխոհեմ ծախսի վկայությունն էր:
Դրսում նրան դիմավորեց տոթ հեղձուկը: Շենքի ստվերոտ անկյունն անցավ: Ձմերուկը տաքանում-հալչում էր ձեռքի ջերմությունից: Սերմ չէր երևում: Փորձեց կլեպը կոտրել, բայց ձմերուկը սահեց տոպրակի միջից, դուրս թռավ բռից և մազութոտ ասֆալտին զարկվեց:
Պլպլան թաղանթից ազատվելուց հետո միայն երևաց, որ գերհասունացած էր: Աղջիկը քչփորեց ճխլտված միջուկը: Միայն կլեպն էր անվնաս մնացել: Ցեխախառն խյուսից մեն-մի սերմ դուրս կորզեց, ապա լպստեց մատները, որպեսզի հյութը համտեսեր: Քաղցրի հակառակն էր:
Ականջին հասավ պապիկի ձայնը, որ խարբերդցու հին երգերից էր դնդնում քթի տակ: Տունն արդեն բավական զովացել էր:
Ո՞ւր էիր կորել: Բոշայությո՞ւն էիր անում:
Խոհանոցի սեղանի վրա կռացած` սփռել էր խաղաթղթերն ու մենախաղով էր տարվել:
Ինչպես հարմար է` սարքում, փոխում է դասավորությունը: Համակարգիչով խաղալիս խարդախություն անել չես կարող:
Ինչի՞ վրա ես ծիծաղում, պապիկ:
Անգլերենում էդ բառը չկա:
Աղջիկը գունատ սերմը նրա կնճռոտված ափի մեջ է դնում:
Քեզ համար ձմերուկի հազվագյուտ, լուսնակեղև սերմ եմ ճարել:
Պապն ուշադիր զննում է սերմը:
Այ քեզ բան: Ոնց որ Ջեքն ու բակլայի ցողունը լինի: Ետ ենք բերում մեր գանձը:
Առավոտյան կօգնի պապիկին հողին հանձնելու սերմը հարևան ավտոկանգառի անկյունում, կիզիչ արևի տակ:
Անգլերենից թարգմանեց
ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԸ