Հերթական արտագնա աշխատանքից վերադարձել և հարազատ քաղաքում երթուղային տաքսու վարորդ էր դարձել Հայկակը: Գործերը վատ չէին, ոնց էլ լիներ, «էն ամենամեռած օրը», ինչպես ինքն էր ասում, հինգ հազարից պակաս տուն չէր տանում: Բայց էլ ի՞նչ Հայկակ, որ քչով բավարարվեր ու «ձախ» եկամուտ չունենար: Հո գիրք կարդացած, շալվար մաշած «ինծիլիգենտիկ» չէր, որ մի կերպ ծայրը-ծայրին հասցներ ու դեռ Աստծուն էլ շնորհակալ լիներ, որ սիրով ու գթառատությամբ էր տալիս հացն հանապազօրյա: Հայկակը մտածող էակ էր, դրա համար էլ գիշեր ու զօր մըտքում գումարում ու հանում էր, բաժանում, բազմապատկում, և մի գիշեր նրա ուղեղն ուժգին փայլատակեց: Հայկակը մի էնպիսի միտք հղացավ, որ անկախ իրենից ձայնը գլուխը գցեց. «Գտել եմ: Գտել եմ»: Արդեն իմացել էր, որ երկրով մեկ սնկի նման սկսել էին աճել մասնավոր ու էն ոնց են ասո՞ւմ, հիմա կհիշեմ, էն շենքերի անունով, էլի, ինչ լավ էր, որ էլի ասացի` էլիտար դպրոցները, ու էդ դպրոցներն իրենք էին սաներին ամեն առավոտ մեքենայով հավաքում, դպրոց տանում ու երեկոյան էլ ետ էին բերում իրենց տները: Հայկակը կգնա, մի կարգին էլիտար դպրոց կճարի, հետները կպայմանավորվի և օրվա մեջ ընդամենը երկու ժամ` մեկ ժամ առավոտյան, մեկ ժամ էլ` երեկոյան, մասնավոր կրթօջախի սաներին կհավաքի ու հետո տնե-տուն կբաժանի, և արդյունքում ուղիղ էնքան «ձախ» եկամուտ կունենա, որքան երթուղային տաքսի քշելով համարյա մեկ ամսում է աշխատում: Ո՞ր հիմարը կհրաժարվի էդ հսկայական գումարից ինչ է, թե իր երթուղայինին սպասող շարքային ուղևորները հաջորդ մեքենային տասը-տասնհինգ րոպեի փոխարեն կես ժամից մի բան էլ ավելի են սպասելու: Դրանց հերն էլ անիծած, տո դրանց ներվերի տերն էլ անիծած, իր գրպանը մտնող փո՞ղն է կարևոր, թե՞ դրանց առողջությունը: Ոչինչ, որ էդ սպասողների մեջ իր կինն ու երեխաներն էլ կարող է լինեն, հայրն ու մայրն էլ, քույրերն ու եղբայրներն էլ, թեկուզ էն ախպեր-ընկերները, որոնց հետ օր ու մեջ ուտում-խմում է, օրը տասն անգամ պաչպչվում է ու երդվում, թե պատրաստ է կյանքը զոհել նրանց համար: Էլ ի՞նչ Հայկակ, որ խելքին զոռ տա ու հասկանա, որ էսօրվա «ձախ» աշխատած մեկ լումայի դիմաց վաղը ստիպված է լինելու հարյուրավոր դրամներ ծախսել դեղերի ու բժիշկների վրա:
Համ էլ Հայկակը հո միայն էդ մի «ձախ» գործը չուներ: Հենց որ հաջողացնում էր հեռավոր կամ թեկուզ մոտակա շրջան-մրջան գնացող ճարել, երթուղին էլ էր մոռանում, մասնավոր դպրոցն էլ, զանգում-ասում էր, թե մեքենան փչացել է ու իր գործին էր նայում: Հայկակի համար կարևորը էն էր, որ շատ փող մտներ իր գրպանը, միայն էդ ժամանակ էր նրա հոգին խաղաղվում:
Ճիշտ են ասում, ախորժակը ուտելիս է բացվում: Խեղճ Հայկակն իր համար հանգիստ աշխատում էր, մեկ էլ Ծննդյան տոների նախօրյակին էդ մասնավոր դպրոցի սաներից մեկի «ինծիլիգենտ» ծնողը որոշեց շնորհակալություն հայտնել, իբր Հայկակը բարեխիղճ և չափից ավելի ուշադիր էր եղել իր երեխայի հանդեպ, և առավոտ շուտ վերցրեց ու ինչ-որ նվերներ բերեց: Հայկակը գլուխ էր հանում նաև հոգեբանությունից և մտածեց, որ եթե էս մարդը էնքան շնորհք ունի, որ կարողանում է դիմացինից գոհ լինել ու իր վերաբերմունքը համապատասխան ձևով արտահայտել, ուրեմն խիղճ էլ կունենա, ու եթե խիղճ ունի, ուրեմն կարգին մարդ է, ու եթե կարգին մարդ է, ուրեմն նրա էդ զգացմունքների վրա կարելի է փող աշխատել: Համ էլ էդ էլիտար դպրոցի սաների մեջ հո մենակ էս մի կարգին ծնողը չի լինի, դրա նմանները էլի կգտնվեն: Նրա մոտավոր հաշվարկներով էդպիսի տասը-տասնհինգ ծնող կար, որոնց երեխաներին ինքը դպրոց էր տանում-բերում: Հետո էլ ասում են, թե էս երկրում փող աշխատել չի լինում: Խնդրեմ, սրանից լավ հնարավորությո՞ւն: Իսկ փող աշխատելն էլ, ինչպես արդեն գիտեք, Հայկակի կյանքի միակ նպատակն էր:
Հայկակի ուղեղի որդերն իրար անցան: Հայկակը սկսեց մտմտալ: Եթե կարողանար ամեն ծնողից գոնե մի տասը հազար պոկել, հըսկայական գումար էր ստացվում: Արձակուրդներն էլ մոտենում էին: Գումարը կվերցնի ու հայդե, թե տղա եք, եկեք գտեք: Կգնա, մի ուրիշ մասնավոր դպրոց կճարի, հիմա էլ դրա սաներին ձեռի հետ կտանի-կբերի, էդ ծնողներն էլ հո մի քանի դրամի համար իր ետևից չե՞ն ընկնելու: Չնայած որ ընկնեն էլ, մի բան կանի, Հայկակի համար սուտ խոսելն ու խաբելը խնդի՞ր է: Էլ Ռուսաստաններում, էլ Ուկրաինաներում, ու էլ չգիտեմ աշխարհի որ ծայրում աշխատել է ու հեչ խեղճացող չի, համ լավ փորձ ունի, համ էլ մտքի ու լեզվի ճարտարությունը արյան մեջ է, տվածուրիկ, ոնց որ ժամանակին պապն էր ասում, երբ ինքը հազիվ երեք-չորս տարեկան` թաղի երեխեքին խաբում էր և աչքը տեսած ու հավանած խաղալիքը կամ մի ուրիշ փայլուն բան համոզելով վերցնում էր ու էլ ետ չէր տալիս:
Բայց մի փոքր դժվարություն կար: Հայկակն էնպիսի հիմնավոր պատճառ պետք է գտներ, որ չափից ավելի իրական ու համոզիչ լիներ և ոչ մեկի մեջ կասկած չառաջացներ: Եվ քանի որ նաև սուր աչք ուներ, նկատել էր, թե էն կարգին մարդը, որին արդեն ծանոթ եք, ինչպես էր համարյա պաշտում իր երեխային: Իսկ սեփական երեխային շատ սիրողը ուրիշի երեխային էլ շատ կսիրի: Հայկակը ժամանակ չկորցրեց, վերցրեց հեռախոսն ու էդ կարգին մարդուն զանգեց:
– Ախպերս,– մտահոգ ձայնով սկսեց Հայկակը,– ծանր վիճակի մեջ եմ: Օգնության կարիք ունեմ:
Դե, մեր կարգին մարդուն էլ էդպիսի բան էր պետք, որ խռովվեր-ալեկոծվեր բարեպաշտ հոգին, և նա արագ վրա բերեց.
– Ի՞նչ խնդիր կա, եղբայրս, ինչո՞վ կարող եմ օգնել:
– Փոքր տղաս,– համարյա լացակումած շարունակեց Հայկակը,– սառույցի վրա սայթաքել-ընկել է, ոտքը կոտրվել է: Վիրահատության համար երկու հարյուր հազար է պետք, հարյուր հազարն ունեմ, մնացածն էլ թե օգնես, պարտքով տաս, երեխաս կփրկվի:
Խեղճ կարգին մարդ, շատ կցանկանար օգնել, բայց ինչպե՞ս: Կարգին մարդուն այսօր որտեղի՞ց ավելորդ հարյուր հազար, որպեսզի պարտքով տա: Բա ի՞նչ անի:
– Առողջապահության փոխնախարարը ծանոթ է, Հայկակ,– առաջարկեց կարգին մարդը,– ուզո՞ւմ ես, հետը խոսեմ, գուցե պետպատվերով անվճար վիրահատե՞ն:
– Չէ,– պատասխանեց Հայկակը: Էդ հո նրա պլանների մեջ չէ՞ր մտնում:– Ասում են, եթե պետպատվերով ձևակերպենք, կարող է ուշադիր չլինեն, ու հետո վատ բան կստացվի: Անպայման փողով պիտի արվի:
– Դպրոցի տնօրինությանը դիմիր, երևի կկարողանան մի քիչ օգնել,– շարունակում էր տանջվել մեր կարգին մարդը:
– Իմաստ չունի,– հառաչեց Հայկակը,– էն օրն էլ մեկին փող էր պետք, տասը հազար դրամն ի՞նչ է, չտվեցին:
– Հինգ օրից աշխատավարձ եմ ստանալու, Հայկակ, հինգ հազար կտամ անվերադարձ, դրանից ավելի պարզապես չեմ կարող:
– Չէ, հինգ հազարը քիչ է, գոնե տասը տուր: Անպատճառ կվերադարձնեմ:
Դպրոցական արձակուրդներն ավարտվեցին: Ուսումնական քառորդի առաջին օրվա առավոտյան հայրն ու որդին երկար սպասեցին մեքենային: Հայրը վարորդ Հայկակի հեռախոսահամարը հավաքեց: Հաճելի ձայնով աղջիկը պատասխանեց. «Ձեր հավաքած համարը գոյություն չունի»:
Քանի-քանի հայ Հայկակ է շըրջում աշխարհով մեկ: Ո՞վ կարող է հաշվել: