Վ. Ֆոլքների «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» վեպի առաջաբանում թարգմանիչ Ս. Մկրտչյանը մեջբերել է Ֆոլքների հարցազրույցներից. «Անհնար է նայել ճշմարտությանը. այն կուրացնում է: Մեկը նայում է և մի մասը տեսնում, երկրորդը՝ մյուս մասը: Բայց եթե ամբողջը միացնենք՝ կստացվի մի բովանդակ ճշմարտություն, թեպետ յուրաքանչյուրն առանձին չէր կարող տեսնել ամբողջը… Ստացվում է «Կեռնեխին նայելու տասներեք եղանակ» (Ուոլըս Սթիվընսի բանաստեղծության վերնագիրը – Ս. Մ.), իսկ ընթերցողը, բոլոր այս տասներեք տեսանկյունները ճանաչելուց հետո թող ունենա իր տասնչորսերորդ, և կուզեի մտածել՝ ճշմարիտ տեսանկյունը»: Պատկերման այս սկզբունքը ամենևին էլ նոր չէ, իր դրսևորումն է գտել ոչ միայն վերոնշյալ «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» (1936 թ.) վեպում, այլ նաև շատ առաջ: Ագուտագավայի «Ռասյոմոն» պատմվածքն այս սկզբունքի արտահայտությունն է, նույնը նաև մեր Ակ. Բակունցի «Ալպիական մանուշակը»: Այս սկզբունքն անգամ չի հնացել և նույնն է Լ. Խեչոյանի «Տենդ» պատմվածքում (Լ. Խեչոյան, Խնկի ծառեր, Ե., 1991թ., էջ 92-97), ուր կա «կեռնեխին նայելու» չորս տարբերակ կամ, ավելի ճիշտ, ցուցմունք, իսկ ձևավորվող ամբողջը ընթերցողի բարեհաճությանը թողնված այն հինգերորդն է, որի արդյունքում կարևորվում է ոչ թե կեռնեխը, այլ, պայմանականորեն ասած, կեռնեխաբույնը և կեռնեխների ապրած ժամանակը:
Ֆաբուլան մոտավորապես հետևյալն է. Մարկոս Ղուլյանը և Մարիամ Հովսեփյանը ամուսնացել են մոտ 13-14 տարի առաջ, զավակներ ունեցել, բայց եղել են բաժանության դեպքեր, և վերջին բաժանությունից հետո երեխաներից մեկը մահացել է: Մարկոսը փորձել է սպանել կնոջը ո՛չ երեխայի, այլ բաժանվելու պատճառով: Այս հենքի վրա է հյուսվում պատումը, և տեղ են գտնում մեծ ու փոքր տարբերություններ, նաև ընդհանուր իրողություններ կան: «Բովանդակ ճշմարտությունը» ամբողջանում է, երբ վկայում են տուժողը, վկան, կասկածավորը, քննիչը:
Տուժողը՝ Մարիամ Բաղդասարի Հովսեփյանը, 30 տարեկան, անգրագետ, ամուսնալուծված, անկուսակցական, կոլտնտեսական, չդատված, վկայում է, որ ամուսնացած է եղել Մարկոսի հետ, մեկ անգամ բաժանվել է, հինգ օր առանձին ապրելուց հետո նորից է միացել: Բայց նորից է բաժանվել. «Պատճառը եղավ այն, որ արեգակը խավարեց կեսօրին: Խավարը և մութը գնալով սաստկացան, բոլոր արարածները աղաղակ բարձրացրին, լեռներն ու բլուրները թնդացին, սասանվեցին շինություններն ու բոլոր ապառաժները: Երկրում ալեկոծվում էր համատարած մեծ հողը: Գյուղում ամեն ինչ ավերված էր, ալիքները տեղից տեղ էին գլորվում, մի ոտքի տակից հարթությունը մյուսի տակ էին փախցնում» (էջ 92):
Հացի նեղություն է եղել, մնացել է միայն նրանց մեկ կովը, բայց Մարկոսը, որ «հիվանդոտ էր, ինքը կթում էր ու կաթը միայնակ խմում» (էջ 92), դրա համար էլ բաժանվել են: Մարիամի մոտ մնացած երեխաներից մեկը մահացել է, Մարկոսը միանալու առաջարկ չի արել, այդ չի ցանկացել նաև Մարիամը, բայց Մարկոսը հայտարարել է. «Մարիամը, որ ինձանից բաժանվի, ես նրան անպայման կսպանեմ» (էջ 93): Հացի ու շաքարի, չլուսացող գիշերների մասին գիտական խոսքի կարոտ գյուղացիների հերթում կանգնած Մարիամին է մոտենում Մարկոսը, գետնում ու սկսում խեղդել: Մարիամին փորձում է օգնել համագյուղացի Բարեղամ Մելքոնյանը: Սակայն Մարկոսը մի հարված է տվել Մարիամի քամակին, երկրորդը՝ վզին: Հետո փախել է: Հետո Մարկոսը գիշերով տուն է մտել երդիկից, ցանկացել է սպանել, բայց « ծղրիդը սկսեց դրսում կանչել, եղբայրս՝ Սահակը, արթնացավ, Մարկոսը փախավ» (էջ 94):
Վկան՝ Առաքել Պերճի Սարգսյանը, 28 տարեկան, գրագետ, ամուսնացած, անկուսակցական, չդատված, նշում է, որ Մարիամը, «Երբ սկսվեցին չլուսացող գիշերները, իր ամուսնուց հրաժարվեց և ուզում է ուրիշի հետ ամուսնանալ» (էջ 94): Նախկինում էլ ցանկություն է ունեցել, Մարկոսն ինքնասպանության փորձ է կատարել, բայց «վերջին շունչը բերանին ջրհորից հանեցին» (էջ 94), Մարիամը վերադարձավ, բայց «մեկ-մեկ գնում էր մյուսի մոտ» (էջ 94): «Անցած անգամ այդ մյուսին Մարկոսը արդեն երնջացու հորթը տվեց, որ տանից դուրս հանի Մարիամին» (էջ 94): Առաքելը վկայում է, որ «այդ կնոջը խփելու միակ պատճառն այն է, որ գնում էր մյուսի մոտ» (էջ 94): Բայց և հավելում է յուրահատուկ մանրամասներ՝ որ Մարկոսի «հոգին հիվանդոտ է», որ ուզեցել է սպանել Մարիամին, բայց ծղրիդն է փրկել այդ կնոջը, որ Մարկոսը բողոքել է, որ երեխան անընդհատ նայում էր մոմի անշարժ բոցին:
Կասկածավորը՝ Մարկոս Սիմոնի Ղուլյանը, 35 տարեկան, գրագետ, կոլտնտեսական, ամուսնալուծված, անկուսակցական, չդատված, հաստատում է, որ ամուսնացել է Մարիամի հետ մոտ 15 տարի առաջ, որ մի քանի անգամ Մարիամը բաժանվել, թողել-գնացել է, որ կովը թաքուն չի կթել, այլ սպասել է, որ մթնի, որ արտասահմանցի բժիշկն է ասել, թե նրա միակ փրկությունը թարմ կաթ խմելն է: Մարիամը հեռացել է համագյուղացի Սահակի մոտ, միացել նրան: Երեխաները տանջվում էին, իսկ «երեխաներից մեկը, որ իր հետ էր տարել, անընդհատ լացում էր ու լույս էր ուզում» (էջ 95): «Նրա շուրջը բոցկլտացող մոմեր էինք շարել, հետո նա մահացավ» (էջ 96): Ցանկացել է իրո՛ք սպանել Մարիամին, երկու վերք է հասցրել, բայց «բռնեցին, չթողեցին», որ ս/ա-ի 15-ի գիշերը երդիկից ինքը չի մտել նրանց տուն:
Բնականաբար ենթադրվելու է մեղադըրյալ, որ մինչ այդ գիտակցվելու է կասկածյալ՝ «հանցանքի մեջ դատաքննչական մարմինների կողմից կասկածի տակ առնըված քաղաքացի»: Սակայն պատմվածքում կա «կասկածավոր», մարդ, որին կասկածում են, կամ ինքն է կասկածում, տարակուսում:
«Կասկածավոր» բառի ընտրությունը պատահական չէ, քանի որ երևույթի գնահատականը տրվելու է ոչ թե իրավական հարթության մեջ, այլ հոգեկան ոլորտում, և ոչ թե դեպքուդիպվածի մասնակիցների հոգեկան մակարդակում, այլ հասարակական անգիտակցականի («Ամբողջ գյուղը միաբերան պնդում է հավերժական գիշերների մասին» (էջ 97), կամ՝ «Նրանք հերթ կանգնածների մեջ թվարկում են նաև այն մարդկանց անունները, որոնք չկան, մահացել են ամսի 7-ին: Օրինակ, հաստատապես ասում են, որ Մարկոսին բռնողը և դաշույնը վերցնողը եղել է Բարեղամ Մելքոնյանը, բայց նա էլ է զոհվածների ցուցակում գրանցված» (էջ 97)): Այս ամենը քաղաբերվում է ՆԳ բաժնի միլիցիայի վարչության քննիչի եզրակացությունից: Նա փաստում է, որ, իրո՛ք, եղել է ամուսնությունը, «միասին են ապրել մինչև ս/թ դեկտեմբերի 7-ը, ժամը 11-ն անց 41 րոպե» (էջ 96): Վկայում է, որ Մարիամը մի քանի անգամ լքել է Մարկոսին, որ «Մարկոսը նրա գնալուց հետո ինքնասպանության փորձ է կատարել, խեղդամահ լինելու միջոցով» (էջ 96):
Եվ փաստվում է ամենահետաքրքիրը. «Երկրաշարժի օրը Մարկոսը մնում է փլատակների տակ: Նրան հանելուց հետո արտասահմանցի բժիշկը խորհուրդ է տալիս ամեն օր թարմ կաթ խմել: Բայց նա նույն օրը մահանում է փլվածքների ժամանակ գլխին ստացած հարվածի հետևանքով: Մարկոսը մահանալուց հետո չէր կարող գիշերները կով կթել ու կաթը օգտագործել, ինչպես տուժողն է պնդում: Մեր համոզմամբ, կովի կաթը կարող էր ցամաքել երկրաշարժի հետևանքով, հուզմունքից կամ վախից: Կաթնասուն կենդանիներին նման երևույթը հատուկ է» (էջ 96):
Լիովին բնական մեկնաբանություն, սակայն անբնականը բանական կենդանիների՝ մարդկանց շրջանում տեղի ունեցածի պատկերումն է, երբ թաղումից հետո մարդը (ուրվականը) մասնակից է դառնում գործողությունների, գիտակցվում կասկածավոր:
Վկայվածն ըստ էության պերցեպցիա է՝ պղտոր ու անգիտակցական ըմբռնում, սակայն ընթերցողը վկայվածով ու սեփական դիտարկումներով հասնում է ապերցեպցիայի՝ գիտակցական ըմբռնման, և պարզ է դառնում, որ ամուսնանում ու զավակներ են ունենում միշտ, ամուսնալուծվում ու խանդում, անգամ սպանության ու ինքնասպանության փորձեր են կատարում միշտ, և պատմվածքում այս միշտը չէ կարևորը, այլ այն, որ այս ամենը տեղի է ունենում ս/թ դեկտեմբերի 7-ին, ժամը 11-ն անց 41-ին և այնուհետ, երբ փոխվում են ոչ միայն առտնին մարդկային հարաբերությունները, այլ փոխվում են նաև տարածությունը («ալեկոծվում է մեծ հողը»), ժամանակը, շարժման տրամաբանությունն ու շարժումը: Կեցության մի վիճակից մարդկանց այս համախումբը հայտնվել է մի այլ վիճակում: Այլևս միայն Մարկոսը չէ հոգեկան հիվանդ, այլ նաև Մարիամը, Առաքելը, քննիչը: Նրանք հայտնվել են կեցության այլ ոլորտում, ուր ժամացույցով ազդարարվող մեքենայական ժամանակը կանգ է առել՝ շարժվելու ֆունկցիան փոխանցելով տարածությանը: Տարածությունն իր հերթին հաստատուն մեծություն չէ, այլ ասես ծովի մակերևույթ, ուր «ալիքները տեղից տեղ էին գլորվում, մի ոտքի տակից՝ հարթությունը մյուսի տակ էին փախցնում» (էջ 92): Այլևս խախտվել են նաև ներկայի ու անցյալի սահմանները, և անցյալը համառորեն թակարդում է ներկան ու խցկվում նրա մեջ, և ներկան չի կարողանում թոթափել իրենից այդ անցյալը ու ապագայի հույսով առաջ ընկնել, որ ինքն էլ դառնա անցյալ: Ասել է՝ ժամանակը կանգ է առել (սա պատմվածքում ձևակերպվում է որպես «հարատև գիշերներ», «չլուսացող գիշերներ»), իսկ տարածությունը դարձել է շարժուն, և սկզբնավորվել է քսանամյա մի տենդ, որ դեռ չի բուժվել և շարունակվում է, քանի որ այս աշխարհում ոչինչ չի վերջանում, ոչինչ չի վերջացել, ոչինչ չի վերջանալու:
Սա էլ է հուշվում պատմվածքի պայմանականության մեջ, և ձևավորվում է չխաբվելու (=հավատալու) և սպասելու առասպելը: Այս հարցում արդեն չկա ոչ մի տարբերություն վկայությունների մեջ, այլ դրսևորվում է առասպելի յուրահատուկ գրադացիա: Մարիամն է ասում. « ս/ա 15-ի գիշերն էր, մթան մեջ լուսատտիկների պարսերը կայծկլտալով գերեզմանոցից բարձրանում էին լեռները: Գուշակողները մեզ հավատացնում էին, որ եթե տղամարդկանց մորուքը աճել, կրծքերին էր հասել, լուսատտիկները քանի լեռներն են քաշվում, նշանակում է 40 օր է անցել, անպայման այսօր արդեն հարատև գիշերները կվերջանան» (էջ 93-94): Առաքելն է շարունակում. « քանի որ տղամարդկանց մորուքներն աճել էր, և կայծոռիկների երթը չէր վերջացել, լեռներից մերթ ընդ մերթ քարեր էին պոկվում, գուշակողները այս անգամ ասացին. «Պատանիներին բեղեր պիտի աճեն, որ մշտնջենական մութը վերջանա»» (էջ 94): Եվ Մարկոսն է լրումին հասցնում առասպելը. «Գուշակողները նախ ասել էին՝ տղամարդկանց մորուքը պիտի երկարի, հետո պատանիների բեղերն էլ աճեցին, իսկ լուսատտիկները դեռ էլի չէին հասցրել լեռները քաշվել, ու բոլորը հաստատապես, միաբերան ասացին՝ պիտի սպասել, որ աղջնակների ստինքները կլորանան, ու ցերեկը կգա, անպայման կգա» (էջ 95): Քննիչը փորձում է քողազերծել այս միֆը. «Մերժելի է, թե իբր տեսել են գերեզմանոցից բարձրացող լուսատտիկների պարսեր, որոնք գնալով ձուլվել են լեռների հետ: Աղետի այս գոտին երբեք հատուկ չի եղել լուսատտիկների բնակության համար: Մեր համոզմամբ, այդ կրակները կարող էին լինել թարմ շիրմաթմբերի վրա վառվող մոմեր, որոնք բոցկլտացել էին օդի տատանումներից ու ստեղծել տեղաշարժության պատրանք» (էջ 97): «Խավար» միֆոլոգեմն իր բացարձակ արտահայտությամբ փորձել է լուծել Այզեկ Ազիմովն իր «Եվ եղավ խավար» ֆանտաստիկ պատմվածքում, սակայն այդ դեպքում իրոք գործում է «դարձ ի շրջանս յուր» սկզբունքը, բայց Ազիմովի դեպքում՝ «դարձ ի շրջանս վայրենիս» այլընտրանքով, այնինչ այս՝ խեչոյանական դեպքում բարոյական սկզբի գերազանցությունը կա՝ հավատարմություն արմատներին, լույսի պաշտամունք ու լույսով ապրելու պատասխանատվություն, որը մեռած երեխայինն է, Առաքելինը, Մարկոսինը, բոլորինս: Բարոյական այս սկզբունքի գերազանցությունը կարող ենք գտնել հայոց գրականության ցանկացած վերջին իրական արժեքների մեջ՝ դրսևորված Հր. Մաթևոսյանի, Մ. Գալշոյանի, Լ. Ջավախյանի, այլոց ու այսօր Լ. Խեչոյանի գործերում, ինչը վկայում է, որ հայի տեսակը չի կարող այլատեսակ լինել: Դրսևորվում է միֆի, գեղագիտության, բարոյականության միասնություն, ասել է՝ բազմաձայնության մեջ միաձայն ենք, բազմադիմության մեջ՝ ներքուստ միադեմ ու մեկ: Եվ ինչպես Հր. Մաթևոսյանի «Տերը» վիպակում, Մ. Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» շարքում և «Տարեմուտին» անավարտ վեպում, Լ. Ջավախյանի «Աշխարհի ամենասիրուն պատմվածքը» երկում, այնպես էլ Լ. Խեչոյանի «Տենդ» պատմվածքում այդ ամենը դրսևորվում է լարման մեջ (ինչը հատուկ է համաշխարհին), բայց վարընթացում (ինչը բնորոշ է հայոց մշակութակերպին): (Արդյունքում կարող ենք արձանագրել, որ չկա (կամ իրեն չի հաստատագրում) Լույսի Պաշտամունքի Պահապանը, բայց սա այլ խոսքուզրույցի առարկա է)…
Կամ քննիչը փորձում է լուծել «հավերժական գիշերների» առասպելը. «Գիտական լեզվով ասած, մեր բնակլիմայական պայմաններում գիշերը ցերեկ պիտի ունենա, իմ կարծիքով այստեղ չի բացառվում փոշու գործոնը» (էջ 97), «Անընդունելի է, թե նրանց երեխան չլուսացած գիշերներից ահաբեկված է մահացել: նա պարզապես մեծի նման տառապում էր անքնությամբ» (էջ 97): Քննիչը փորձում է իր բնական մեկնաբանությամբ մեզ վերադարձնել իրականություն, բայց տղամարդկանց մորուքներն արդեն ալևորվել են, պատանիները՝ մորուքավորվել, աղջնակներն արդեն մայր են աղջնակների, և տենդը շարունակվում է, շարունակվում է առասպելը, քանի որ այս լուսասեր և լուսակարոտ ժողովըրդին բաժին հասավ Դառնությունը, որի խորհրդանիշն է խավարը: Պատմվածքն ավարտվում է քննիչի մերժում-«ուրացմամբ». «Չեմ հավատում, կարծում եմ այսպես չէր կարող պատահել»: Տեղի ունեցածն այնքան ֆանտասմագորիկ է, որ թվում է աբսուրդ, այնինչ աբսուրդն այնքան է հաստատապես իրական, որ դառնում է կեցության կերպ, ուր ոչ թե իրական մարդիկ, այլ անցավորներն են գործողության մասնակից: Եվ այսպես պատահել է, և այս է «կուրացնող ճշմարտությունը»:
Լ. Խեչոյանի հիշատակված «Տենդ» և չհիշատակված «Նարինջը» պատմվածքները ոչ վաղ ներկայի ու Ցավի խտացված գեղարվեստական վավերագրեր են: