«Դե՛մ եմ»… բարձրացված պաստառները ճոճվում են մեր հրաշք երիտասարդների գլխավերևներում: «Դե՛մ եմ». լսվում է աջից ու ձախից` թուխծամ ու նրբիրան մեր նաիրյան գեղուհիների, մեր սևաչ ու առնական տղաների շուրթերից: Բողոքը` բողոք, բայց, միևնույն է, միշտ նախ հպարտությունն է մեջս ալիք տալիս. մերն են այս ոգեղենիկ, նոր կյանք մտած, բայց այսքան կամքով լի ու ճախրանքի ծարավ էակները: Մերն են: Իմ ժողովուրդն է, իմ հնամենին` այս նախանձ շարժող ջահելությամբ նորացած… ու մտովի համբուրում եմ ամեն մեկի լուսեղեն ճակատը: Սիրելինե՛րս, մնացեք այսպիսին` այսքան արդարամիտ, ազնիվ ու մաքուր, այսքան կորովի: Եվ, ամենակարևորը, մնացեք այստեղ: Որքան էլ դժվար լինի, որքան էլ մեզ քոչվորների վերածողները համառեն:
Տեր Աստված, ինչե՜ր կտային դարերի խորքից ամբարած Աստվածային լույսն ու կատարյալի տենչը սրտներում վառվող այսպիսի երիտասարդություն ունենալու համար: Ասենք, որևէ բան տալու կարիքը չկա, կարող են պարզապես գրկները բացել ու սպասել: Այստեղ հոգ կտանեն, որ այսուհետև էլ ազգիս փոքր ու մեծ պատառիկները հայտնվեն օտարների ծուղակ-ցանցերի մեջ:
Դե, իհարկե, ահա և այդ հոգատարությունը… Ու մահակներն իրենց գործին են, և ոստիկանների պաղ, ապակե հայացքները շանթում են հավաքվածներին, մնացածը շատ է կոպիտ ընկալելի լինելու համար` հայ «տղամարդը» քաշքշում է դեռատի հայուհուն, հարվածներ իջեցնում ծաղկի պես նրբին ու միայն քնքշանքի համար արարվածի վրա…
Դրսում կարող են ցանցեր էլ չփռել, միայն մի նեղլիկ սողանցքն էլ հերիք է, որ… Մարդ-ոչ մարդ` դարերից եկող այս կողք կողքի, անգամ նույն անհատի կյանքի ընթացքում իրար հաջորդող կամ միահյուս որակները, որքան էլ բացատրելի, միևնույն է` հարցականների ամենամեծ պաշարն ունեն իրենց հաշվին: Ինչպե՞ս է առաջինը այդպես հեշտ փոխակերպվում երկրորդին ու շարունակում ժպտալ, խաղաղ քուն մտնել: Չեմ հասկանում, այդ մեկը չեմ հասկանում: Առաջ անցնենք…
Միանանք այս սրտաբուխ ու կրակոտ երթին: «Մենք ենք տերը մեր երկրի… Մենք ենք տերը մեր երկրի»… Ու քայլում են քաղաքիս փողոցներով` հպարտ, տիրոջ իրավունքով, իրենց հետքերով որպես փաստաթուղթ կնքելով հողը նախնյաց: «Մենք ենք տերը մեր երկրի»: Դե, իհարկե, ավելի ճիշտ բան հնչել չէր կարող: Միայն թե ամենամեծ ճշմարտություններն այնքան են անվիճելի, որ հարկ չի լինում դրանք բարձրաձայնել: Եթե այն հիշեցնելու կարիքը կա, ուրեմն «ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»: Ուրեմն հիվանդ է արդարությունը: Ուրեմն հայտնվել են ոմանք, որոնք պարզ մարդկային ու ազգային լեզու այլևս չեն հասկանում:
Չխճճվեմ, բացեմ Հայաստանի Սահմանադրությունը: Հույզերի տեղ թող օրենքն իրենն ասի:
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Վստահ եմ, որ ժպտում եք ինձ պես, ու դառն է այդ ժպիտը, անչափ դառը…
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ահա, գտա՜: Բայց… հապա ոստիկաննե՜րը, մահակնե՜րը…
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Վերջ… փակում եմ այս, մեզ հետ ինչ-որ տեղ անկապն ու… Խնայում եմ ձեր նյարդերը, իմն էլ: Ու ինքս էլ իմ հերթին ուզում եմ բարձրաձայնել, որ ինչ էլ անցնի ու դառնա, ինչ քամիներ էլ` թեկուզ պտտահողմ դառնան մեր գլխավերևում, ինչ շներ էլ վայրահաչեն, միևնույն է, սա է ճշմարտությունը, սա է անխախտ պայմանը Աստծու և մեր պատմության, մեր լինելիության խորհրդի` ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ:
Ինչո՞ւ են ոմանք այսքան շտապում հայաթափել երկիրը: Ինչու-ն ավելորդ հարց էր: Վաղուց է արդեն, որ ամեն բան և գրեթե բոլորս գիտենք, և վաղուց է, որ բոլոր հարցերն ավելորդ են դարձել: Իսկ այն, որ շտապում են և այն էլ` անչափ, վկայում են նաև վերջին օրերի` մեկը մյուսին հերթ չտվող, անհավանական թվացող, բայց լրիվ հավանականի տեղ մատուցվածները…
Ամենուր թալանի դուրս եկածների ախորժակով, ավելի շատ ու միանգամից կամ գոնե կարճ ժամանակում շորթելու մղումն է գործում` հսկայական և անմիտ տուգանքների ավելի ճկուն համակարգ, կուտակայինը` ինչ-որ մասնավորի պահանջների բավարարման համար, միայն 200 հազար դրամից ավելի աշխատավարձերի բարձրացում` անհեթեթության գագաթների գագաթ, (նրանցը, ովքեր կարող են մահակներին հրաման տալ և նրանցը, ովքեր վայելելու են այդ ամենի արդյունքը), էլեկտրաէներգիայի անհիմն պատճառաբանություններով թանկացում, գների անվերջանալիորեն աճող պրոգրեսիա… Թվելն իմաստ չունի: Դուք ինձնից լավ գիտեք, և հետո, ով ասես ժամերով` եթերով այս ու այնտեղ, լրջորեն չի քննարկում այս անլուրջ, պարզապես վերջին լկտիությամբ մեր երեսին շպրտվածը. «Ինչ ուզենք` կանենք»-ը:
Եվ հենց դա է հատկապես ցցուն ձևով շեշտվում, որովհետև ոմանք շատ լավ հասկանում են, որ երկրում դեռ համառորեն մնացողները այն ամենահաստատուններն են, որոնց նյութական նեղություններով ծայրահեղ քայլերի չես տանի: Եվ ամեն որոշման հիմքում անպայման ավելի բացահայտ ներկայացվում է այն` ոգի ջարդողը, անարդարն ու ցինիկորեն երեսին նետված քրքիջը. վճարիր, որովհետև ինչ-որ օլիգարխ կորուստ է իբրև թե տվել: (Սպասեց այնքան, որ այս՝ իբրև թե կորուստը, միլիարդների հասնի, նոր միայն դրվի սեղանին), վճարիր քո՛ փոխարեն, պետության փոխարեն (երբ ինքն է պարտավոր ժողովուրդ պահել), վճարիր լակոտային հրճվանքով հազիվ փողկապ կապել սովորած, այդ դուրսպրծուկների հսկայաքանակ ամբոխին` խաղատների ու սաունաների պարգևած հաճույքները լիուլի բավարարելու համար, վճարիր, որովհետև ուզում ես քո երկրում դեռ երազներ փայփայել: Պարզապես` վճարի՛ր… Եվ կարևոր չէ, որ այլևս չեղածն ես տալու` վարկերով գոյատևել-չգոյատևելով: Դու միայն վճարող ինչ-որ բան ես նրանց համար. դա է այս երկրում քո միակ անելիքը, երևի թե նաև` «իրավունքը», ի հեճուկս ՀՀ Սահմանադրության որոշ հոդվածների: Եթե չես ուզում հեռանալ:
Հեռանա՜լ… Ախ, հա, ահա ևս մեկը, որը քո պարտականությունների մեջ այժմ արդեն առաջիններից է դարձել: Միայն թե` նրա՛նց հաշվարկներով: Բայց քանի որ մենք ապրել և ապրելու ենք մեր օրրան-հողի վրա, իսկ, արդեն պարզ է, որ իրարից մեզ այսքան տարբերակելու նրանց միտումն իրենն արել է, և մենք արդեն երկու տարբեր գոյություններ ենք, ու ինչպես ժողովուրդն է ասում` «Երկու գլուխ մի կաթսայում չի եփվի»` մեկն, այնուամենայնիվ, պետք է հեռանա: Եվ ո՛չ նրանց հաշվարկով:
Իսկ փողոցում նոր կարգախոսներ են ավելացել. «Դո՛ւրս մեր գրպաններից»: Միայն թե այն հասկացվում է լրիվ հակառակ իմաստով` որպես հրավեր դեպի գրպանները, և կարգազանցության պիտակով ոմանք «առաջնորդվում» են ոստիկանության բաժանմունք` տուգանք վճարելու: Դե, իհարկե, ինչպե՞ս ճիշտ հասկանան. մենք վաղուց արդեն տարբեր լեզուներով ենք խոսում: Մենք և նրանք այլևս մեկ ազգ չենք: Մենք հայ ենք: Իսկ ովքե՞ր են նրա՜նք…
«Դո՛ւրս մեր գրպաններից». այդպես ո՞ւմ են ասում: Ամոթից ինքս եմ գլուխս կախում: Բայց հուզվել պետք չէ, փաստաթղթերի վրա, հարկ եղած դեպքում, օրենքի ուժով կամրագրվի և այս ներխուժման ընդունելի կարգավիճակը` «Պետական գերակա շահի համար ժողովրդի գրպանների սեփականաշնորհում»: Եվ տարեվերջյան հաշվետվություններում ամեն բան կարգին կլինի:
Ոմանք երևի այդպես էլ չեն զգում, որ անցել են բոլոր սահմանները, իսկ անսահմանությունն ու ծայրահեղությունն ընդունելի են միայն տիեզերականի տարածքում: Աշխարհի բեմում դա ինքնաոչնչացման տանող ամենակարճ ուղին է: Ու թեև մեզ մոտ, ինչպես ամեն բան, այս կանոնն էլ մի փոքր շեղում ունեցավ, և այդ ուղին այդքան էլ կարճ չէր, բայց արդեն ժամանակն է: Եվ ոչ միայն հեռանալու: Ամեն արարքի համար և ամեն ոք պարտ է պատասխան տալ: