Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայ գրողների լավ ընկեր Ալեքսանդր Բոժկոն Եվրամայդանի առաջին օրերին եկել էր Երևան և փորձում էր համոզել հայերին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնել հօգուտ մայդանցիների: Հայաստանում համախոհներ չգտնելով՝ կարծես առաջին անգամ նեղսրտած հեռացավ Հայաստանից՝ չխուսափելով հայերին մեղադրել վախկոտության մեջ: Իհարկե, վատ է, երբ բարեկամդ քեզանից նեղացած է հեռանում, սակայն պարզ չէր, թե հայերը ում դեմ, ինչու և ինչի համար էին բողոքելու: Խնդիրը նրբանկատ էր այնքանով, որ յուրաքանչյուր ազգ ինքն է իր քաղաքական կողմնորոշման պատասխանատուն և ինքն է որոշում՝ ինչպես ապրել: Հայաստանն արդեն հրաժարվել էր Եվրամիության արևելյան գործընկերության շրջանակում որևէ պայմանագիր ստորագրել, մինչդեռ մայդանի թիրախը հենց Եվրամիության հետ համագործակցությունն էր: Հետագայում մայդանցիների կողմնորոշումը փոխվեց, և պայքարի նշանակետը թեքվեց սեփական իշխանության դեմ: Բոժկոն բացատրում էր, որ Յանուկովիչի իշխանությունը չի ուզում և չի լսում մայդանի առաջարկներն ու պահանջները, չի փորձում ականջալուր լինել ժողովրդի ձգտումներին և հանուն իշխանական բուրգի կայունության՝ անտեսում է նրա բարեկեցիկ գոյությունը եվրոպական ընտանիքում: Իսկապես անհայտ էր, թե հայերը ում և ինչի դեմ էին բողոքելու: Եթե Ուկրաինայի իշխանության, ապա, մեղմ ասած, անպոչ գդալի պատմությունը պիտի հիշվեր: Եթե Ռուսաստանի, ապա այս դեպքում առածն ասում է. «Եղունգ ունես, սեփական գլուխդ քորիր»: Ի վերջո, առանց հայերի էլ մայդանը կարողացավ իշխանափոխություն իրականացնել: Բայց, ցավոք, իշխանափոխությունը ոչ միայն կրքերը չհանդարտեցրեց, այլև հետագա բոլոր գործողությունները կրիտիկական աստիճանի հասան: Ուկրաինան ոչ միայն տարածքային կորուստ ունեցավ, այլև քաղաքացիական պատերազմի թատերաբեմում հայտնվեց: Նոր իշխանությունները նույնպես չբարեհաճեցին լսել սեփական ժողովրդին, չփորձեցին նրանց խնդիրների պատասխանը երկխոսությամբ գտնել: Խորհրդատուներն էլ աշխատեցին ու աշխատում են ոչ թե հօգուտ Ուկրաինայի, այլ ի վնաս Ռուսաստանի, ավելի ու ավելի խորացնելով ոչ միայն ներքին հակամարտությունը, այլև զրոյին մոտեցնելով դարերով ձևավորված ռուս-ուկրաինական տնտեսական և դիվանագիտական հարաբերությունները: Ուկրաինայի ապագան առաջիկայում էլ անորոշ է և անհասկանալի՝ պայմանավորված Արևմուտքի և Ռուսաստանի վարած քաղաքականության երկակի ստանդարտներով: Միջպետական հարաբերություններում առանց այդ էլ գնալով նվազում է մարդասիրական կոչվածը, և դժվարացել է բարոյականության հետքեր գտնելը, իսկ հավելյալ կոշտացումներն ավելի են խորացնում ճգնաժամը: Ուկրաինայում իսկական պատերազմ է, պատերազմ սեփական ժողովրդի դեմ: Կան զոհեր, փլուզումներ, ավերածություններ, փախստականներ… Թեև պատմությունը քանիցս հաստատել է, որ ժողովրդական բռնկումները ռազմական մեթոդներով լուծելը ավելի հղի է կորուստներով, քան հաջողություններով, միևնույն է, պիտի ենթադրել, որ պատմության դասերը մնում են չհաղթահարված ու չյուրացված: Ազերիները նույնպես փորձեցին արցախցիների ինքնորոշման արդարացի ցանկությունը զենքի ուժով լռեցնել: Աշխարհին է հայտնի, թե նրանց արկածախնդրությունն ինչով և ինչպես ավարտվեց: Նույնը՝ 2008 թ. վրաց-օսական հակամարտության ժամանակ: Ուկրաինայում էլ առավել ինտենսիվ են շարունակվում սեփական քաղաքների ու բնակավայրերի հրետանակոծումները, այնքան, որ Արևելյան Ուկրաինայից եկող լուրերը մեծամասշտաբ պատերազմական խրոնիկայից չեն տարբերվում: Ուկրաինական քաղաքացիական դիմակայությունը ազդում է նաև տարածաշրջանի առանց այդ էլ փխրուն կայունության վրա: Կովկասի հարցերով փորձագետ Թոմա դե Վաալը նշում է, որ Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի վերջին գործողությունների ֆոնին Ադրբեջանը առավել է խորացրել ճնշումները՝ ուղղված հատկապես մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ: Պատճառը, թերևս, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունն է, ով անդրադառնալով այդ երկրի ներքին իրավիճակին, նշել է, թե «Ադրբեջանում կարող են կրկնվել ուկրաինական մայդանի իրադարձությունները»: Այն, որ ուկրաինական դեպքերը շատ հարցերով շուրջկալել են Բաքվին, ցանկալի ենթադրություն չէ: Ազերիները փորձում են երկրի ներսում ծայր առնող սոցիալական ամենանվազ ընդվզումն իսկ ճնշել ու լռեցնել, միաժամանակ, ինչպես միշտ, ներքին պայթյունավտանգ վիճակը մեղմացնելու համար, մեղավորներին հայկական իրականության մեջ որոնել: Վերջին օրերի սահմանային լարվածությունը հենց սրանով պիտի պայմանավորել: Եվ սա դեռ վերջը չէ: Ուկրաինայի նոր իշխանություններն ամեն տեղ և ամեն առիթով հայտարարում են, որ Ղրիմը եղել ու լինելու է Ուկրաինայինը: Ճանաչելով ռուսներին՝ ենթադրելի է, որ ռուսներն հազիվ թե երկրորդ անգամ Ղրիմը ինքնակամ ուկրաինացիներին զիջեն: Այս ֆոնին խնդրի լուծման հավանական ելքը մնում է պատերազմը, ինչը ամբողջովին կխախտի տարածաշրջանային, և ոչ միայն, կայունության խաղաքարտերը: Ռուսաստանի՝ պատերազմի մեջ ներքաշվելու դեպքում, Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պիտի կարծի, որ հայերի դեմ իր պատերազմը սկսելու ավելի հարմար պահ հազիվ գտնի: Կլինի՞ ռուս-ուկրաինական պատերազմը, թե՞ չէ, ազերիները կհամարձակվե՞ն արկածախնդրության գնալ, ժամանակի որոշելիքն է: Հետաքրքիրը մեր ընկեր Բոժկոյի վերաբերմունքն է, և, թե որքանով էր նա ճիշտ, երբ համոզում էր ցույցերի ելնել մայդանի օգտին:
ԱՆՈՐՈՇ ԵՎ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ / Սամվել Կոսյան
