ՀԱՐՁԱԿՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՀԱՐՁԱԿՎԵԼ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Միջազգային քաղաքական օրակարգի ամենահրատապ թեման կրկին սիրիական հակամարտությունն է, մասնավորապես, ԱՄՆ-ի Սիրիա ներխուժելու պարագան: ԱՄՆ-ը Սիրիայի դեմ ռազմական միջամտության իր քայլը հիմնավորում է սիրիական կառավարական զորքերի կողմից, իբր, քիմիական զենքի կիրառումը, ինչի հետևանքով 1500-ից ավելի զոհեր եղան, այդ թվում` կանայք ու երեխաներ: Ամերիկյան այս սցենարը կարծես իրաքյան պատմության նմանակն է, երբ ԱՄՆ-ը մեղադրում էր Իրաքին զանգվածային ոչնչացման զենք պահելու համար, ինչն էլ հետագայում կեղծ դուրս եկավ: Արևմտյան երկրները այս անգամ էլ են շտապում քիմիական զենքի օգտագործման պատասխանատվությունը Սիրիայի կառավարության վրա դնել, փորձելով միջազգային հանրությանը համոզել, որ այդ հարցով անառարկելի ապացույցներ ունեն: Առայժմ չկան այդ ապացույցները, ՄԱԿ-ի փորձագետներն էլ լռում են: Հակառակը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ինքն է փորձում մեղադրել Արևմուտքին՝ գրոհայիններին քիմիական զենք մատակարարելու համար: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կարծիքով էլ, Դամասկոսի արվարձանում օգոստոսի 21-ին քիմիական զենքի կիրառումն ընդամենը բեմադրություն էր: «Առկա են մասնագիտական գնահատականներ, որոնք տվել է միջազգային հանձնաժողովի անդամ Կառլա դել Պոնտեն: Նա տվյալներ ունի այն մասին, որ քիմիական նյութերը կիրառել են զինյալները: Կան փաստեր, որոնք վերաբերում են օգոստոսի 21-ի իրադարձություններին և որոնք, մեր գնահատականներով, խոսում են այդ դեպքի բեմադրված լինելու մասին»,- ասել է նա: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նույնպես հավանության չի արժանացրել ամերիկյան ծրագիրը: Եվ ԱՄՆ-ի նախագահն ակամայից հայտնվել է համլետյան մեծագույն հարցի առջև` հարձակվե՞լ, թե՞ չհարձակվել: Թերևս այս իրավիճակով պիտի պայմանավորել այն քաղաքագետների և դիվանագետների կարծիքը, ովքեր փորձում են հիմնավորել, որ Ռուսաստանի առաջարկությունը` սիրիական քիմիական զենքը փոխանցել միջազգային վերահսկողությանը, փրկարար օղակ էր Օբամայի համար, ինչը թույլ տվեց նրան հետաձգել Սիրիային հրթիռային հարված հասցնելու իրագործումը, պայմանով, որ այդ երկրի քիմիական զենքն, իրոք, կանցնի միջազգային վերահսկողության տակ: Սրանով խաղաղասեր աշխարհը հավելյալ ժամանակ շահեց մեկ անգամ ևս ուղիներ փնտրելու հակամարտության խաղաղ կարգավորման համար, հաշվարկելու հետագա գործողությունների վնասներն ու հետևանքները: Ռուսական առաջարկությունը դրական գնահատեցին նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կարծիքով՝ Սիրիայի հակամարտության լուծման նոր հնարավորություններ են ի հայտ եկել, և «դիվանագիտության համար փոքրիկ հույս է հայտնվել»: Ամեն դեպքում, ինչպես նշել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենին. «ԱՄՆ-ի միջամտությունն աղետալի կլինի տարածաշրջանի համար: Շրջանը կարծես վառոդի պահեստ լինի, և ապագան անհնար է կանխատեսել»: Այսօր ավելի շատ քաղաքական ուժեր, պետական պաշտոնյաներ են կիսում այն տեսակետը, որ Սիրիայում ուժային սցենարը կվերածվի ահաբեկչության տարածմանն ինչպես Սիրիայում, այնպես էլ հարևան երկրներում, կխախտվի տարածաշրջանի աշխարհաքաղաքական հարաբերակցությունը, և որ ամենավտանգավորն է, այլ երկրների հավանական միջամտու­թյունը կարող է ընդարձակել հակամարտության սահմանները, որի հետևանքներն, իրոք, դժվար է կանխատեսել: Այդ մասին գիտի, հասկանում է նաև ԱՄՆ-ի նախագահը: Մյուս կողմից էլ, աշխարհը չպետք է անտարբեր լինի սիրիական ժողովրդի տանջանքների ու տառապանքների հանդեպ: Արդեն տասնյակ հազարավոր զոհեր կան, գաղթականների թիվն անցնում է երկու միլիոնից: Այնպես որ, ԱՄՆ-ի ռազմական միջամտության հետաձգումը չի կարող խաղաղության երաշխավոր լինել: Այս առումով, դրական է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու վերաբերյալ ծրագիրը: Ինչպես հայտնում է Սիրիայի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը. «Ռուսական կողմի նախաձեռնությունը և դրան հետևող բանակցությունների ընթացքը Լավրովի և Քերիի միջև հաղթանակն է հարցի քաղաքական լուծման բոլոր կողմնակիցների»: Այդուհանդերձ չպիտի մոռանալ, որ ԱՄՆ-ի և նրա համախոհների ռազմական նավերը չեն հեռացել Սիրիայի ափերից: Եթե զենքերը լիցքավորված են, չափազանց դժվար է դրանք լիցքաթափելը… Մնում է հուսալ, որ Արևմուտքը իր Սիրիամերձ ներկայությունը արդարացնելու համար նոր պատճառներ ու առիթներ չի հայտնաբերի ու չի ստեղծագործի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։