ԱՐՑԱԽԻ ԿՌՎՈՂ ՋՈԿԱՏԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ / Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արտեմ Հարությունյան

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՑԱՎԸ՝ ՔՈՂԱՐԿՎԱԾ
Տողեր՝ պատերազմի դեմ…
Տողեր՝ վառվող տան և
պատերազմի մրի մեջ կորած ինքնության…

1
Պոեզիան պատերազմում է ինքն իր
դեմ, եթե սխալվում է տեսիլքում…
Աշնան հողի դեպոզիտը վերջանում է անխոս,
և դեմոկրատական գաղափարը,
որ հայտարարել էին ի լուր ժողովրդի,
հեռուստատեսության բոլոր ալիքներով,
հետ է գալիս հրեշի տեսքով՝
խուսափելով նայել այդ նույն ժողովրդի դեմքին:

Ի լրումն ամենի՝
վիրավորված հոգի, ծունկ, անտառ, ժողովուրդ,
«գրադից» պատառոտված Ստեփանակերտ,
ողջը խառնվել է իրար,
և ուրվականը փորձում է չափել
շքամուտքի արձագանքը
քո ոտնաձայնի ցրտահար արձագանքով (ալիքով),
որ ծանր դոփյունով
անդրադարձնում է վիճակը
պատերազմական տարիների…

2
Հունվարի կոկորդը լցոնված է
չարացած լուսնի սառցաբեկորներով,
ասես լքված սառնարանի խորխորատ…
Սենյակիս պատին Հայաստանի քարտեզը
նետահարված է Արցախի անտառներում
վիրավոր զինվորի սուրսայր ճիչերով,
ես ուզում եմ լսել այդ ամենը նորից,
որ հոգուս մեջ նորից միավորվի,
և ոչնչանա վերջապես ցավի շտեմարանը,
և ամենքիս վրա նորից ձևավորվի
ու նյութականանա՝ ձև ստանա
հավերժական մարդկայինը Տիրոջ երազի…

3
Իսկ մեր պոետները գրում են
ջրահարսի շքեղ պոչի մասին,
նրա թեփուկների ոսկեգույնի
և ծովածավալ աչիկների մասին,
իսկ ընդհատակ անցած համբերատար որդերը
անում են իրենց սև գործը՝
պատռելով ամրապինդ հյուսվածքը կյանքի,
դարձնելով այն ցավի դիզված
տաշեղների հավաքածու,
կպչուն տառապանք հեռուներ մեկնած աքսորյալի,
ծաղրածուի շուրջպար դարձնելով
կյանքի թանկ կտորը,
որ բեղավոր կինտոյի ձեռքում
դարձել էր կեղծ կահույք և սուտ գնացուցակ օրերի:

Կտակդ գրիր՝ ճկույթիդ եղունգի ծայրով
(մանկության հուշերը Ստեփանակերտում
հերթ են կանգնել դռան մոտ),
և արձագանքը հետ կգա այբուբենի տեսքով,
որտեղ նորից պետք է սովորես
առաջին քայլդ կյանք տանող…

Եվ ես աշտարակում եմ կյանքի հեռաստանները
և մինչ կհասնեմ ինչ¬որ նպատակի,
պատրանքն է տեղափոխվում
ողջ հորիզոնով…
Թողնելով անորոշ գծագրեր¬դեմքեր…

ԳԱՅԼԻ ԱԽՈՐԺԱԿ
Գայլի ախորժակ ունեն
այս ընդհարումները՝
տանում են լավագույն
տղաներին,
հրկիզված
գյուղերում
ոչինչ չի մնում
տներից,
բացի մի քանի
սևացած պատից…

Ինչ¬որ մեկը
ասես փորել է անդունդ
(կյանքիդ մեջ, ամենուրեք),
երբ տեսնում ես
հրկիզված տներ…

Դառնում ես փշոտ
թփի սերմ,
որ պետք է մաքառի
նորից գոյատևելու համար:

Եվ քո զինվորական
համազգեստը՝
Արցախ,
դառնում է իրական,
հանց երբեք…
Դրմբոն, 1993

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ «ԳՐԱԴԻ» ՀԱՐՎԱԾԻՑ ՀԵՏՈ (ՇՈՒՇԻԻՑ)՝ ԴԵՊԻ ԱՊԱՍՏԱՐԱՆ
1
Ստեփանակերտը
«գրադի» հերթական
հարվածների տակ…

Ո՞ւր է տանը վառվող
հացենու մաքրագույն բույրը հիմա…

Ապաստարանում
(որ պատահական «պոդվալ» է
կամ մգլոտած ցախանոց ու ներքնահարկ),
միայն խավարամոլ
սարդերն են կարեկցանքով մեզ նայում
և մարդատյաց ուտիճները սևազգեստ,
մեկ էլ մկները սևաչվի)…

2
Վերևում՝ ամեն անկյունում,
մենք թաքցրինք
մեր սարսափը,
նաև՝
սարսափը մոտեցող մահվան
(կողքի շենքի ընդերքը
«գրադի» ուղիղ հարվածից բացվեց
հանց փթթուն վարդ)…

Եվ հիմա,
երբ մենք շտապում ենք
սանդուղքով ներքև,
«գրադի» սուլոցից լուռ և համրացած,
վախենալով նայել
երեխաների աչքերին,
վախ՝
որ նրանք հանկարծ կհասկանան
մեծերի
անմարդկային
լռությունը…

ԹԱՔՍՏՈՑԻՑ ԹԱՔՍՏՈՑ ՓԱԽՉՈՂ ԳՅՈՒՂԵՐԸ
1
Թաքստոցից թաքստոց փախչող
Արցախի գյուղերը
(մինչև որ արևը կհայտնվի),
լուռ են, մտազբաղ…
թվում է՝ այս կածանը
անտառի շքեղ զովության ներքո
առաջնորդում է մեզ
դեպի Աստծո գթացող շնորհը,
բայց մեզ սպասում է նորից
պատառոտված արյունը մարդ արարածի…

2
Աջ ու ձախ
Արցախի գյուղերը թաքնվել են
լեռների թավ, կարծր ունքի տակ,
սպասողական լարման մեջ
փնտրում են թաքստոց, հույս և արև…

3
Անցնող արծվի ստվերը
ռմբակոծի՞չ է,
թե՞ նշան՝
հրետանու սկսվող բոմփյունի…
օձի տաշտից
ջուր խմող մեկը
(«էն գազանը մարդակեր»),
նորից հարձակվում է
Մարտակերտի վրա՝
արյուն ցփնելով
ամեն քայլափոխին…

3
Ինչպես հոգնած ունք,
գիշերը հայտնվում է
սև բլրի հետևից,
չունի ո՛չ մի խոստում,
ո՛չ մի հայտնություն ու մխիթարանք՝
Արցախի լեռնածերպերի սառույցի վրա
երկնքի չոր կաշի են հագցրել՝
օձակաշու ստվերը գալարուն.
պատերազմի ծուխը բյուրեղացող…

4
Տարօրինակ և սարսափելի մի պահ,
որ թափառում է
բլրից բլուր,
բարձրավանդակը
արագ գալարում,
փնտրում արևի կորչող դիմակը,
բայց սոսկ գտնում է
քարերի վրա
երկնքի չորկաշի ստվերը գալարուն,
և մեռնող լույսը ընդհատումներ չունի…

Հետո
հարթավայրում,
հայտնաբերում է
19 հազար
մորթած
աղավնի…
Կուսապատ, 1993

ԵՐԻՑՈՒԿԻ ԹԵՐԹԵՐ
1
Մշուշոտ դաշտը այստեղ
շրջվում¬ոլորվում է,
դառնում բարձրադիր
անտառակի մի մաս,
ասես մշուշում կորսված
չինական ժայռոտ
նկար¬պեյզաժ,
ուր քողարկված
դիրքեր ունի ադրբեջանցի¬թուրքի
կրակակետը…

Մթնշաղը քիչ հետո
Կիչանի խրամատները
կլցնի
ամեն ինչ սոսնձող
իր ծանր կաթնագեղձի
կպչուն մթությամբ
(սև կա՞թ, թե՞ խավար),
թվում է՝ տարածքը
գաղտնի սնվում է
վտանգների ահագնացող,
թել¬թել կարկատվող
ցրվող մառախուղի ծվեններով…

2
Երիցուկի ծաղկաթերթեր
ծանր հանդերձանքիս թևքին.
սիրում է, չի սիրում,
չի սիրում, սիրում է,
կարծես հուշում է, գուշակում,
որ դրսի աշխարհում,
ճահճացող դիրքերից բացի,
կա երջանկություն
և արևոտ օր:

Խրամատում,
ոտքերս արմատակալել են
կանաչող ցեխաջրում,
որ կարծես շնչում է
ցավիս ճիշտ պահին,

Արցախի պատերազմը
մոտենում է ավարտին,
ամեն մի զոհվածի
անունը կանչելով…
ՍԳԵՐԳ՝ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ
Հրկիզված Շուշի քաղաքը՝
դեռ վառվում է աշխարհի խղճի անկյունում…

1
Ամենուրեք կրակներ, Շուշիի տոհմիկ
տների վրա,
շիկացած, հրկիզվող ճակատներ,
մոխիր դարձած երեխա, ծիծեռնակ և բու,
որ թաքնվել էր քիվի տակ
և չհասցրեց դուրս թռչել,
բայց նրա գիշերային ճիչը
մարգարեաբար ճիշտ դուրս եկավ…

2
Կատաղի կրակ՝ դարերով կառուցված
քաղաքի վրա,
որ չի հասցնում ճչալ իր սարսափը,
ուժ չկա այլևս օդում դաջելու
դիմադրություն և վախ…

Թուրքի կրակը ագուցվում էր մյուս
տների բոցին,
հետ ցատկում՝ ասես նորից թափ առնելու,
Հայի ողբերգական քաղաքը
կորցնում էր և՛ կյանքը, և՛ տներ,
այդ օրը, 1920 թվի մարտին,
թուրք հրձիգներից ոմանք
սև դիմակներ էին հագել,
և առավել արնախում էին հայ
ընտանիքների հանդեպ:
Արուսյակ տատս ասում էր,
որ դիմակավորները թուրքերն էին,
որոնք հայ ընտանիքներին շատ մոտ հարևաններ էին
կամ հիմնականում՝ հայ տներում՝ ծառայողներ,
և թաքցնում էին իրենց դեմքերը,
որ չճանաչվեն որպես ջարդարար,
իբրև թե ամոթ ունեն ու պատիվ:

Եվ շուշեցու դարերով
ձեռք բերած ինչքը
մոխիր էր շնչում երկնքի դեմքին,
իսկ հայոց լեռները լուռ էին,
հանց պատանդ…

Սգերգ՝ մեռյալների կողմից
ապրողների համար,
մի ընդլայնվող
բոցում՝
ապրողն ու մեռյալը՝ միասին՝
ռեքվիեմ՝
ավա՜ղ՝ ուշացումով…

ԱՅՍ ԼՈՒՍԻՆԸ, ՆՐԱ ՎԱՐՍԵՐԸ
Այս լուսինը
արնակարմիր
իր լույսերը
թափում է ներքև
հանց ջրահարսի վարսեր…

Մարտակերտի ճակատային դիրքերում
Ստեփանակերտի
սրճարանն եմ հիշում
հրապարակի խորքում
ծվարած,
ուր շարքը սեղանների և մարդկանց,
թվում էր,
հանգստություն է բերում՝ ապագա:

Հետո լուսինը
ննջում է իր
երկնային կլոր թմբիրում,
մարխի պես վառվում
մինչև վերջ՝
ցոլքեր սփռելով
քաղաքի խավար այգիներին…

Շուշիի ավերակները
կարելի էր լավ զմռսել
և ներկայացնել որպես
թուրքական քաղաքակրթության
վառ նմուշ…

Իսկ մինչ այդ
այստեղ,
դիրքից դիրք՝
մահ ու վտանգ
և անդորր,
ցեխակոլոլ մարմնի
մաշված ներբաններ,
որ հարմարվել են
կռվի ճամփեքին…

Մենք թակարդված ենք
կռվի երախում,
որ վաղը պատմության մեջ կշողա
հանց բազմադեմ մարջան,
հանց արթնացող նոր Արցախ…
Ստեփանակերտ, 1992

ԳԻՇԵՐԸ ՆԵՐԾԾԵՑ¬ՏԱՐԱՎ
Գիշերը
ներծծեց-
տարավ
հեռվում
սփռված
Արցախի
խայտաբղետ
գյուղերի
գույները:

Ամեն ոք
տեղ ունի
երկրի վրա,

անգամ մեռյալների
խորք դարձած
հողում,

անգամ այս թեթև
քամու շրշյունում,
որ բերում է
ռազմաճակատից
գործող հրետանու
ծանր շաչյունը…

Հետո այն
ցրում-
կորցնում,
մարում
հոգեվարքի
հոգոց հիշեցնող
այդ շաչյունը
բլուրների
ատամնաձև
խորխորատներում,
որ պատրանքի շնորհիվ,
ասես կապ չունեն
պատերազմի հետ,
նրա հոգեվարք հիշեցնող շաչյունը
մի պահ թուլացնում է
մահվան լարումը,
խորխորատներ,
որ կուլ են տալիս
ամեն ինչ ակնթարթում:

Ինձ ճանաչում եմ հիմա,
ասես Մռակածի
նուրբ ու սառչող¬կոշտացող ցեխի տարածք,
որ երկրորդ հարազատս է,
«գոռ բախտի
պարսաքարերը»՝
մարմնի առաջ,
ընկերս է
վաշտից հետո,
խրամատների մեջ
սառած¬կոշտացած,
ֆիբր ու ամուր մանրաթել,
որ թել
առ թել
դառնում է
իրական
և վերսկսում
իր ուղին
խրամատների
ցեխն ու
պատռված
հագուստը
կնքում են
հորիզոնը
ցեխաջրով…

Հանկարծ
ամեն ինչ
կտրուկ
հավասարվում է
Արցախի
ագահորեն ապրող շնչին:
Դրմբոն, 1993

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։